Logo

8 տարի՝ առանց Մունդիալի. ո՞րն էր Իտալիայի հավաքականի ֆիասկոյի պատճառը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
19:12 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

9 ամիսների ընթացքում Իտալիայի հավաքականը երկնքից հայտնվեց դժոխքում: Նախորդ ամռանը Հռոմի փողոցները լի էին տիֆոզիներով, գարեջրի շշերով, երգերով ու դրոշներով, իսկ այս օրերին Պալերմոյում սիցիլիական արցունքները հակադրվում էին մակեդոնացիների ցնծությամբ. «Եթե Եվրոպայի չեմպիոն դառնալն իմ կարիերայի ամենամեծ ուրախությունն էր, ապա այս պարտությունը, անկասկած, գլխավոր հիասթափությունն է, որ երբևէ ունեցել եմ: Ֆուտբոլում երբեմն անհավանական բաներ են լինում: Մենք նույնիսկ այս փուլում չպետք է լինեինք, բայց եղանք ու պարտվեցինք»,- ԱԱ 2022-ի անցումային խաղում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո հայտարարեց «Սկուադրա Աձուրայի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

Իսկապես, այն, ինչ կատարվեց ու կատարվում է Իտալիայի հավաքականի հետ, մեծ հաշվով, բացատրություններ չունի: 36 անպարտելի խաղերից հետո (ինչը ռեկորդ է) Իտալիան պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից: Իտալացիները երկրորդ անգամ անընդմեջ բաց են թողնելու Աշխարհի առաջնությունը, այլ կերպ ասած՝ 8 տարի՝ առանց Մունդիալի: Վերջին անգամ, երբ Իտալիայի հավաքականը մասնակցել է աշխարհի առաջնությանը, 2014-ին էր՝ Բրազիլիայում: Բայց այստեղ էլ ամեն ինչ չի վերջանում: Մունդիալ 2010-ին և 2014-ին Իտալիան նույնիսկ խմբային փուլը չի հաղթահարել: Իտալացի ֆուտբոլիստների մի ամբողջ սերունդ հնարավորություն չի ունեցել լավագույնը լինելու համար: Նրանք չեն կարողացել կրկնել իրենց հերոսների՝ 2006-ին գործած սխրանքը: Իտալիայի հավաքականի վերջին խաղն ԱԱ-ի փլեյ-օֆֆում եղել է Ֆրանսիայի հավաքականի դեմ եզրափակիչը, որից անցել է 5737 օր:

Այդուհանդերձ, ոչինչ պատահական չի լինում, չնայած Մանչինին հղում է անում ֆուտբոլի անհավանականությանը, չնայած Իտալիայի հավաքականն ամեն ինչով առավելություն ուներ մրցակցի նկատմամբ (ամենատպավորիչը՝ 32 հարվածն էր՝ 4-ի դիմաց)...

ԵՎՐՈ 2020-ը հաղթելուց հետո՝ միայն գահավիժում

«Չիրացրածս 11-մետրանոցնե՞րը. դրանք մինչև այժմ ինձ մեծ ցավ են պատճառում: Տառապում եմ, երբ հիշում եմ այդ պահերը: Վստահ եմ՝ մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա այդ դրվագները», - խոստովանում է Ժորժինյոն, որը Մունդիալի նախընտրական փուլում՝ Շվեյցարիայի հավաքականի հետ վճռորոշ խաղում, չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը: Իտալիան երկրորդ տեղն զբաղեցրեց խմբում, հայտնվեց անցումային խաղերում ու հետո եղավ այն, ինչ եղավ: Դրանից շաբաթներ առաջ էլ Բազելում Իտալիան չհաղթեց, այդ խաղն էլ ավարտվեց 0-0:

Italia - Suiza: Jorginho pays the penalty as Italy held by Switzerland in  Rome - Fase de clasificación al Mundial


Իհարկե, ճիշտ չէ ամբողջ մեղքը բարդել «Չելսիի» կիսապաշտպանի վրա: Պատասխանատվությունը թիմինն է, որն այդպես էլ չկարողացավ հաղթահարել Եվրոպայի չեմպիոնության ոգևորությունը: Սեպտեմբերին Իտալիան 2 միավոր թողեց Ֆլորենցիայում, որտեղ չհաղթեց Բուլղարիայի ընտրանուն: ԵՎՐՈ 2020-ում թիմի ձեռք բերած ինքնավստահությունը չար կատակ խաղաց հենց իրենց հետ:

Թիմում սկսեցին նկատվել նոր խնդիրներ. Ինսինյեն, որը փայլում էր Եվրոպայի առաջնության ժամանակ (Բելգիայի դեմ խաղում նա խփեց մրցաշարի ամենագեղեցիկ գոլերից մեկը), մրցաշրջանի ընթացքում անհետացավ՝ մտքերով արդեն հայտնվելով ՄԼՍ-ում, որտեղ շարունակելու է կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո: Պաշտպանությունում խնդիրները հիմնականում ֆիզիկական են. Կիելինին անդադար վնասվածքներ է ստանում, Սպինացոլան էլ դեռ չի ապաքինվել ԵՎՐՈ-ի ժամանակ ստացած վնասվածքից: Միջին գծում էլ իր խաղը չի վերագտնում Նիկոլո Բարելան՝ Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանը:

Իտալական ֆուտբոլի անկումը

Վերջին տարիներին դժվար է պաշտպանել իտալական ֆուտբոլի զարգացումը՝ հաշվի առնելով ազգային հավաքականի և ակումբների արդյունքները միջազգային ասպարեզում: Միայն այս պահին պատկերը շատ խոսուն է. Իտալիայի հավաքականը 2-րդ անգամ անընդմեջ դուրս է մնացել աշխարհի առաջնությունից, իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում երկրորդ տարին անընդմեջ չկա գեթ մեկ իտալական ակումբ: Այո՛, «Սկուադրա Աձուրան» դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Ա Սերիան այժմ «ամենաուրախն» է (եվրոպական թոփ-5 առաջնություններում ամենաարդյունավետն է Բունդեսլիգայի հետ), իտալական թիմերն էլ զգալիորեն ուժեղացել են, բայց արդյունքները միջազգային մրցաշարերում դեռ չկան:

«Կալչիոպոլիի» «դեպրեսիան» սկսվեց 2006-ի Մունդիալից հետո և շարունակվում է արդեն ավելի քան մեկ տասնամյակ: Այդ ընթացքում եղել են նաև հաջողություններ, բայց դրանք կրել են ոչ թե հիմքային, այլ ժամանակավոր բնույթ (Մոուրինյոյի «Ինտերի» թրեբլը, Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» եզրափակիչները կամ «Ռոմայի» կիսաեզրափակիչը, Իտալիայի հավաքականի եզրափակիչը ԵՎՐՈ 2012-ին): Համաձայնեք, որ ֆուտբոլային լեգենդար այս երկրի համար 15-16 տարիների ընթացքում այսքանն ամենևին էլ բավարար չէ:

Marco Verratti's confessions on the Italy fiasco - US Sports

Գուցե պատճառները շատ խորքային են: Դրանցից մեկը, իհարկե, «Յուվենտուսի»՝ մոտ 10 տարի տևողությամբ գերիշխանությունն էր Ա Սերիայում: Թուրինցիների՝ 9 տարի անընդմեջ նվաճած Սկուդետոն տպավորում է, բայց մյուս կողմից էլ այն խոսում է մյուս թիմերի ոչ այնքան ներկայանալի լինելու մասին: Նույնիսկ Մաուրիցիո Սարիի «Յուվենտուսը», որը, մեծ հաշվով, հստակ խաղային ձեռագիր չուներ, լի էր կոնֆլիկտներով ու խնդիրներով, միևնույն է դարձավ Իտալիայի չեմպիոն: «Միլանն» ու «Ինտերը» երկար ժամանակ չունեին հզոր կազմ, մեկը մյուսի հետևից այդ թիմերում փոխվում էին մարզիչներ (հիմնականում՝ նախկին ֆուտբոլիստներ, որոնք որպես մարզիչ այդպես էլ չկայացան): Միայն նախորդ մրցաշրջանից սկսած՝ Կոնտեի «Ինտերը» կոտրեց «Յուվեի» հաղթարշավը, բայց նույն Կոնտեն հեռացավ, ու «Ինտերի» հաջողակ նախագծի ընթացքն էլ կանգնեց: 

Իտալական գրանդները չեն կարողանում նաև շատ ֆուտբոլիստներ մատակարարել ազգային հավաքականին. «Չենք կարող համեմատվել Ֆրանսիայի, Գերմանիայի կամ Անգլիայի հետ: Մեր աստղերը, Ժորժինյոյից ու Վերատիից բացի, խաղում են «Սասուոլոյում», - մակեդոնացիներից կրած պարտությունից հետո հայտարարեց իտալական ամենահայտնի պարբերականներից մեկի լրագրողը:

Դրանից բացի, մթնոլորտն իտալական ֆուտբոլում լավագույնը չէ:«Քաղաքացիական պատերազմ» է սկսվել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու Ա Սերիայի միջև այն բանից հետո, երբ Իտալիայի առաջնության ղեկավարները որոշեցին չհետաձգել նախորդ տուրի խաղերը, ինչի արդյունքում իտալացի ֆուտբոլիստները հավաքականի վճռորոշ խաղին ավելի լավ պատրաստվելու հնարավորություն կունենային: 

Ի՞նչ է լինելու Մանչինիի հետ

Որքան էլ թարմ լինի իտալացիների հիշողություններում Եվրոպայի չեմպիոնությունը, Իտալիայի հավաքականի համար 2-րդ անգամ անընդմեջ Մունդիալին չմասնակցելը պատմական տապալում է (Իտալիան Մունդիալը բաց է թողել իր պատմության մեջ 3 անգամ): Եվ սա կրկին բարձրացնում է մարզչական փոփոխության հարցը՝ կմնա՞ Մանչինին թիմի ղեկին, թե՞ ոչ:

Իսկ ի՞նչ տարբերակներ ունի Իտալիան այս պահին: Կառլո Անչելոտին գլխավորում է «Ռեալը», Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսի» հետ պայմանագիր ունի մինչև 2024 թվականը: Անտոնիո Կոնտեն, ինչպես երևում է, նորից նախընտրում է ակումբային ֆուտբոլը: Ոչ մեծ փորձ ունեցող մարզչի վրա խաղադրույք կատարելը, ինչպիսիք են, օրինակ, Դե Ձերբին կամ Իտալիանոն, այնքան էլ իրատեսական չէ՝ հաշվի առնելով, որ նրանց խաղաոճին հարմարվելու համար բավական երկար ժամանակ է հարկավոր:

«Հուսով ենք՝ Մանչինին կմնա մեզ հետ: Նա մեր նախագծում շատ կարևոր մարդ է», - հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան: Մանչինիի պայմանագրի ժամկետն Իտալիայի հավաքականի հետ գործում է մինչև 2026 թվականը:

Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն անվանի մասնագետի ապագայի հարցում: Մանչինիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 42 խաղում 2 պարտություն է կրել: Այդ պարտությունները քիչ են, բայց կարող են ճակատագրական լինել: Վերջինն ամենացավալին էր:

Italy Coach Roberto Mancini: "Inter Vs Juventus Will Be A Good Match But  Not Decisive, Simone Inzaghi Still Needs Time"

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա