Logo

«Ջան» բառի մասին. նշանակությունը, ծագումնաբանությունը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 06.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
content lovers eg 5 - «Ջան» բառի մասին. նշանակությունը, ծագումնաբանությունը

Ցանկացած օտարերկրացի, որը թեկուզ մեկ հայ ընկեր կամ ծանոթ ունի բազմիցս լսել է «ջան» բառը: Այն ոչ մի կերպ չես թարգմանի ուրիշ լեզուներով: Ջանը մի քանի կիրառություն ունի: Այն նախ և առաջ փաղաքշական բառ է, որը դրվում է կոչականի կողքին: Գործածվում է նաև, որպես ուրախ բացականչություն: Ջանը կարող է նաև լինել պատասխան բառ՝ մեկի կանչին սիրալիր պատասխանելու համար։ Այս բառը խոսակցական ամենազգացմունքային, անփոխարինելի ու հայկական միջավայրում համընդհանուր տարածված տարրերից մեկն է։ Հետաքրքիր է, որ «ջան»-ն օգտագործվում է նաև այլ լեզուներով՝ այլազգիների կողմից՝ հային դիմելու կամ այդ բառով նրանց նույնացնելու նպատակով։

Ծագումնաբանությունը

 «Ջան» բառը չափազանց մեծ տարածում ունի արևելյան հաղորդակցության մեջ: Այս բառը կարելի է լսել ՝ սկսած Հնդկաստանից վերջացրած Մերձավոր Արևելքով: Հիմնականում այն նշանակում է «սիրելի»:
«Ջան» բառը մաքուր հնդեվրոպական արտահայտություն է, որն առաջացել է ֆարսիից՝ պարսկերենից: Ինչպես հասկացաք, բառի ծագումնաբանությունը տանում է դեպի Պարսկաստան, բառացի թարգմանաբար այն նշանակում է  հոգի, ոգի, անձ, կյանք: Պարսիկները «ջան» բառն օգտագործում են նաև ուղիղ իմաստով՝ «ողջ, կենդանի»: Օրինակ՝ Իրանում մարդը կարող է ասել՝ «Madar jan dard»` «Իմ մայրը ողջ է»:
Մենք՝ հայերս «ջան» բառը երբեմն կիրառում ենք՝ «մարմին» նշանակությամբ. օրինակ հայտնի «ջանդ՝ սաղ» արտահայտությունը, որը բառացի նշանակում է՝ «մարմինդ ողջ մնա», կարճ ասած՝ «ողջ լինես»։ 
Թուրքերը ևս օգտագործում են այս բառը, որը կրկին նշանակում է «սիրելիս, հոգիս»: Որոշ հայկական  բարբառներում այս բառի առկայությունը կապում են նաև թուրքական միջնորդության հետ, օրինակ  ջանըմ ձևը, թուրքերեն՝ «canım»:
Արաբական այբուբենով «ջան»-ը  գրվում է հետևյալ կերպ՝ «جان», իսկ թարգմանաբար նշանակում է կրկին «կյանք» կամ «հոգի»: Հարկ է նաև նշել, որ «ջան» բառը բարեկամ է հնդեվրոպական մեկ այլ բառի. «անիմա», որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «հոգի»: Ի դեպ, հենց այս բառից էլ առաջացել է «անիմացիա» բառը: «Ջան» բառին բարեկամ է նաև հունարեն «գեն» բառը՝ «գենետիկա», «ջենետիկա»:
«Ջա՜ն, ջա՜ն» բացականչությունը ժամանակակից խոսակցական հայերենում ուրախություն արտահայտելու միջոց է։ 

Թումանյանը «ջան» բառի մասին…

«․․․ օրինակ՝ առաջարկում եք «ջանի» տեղ գործածել «հոգյակ»։ Եւ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրիգոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կա՛մ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջա՜ն» բացականչելու, կկանչենք «հոգյա՜կ»… Եւ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք»:

Հովհաննես Թումանյան

 

 

Տես նաև՝


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա