Logo

Մոուրինյո. «Ֆուտբոլիստներիս ընդմիջմանն ասացի, որ ամաչում եմ նրանց փոխարեն»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
11:20 / 28.08.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսի» դեմ իր թիմի անցկացրած առաջին խաղակեսից: Հռոմեական ակումբն առաջին կեսից հետո պարտվում էր 0-1 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ գոլ խփել ու փրկվել պարտությունից:

«Ընդմիջմանը խաղացողներիս ասացի, որ ամաչում եմ նրանց փոխարեն: Խնդիրը ոչ թե տակտիկան էր, այլ վերաբերմունքը: Մենք չէինք կարող գալ այստեղ ու ուղղակի այսպես խաղալ:

Օգնականիս ասացի. «Աղոթիր միայն, որ 0-1 վերջանա»: Պատճառն այն է, որ 0-1 հաշիվը ֆանտաստիկ արդյունք էր այդպիսի առաջին խաղակեսի համար: Մեր բախտը շատ բերեց: 

Մենք ընդհանրապես ոչինչ չարեցինք առաջին կեսում, պարզապես բախտավոր էինք: Երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկավ բոլորովին այլ թիմ: Ցավոք, կազմն ուժեղացնելու մեծ հնարավորություններ չունեի, քանի որ Ձանիոլոն ու Վեյնալդումը վնասվածք ունեն:

Ալեգրին, բոլոր վնասվածքներով հանդերձ, այնուամենայնիվ կարողացավ փոխարինումներ կատարել: Եթե վերլուծենք երկրորդ խաղակեսը, ապա արժանի էինք 1-0 հաշվով հաղթանակի, բայց առաջին կեսն ուղղակի սարսափելի էր»,- DAZN-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքը:

Անդրադառնալով «Ռոմայի» միակ գոլի հեղինակ Տեմի Աբրահամի խաղին՝ Մոուրինյոն ասել է. «Ես տեսա նրա հետխաղյա մեկնաբանությունը. տպավորություն էր, թե նա հրաշալի հանդիպում է անցկացրել, բայց իրականում նա սարսափելի էր»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա