«Լիվերպուլը» գլխավորող 54-ամյա գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը մանրամասնել է իր թիմի գործողություններն «Արսենալի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում (0:0), որում նրա սաներն արդեն 24-րդ րոպեից թվային առավելություն ունեին։
«Ինձ շատ դուր եկավ այն, թե ինչպես սկսեցինք խաղը. տեսա բացարձակապես այն ամենը, ինչ անհրաժեշտ էր սկզբի համար։ Պարզ և աշխույժ ֆուտբոլ, որը նաև այլ դրսևորումներ ուներ անհրաժեշտ պահերին։ Խաղն սկսեցինք մեր ուզածի պես, իսկ հետո մրցակցի խաղացողը կարմիր քարտ ստացավ, ինչի պատճառով «Արսենալն» սկսեց ավելի փակ խաղալ։ Անգամ ամենահղկված համակարգն ունենալու պարագայում դրան դժվար է հակադրվել, իսկ մենք կատարյալ չենք։
Դրանից բացի, կայացրինք մի քանի ոչ ճիշտ որոշում։ «Լիվերպուլը» չափազանց շտապողական էր գործում, և թվաց, թե մենք հանկարծ ճնշման ենթարկվեցինք։ Դա անիմաստ է, բայց ինձ համար այդ ամենը հենց այդպես է ներկայանում։ Դա բնորոշ իրավիճակ է։ Մեր ֆուտբոլիստներն առաջ էին գնում՝ հաղթանակի հասնելու համար, բայց հաջորդ վայրկյանին հայտնվում էին այնպիսի իրավիճակում, որ կարող էին ինչ-որ բան կորցնել։
Հարվա՞ծ է մեզ համար Մանեի և Սալահի բացակայությունը հունվարին... Անվանե՛ք գեթ մեկ թիմ, որը չէր տուժի նման կարգի խաղացողներ կորցնելիս»,- Կլոպի խոսքը հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո