Logo

«Հաջողությունը շրջվել էր մեզնից». Արտաշես Ներսիսյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
21:23 / 08.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Ալբանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդուհիները բավարարվեցին ընդամենը մեկ բրոնզե մեդալով, որը պոկում վարժությունում նվաճեց հետագայում 0 ստացած Տաթև Հակոբյանը։ Մեր մյուս երկու մարզուհիները՝ Իզաբելա Յայլյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, երկամարտի գումարով 5-րդ տեղը գրավեցին իրենց քաշային կարգերում։ Ուշադրության կենտրոնում էր հատկապես 6-ամյա ընդմիջումից հետո մրցահարթակ վերադարձած Խուրշուդյանը։ Կանանց ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, VNews-ի հետ զրույցում վերլուծելով սաների ելույթը, նշեց, որ ամենայն հավանականությամբ Խուրշուդյանին կընձեռվի մեծ սպորտում իրեն դրսևորելու ևս մեկ հնարավորություն։

«ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԵԴԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐ...»

«Մասնակցության վերաբերյալ ընդհանուր գնահատականս այսպես կձևակերպեմ՝ ոչ թե դժգոհ եմ, այլ գոհ չեմ արդյունքներից։ Այն իմաստով, որ ավելի շատ մեդալ ունենալու տարբերակ կար, սակայն ինչ-որ բան չստացվեց։ Դա ասում եմ՝ ելնելով մարզումների ժամանակ աղջիկների ցույց տված արդյունքներից։ Եթե այնտեղ արդյունավետ կատարեին իրենց յուրաքանչյուր մոտեցում, ապա ասածս իրականություն կլիներ։ Տաթևը մեկ մոտեցմամբ կարող էր 2-րդ տեղը գրավել ու շատ մոտ էր նպատակին։ Նա 99 տոկոսով կատարեց վերջին մոտեցումը, բայց մրցավարները չգրանցեցին։ Չեմ կարող ասել, թե որքան էր հիմնավոր նրանց որոշումը, որովհետև մրցավար չեմ։ Դրանից բացի, նրանք են մարզուհու դիմաց, իսկ ես փոքր-ինչ այլ դիրքից՝ կողքից եմ հետևում ելույթին։ Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ այլկերպ ենք գնահատում դրվագը, ուստի ինձ իրավունք չեմ վերապահի պնդելու, որ վարժությունը 100 տոկոսով ճիշտ էր կատարվել։ Իսկ միտում, չեմ կարծում, թե կար։ Ինչու՞ պետք է լիներ. ո՛չ Տաթևն էր իրենց թշնամին, ո՛չ էլ Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք կար. զուտ մասնագիտական մոտեցում էր»։

«ՈՐՈՇԵԼ ԷԻՆՔ ՏԱԹԵՎԻՆ ՓՈՐՁԵԼ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՔԱՇՈՒՄ...»

«Այո՛, Հակոբյանը ելույթ ունեցավ ավելի ցածր քաշային կարգում։ Դա նաև նրա ցանկությունն էր։ Անցյալ տարի 81, նույնիսկ 87 կգ քաշային կարգում էր, որովհետև այլևս չկային օլիմպիական վարկանիշային մրցումներ։ 81 կգ քաշային կարգն օլիմպիական է, ուստի հիմա մասնակցեց 76 կգ քաշում, որպեսզի հասկանանք, թե հետագայում Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով ինչ հավակնություններ կարող է ունենալ 81կգ-ում։ Ի դեպ, նա առանց դժվարության է քաշ գցել։ Աշնանն սկսվում են վարկանիշային մրցումները, ուստի պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել՝ օլիմպիական ուղեգիր նվաճելու համար։

Կարծում եմ՝ այս տարվա աշխարհի առաջնությանը Տաթևը դարձյալ կմասնակցի 76 կգ քաշային կարգում, որովհետև հնարավոր է վարկանիշային լավ միավորներ վաստակել։ Իսկ հաջորդ տարվա համաշխարհային ստուգատեսին վստահաբար կմասնակցի 81 կգ քաշային կարգում, որն իրենն է։ Մրցակարգը թույլ է տալիս վարկանիշային 5 մրցումներից երեքին մասնակցել այլ քաշային կարգում։ Դեռ կքննարկենք և վերջնական որոշում կկայացնենք։

Քաշ գցելը, իհարկե, կարող է փոքր-ինչ անդրադառնալ արդյունքին, բայց էական ազդեցություն չի ունենում։ Դրանից բացի, դա զուտ անհատական է. պետք է փորձել, որպեսզի հասկանաս, թե ինչպես է դա դրսևորվում կոնկրետ մարզիկի պարագայում։ Մարզիկներ կան, որոնց լրացուցիչ մարզական չարություն է հաղորդում, մարզիկ էլ կա՝ հիասթափվում է սպորտից։ Տաթևը նման հույզեր չունի»։

Մեր այն դիտարկմանը, որ 75 կգ քաշային կարգում (այն ժամանակ գործում էր նման դասակարգում) Հակոբյանը վերջին անգամ ելույթ էր ունեցել 2014 թվականին, իսկ այս առաջնությունում գրանցած արդյունքը շատ չի գերազանցում այն ժամանակ գրանցած ցուցանիշը, մարզիչը պատասխանեց. «Արդյունքների զուտ վիճակագրական վերլուծությունը տեղին չէ, որովհետև ամեն ինչ պայմանավորված է տվյալ մրցումների ընթացքով։ Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ավելի թեթև կիլոգրամներն էլ մեդալ ապահովեն, ուստի անտեղի ռիսկի դիմելու կարիք կարող է չլինել։  Անցյալ տարվա աշխարհի առաջնությունում Տաթևը հրում վարժության ժամանակ մոտեցել էր 135 կգ կշռող ծանրաձողին, որպեսզի 3-րդ տեղը գրավի։ Ճիշտ է՝ կրծքին վերցնելուց հետո չէր կարողացել բարձրացնել, բայց փաստն այն է, որ նա պատրաստ է աշխատել նման բարձր կիլոգրամների հետ։ Մնացածը զուտ մարզչական հաշվարկ է»։

«ՅԱՅԼՅԱՆԻ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ...»

«Իզաբելա Յայլյանը նույնպես այս անգամ ներկայացավ ավելի ցածր քաշային կարգում։ Պայքարեց 55 կգ քաշային կարգում, բայց սովորաբար մրցում է 59կգ-ում։ Նրա դեպքում նույնպես փոփոխությունը փորձնական բնույթ էր կրում։ Սակայն այս անգամ 55 կգ քաշային կարգում մասնակիցների ավելի ուժեղ կազմ էր հավաքվել, քան 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Մարզումների ժամանակ Յայլյանը ցույց էր տվել այնպիսի արդյունքներ, որոնք մրցանակային տեղ գրավելու հույս էին ներշնչում։ Այնուամենայնիվ, ինչ-որ բան չստացվեց. կարելի է ասել՝ հաջողությունը երես էր թեքել նրանից»։

«ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼ...»

«Խուրշուդյանի արդյունքը գնահատելիս չպիտի մոռանանք, որ նա 6 տարի դուրս չէր եկել միջազգային մրցահարթակ, բաց էր թողել աշխարհի ու Եվրոպայի 6-ական առաջնություն։ Չնայած այդ հանգամանքին ու նաև նրան, որ արդեն երկու երեխայի մայր է՝ նա որոշեց վերադառնալ մեծ սպորտ և ընդգրկվեց Եվրոպայի առաջնության լավագույն վեցյակում։ Դա ավելի է ոգևորել նրան։ Տիրանայում ելույթից հետո Հռիփսիմեն մոտ 10 ժամ արտասվել է զայրույթից։ Հիմա ավելի ուժեղ հույզերով է սպասում հաջորդ մրցմանը։ Նա պետք է հետզհետե բարելավի արդյունքը։ Եթե կարողանա կրկնել իր երբեմնի ցուցանիշների թեկուզ 90 տոկոսը, ապա կրկին մրցունակ կլինի աշխարհում։ Ճիշտ է՝ տարիքով պայմանավորված՝ հիմա ավելի երկար ժամանակում է հասնում անհրաժեշտ մարզավիճակին, բայց մարտական խառնվածքը պահպանել է։ Մինչև աշխարհի առաջնությունը շուրջ 6 ամիս ունենք։ Յուրաքանչյուր վարժությունում 5-ական կիլոգրամ ավելացնելու դեպքում հաջորդ տարի հաստատ կդառնա Եվրոպայի չեմպիոն։

Իր մասնակցած վերջին Օլիմպիական խաղերում Խուրշուդյանը պոկում վարժությունում գրանցել է 128, հրում մրցաձևում՝ 166 կգ արդյունք։ Հիմա երբեմնի կատարած պոկումի չափ հրում չկատարեց։ Նաև դրանից էր շատ զայրացել, բայց կրկին հաղթելու ցանկությունը շատ մեծ է։ Հռիփսիմեին ասել եմ, որ արդեն հասկացել ենք, թե որքան է պետք ավելացնել և ինչպես շարունակել աշխատանքը, ուստի կշարունակենք մարզվել։ Սակայն, եթե հասկանանք, որ չի ստացվում, ապա կավարտենք։ Ինքն էլ այդպես կվարվի»։

ԱՌՋԵՎՈՒՄ ՆՈՐ ՄՐՑՈՒՄՆԵՐ ԵՆ

«Մարզումները կվերսկսենք հուլիսի սկզբից. պատրաստվելու ենք օգոստոսի 10-ին մեկնարկող Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Հավաքներին տարբեր տարիքի մարզուհիների հետ մտադիր եմ ներգրավել նաև Խուրշուդյանին։ Պատանեկան ստուգատեսի նախնական հայտում 6 մարզուհու ենք նշել, բայց մասնակիցների վերջնական թիվը կորոշի մարզումների արդյունքներով»։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա