Պատմության առաջին նշանակալի կինոփառատոնն է համարվում Վենետիկինը, սակայն շատ շուտով կինոարդյունաբերության մեջ հայտնվում է վերջինիս արժանի այլընտրանքը՝ Կաննի կինոփառատոնը: Այժմ արդեն ամեն տարի հազարավոր մարդիկ հավաքվում են Ֆրանսիայի հարավ-արևելքի Պրովանս մարզի Կանն քաղաքում՝ մասնակցելու տարվա ամենասպասված կինոիրադարձությանը: Կաննի ամենամյա կինոփառատոնը կինոսերների մայիսը վերածում իսկական տոնի:
1938 թվական. աշխարհն աստիճանաբար ընկնում է նացիստների թակարդը: Բացառություն չէր նաև Վենետիկի կինոփառատոնը, որի հաղթական մրցանակներին սկսում են արժանանալ պրոպագանդիստական ֆիլմերը, այդ թվում՝ Մուսոլինիի որդու կինոնկարը: Այնուհետև Ֆրանսիայում, կրթության և արվեստի նախարար Ժան Զեյի նախաձեռնությամբ, գաղափար է ծնվում ստեղծել ալտերնատիվ կինոփառատոն, որը չի պարի նացիստների դուդուկի տակ:
Գործը ստանձնում է Լուի Լյումիրը՝ կինեմատոգրաֆի հիմնադիր եղբայրներից մեկը, որը նաև ժամանակին կազմակերպել է առաջին կոմերցիոն կինոցուցադրությունը: Նա պետք է դառնար նոր կինոփառատոնի նախագահը, որի դեբյուտը պիտի տեղի ունենար 1939-ին, բայց կազմակերպիչները հասցրեցին ցուցադրել միայն Ուիլյամ Դիտերլեի «The Hunchback of Notre Dame» կինոնկարը. սկսվեց Երկրորդ համաշխարհայինը և փառատոնը հետաձգվեց… այդպիսով Կաննի առաջին կինոփառատոնն անցկացվեց 1946 թվականի սեպտեմբերին: Այն սկսվեց Խորհրդային դոկումենտալ ֆիլմի «Берлин»-ի ցուցադրմամբ, որի ռեժիսորն էր Յուլիյ Ռայզմանը:
«Берлин», Յուլիյ Ռայզման
Այդ տարիներին փառատոնի կանոններն ամենևին նույնը չէին, ինչ հիմա. մրցանակը կիսեցին միանգամից 11 մասնակիցներ: Երկրորդ անգամ մրցանակակիրներն արդեն վեցն էին: Շուտով առաջացան նաև անվանակարգերը, որոնք տարեցտարի ընդլայնվում ու փոփոխվում էին: Սկզբում կինոիրադարձությունն անցկացվում էր Կաննի խաղատանը: Միայն 1949 թվականից կինոփառատոնը տեղափոխվեց Կոնգրեսների ու փառատոնների պալատ՝ առափնյա Կրուազեթ:
Առաջին մի քանի տարիներին Կաննի կինոփառատոնը կայունության և փողի պակաս ուներ: Այդ պատճառով միջոցառումը երկու անգամ չեղարկվել է. սռաջին անգամ 1948 թվականին, երկրորդ անգամ՝ 1950 թվականին՝ ֆինանսական խնդիրների պատճառով: 1952 թվականից ի վեր միջոցառումը սկսեց անցկացվել մայիսին. այս ավանդույթը պահպանվել է մինչև օրս: Որոշ ժամանակ մասնակիցներն իրենք էին ընտրում այն ֆիլմը, որոնցով մեկնում էին կինոփառատոն, ինչը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում: Մասնակիցներից մեկը մեկ այլ մասնակցի կինոնկարը կարող էր վիրավորական կամ զրպարտող համար, լքել փառատոնը, մյուս կողմն էլ՝ նրա ետևից:
«Պատվիրակները հաճախ հարվածում էին դռներին և հեռանում փառատոնից՝ ասելով. «Ինչպե՞ս կարող եք թույլ տալ նման զրպարտիչ ֆիլմի ցուցադրություն»,- պատմում է Կաննի կինոփառատոնի ռեժիսոր և 2001-ից 2013 թվականների նախագահ Ժիլ Ժեյքոբը:
Նման սկանդալներից մեկի պատճառով ԽՍՀՄ-ը նույնիսկ կասեցրեց մասնակցությունը Կաննի միջազգային կինոփառատոնին (այդպես էր փառատոնը կոչվում այդ տարիներին): Բանն այն է, որ 1951 թվականին խորհրդային պատվիրակությանը չհաջողվեց հանել փառատոնից շվեյցարական «Die Vier im Jeep» ֆիլմը, որը պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օկուպացված Վիեննայում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Բայց դա խնդրի միայն կեսն էր. միևնույն ժամանակ, ԽՍՀՄ-ի ներկայացրած վավերագրական ֆիլմը ցուցադրվեց միայն 50 լրագրողի. Ֆրանսիայի իշխանությունները անհանգստանում էին, որ Սերգեյ Գերասիմովի «Освобожденный Китай» կինոնկարը կվիրավորի Չան Կայշիի կառավարությանը:
«Die Vier im Jeep»
Ընդհանրապես, այդ տարիների Կաննի կինոփառատոնը խիստ տարբերվում էր այսօրվանից: Տարբերություններից մեկն էլ ժյուրիի կազմն է: 20-րդ դարի առաջին կեսին ժյուրիի կազմում ընդգրկվում էին ոչ միայն նրանք, ում մասնագիտությունը սերտ կապ ուներ կինոյի հետ, այլ նաև գրողներ և գիտնականներ: Ֆրանսիական բոհեմիան փառատոնն ընկալում էր, որպես «գլամուրային» իրադարձություն, լավ ժամանակ անցկացնելու ու նոր ֆիլմեր դիտելու հնարավորություն: Օրինակ՝ ռեժիսոր և գրող Ժան Կոկտոն, որը 1953, 1954 և 1957 թվականներին գլխավորում էր Կաննը, ժապավենը դիտելու ընթացքում կարող էր ոտքի կանգնել և հայտարարել, որ ուտելու ժամանակն է: Այդ պարագայում ֆիլմը դադարեցնում էին և միայն ընթրիքից հետո վերադառնում կինոդիտմանը: Արդեն 1960-ականներին տեղի ունեցան զգալի փոփոխություններ: Ի հայտ են եկել մի շարք ծրագրեր, որոնք կինոյի մասնագետներին թույլ տվեցին կիսվել փորձով ու գիտելիքներով:
1955 թվականից փառատոնի մրցանակը «Ոսկե արմավենին» է: Այն պատրաստված է 24 կարատանոց ոսկուց և արժե 20.000 €: Արմավենու դիզայնը Ժան Կոկտոն էր արել, իրականացրել՝ ոսկերիչ Սյուզան Լազոնը: Մինչև 1954 թվականը փառատոնի հաղթողը ստանում էր մրցանակ՝ ժամանակակից նկարիչների կտավներից: «Ոսկե արմավենին» միակ մրցանակը չէ, կան նաև՝ Գրան-պրի մրցանակ, ժյուրիի հատուկ մրցանակ, մրցանակներ լավագույն դերասանին, դերասանուհուն, ռեժիսորին, սցենարի հեղինակին, «Ոսկե արմավենի» կարճամետրաժ ֆիլմի համար և հատուկ մրցանակ դեբյուտանտներին: 2011 թվականից տրվում է նաև «Պատվավոր Ոսկե արմավենի» մրցանակը: Առաջինը այն տրվել է Բերնարդո Բերտոլուչիին: Հոբելյանական 50-րդ կինոփառատոնի ընթացքում հայտնի շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանը արժանացավ «Արմավենիների արմավենի» անունով մրցանակին, որը «Ոսկե արմավենու» կատարելագործված տարբերակն է:
Վերադառնանք ժամանակագրությանը. սկսվեց հաջորդ տասնամյակը, իսկ կինոփառատոնի ժյուրին դեռ լիքն էր մարդկանցով, ովքեր էր մի առնչություն չունեին կինոյի հետ: Օրինակ ՝ 1970-ականներին Ժիլ Ժեյքոբը իմացավ, որ ժյուրիի կազմում ընդգրկված նկարիչը վերջին անգամ կինոթատրոնում եղել է 1937 թվականին: Այդպիսով, 1972 թվականին մրցութային ծրագրի կազմումը դարձավ Կաննի կինոփառատոնի ղեկավարության բացառիկ իրավունքը: Ավելին, նույն թվականին կինոփառատոնը ճանաչվեց հասարակական նշանակության մշակութային իրադարձություն. ի սկզբանե, ըստ ֆրանսիական օրենսդրության, այն համարվում էր ասոցիացիա: 1978 թվականին Ժիլ Ժեյքոբի նախաձեռնությամբ, ստեղծվեց դեբյուտային լիամետրաժ ֆիլմերի «Ոսկե ֆոտոխցիկ» անվանակարգը, ավելի ուշ՝ «Հատուկ հայացք» արտամրցութային ծրագիրը, որը նույնպես գոյատևեց մինչև մեր օրեր:
Արդեն 2002 թվականին միջոցառումը ստացավ իր այսօրվա անվանումը`« Կաննի փառատոն»: Առհասարակ, որքան մոտենում ենք մեր օրերին, այնքան նվազում են մեծամասշտաբ փոփոխությունները Կաննի կառուցվածքում. կինոփառատոնը վերջնական կայունություն ձեռք բերեց և դարձավ այն, ինչի ականտեսն ենք մենք դառնում ամեն տարի:
Ամեն տարի մայիսին, Ֆրանսիայի Կանն կուրորտային քաղաքում «Ոսկե արմավենին» շնորհվում է կինեմատոգրաֆի ամենաականավոր գործիչներին: Կինոփառատոնը մշտապես գտնվում է զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Փառատոնին մասնակցում են համաշխարհային կինոյի տարբեր գործիչներ։ Այն ժողովրդականություն է վայելում նաև պրոդյուսերների շրջանում, ովքեր այնտեղ նախապատրաստում են նոր նախագծեր կամ վաճառում արդեն եղածները։
Մերոնք՝ Կաննում
Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»
Այս հեղինակավոր մրցույթին ներկայացված առաջին հայկական կինոնկարն է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը պատմում է ճանաչված ֆիզիկոս Արտյոմ Մանվելյանի նվաճումների ու նրա կողմից Հայաստանում տիեզերագիտական լաբորատորիայի հիմնադրման մասին: 1964 թվականին նույն փառատոնի կարճամետրաժ ծրագրում Սերգեյ Գերասիմովի ընտրությամբ ընդգրկվել էր Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը», որում կայացել է Գուժ Մանուկյանի հոյակապ դեբյուտը:
1994 թվականին հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Էկզոտիկա» կինոնկարը մասնակցեց Կաննի գլխավոր մրցութային ծրագրին ու արժանացավ FIPRESCI-ի մրցանակի: 3 տարի անց՝ 1997 թվականին նույն ռեժիսորի «Լուսավոր գալիքը» արժանացավ միանգամից 3 մրցանակների՝ այդ թվում ժյուրիի գրան պրիի: Բացի այդ, Էգոյանն ընդգրկվել է նաև ժյուրիի հիմնական կազմում:
2010 թվականին ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմությունը» անիմացիոն ֆիլմը լավագույնը ճանաչվեց Կաննի հեղինակավոր կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում։ 15 րոպե տևողությամբ ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1910 թվականին` Օսմանյան կայսրության մայրաքաղաքում: Նոր իշխանության եկած երիտթուրքերը դիմում են արևմտյան պետությունների օգնությանը` Կոնստանդնուպոլսի փողոցները 30 հազար թափառական շներից ազատելու համար: Կառավարությունը, ի վերջո, որոշում է հրաժարվել շների ոչնչացման ավանդական եղանակից` կենդանիներին պարզապես տեղահանելով Պոլսի հարևանությամբ գտնվող անմարդաբնակ կղզիներից մեկը, որտեղ էլ շների մեծ մասը սովից ու ծարավից սատկում է: Կարելի է ենթադրել, որ ֆիլմի միջոցով Ավետիքյանը փորձել է այլաբանորեն ներկայացնել այն ճակատագիրը, որին արժանացան նախորդ դարասկզին Օսմանյան կայսրությունումբնակվող ազգային փոքրամասնությունները…
Երեկ՝ հուլիսի 16-ին ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը ցուցադրվել է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի Օլիմպիա 3 կինոթատրոնում, որպես որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված հայկական ֆիլմ, քանի որ նախորդ տարի COVID-19-ը համավարակով պայմանավորված ցուցադրությունը տեղի չունեցավ։ Ռեժիսորի այս աշխատանքը հետանկախության շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննում ներկայացվել է Հայաստանից, ինչն աննախադեպ և ուրախալի իրադարձություն է հայկական ժամանակակից կինոյի համար։