Logo

Կարեն Գիլոյան․ «Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործեց պատրվակը, որ ցեխ շպրտի փայլուն առաջնության վրա»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:07 / 17.04.2023Ծանրամարտ
null

Հայաստանի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, հաղորդում է VNews-ի թղթակիցը։

«Հայաստանի կառավարությունը դատապարտում է այդ արարքը։ Բայց դա տեղի է ունեցել ոչ թե մարզական իրադարձության, այլ՝ բացման արարողության ժամանակ։ Որևէ մարդ ֆիզիկապես չի տուժել, և որևէ անձի անվտանգությանը ոչինչ չի սպառնացել։ Ինչպես տեսնում եք, մրցումը շատ վառ գույներով է անցնում, և բոլոր մասնակիցների անվտանգությունն այստեղ կատարելապես ապահովված է։ Դուք տեսաք, որ Թուրքիայի ներկայացուցիչի պատվին բարձրացվեց դրոշը, հնչեց օրներգը, և որևէ խնդիր դրանից չառաջացավ, բոլորն ընդունեցին, ծափահարեցին։ Թուրք մարզուհին ելույթի ժամանակ կորցրեց գիտակցությունը, և ամբողջ դահլիճը նրան ծափերով ուղեկցեց։ Բոլորն աջակցում էին նրան։

Այնպես որ, եթե Ադրբեջանի թիմն էլ մնար և մասնակցեր, որևէ մեկը որևէ խնդիր չէր ունենալու, և անվտանգությունն ամբողջովին ապահովելու էինք։ Եթե մենք չուզեինք նրանց մասնակցությունը, մենք չէինք համաձայնի այն կոշտ պայմաններին, որոնք նրանք էին դրել, բայց մենք արեցինք դա։ Մենք հիմա էլ ենք ասում, որ պատրաստ էինք ապահովել նրանց անվտանգությունն ամբողջապես։ Ես անձամբ զրուցել եմ նրանց պատվիրակության ղեկավարության հետ, և իրենք նշել են, որ ամեն ինչից գոհ են, և որևէ դժգոհություն չունեն։ Ուղղակի սա պատրվակ էր, և Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործեց այն, որ ցեխ շպրտի փայլուն գույներով անցկացվող առաջնության վրա։ Ինքներդ կարող եք մոտենալ և հարցնել բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի մարզիկների կարծիքը, և կտեսնեք, որ բոլորը շատ գոհ են ամեն ինչից։ Մենք ամեն ինչ արել և անելու ենք, որ սա լինի պատմության մեջ ամենալավ Եվրոպայի առաջնությունը։ Որևէ՞ տեղ տեսել եք այսպիսի դահլիճ։ Ամեն ինչ անելու ենք, որ այստեղից տուն գնալիս բոլորը ցանկություն ունենան նորից գալ Հայաստան»,- նշեց Կարեն Գիլոյանը։

Արտասահմանցի լրագրողի հարցին, թե ինչպես կվարվեր Հայաստանի թիմը, եթե Ադրբեջանում անցկացվող մրցմանը հայտնվեր նմանատիպ իրավիճակում, Կարեն Գիլոյանը նշեց հետևյալը․ «Անձամբ ես երկու անգամ եղել եմ Բաքվում։ 2007 թվականին՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը և 2015-ի Եվրոպական խաղերում։ Այնտեղ եղել են շատ ավելի վատ պայմաններ, սակայն մեզանից ոչ մեկի մտքով չի անցել վերադառնալ Հայաստան։ 2007 թվականին, երբ ըմբիշ Յուրի Պատրիկեևը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, հեռուստատեսային ռեպորտաժի ժամանակ Հայաստանի դրոշը չէր երևում, քանի որ կողքից էին կախել։ Եվ դա ինչո՞վ է ավելի լավ, քան այստեղի միջադեպը։ Իսկ այնտեղ դա արված էր պետական մակարդակով։

2011 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ էլ Բաքվում քարերով հարձակվել էին Հայաստանի պատվիրակության վրա ու դրան էլ ոչինչ չհետևեց։

Ինչ վերաբերում է 2024թ․ ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելուն, մենք բանակցում ենք և պատրաստ ենք ընդունել այդ մրցումը։ Մենք բացատրել ենք և մեզ հասկացել են, որ այս միջադեպը սպորտային միջոցառման հետ առնչություն չունի։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ առաջնությունն անցկացվի Երևանում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դահլիճում ներկա գտնվող դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի պետական դրոշին, վերցրել էր այն և այրել։ Անվտանգության աշխատակիցներն անմիջապես նրան հեռացրել էին դահլիճից։ 

Դրանից հետո Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության ու երկրի ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Ադրբեջանի թիմը հեռացել էր Հայաստանից։ Ադրբեջանի հավաքականը Երևան էր ժամանել 4 ծանրորդով: Տղամարդկանց մրցաշարին պետք է մասնակցեին Եվրոպայի Մ23 չեմպիոն Իսա Ռուստամովը (67 կգ), Եվրոպայի Մ20 փոխչեմպիոն Օմար Ջավադովը (73 կգ) և Ալի Շուկուրլուն (102 կգ), իսկ կանանց մրցաշարին պետք է մասնակցեր միայն Նազիլյա Իսմայիլովան (49 կգ):

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի ԵԱ-ի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում առաջին մեդալը նվաճել է Իզաբելա Յայլյանը (55 կգ), որը գրավել է երրորդ տեղը, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) 6-րդն էր։ Կանանց թիմի կազմում ընդգրկված են նաև Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա