Logo

«Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 18.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Untitled 6 1 1 - «Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Բելգիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակն արդեն հասանելի է։ Ռոբերտո Մարտինեսը հնչեղ անուններ ունի կազմում, որոնք փայլում են եվրոպական տարբեր ակումբների կազմում։ VNews-ը շարունակում է ԵՎՐՈ-2020-ի հավաքականներին ներկայացնելու շարքը։ Այս անգամ ներկայացնում ենք Բելգիայի հավաքականի անցած ճանապարհը, հայտացուցակը, գլխավոր աստղին, մարզչական գործոնը և, իհարկե, առաջիկա մրցաշարում շանսերը։

Անցած ճանապարհը

Բելգիայի հավաքականը ընտրական փուլում ընդգրկված էր I խմբում։ Մրցակիցներն էին Ռուսաստանի, Շոտլանդիայի, Կիպրոսի, Ղազախստանի և Սան Մարինոյի հավաքականները։ Մարտինեսի թիմն, իհարկե, խմբի բացահայտ ֆավորիտն էր ու առանց խնդիրների նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Բելգիան ընտրական մրցաշարում առհասարակ լավագույն ընտրանին էր Իտալիայի հավաքականի հետ։ Միայն այս երկու թիմերին է հաջողվել ընտրական փուլերի բոլոր 10 խաղերում հաղթանակ տոնել։ Բելգիան առաջիններից էր, որը ապահովեց տեղը Եվրոպայի առաջնությունում։ Ընտրական փուլում լավագույն ռմբարկուն Ռոմելու Լուկակուն էր` խփած 7 գոլով։

Russia vs Belgium Live Stream Free Predictions Betting Tips Preview TV 960x648 - «Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Բելգիայի հավաքականը խմբի բոլոր խաղերում մրցակիցներին հաղթել է նվազագույնը երկու գոլի տարբերությամբ։ Նրանք խոշոր հաշվով հաղթանակներ տարան ինչպես Ռուսաստանի (4-1), այնպես էլ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ (3-0, 4-0)։ Խփած 40 գոլ, սեփական դարպասն ընդունած 3-ի դիմաց․ Բելգիայի հավաքականը, ինչպես և սպասվում էր, Եվրոպայի առաջնությունում է։

Հայտացուցակը ԵՎՐՈ-2020-ի համար

Դարպասապահներ. Տիբո Կուրտուա («Ռեալի»), Սիմոն Մինյոլե («Բրյուգե»), Մաց Զելս («Ստրասբուրգ»)

Պաշտպաններ. Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Դեդրիկ Բոյատա («Հերտա»), Ջեյսոն Դենայեր («Լիոն»), Թոմաս Վերմալեն («Վիսել Կոբե»), Յան Վերտոնգեն («Բենֆիկա»), Տոմա Մենյե («Բորուսիա»), Տիմոտի Կաստան («Լեսթեր»)

Կիսապաշտպաններ. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Լեանդեր Դենդոնկեր («Վուլվերհեմփթոն»), Յանիկ-Ֆերեյրա Կարասկո («Ատլետիկո»), Դենիս Պրատ, Յուրի Տիլեմանս (երկուսն էլ՝ «Լեսթեր»), Տորգան Ազար, Ակսել Վիտսել (երկուսն էլ՝ «Բորուսիա»)

Հարձակվողներ. Ժերեմի Դոկու («Ռեն»), Էդեն Ազար («Ռեալ»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Լեանդրո Տրոսար («Բրայթոն»), Միշի Բատշուայի («Չելսի»), Քրիստիան Բենտեկե («Քրիստալ Փելաս»), Ռոմելու Լուկակու («Ինտեր»)

Պահեստայինների ցանկ. Թոմաս Կամինսկի («Բլեքբերն»), Ալեքսիս Սալեմակերս («Միլան»), Էմիլ Մպենզա Լոկոնգա, Յարի Վերսհարեն (երկուսն էլ՝ «Անդերլեխտ»), Բրայան Հեյնեն («Գենկ»), Թոմաս Ֆոկետ («Ռեյմս»), Ադնան Յանուզայ («Ռեալ Սոսյեդադ»), Բրենդոն Մեքելե, Շարլ Դե Կետելարե (երկուսն էլ՝ «Բրյուգե»), Ժորդան Լուկակու («Լացիո»), Զինհո Վանհեուսդեն («Ստանդարտ»)։

belgium - «Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Ռոբերտո Մարտինեսի հրապարակած հայտացուցակում անակնկալներ չկան։ Եվրոպական մի քանի լրատվամիջոցներ հանդգնեցին որոշակի անակնկալ համարել Էդեն Ազարի հրավերը։ Բայց սա ավելի շատ հեգնական մեկնաբանություն է Ազարի շուրջ տեղի ունեցողին, այլ ոչ թե իրերի օբյեկտիվ գնահատական։ 2018 թվականի Աշխարհի առաջնության հայտացուցակի համեմատ Մարտինեսը 5 փոփոխություն է կատարել։ Երրորդ դարպասապահ Կոեն Կաստելսի փոխարեն հրավիրվել է Մաց Զելսը։ Չկան նաև Վենսան Կոպմանին, Մարուան Ֆելաինին, Մուսա Դեմբելեն և Ադնան Յանուզայը։ Վերջինս պահեստային հայտացուցակում է։ Փոխարենը հավաքականում խոշոր մրցաշարի համար հայտավորվել են Ջեյսոն Դենայերը, Դենիս Պրատը, Տիմոտի Կաստանը Լեանդրո Տրոսարը, Քրիստիան Բենտեկեն և Ժերեմի Դոկուն։ Մյուսները հավաքականի հնաբնակներ են, որոնք Մունդիալ-2018-ի բրոնզե մեդալակիրներ են։ Բելգիայի հավաքականի հայտացուցակում այս պահին 26 խաղացող կա, ևս 11-ն էլ պահեստային հայտացուցակում են ու կարող են հայտնվել գլխավոր թիմում, եթե այնտեղ լինեն կորոնավիրուսով վարակված խաղացողներ։

Ռոբերտո Մարտինեսը մինչև մրցաշարի մեկնարկը իր խաղացողներին գործի մեջ կարող է տեսնել ընկերական երկու խաղերում։ Հունիսի 3-ին տանը Բելգիան խաղալու է Հունաստանի հավաքականի հետ։ Օրեր անց դարձյալ տնային խաղում նրանց մրցակիցը լինելու է Խորվաթիայի ընտրանին, որը դրանից օրեր առաջ հանդիպելու է մեր ընտրանուն։

Մեր ընտրանին․

Մարզչական գործոնը

Այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտո Մարտինեսը շատ երկար ժամանակ է մարզում Բելգիայի հավաքականը, ու դա իրոք այդպես է, բայց նա ընդամենը երկրորդ անգամ է «կարմիր սատանաներին» առաջնորդում խոշորագույն մրցաշարում։ Մարտինեսը թիմը գլխավորում է 2016 թվականի օգոստոսից։ Բելգիական ոսկե սերնդի հետ նա գերազանց «լեզու գտավ» ու դա անում է մինչև օրս։ Պատահական չէ, որ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Բելգիան վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը։ Մարտինեսի գլխավորած հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտներից էր։ Նրանք գերդրամատիկ հաղթանակով 1/8-ում պայքարից դուրս թողեցին Ճապոնիային, քառորդ եզրափակիչում մեկ գլուխ բարձր էին Բրազիլիայից։ Կիսաեզրափակիչում նրանց ճանապարհին կանգնելու էր Ֆրանսիան։ Սակայն երրորդ տեղի խաղում Բելգիան հաղթեց Անգլիային՝ գրանցելով Աշխարհի առաջնություններում հավաքականի պատմության լավագույն արդյունքը ՝ բրոնզե մեդալակիր։ Այս ամենում Մարտինեսը մեծ դերակատարում ունի։

methode sundaytimes prod web bin d07fdbd2 268e 11eb aa45 f2df5b216d22 960x540 - «Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Բելգիայի հավաքականի մարզիչը շատ լավ է ճանաչում իր ֆուտբոլիստներին։ Բոլորովին վերջերս եղավ մի դեպք, որը կրկին ապացուցեց դա։ Էդեն Ազարը «Ռեալում» նորից վնասվածք էր ստացել։ Փորձագետները կանխատեսում էին, որ նրա համար մրցաշրջանն ավարտված է, ու նա չի կարողանա օգնել Բելգիայի հավաքականին Եվրոյում։ Խոսում էին նույնիսկ նոր վիրահատության մասին։ Այդ խոսակցություններին միացավ նաև Մարտինեսը։ Նա հանգիստ խոսեց Ազարի մասին, վստահեցրեց, որ նա ոչ միայն խաղալու է Եվրոյում, այլ նաև լինելու է մրցաշարի լավագույն խաղացողը։ Հիմա, երբ Եվրոյի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, «Ռեալի» 7 համարը շարք է վերադարձել, ու «լավից վատից» խաղում է։ Սա ցայտուն օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչ լավ է ճանաչում մարզիչն իր խաղացողներին։ Ու, իհարկե, խոսքը միայն Ազարի մասին չէ։

Գլխավոր աստղը

Բելգիայի հավաքականում մի ամբողջ աստղաբույլ կա։ Այստեղ է Կևին դե Բրույնեն, որը այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպաններից է, եթե ոչ լավագույնը։ Նա առաջնորդեց «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի առաջնությունում հերթական չեմպիոնության։ Ա սերիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» գլխավոր աստղը՝ Ռոմելու Լուկակուն ևս այստեղ է։ Կա նաև Էդեն Ազարը, որն, ի տարբերություն Լուկակուի ու դե Բրույնեի, հիմնահատակ տապալել է մրցաշրջանը վնասվածքների, իսկ դաշտում՝ անհաջող մրցելույթների պատճառով։

Ընտրությունը փոքր չէ, սակայն վստահորեն կարող ենք փաստել, որ Բելգիայի գլխավոր աստղը լինելու է Կևին դե Բրույնեն։ Երկրպագուների մոտ ամենաշատ սպասելիքները հենց նրանից են։ Դե Բրույնեն դարձել է «Մանչեսթեր Սիթիի» շարժիչ ուժը։ Բարդ է առանց նրա պատկերացնել «Մանչեսթեր Սիթիի» խաղը։ Այս տարի Դե Բրույնեն վնասվածքի պատճառով որոշ ժամանակ դուրս էր մնացել շարքից։ Այդ ընթացքում «Սիթիի» խաղը նկատելի անկում էր ապրում։ Երբ դե Բրույնեն վերադարձավ, «Սիթին» նորից սկսեց ճախրել։ Ակնհայտ է, որ Բելգիայի հավաքականում ևս նրա ուսերին մեծ պատասխանատվություն է դրված։ Մարտինեսը նախընտրում է երեք կենտրոնական պաշտպաններով խաղը։ Հենակետային գոտում ունենալով Վիտսելին՝ դե Բրույնեին ավելի մեծ հնարավորություններ կստեղծվի հարձակման գծում խաղը կազմակերպելու համար։ Այս տարի Գվարդիոլան երբեմն խաղում էր առանց մաքուր 9 համարի։ Այդ մարտավարությամբ դե Բրույնեն շատ էր առաջ գնում՝ ընդհուպ մինչև կենտրոնական հարձակվողի դիրք։ Սակայն Բելգիայում դժվար թե դրա կարիքը լինի, քանի որ կազմում կա Լուկակուն։

NINTCHDBPICT000613705913 e1602570848923 - «Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Ինքը՝ դե Բրույնեն ևս գիտակցում է, որ գալիս է Եվրոյին՝ լինելով այս թիմի գլխավոր աստղը։ Այո՛, ժամանակները փոխվել են։ Եթե 2018-ին այդ կարգավիճակն ուներ Ազարը, հետո Լուկակուն և նոր միայն դե Բրույնեն, ապա հիմա նա ու «Ռեալի» խաղացողը տեղերով փոխվել են։ Վստահորեն կարող ենք ասել, որ դե Բրույնեն լարվածության խնդիր չունի։ Նա դիմանալու է այն ճնշմանը, որը գալու է երկրպագուներից, մամուլից։ Դե Բրույնեն պատրաստ է այդ ամենին։

Մրցակիցներ/շանսեր

Բելգիայի հավաքականն ընդգրկված է B խմբում։ Մրցակիցներն են Ռուսաստանը, Ֆինլանդիան և Դանիան։ Առաջին խաղը Ռուսաստանի հետ է, այն էլ Սանկտ Պետերբուրգում։ Կօգնի՞ սա Չերչեսովի թիմին, դժվար է ասել։ Բելգիան լավ ծանոթ է Ռուսաստանին, հեշտությամբ հաղթել է ընտրական փուլի երկու խաղերում։ Հաղթանակով սկսելու դեպքում մյուս խաղերն ավելի հանգիստ ընթացք կունենան։ Հաջորդ մրցակիցը Դանիան է։ Այստեղ ևս Բելգիայի մրցակիցն ունի առավելություն, քանի որ խաղալու է Կոպենհագենում։ Եվ միայն վերջին տուրում Բելգիայի մրցակիցը չի ունենա տնային աջակցություն։ Նրանք հետ են գալու Սանկտ Պետերբուրգ ու հանդիպեն Ֆինլանդիային։ Այսպիսի խմբում Բելգիան պետք է որ խնդիրներ չունենա ու վստահորեն նվաճի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

belgium celebrate belgium celebrate qu319ori19zw1vvrbm7c9uzvr 960x640 - «Կարմիր սատանաների» մեծ տիտղոսի ժամանակը․ Բելգիան գնում է Եվրոպա «թափառելու» ու հաղթելու

Բելգիայի հավաքականն իսկապես այս մրցաշարին մոտենում է գլխավոր ֆավորիտներից մեկի կարգավիճակով։ Բելգիայի հավաքականում են խաղում այս պահին աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը (Տիբո Կուրտուա), լավագույն կիսապաշտպաններից մեկը (Կևին դե Բրույնե) և լավագույն հարձակվողներից մեկը (Ռոմելու Լուկակու)։ Բելգիան ունի ամուր պաշտպանություն։ Այո՛, այստեղ չկան անուններ, ում կարելի է առանձնացնել, բայց պաշտպանությունն իսկապես ամուր է։ Եթե առաջ Ալդերվեյրելդ-Վերտոնգեն դուետի հետ կենտրոնում խաղում էր Կոմպանին, ապա հիմա կա Ջեյսոն Դենայերը, որը գերազանց ֆուտբոլ է խաղում «Լիոնում»։ Այս առաջնությունում Բելգիայի հավաքականի գլխավոր զենքերից մեկը կարող է դառնալ հենց թիմային խաղը։ Խոսեցինք դե Բրույնեի մեծ նշանակությունից, բայց դա չի նշանակում, որ թիմն ամբողջությամբ կախված է լինելու նրանից։ Մարտինեսը երբեք չի ստեղծել հավաքական, որը կախված լինի միայն իր աստղերից։ Այստեղ իրենց դերն են ունենալու Ազար եղբայրները, Տիլեմանսը, Մերտենսը։ Նույնիսկ Բատշուային, կամ էլ «Ռենի» երիտասարդ հարձակվող Ժերեմի Դոկուն կարող են անհրաժեշտության դեպքում փոխարինել Լուկակուին՝ նրան տալով հանգստանալու հնարավորություն։ Ի դեպ, Դոկուն նորեկ է հավաքականում։ Կազմի խորությունը իսկապես կարող է որոշիչ դեր ունենալ Բելգիայի հավաքականի հաջողության համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա