Logo

«Այսօր, առավել, քան երբևէ, մեզ պետք են հաղթանակներ». Վահրամ Դումանյան

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:10 / 17.05.2022Բռնցքամարտ
Վահրամ Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է մայրաքաղաքի «Օլիմպավան» մարզահանգրվան, որտեղ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելուն միտված վերջին հավաքն է անցկացնում բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը։

Գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի անդամների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Նախարար Դումանյանը հաջողություն է մաղթել մեր տղաներին՝ նշելով, որ նրանցից ակնկալիքները շատ մեծ են։ «Գիտեմ, թե որքան ջանք ու եռանդ եք ներդրել Եվրոպայի առաջնությանը պատրաստվելիս և դեռ ինչ փորձություններ պետք է հաղթահարեք ռինգում: Մենք ձեզ հետ ենք: Մենք ունենք հաղթանակների կարիք, ու վստահ եմ՝ Եվրոպայի այս առաջնությանը մեզ հաղթական շատ պահեր եք պարգևելու: Հաջողություն եմ մաղթում ձեզ և ամենակարևորը՝ առանց վնասվածքների մենամարտեր»,- նշել է նա։

Կարեն Գիլոյանն էլ իր հերթին նկատել է, որ սեփական հարկի տակ նման առաջնության մասնակցելը, անկասկած, լրացուցիչ լարվածություն կհաղորդի մարզիկներին, սակայն մեր բռնցքամարտիկները զորեղ են և ունակ հասնելու հաջողության։ Նա ընդգծել է, որ համաձայնելով մասնակցել Եվրոպայի առաջնությանը՝ Հովհաննես Բաչկովն անչափ պատասխանատու որոշում է կայացրել, քանի որ չեղարկել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի շատ կարևոր մենամարտ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ թեպետ պատասխանատվությունը շատ մեծ է, բայց տղաները փորձառու են, ուստի նա վստահ է մրցաշարի հաջող ավարտին։ 
Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ առաջնությանը նախապատրաստվելու աշխատանքների շուրջ 90 տոկոսը կատարված է. «Համալիրը շատ լավ տեսքի է բերվել, տեղադրվել է նոր հատակ, կան նոր ցուցատախտակներ: Վերանորոգվել են միջանցքները, սենյակները, հանդերձարանները: Նույնիսկ վերելակներն են փոխվել: Բացման արարողության ժամանակ գործելու են նաև ՄՀՀ-ի արտաքին շատրվանները։ Շատ գեղեցիկ ու ժամանակակից բացման արարողություն ենք ունենալու: Շատ հետաքրքիր է լինելու»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ տեղեկացրել է, որ հավաքականի վերջնական հայտացուցակում չընդգրկված տղաները հունիսի 15-20-ը մասնակցելու են Հունաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարին: 

Եվրոպայի առաջնության բոլոր մենամարտերն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու են Vivaro Media-ի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա