Logo

2021-ը հայկական սպորտում. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:40 / 16.06.2022ՍՊՈՐՏ
2021 սպորտի հաշվետվություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Ազգային Ժողովի այսօրվա նիստում հանդես գալով անցյալ տարվա պետական բյուջեի մասին հաշվետվությամբ, ներկայացրել է նաև 2021 թվականին սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտներում կատարված աշխատանքները:

Նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն այդ ոլորտներում իրականացրել է մի շարք կարևոր միջոցառումներ: Մասնավորապես, սպորտի մասսայականացմանն ուղղված միջոցառումների ծրագրով անցկացվել են ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության խճուղային հեծանվավազքի և կրոսավազքի սիրողական մրցումներ ու Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերը, որոնց մասնակցել է 3294 մարդ: Նախարարը նշել է, որ այս տարի կընդլայնվեն ծրագրերի անվանացանկը և մասնակիցների քանակը։

Կառավարության որոշմամբ՝ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակի չափը: Ավելացել են նաև մեդալակիր մարզիկների և մարզիչների դրամական պարգևավճարները։ Կատարվել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողների պարգևատրություն:

Նշվել է, որ ոլորտում իրականացվել են նաև օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստմանը, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովմանը, հաշմանդամային սպորտի զարգացմանը, ազգային ֆեդերացիաների, մարզական-հասարակական կազմակերպությունների, ազգային հավաքականների պետական աջակցությանը միտված աշխատանքներ։

Անցյալ տարի տարիքային տարբեր խմբերի ՀՀ հավաքականների մարզիկները, մասնակցելով Օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից 55-ը՝ ոսկե, 57-ը՝ արծաթե և 87-ը՝ բրոնզե։

Պետական աջակցություն է հատկացվել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են միջազգային 5 մրցումների, այդ թվում՝ Տոկիոյի ամառային պարալիմպիկ խաղերին։ Իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Նշվել է, որ 2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ այս տարի մեր երկրում անցկացվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023-ին Հայաստանում նախատեսվում է ընդունել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա