Logo

Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 17.05.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
la liga - Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

Ֆուտբոլային Եվրոպայի համար այս մրցաշրջանն իսկապես խելահեղ էր։ Պատահական չէ, որ Պեպ Գվարդիոլան հայտարարեց, որ այս տարի Անգլիայի չեմպիոն դառնալը հիշելու է միշտ։ Զինեդին Զիդանն էլ շտապում է տեղեկացնել, որ սա ամենաբարդ մրցաշրջանն էր իր մարզչական կարիերայում։ Վերջին տուրերից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում շատ բան կա դրված զոհասեղանին։ VNews-ը ներկայացնում է Իսպանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնությունների գլխավոր ինտրիգները վերջին տուրերից առաջ։

Բունդեսլիգա

Առաջին հայացքից Բունդեսլիգայում ամեն ինչ որոշված է, բայց վերջին տուրում շատ բան կարող է փոխվել։ Խոսքը ոչ միայն բուն այս մրցաշրջանի, այլ նաև ֆուտբոլային պատմության գրքերի մասին է։ Երկրի չեմպիոն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի անցած տուրում խփեց 40-րդ գոլը ՝ հավասարվելով լեգենդար Գերդ Մյուլլերի ռեկորդին: 1972-ին մյունխենյան թիմի լեգենդար հարձակվողը նույնքան գոլ էր խփել։ Վերջին տուրում «Բավարիան» խաղալու է «Աուգսբուրգի» հետ, այն էլ տանը։ Լևանդովսկիի համար գերազանց հնարավորություն է պատմական ռեկորդը շրջանցելու ու պատմության գրքերում վերաշարադրումներ անելու համար։

5b09c172 3ec1 4b72 a4f5 e82d80a9e79c 960x640 - Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի ուղեգրերն արդեն խաղարկված են։ Ամենահեղինակավոր մրցաշարի ուղեգիր են նվաճել «Բավարիան», «ՌԲ Լայպցիգը», Դորտմունդի «Բորուսիան» և «Վոլֆսբուրգը»։ «Այնտրախտն» ու «Բայերը» կխաղան Եվրոպա լիգայում։ Իսկ ահա կոնֆերենցիաների գավաթի ուղեգրի համար պայքարը դեռ բաց է։ Այդ ուղեգիրը կարող են նվաճել «Ունիոն Բեռլինը», Մյունխենգլադբախի «Բորուսիան», «Շտուտգարտը» և «Ֆրայբուրգը»։

Թեժ պայքար է նաև առաջնությունում՝ տեղը պահպանելու համար։ «Շալկեն» արդեն ուղևորվել է 2-րդ Բունդեսլիգա։ «Քյոլնը»՝ 30 միավորով 19-րդն է։ «Վերդերը» 31 միավոր ունի ու 16-րդ տեղում է։ «Արմինիան» 32 միավորով 15-րդ տեղում է։ Վերջին տուրում «Քյոլնի» մրցակիցը ոչնչի համար չպայքարող «Շալկեն» է, «Վերդերը» խաղալու է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ, իսկ «Արմինիան» հյուրընկալվելու է «Շտուտգարտին»։ Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում 16-րդ տեղ զբաղեցրած թիմն անցումային հանդիպումներ է անցկացնում 2-րդ Բունդեսլիգայի երրորդ տեղի թիմի հետ։

Անգլիայի Պրեմիեր լիգա

Անգլիայում չեմպիոնի անունը հայտնի է վաղուց։ Իսկ ահա Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարն աննկարագրելի թեժ է։ «Մանչեսթեր Յունայթեդը» ևս ապահովել է տեղը գլխավոր եվրագավաթում, իսկ երրորդ ու չորրորդ տեղերի համար կատաղի պայքար է։ Այս պահին «Լեսթերը» 66 միավորով երրորդն է, «Չելսին» ունի 64 միավոր։ Ամեն ինչ շատ ավելի հանգիստ կլիներ այս թիմերի համար, եթե երեկ Ալիսոնը չխփեր «Լիվերպուլի» հաղթական գոլը «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում։ Այսպես, չեմպիոնլիգյան պայքարի խրախճանքին միանում է նաև Կլոպի թիմը։ 63 միավորով նրանք հետապնդում են «Չելսիին»։ Ամենախելահեղն այն է, որ հաջորդ տուրում «Չելսին» հյուրընկալելու է «Լեսթերին»։ Օրեր առաջ Անգլիայի գավաթի եզրափակիչում «աղվեսներն» ուժեղ էին «կապույտներից»։ Եթե «Լիվերպուլը» հաղթի մնացած խաղերում, իսկ «Լեսթերը» չպարտվի «Չելսիին», Կլոպի թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ «Մերսիսայդցիների» մրցակիցներն են «Բարնլին» ու «Քրիսթալ Փելասը»։ Վերջին տուրում «Չելսին» հյուրընկալվելու է «Ասթոն Վիլային», իսկ «Լեսթերը» տանն ընդունելու է «Տոտենհեմին»։

https theprideoflondon.com wp content uploads getty images 2017 07 1318168653 850x560 1 - Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

Մի ինչ որ անհավանական սցենարով փոքրիկ շանս պահպանում է նաև «Տոտենհեմը»։ «Խթանները» պետք է հաղթեն բոլոր խաղերում ու սպասեն, որ «Լիվերպուլն» ու «Չելսին» պարտվեն վերջին տուրերում։ Եվրոպա լիգայի ուղեգրի համար «խթաններին» ևս հաղթանակներ են պետք։ Նրանց 59 միավորով 6-րդն են, նույնքան ունի նաև «Վեսթ Հեմը»։ Նրա թիկունքում 56 միավորով «Էվերթոնն» է։ Ինչ վերաբերում է Պրեմիեր լիգայում տեղը պահպանելուն, ապա այստեղ պայքար չկա։ «Շեֆիլդը», «Վեսթ Բրոմվիչն» ու «Ֆուլհեմն» արդեն հեռացել են առաջնությունից։

Մեր ընտրանին․

Ա սերիա

Ա սերիայում թերևս գլխավոր ինտրիգը «Յուվենտուսի» Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել-չնվաճելու հարցն է։ Ամենացավոտը նրանց համար այն է, որ թուրինյան գրանդը կախված չէ իրենից։ Նրանք պետք է վերջին տուրում հաղթեն «Բոլոնիային» ու սպասեն «Միլանի», կամ էլ «Նապոլիի» սայթաքմանը։ «Ռոսոներիները» երկար դադարից հետո կարող են վերադառնալ գլխավոր եվրագավաթ, եթե վերջին տուրում հաղթեն «Ատալանտային», որն արդեն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայում հաջորդ տարի։ Առաջին հայացքից բարդ խաղ է սպասվում, բայց «Ատալանտան» խնդիր չունի լուծելու։ «Նապոլիի» մրցակիցն էլ «Վերոնան» է, որը նույնպես որևէ խնդիր չունի։ Նրանք պահպանել են տեղը Ա սերիայում,. սա է գլխավորը։ Այսպիսով, դասավորվածությունն հետևյալն է․ «Միլան» և «Նապոլի»՝ 76 միավոր, «Յուվենտուս» 75 միավոր։ Եվրոպա լիգայի մյուս ուղեգիրն արդեն նվաճել է «Լացիոն»։ Կոնֆերենցիաների գավաթի գոտում այս պահին «Ռոման» է։ Նրանց մրցակիցը «Սպեցիան» է։ «Սասուոլոն» կարող է շրջանցել Հռոմի թիմին, եթե հաղթի մայրաքաղաքի մյուս ակումբին՝ «Լացիոյին», իսկ «Ռոման» պարտվի իր խաղում։

GettyImages 1227967060 - Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

«Պարման» ու «Կրոտոնեն» հրաժեշտ են տվել Ա սերիային ժամանակից շուտ։ Իսկ ահա «Բենեվենտոյի» ու «Տորինոյի» միջև կատաղի պայքար է լինելու վերջին տուրում։ 18-րդ տեղով ընթացող «Բենեվենտոն» ունի 32 միավոր, «Տորինոն» 35 միավորով 17-րդն է։ Վերջին տուրում այս թիմերը մրցելու են իրար դեմ։ Թուրինյան թիմին նույնիսկ ոչ-ոքին բավարար կլինի Ա սերիայում տեղը պահպանելու համար։ Ի դեպ, չեմպիոնի հարցն էլ վաղուց որոշված է։ «Ինտերը» մի քանի տուր առաջ հաղթեց Ա սերիան։

Լիգա 1

Եվրոպական թոփ-5 լիգաներից երկուսում չեմպիոնի անունը դեռևս հայտնի չէ։ Ֆրանսիայի առաջնությունում առաջատարը «Լիլն» է 80 միավորով։ Վերջին տուրում նրանց մրցակիցը «Անժեն» է, որը մրցաշարային տեսանկյունից ոչ մի խնդիր չունի լուծելու։ ՊՍԺ-ն մեկ միավորով է հետ մնում առաջատարից։ Մաուրիսիո Պոչետինոյի առաջին մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն դառնալու համար փարիզցիները պետք է վերջին տուրում հաղթեն «Բրեստին» ու սպասեն աղյուսակը գլխավորող թիմի ձախողմանը։ Ի դեպ, Բրեստը» 16-րդ տեղում է ու դեռևս չի ապահովել տեղը Լիգա 1-ի հաջորդ խաղարկությունում։

E1lQOG2WUAA8Ylw 960x540 - Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

«Մոնակոն» երրորդ տեղում է ու գրեթե շանս չունի չեմպիոնության։ «Լիլից» նրանք հետ են երեք միավորով։ Ֆրանսիայում հավասար միավորների դեպքում նախապատվությունը տրվում է ավելի լավ գոլային տարբերություն ունեցող թիմերին։ Այս ցուցանիշով ևս «Մոնակոն» զիջում է։ Սակայն պետք չէ հուսահատվել։ Վերջին տուրում «Լենսին» հաղթելու դեպքում «Մոնակոն» գուցե շրջանցի ՊՍԺ-ին ու ուղիղ ուղեգիր նվաճի Չեմպիոնների լիգայի համար։ «Լենսը» այս պահին 56 միավորով 6-րդն է, որը Կոնֆերենցիաների գավաթի ուղեգիր է տալիս։ «Լիոնն» էլ 4-րդ տեղում է՝ 76 միավորով։ Նրանց մրցակիցը «Նիսն» է, որը մրցաշարային առումով ոչ մի խնդիր չունի լուծելու։ Ֆրանսիայում առաջին երեք տեղերը խաղալու են ՉԼ-ում, հաջորդ երկու տեղերը Եվրոպա լիգայի ուղեգիր են նվաճում։ «Մարսելն» արդեն նվաճել է այդ ուղեգրերից մեկը։

Առաջնությունից արդեն դուրս են մնացել «Դիժոնն» ու «Նիմը»։ Մյուս տեղերում թիմերը խիտ են դասավորված։ «Նանտն» ունի 40 միավոր։ 41 միավորով «Ստրասբուրգը», «Բրեստը» և «Լորիենը» կիսում են 15-17-րդ տեղերը։ «Ստրասբուրգն» ու «Լորիները» վերջին տուրում խաղալու են իրար դեմ ։ «Նանտը» խաղալու է «Մոնպելյեի» դեմ։

Լա լիգա

Երկու թիմերի առաջնությու՞ն։ Բնավ ո՛չ։ Պրիմերան այս տարի կոտրեց բոլոր կարծրատիպերը։ Մինչև վերջին տուրերը չեմպիոնությանը հավակնում էր միանգամից 4 թիմ։ Հիմա այդ պայքարում մնացին երկուսը՝ «Ատլետիկոն» ու «Ռեալը»։ Չեմպիոնների լիգայի ուղեգրի հարց այստեղ չկա։ Բոլոր թիմերը հայտնի են։ Մյուս եվրագավաթի մասին դեռ կխոսենք։ Հիմա տեսնենք, թե ինչ է սպասվում վերջին տուրում չեմպիոնական պայքարում։

Առաջատար «Ատլետիկոն» 2014 թվականից հետո առաջին անգամ կփորձի չեմպիոն դառնալ։ Դրա համար նրանք պետք է արտագնա խաղում հաղթեն «Վալյադոլիդին»։ Առաջին հայացքից Դիեգո Սիմեոնեի թիմը հարմար մրցակից ունի, քանի որ «Վալյադոլիդը» 19-րդ տեղում է։ Սակայն մյուս կողմից էլ նրանք իսկական կռիվ են տալու Լա լիգայում տեղը պահպանելու համար։ «Վալյադոլիդին» դրա համար ոչ թե ոչ-ոքի, այլ հաղթանակ է պետք։ Շատերն են սկսել կատակել՝ հիշելով, թե ով է ակումբի սեփականատերը։ Բրազիլացի Ռոնալդոյի թիմը կօգնի՞ «Ռեալին» չեմպիոն դառնալ, դժվար է ասել։

E1iXqpLWEAgRJ8Y - Խելահեղ մրցաշրջանի խենթ ավարտը․ ինչ է զոհասեղանին վերջին տուրից առաջ եվրոպական թոփ-5 լիգաներում

Իսկ ո՞ր թիմի դեմ է խաղալու «Ռեալը»։ Զիդանի թիմի մրցակիցը «Վիլյառեալն» է, որը մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է։ Հաղթանակը նրանց շատ է պետք։ Եվրոպա լիգայի գոտում այս պահին «Ռեալ Սոսիեդադն» է 59 միավորով, ու «Բետիսը», որը նույնքան միավոր է վաստակել, որքան «Վիլյառեալը» (58): Սակայն Ունաի Էմերիի թիմը զիջում է լրացուցիչ ցուցանիշներով։ Էմերիի թիմը կարող է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, եթե «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթի Եվրոպա լիգայի եզրափակիչում։ Սակայն պետք է առավելագույնը ստանալ Լա լիգայից, նոր միայն մտածել Եվրոպա լիգայի եզրափակիչի մասին։ «Ռեալն» էլ պետք է փորձի հաղթել «Վիլյառեալին» ու սպասել համաքաղաքացիների ձախողմանը։

«Էյբարը», որը վերջին տուրում խաղալու է «Բարսելոնայի» հետ, կորցրել է Լա լիգայում տեղը պահպանելու շանսերը։ «Վալյադոլիդի» մասին արդեն խոսեցինք։ 33-ական միավորով 17-18-րդ տեղերը կիսում են «Ուեսկան» և «Էլչեն»։ «Ուեսկայի» մրցակիցը «Վալենսիան» է, «Էլչեինը»՝ «Ատլետիկը»։ Հավասար միավորներ ունենալու դեպքում լրացուցիչ ցուցանիշներով Լա լիգայում տեղը կպահպանի «Ուեսկան»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա