Logo

«Խիմկի-Պոդմոսկովյե». Ո՞վ է «Ուրարտուի» հերթական մրցակիցը

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 27.10.2016Բասկետբոլ
Խիմկի-Պոդմոսկովյե - Ուրարտու
  • Ռուսաստանի Սուպերլիգա, կանոնավոր առաջնություն
  • Հոկտեմբերի 28, 16:00
  • Մոսկվայի շրջանի բասկետբոլային կենտրոն
  • «Խիմկի-Պոդմոսկովյե» – «Ուրարտու»

Ռուսաստանի Սուպերլիգայում իր նորամուտից 4 խաղ անց «Ուրարտուն» առայժմ հաղթանակ չունի ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Վաղը Տիգրան Գյոկչյանի թիմը երրորդ արտագնա հանդիպումն է անցկացնելու Մոսկվայում, որից հետո վերադառնալու է Երևան: VivaroNews.am-ը ուսումնասիրել է «Խիմկիին»՝ «Ուրարտուի» հերթական մրցակցին ու հուսադրվել է, որ հայկական թիմը վաղը վերջապես իր առաջին հաղթանակը կտանի:

Պատմություն

«Խիմկի-Պոդմոսկովյեն» փաստացի առավել հայտնի «Խիմկի» ակումբի դուստր թիմն է, որտեղ հանդես են գալիս ակումբի ակադեմիայի սաները և երիտասարդական թիմի բասկետբոլիստները: «Խիմկին» հանդես է գալիս ՎՏԲ Միացյալ լիգայում ու Եվրոլիգայում, իսկ ահա «Խիմկի-Պոդմոսկովյեն» բավարարվում է Ռուսաստանի Սուպերլիգայով և գավաթի խաղարկությամբ:

Որպես առանձին միավոր՝ «Խիմկի-Պոդմոսկովյեն» ձևավորվել է միայն 2014թ.: Առաջին մրցաշրջանում թիմը Սուպերլիգայում գրավել է 14-րդ, նախորդում՝ 11-րդ տեղը՝ 24 խաղում տանելով ընդամենը 6 հաղթանակ:

Խիմկի-Պոդմոսկովյե

Խաղացողները

Ինչպես արդեն նշեցինք, թիմում հանդես են գալիս հիմնականում երիտասարդ բասկետբոլիստներ, լեգեոներներ չկան: Վառ անհատներ ևս թիմում չկան, ոչ մի բասկետբոլիստ մեկ խաղում միջինը 13 միավորից ավելի չի վաստակել: Համեմատության համար պետք է նշել, որ «Ուրարտուի» լեգեոներ Արիզոնա Ռեյդի մոտ այս ցուցանիշը 21,7 է:

Թիմի ներկայիս վիճակը

«Խիմկի-Պոդմոսկովյեն» 4 խաղից հետո «Ուրարտուի» նման առայժմ չունի միավորներ, ընդ որում՝ թիմը խաղացել է նույն մրցակիցների դեմ, ինչ հայկական ակումբը: Թիմի խաղերի արդյունքներն են.

«Խիմկի-Պոդմոսկովյե» 50:64 «Սամարա»
«Խիմկի-Պոդմոսկովյե» 67:70 «Ռյազան»
«Սախալին» 82:57 «Խիմկի-Պոդմոսկովյե»
«Սպարտակ-Պրիմորյե» 102:80 «Խիմկի-Պոդմոսկովյե»

«Խիմկի-Պոդմոսկովյեն» ամենաքիչ միավորներ վաստակած թիմն է՝ ընդամենը 63,5 միավոր մեկ խաղում, մինչդեռ «Ուրարտուի» մոտ այս ցուցանիշը 71,8 է: Դեռ մրցաշրջանից առաջ էլ մասնագետները լուրջ սպասելիքներ չունեին թիմից, մասնավորապես՝ փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը չնչին են գնահատվում:

Կողմերի հնարավորությունները

«Ուրարտուի» մեկնարկը, թեև պետք է խիստ դատել, բայց հիմնականում անհաջող էր: Մրցակիցներն ամենահաջողներից չէին մեկնարկային հանդիպումների, ինչպես նաև երկար ճանապարհորդություններից հետո խաղերի համար: Սակայն, եթե ակումբի ղեկավարությունն ու մարզիչը ցանկանում են տեղ գրավել գոնե մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում, ապա այս խաղում հաղթելն արդեն «Ուրարտուի» համար դառնում է պարտադիր պայման: Բացի մրցակցի թույլ լինելուց՝ հայկական թիմի օգտին էր նաև երկար դադարը. 13 օր հանգստանալուց հետո թիմը պետք է որ առավելագույնը ներդնի խաղում, մանավանդ, որ հաջորդող դադարը ևս բավականաչափ է մյուս խաղին նախապատրաստվելու համար: «Ուրարտուի» խաղը երբեմն շատ հաճելի ու կրքոտ է, սակայն ոչ կայուն: Իսկ սա այն խաղն է, որում կարելի է փորձել նույն բասկետբոլը խաղալ ողջ 40 րոպեների ընթացքում ու վերջապես վերականգնել ինքնավստահությունը: Կարծում ենք, «Ուրարտուն» այս անգամ կունենա նաև երկրպագուների աջակցություն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա