Logo

Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 26.05.2020Հեղինակներ
erkerneeee - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
չի կարելի
 
ամեն օր
արթնանալ նույն տանը.
և համոզել
կողքիդ քնող կատվին
որ դու նրա տղամարդը չես.
և որ անիմաստ է
շարունակ մլավելը.
 
որովհետև
բոլորն ունեն
բոլորին.
որովհետև
ոչ մեկը
չունի
ոչ մեկի կարիքը.
 
որովհետև՝
մարդը
արդեն չի ուզում մարդուն.
 
որովհետև
լավ է այնտեղ.
որտեղ՝
հղիության 3֊րդ ամսում
մեզ հեռացնում են.
 
որովհետև
մենք ցավում ենք
ինչպես ատամը.
մենք բռնվում ենք
ինչպես մկանը.
մենք
բռնվել ենք.
 
և շուտով.
չենք հասցնի
ռիսկի դիմել.
իսկ ռիսկը՝
կդիմի մեզ
դու֊ով.
 
չի կարելի՝
այդքան շատ
վերջացնել վերջը.
 
չի կարելի՝
այդքան շատ արթնանալ
նույն տանը.
 
չի կարելի՝
գեղեցիկ չլինել
այս տգեղ.
տգեղ մարմնում.
 
նայում եմ ինձ
ու հարցնում
֊ծանո՞թ ենք սիրելիս.
նայում է ինձ
ու պատասխանում ՝
֊աստված չանի.
կարելի - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար

______________և մենք մա՜մ____________

փողոցով անցնում է
մի ճմռթված կին.

և բոլորը ժպտում են նրան.
և կինը այդ հղի է այնքան.
և կինը այդ հղի է՝
մի տղամարդուն
երջանկացնելու
չափաբաժնով.

և կինը այդ.
որ հղի է՝
երբեք չի ունենա նրան
ում կուզեր ունենալ…

և մենք մայր.
համատեղ ջանքերով.
վերջնականապես
ունեցանք ինձ.
ու հասկացանք
որ ես նա չեմ
ում կուզեիր ունենալ.
բայց ես նա եմ.
ով ունեցավ քեզ
ամենայն պատասխանատվությամբ.

ու մենք մա՜մ
տեղերով փոխվել ենք
ես մեծացել եմ շատ.
ու փոքրացել ես դու.
ու չգիտեմ
զգում ես թե չէ
բայց դու երեխան ես իմ
վերջինը երևի.
ում փոխարեն
երբեք չեմ որոշի
մասնագիտություն ու սեռ.
ում կմեծացնեմ.
տրորելով նույնիսկ բանաստեղծություններս
քո մասին.

ներիր ինձ.
իմ չլինելու
ու լինելու համար
հավասարապես.

և հասկացիր.
եթե նույնիսկ չուտես ճաշդ
ես այն իմ գլխին կլցնեմ

.jpg - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
նամակ անծանոթին
 
-սեր իմ.
եղավ ամենավատը.
ու մենք էլի
չգտանք իրար.
ցավում եմ
բայց պիտի ասեմ
որ մենք նորից
երեխաներ ունենալ չենք կարող.
ոչինչ չի փոխվել.
ոչինչ չի փոխվում.
հիմա.
երբ գիտեմ
որ իրար չգտնելը
բնական մի բան է.
հույս ունեմ
որ կկարդաս էս ոտանավորս.
պիտի ասեմ
որ փնտրել եմ քեզ
շատ երկար.
շատ երկար.
փնտրել եմ
googl֊ում ու մորս փորի կողքերը
փնտրել եմ
գրողի խոհանոցում ու գրողի ծոցում.
ոչ մի տեղ չկաս.
ոչ մի տեղ չկաս.
դրա համար էլ
սկսել եմ հաբուրվել ինչ֊որ մեկի հետ
ում չեմ էլ ճանաչում.
ներիր ինձ հա՞
ես այնքան դավաճան եմ.
ես այնքան սուտ եմ.
բայց դու արի
եթե ձեռքդ փող ընկնի.
կամ եթե ծանոթ մեկը լինի
ով էս կողմերն է գալու.
արի ու մենք միասին
կմտածենք երեխա ունենալու
ինչ֊որ մի նոր ձև
ու, որ ամենաբարդն է
նրան մեծացնելու
ու մեր պես չդարձնելու
ինչ֊որ մի ձև.
արի ու թող դա լինի
հիսուսի գալուստի պես.
ավանակով ու չարչարանքերով.
արի ու թող դա լինի
նոր տարվա պես.
պարտքով ու անիմաստ.
արի.
ու տար ինձ
որվհետև ինձ տանել չեմ կարողանում.
որվհետև շատ եմ ծանր.
արի.
որվհետև չգալդ մի տեսակ
հիմարություն կլինի.
որվհետև էստեղ հերթ է գոյացել
ու եթե անկեղծ՝ հա.
ես բոլորին համբուրել եմ.
որովհետև դու ուշանում ես.
որովհետև շուտով
երբ քարտեզը բացեմ
ու որոշեմ թե որտեղից եմ սկսելու
նորից փնտրել քեզ
ամեն ինչ կավարտվի
ու ես կդառնամ քարտեզ
որին հետևելով
ոչինչ չեն գտնի.
ոչինչ չեն գտնի.
ու կմոլորվեն.
.jpg - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
_________ը ն կ ե ր
 
ես ունեմ ընկեր.
ում ընկերությունը
դուրս եկավ
մարմնիս բոլոր կետերից.
ձայնի պես
որ լքում է կոկորդը.
 
ընկեր.
ով հերթական
կրոն դարձավ.
 
ընկեր.
ում հիշեցնել քո մասին
պարտադիր չէ.
նա պարտաճանաչ մարդ է
և ինքնուրույն կարող է
մոռանալ անունդ.
 
ընկեր լենին
ով
սովետի պես
փլուզվեց մեջդ.
 
ես գնում եմ.
բուժվելու քեզնից.
խոստանում եմ.
որ կկորցնենք իրար
այլևս երբեք չգտնելու
անպատասխանատվությամբ.
 
և այնքան ուզում եմ
բարձր.
բայց առանց գոռալու
ցանկանալ քեզ՝
մեծ սեր.
թերևս ամենավատը
որ կարող եմ քեզ ցանկանալ՝
սերն է.
960x1280 - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
ես
 
ես վաղուց
արդեն տղամարդ եմ.
և կարողանում եմ
ինքնուրույն կործանվել.
 
ես կարողանում եմ
քնել հետս.
և կարողանում եմ
չքնել հետդ.
 
ես չափից դուրս հեշտ եմ.
և չափից ներս մոտիկ.
բայց արի չմոռանանք
որ ես վաղուց
արդեն տղամարդ եմ.
և ունեմ գրպաններ
և գրպաններում ոչինչ.
 
ես կարող եմ
դժբախտանալ մենակ
բայց գրողը չտանի
ես ուզում եմ
դժբախտանալ
դժբախտանալ
և վերջում
դժբախտանալ
քեզ հետ.
 
ես կարողանում եմ
դատարկել շշեր.
և կարողանում եմ չնկատել՝
թե ինչպես շշերը
դատարկեցին ինձ.
 
և հիմա
երբ օրը
ճաշ չի ուզում դառնալ.
ես բերանս
ուղարկում եմ
բերանիդ մոտ.
դատարկելու բառեր.
 
որովհետև
ինչ ունեմ ՝
բառերն են.
և ձեռքերը բառերի
որ ձգվում են դեպի քեզ.
960x1222 - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
ԳՏԻՐ ԻՆՁ
 
գտիր ինձ
եթե նույնիսկ
ես լավ եմ թաքնվել.
 
գտիր այնպես.
ոնց գրողը
բառեր է գտնում
նկարելու համար
մի բանաստեղծություն.
երկու բանաստեղծություն.
երեք.
 
գտիր որպես
շատ կարևոր
կետադրական նշան.
 
գտիր.
թեկուզ
հորս պես.
ով գտավ մորս
բայց կարգին չսիրեց.
ու գտիր ինձ
մորս պես.
ով ամեն օր
ճաշ է գտնում.
պատրաստելու համար
այսօր երեկոյան.
 
գտիր ինձ
ու պատահիր ինձ հետ.
որովհետև արդեն
շատ երկար ժամանակ է.
ինչ
ինձ հետ
ոչ մեկ չի պատահել.
 
գտիր ինձ.
որովհետև ոտքով
ձեռքից գնում եմ.
որովհետև գրքերը
էլ չեն օգնում.
որովհետև
զզվում եմ որովհետև բառից.
 
գտիր ինձ.
եթե նույնիսկ լսես
որ ինձ արդեն գտել են.
 
գտիր ինձ
ոնց արևածաղիկն է գտնվում
գրպանի խորքերից
ու կորցրու.
կորցրու ինձ
քո բերանում.
960x1200 - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
զանգե՞մ
զանգեմ ասեմ,
որ դու ես ու պրծ.
ասեմ,որ կամ դու ես
կամ դու ու ես.
ասեմ որ մերս ու հերս ես.
ասեմ որ մարմինս արաղով շփողն ես,
ու տնիցս ընտանիքի հոտ բերողը.
զանգեմ,
ու հեռախոսի լարերով գործած
մի ծածկոց գցեմ վրադ.
զանգեմ,ու խոսելու փոխարեն գրեմ
գրեմ մարմնիդ վրա.
գրեմ,որ դու եզրն ես ու
որ քո վրայից կարելի է նետվել ներքև
ու չմեռնել.
որ քո վրա կարելի է բարձրանալ
ու հասնել.
դու հասունությունն ես երիտասարդների,
ու մանկությունը երեխաների,
դու ծնողներիս ծերությունն ես
ու անծանոթների օտարությունը,
դու մտերիմն ես մտերիմներից
ու վարիչը հոգեբուժարանիս.
դու կեղտն ես իմ հագուստի
բնավորությունն ու անփութությունը իմ
դու իմն ես
ու ես կարկաչում եմ դեպի քեզ
հետայսու.
960x640 - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
մի սեր կա.
որ միշտ գալիս է.
 
գալիս է՝
երբ տեսքդ անտանելի է.
երբ ոչ մարդկությանն ես պիտանի
ոչ բնությանը.
 
գալիս է՝
երբ փողոցում
հարևան կանայք
հեշտությամբ
կամ մատների բացվածքով
թաղում են բոյդ
ու գետինը մտցնում քեզ.
չիմանալով
որ արդեն գետնի տակ ես.
 
գալիս է
երբ արդեն՝
ժամանակ չկա
ժամանակ ունենալու.
երբ բոլոր
խաղերը խաղացել ես.
երբ բոլոր խաղերը
խաղացել են քեզ.
երբ սիրո մասին
ունես հաստակ
քո 3 բառանոց
պատկերացումը
《չկա նման բան》.
 
մի սեր կա
որ միշտ գալիս է.
էդ սերը.
սովորության համաձայն
արագ է անցնում.
բայց անցնելուց հետո
հստակ իմանում ես.
թե ինչ հրաշալի էր՝
հրաշալի լինելը.
.jpg - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
_____________________կներես
 
զգում եմ
որ մենակ եմ.
 
աղջիկ երեխայի պես հեռացված.
մուրացկանի պես ձրիակեր.
աստծո պես անձեռնմխելի մենակ.
ու էլ ոչինչ չեմ զգում.
կներես.
 
ինձ ասել էին
որ եթե սիրեմ.
կդառանամ աստված.
բայց
դարձա սատանա.
կներես.
 
ինձ ասել էին
որ եթե սիրեմ.
կդառանամ մայր
ով լիքը երեխաներ կունենա.
բայց դարձա բժիշկ
ում գործը
միայն
ուրիշի երեխաներին ունենալ էր.
կներես.
 
ինձ ասել էին
որ ես պարտավոր եմ
սիրել մերձավորիս.
ու ոչ մի խոսք
էն մասին
որ մերձավորը
պարտադիր
դավաճան է լինելու.
կներես.
 
ինձ ասել էին
որ եթե սիրեմ.
չեմ ծերանա.
բայց այնքան շատ թեմաներ ունեմ
հիմա մորս հետ խոսելու.
որ ուզում եմ ասել մամ
հասկացիր
ես որբ եմ.
կներես.
 
ինձ ասել էին
որ եթե սիրեմ.
կդառնամ շենք
որ չի փլվի
բայց դարձա երկրաշարժ
ով փլեց
սպիտակը.
կներես.
 
տուն եմ ուզում.
մեջը դրած
պատրաստի մեր.
չխանգարող հեր.
չգնացող մերձավոր.
կուշտ կատու.
չմեռած աստված.
գոյություն չունեցող բարեկամներ.
անդադար հրատարակվող
սիրելի գրողներ.
երբեք չանհանգստացնող
գազի
լույսի
ջրի մարդ.
պատուհան.
որ միշտ ցույց կտա
ուզածդ եղանակը.
հավատք.
որ թույլ կտա չհավատալ.
 
զգում եմ.
երդվում եմ.
մի տեսակ
ուրիշ ձևով զգում եմ
որ մենակ եմ.
ուրիշ ոչ մի բան չեմ զգում.
960x622 - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար
___________Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք
 
սա փոքր երկիր է.
փոքր ու նիհար.
նիհար ու ցմահ.
 
սա երկիր է
որը սրտի խնդիր ունի
և դիաբետ շաքարային.
 
սա երկիր է՝
ցոգոլի ու ծիրանի
խիստ անձնական
ընտրության մասին.
 
երկիր՝
որտեղ ճտերին
աշնանն են հաշվում.
իսկ ձմռանը ստիպված
մորթում նույն ճտերին.
 
սա երկիր է.
 
երկիր՝
պարտքի տետրում
բարոյական լինելու
և նամանավանդ
երազ իմ երկիր
որի հոգսերը՝
բնական մի բան է.
իսկ հույսերը՝ ծուռ.
 
էս երկիրը պահողները՝
կուլ են գնում.
և հավասարապես
կուլ են տալիս՝
չպահողները.
 
բայց
այնուամենայնիվ
 
սա փոքր երկիր է.
փոքր ու նիհար.
նիհար ու ցմահ.
 
սա
երկիր է.
խոստանում եմ.
960x720 - Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա