Logo

Խմբային փուլում շատ բան պարզվեց. ԵՎՐՈ 2020-ի ֆավորիտները՝ ըստ VNEWS-ի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.06.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1325108091.0 - Խմբային փուլում շատ բան պարզվեց. ԵՎՐՈ 2020-ի ֆավորիտները՝ ըստ VNEWS-ի

ԵՎՐՈ 2020-ի «առաջին խաղակեսն» ավարտվեց: Երկար սպասված այս մրցաշարի խմբային փուլն արդեն պատմություն է, որը թողեց բազմաթիվ հետաքրքիր ու գեղեցիկ պահեր, ընդհանուր՝ լավ տպավորություններ, երբեմն նաև անսովոր փաստեր, օրինակ՝ ինքնագոլերի և չիրացված 11-մետրանոցների քանակը:

Բայց հիմա չենք խոսելու խմբային փուլից, այդ մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Խմբային փուլի խաղերի հիմամբ՝ փորձենք գնահատել և պարզել՝ ֆավորիտ համարվող թոփ հավաքականներն ինչպես խաղացին, որ հավաքականները տպավորեցին ամենից շատ, որ թիմերը հիասթափեցրին, և որ թիմերն են դառնում ֆավորիտ արդեն ոչ թե «թղթի վրա», այլ՝ ըստ խմբային փուլի արդյունքների:

Ֆավորիտներ

Իտալիա

Խմբային փուլի լավագույն հավաքականը, թիմ, որին սիրահարվեցին նույնիսկ հակառակորդների երկրպագուները մրցաշարի բացման օրվանից: Իտալիայի հավաքականը ֆանտաստիկ էր թե՛ խաղադաշտում թողած տպավորությամբ, թե՛ ցուցանիշներով: Այն, որ իտալացիները մրցաշարին մոտեցել էին՝ 27 խաղ անընդմեջ մնալով անպարտելի , պատահականություն չէր: Այժմ այդ ցուցանիշը հասել է 30-ի, և Մանչինիի թիմը կրկնեց 82 տարվա վաղեմության ռեկորդը, երբ «սկուադրա աձուրան» չէր պարտվել 4 տարի՝ 1935-ից 1939-ին: Կոնկրետ ԵՎՐՈ 2020-ում Իտալիան հաղթեց բոլոր՝ 3 խաղերում և այն 2 թիմերից է (Անգլիայի հետ միասին), որ դեռ գոլ չի ընդունել սեփական դարպասը:

Ռոբերտ Մանչինին, առանց վառ անհատականությունների ու «Ոսկե գնդակի» հավակնորդների, կառուցել է թիմ, որն ունի խաղային նախանձելի կարգապահություն և հաղթողի բնավորություն: Ընդ որում՝ այս Իտալիան խաղում է աչք շոյող, գրավիչ ֆուտբոլ: Իտալացիները խաղում են առաջին համարով, տիրում են գնդակին, ունեն ամուր դաշտի կենտրոն և արդյունավետ հարձակման գիծ՝ չնայած, որ թիմի ուժեղ կողմը շարունակում է մնալ պաշտպանությունը, պարզապես՝ այս դեպքում առանց հայտնի կատենաչոյի: Ժորժինյո-Լոկատելի-Բարելա եռյակն ամուր է կենտրոնում, Բերարդի-Ինսինյե-Իմոբիլե եռյակը միշտ տագնապի մեջ է պահում մրցակցի պաշտպանությունը, դե իսկ Բոնուչի-Կյելինի զույգը ոչ մի րոպե չի կորցնում զգոնությունը:

Italy convincing in 3-0 win over Turkey to open Euro 2020 - The Malta Independent

Թուրքիայի, Շվեյցարիայի և Ուելսի դեմ խաղերում Իտալիան անթերի խաղաց ու ոչ մի շանս չտվեց մրցակիցներին: Իտալիան, որի մասին քչերն էին խոսում մրցաշարի մեկնարկից առաջ, դառնում է ֆավորիտ: Իտալիայի միակ «թերությունն» այն է, որ դեռ ճանապարհին չի հանդիպել ուժեղ մրցակցի, և 1/8-ում էլ ունի ֆավորիտի կարգավիճակ. մրցակիցն Ավստրիան է: Իտալիան «հասուն կյանք կմտնի» միայն 1/4 եզրափակիչում՝ խաղալով Պորտուգալիա – Բելգիա զույգի հաղթողի հետ:

Մեր ընտրանին

Նիդերլանդներ

Նիդերլանդների հավաքականը նույնպես անսպասելիորեն հայտնվում է ֆավորիտների շարքում: Ինչո՞ւ անսպասելիորեն. քանի որ թիմը մրցաշարին մոտենում էր կորուստներով, առավելապես վան Դեյկի կորուստը, ըստ մասնագետների, կոտրելու էր հոլանդացիների ողնաշարը: Չկար նաև Կումանը և նրա կառուցած համակրելի թիմը: Եկել էր Ֆրանկ դե Բուրը, և որ ամենասարսափելին էր հոլանդացի երկրպագուների համար՝ համարձակվել էր փոխել թիմի սխեման՝ պատմական ժառանգություն դարձած 4-3-3-ը: Նույնիսկ ուղղաթիռներով նրան փորձում էին համոզել ետ կանգնել իր գաղափարներից ու չդավաճանել հոլանդական ինքնությանը:

Բայց դե Բուրը հավատարիմ մնաց իր մտքերին ու գոնե խմբային փուլում ապացուցեց, որ ճիշտ էր, որ երբեմն աշխատում է նաև ոչ ավանդական տարբերակը: 3-5-2 սխեմա, կարճ փոխանցումների, խաղադաշտի կենտրոնում մի քանի րոպե գնդակ գլորելու և տիկի-տակա անելու փոխարեն «նարինջները» խաղում են երկար փոխանցումներով, արագ ու կտրուկ գործողություններով, ավելի հաճախ օգտագործում լատերալներին և հաճախ դիմում հակագրոհների: Դե Բուրն այս մարտավարությունն ընտրել է՝ հարմարվելով իր ձեռքի տակ ունեցած ֆուտբոլիստներին՝ Դեպայ, Վեյնալդում, Դումֆրիս, Վան Անհոլտ. այս ֆուտբոլիստներն ունեն մեծ արագություն ու կարողանում են գտնել ազատ տարածություններ: Պաշտպանությունում էլ թիմը չի կաղում. փորձառու դե Վրեյ ու Բլինդ, ինչպես նաև դե Լիխտ, որը հավաքականում շատ ավելի լավ է խաղում, քան «Յուվենտուսում»:

Euro 2020 features - Opinion: Chaotic beauty of this Dutch team is just what this Euros needs - Eurosport

Նիդերլանդները նույնպես ցույց տվեցին 100 տոկոսանոց ցուցանիշ ու վստահորեն հաղթահարեցին իրենց խումբը: Ուկրաինայի դեմ խաղում, ճիշտ է, նարնջագույնները մի պահ կորցրին 2 գոլի առավելությունը, բայց հավաքվեցին ու հաղթեցին: Դե Բուրի թիմը խաղից խաղ բարելավում է խաղակցվածությունը և դեռ ավելացնելու տեղ ունի: 1/8-ում մրցակիցը Չեխիան է, 1/4-ում հավանական մրցակիցը՝ Դանիա – Ուելս զույգի հաղթողը:

Ֆրանսիա

Ֆրանսիայի հավաքականը, Աշխարհի գործող չեմպիոնը, որից այդպես սարսափում էին բոլորը, գուցե չարդարացրեց շատերի սպասելիքները, Մբապե-Գրիզման-Բենզեմա եռյակը պարկերով գնդակներ չլցրեց մրցակցի դարպասները, բայց շարունակում է մնալ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը:

Ինչո՞ւ. որովհետև արդեն լավ ենք ճանաչում Դեշամին ու նրա մոտեցումները: Թե՛ 2016-ին, թե՛ 2018-ին Ֆրանսիայի հավաքականի մեծ ներուժ ունեցող հարձակման գիծը «չպոռթկաց», բայց հասավ մինչև եզրափակիչ: Մի դեպքում պարտվեց, մյուսում՝ հաղթեց: Այսպիսին է Դեշամը՝ պրագմատիկ ֆուտբոլ դավանող, բայց արդյունք ապահովող: Ու քանի դեռ կա ամենակարևորը՝ արդյունքը, չի կարելի ֆրանսիացիներին ջնջել ֆավորիտների ցանկից: Բացի Դեշամի գործոնը՝ Ֆրանսիան դրվագներով, բայց ցույց տվեց իր ուժը, մեծ անհատներ ունենալու առավելությունը, ինչը շատ մեծ հաղթաթուղթ է այս կարճատև մրցաշարերում:

Евро-2020: Бензема превзошел достижение Зидана в сборной Франции

Չմոռանանք, որ Ֆրանսիան, ի վերջո, հաղթեց մահվան՝ F խմբում: Հաշվի առնելով ֆրանսիացիների մրցակիցներին փլեյ-օֆֆում (1/8-ում՝ Շվեյցարիա, 1/4-ում՝ Իսպանիա – Խորվաթիա), կարող ենք փաստել, որ Դեշամն արդեն զգում է կիսաեզրափակիչի բույրը:

«Միջին» ֆավորիտներ

Բելգիա

Բելգիայի հավաքականը 100 տոկոսանոց ցուցանիշ գրանցած և իր առաջադրանքը լիովին կատարած թիմերից է: Հիմա կասեք՝ այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ Ֆրանսիան ավելի ֆավորիտ է՝ տանելով ընդամենը մեկ հաղթանակ, քան Բելգիան, որ 3 հաղթանակ է տարել:

Նախ՝ պետք է հաշվի առնել թիմի ներուժն ու ցույց տված խաղը: Ռուսաստանի դեմ Բելգիան հնարավորություն էլ չունեցավ իր խաղը ցույց տալու, քանի որ կարողացավ հաղթել ռուսներին քայլելով ու 3-0 հաշվով: Դանիայի դեմ խաղում տեսանք, որ բելգիացիներն ամուր դիմադրության հանդիպելու դեպքում խաղային լուրջ խնդիրներ են ունենում, ու միայն Կևին դե Բրույնեի և Ռոմելու Լուկակուի անհատական վարպետությունը բելգիացիներին հաղթանակ պարգևեց: Ֆինլանդիային էլ բելգիացիները հաղթեցին (մրցաշարի ամենաթույլ թիմերից մեկին), բայց հարց է՝ ինչպես կխաղա Բելգիան ավելի ուժեղ մրցակիցների դեմ:

Euro 2020: Italy on tougher side of bracket - Football Italia

Թոփ հավաքականների դեմ խաղերում միայն Լուկակուի ու Դե Բրույնեի հաջող խաղը կարող է բավարար չլինել հաղթանակի համար, ինչպես դանիացիների դեպքում եղավ: Պետք է հաշվի առնել նաև, որ Բելգիան բավական բարդ ցանցում է հայտնվել. 1/8-ում մրցակիցը Պորտուգալիան է, 1/4-ում հավանական մրցակիցն Իտալիան, կիսաեզրափակիչում հավանական մրցակիցը՝ Ֆրանսիան: Դժվար է լինելու:

Պորտուգալիա

Եվրոպայի գործող չեմպիոններն, անկասկած, շատ ավելի ուժեղ կազմ ունեն, քան 5 տարի առաջ, երբ հաղթեցին մրցաշարում: Այդուհանդերձ՝ պորտուգալացիների տեղը փլեյ-օֆֆում մինչև վերջին վայրկյանը կասկածի տակ էր:

Պորտուգալիայի հավաքականը դժվար, բայց հարմար հաշվով հաղթանակ տարավ հունգարացիների դեմ: Երկրորդ տուրում, սակայն, նրանք զիջեցին գերմանացիներին, և որ ամենակարևորն է՝ ոչ միայն հաշվով, այլ նաև խաղով: Պորտուգալիայի հավաքականն ատամ է ցույց տալիս, կան ֆուտբոլիստներ, որ տպավորում են: Կրիշտիանու Ռոնալդուն՝ պորտուգալացիների գլխավոր հույսը լավ է սկսել ու արդեն 5 գոլ է խփել, բայց պորտուգալացիները, հաստատ, ավելին կարող են: Ֆերնանդու Սանտուշի թիմն ուժեղ է բոլոր օղակներով, ունի Բերնարդու Սիլվայի ու Բրունու Ֆերնանդեշի նման կիսապաշտպաններ՝ գնդակ վերահսկելու և իր խաղը թելադրելու համար, բայց իր քաշային կարգի թիմերի դեմ, գոնե մինչ այժմ, խաղում է երկրորդ համարով:

Euro 2020: Cristiano Ronaldo equals international scoring record as Portugal edge into last 16 | Deccan Herald

Պորտուգալիայի հավաքանի հաջորդ մրցակիցը Բելգիան է, և հորիզոնում ունի այն նույն բարդ ճանապարհը, որը, ինչպես վերևում նշվեց, Բելգիան:

Գերմանիա

Գերմանիայի հավաքականն ամենահակասական տպավորություն թողած թիմն է:

Առաջին 2 խաղում Լյովի թիմն իր բարձրության վրա էր: Չնայած Ֆրանսիայի ընտրանուց կրած պարտությանը՝ գերմանացիները լավ խաղ անցկացրին, շատ դեպքերում բախտն էր երես թեքել նրանցից, նրանք առավելագույն դժվարություններն ապահովեցին մրցակցի համար ու միայն ինքնագոլը վճռեց այդ խաղի ելքը: Պորտուգալիայի դեմ խաղում արդեն գերմանացիները փայլեցին ու թողեցին գերազանց տպավորություն: Գերմանիան գրեթե ամեն ինչով առավելություն ուներ մրցակցի հանդեպ ու 4 գոլ ուղարկեց (կամ ստիպեց պորտուգալացիներին ուղարկել) մրցակցի դարպասը:

Portugal-Germany | Portugal 2-4 Germany: Slick Germans stun holders | UEFA EURO 2020 | UEFA.com

Ամեն ինչ տանում էր նրան, որ Գերմանիան վերջին տուրում մի լավ ապտակ է հասցնելու հունգարացիներին  ու բարձր նոտայի վրա ավարտի խմբային փուլը, բայց ստացվեց այլ պատկեր: Գերմանիան մի կերպ փրկվեց պարտությունից ու մրցաշարից դուրս մնալուց, և կրկին խոցելի կողմեր ցույց տվեց: Գերմանիան ունի հզոր անուններ, որոնք փայլեցին իրենց ակումբներում ավարտված մրցաշրջանում, բայց Սանեների, Գնաբրիների ու Հավերցների սերունդը, որպես թիմ, դեռ խակ է: Ֆլիկը վստահաբար այս խմորից կարող է չեմպիոնական թիմ ստեղծել:

«Փոքր» ֆավորիտներ

Անգլիա

Սաութգեյթի թիմին համեմատում էին Անգլիայի ամենաուժեղ հավաքականների հետ, զուգահեռներ էին տարվում Լեմպարդի, Ջերարդի, Բեքհեմի, Ռունիի անունների հետ, երկրպագուները երգում էին It’s coming home երգը: Փաստորեն՝ սպասելիքները շատ հեռու էին իրականությունից:

Անգլիայի հավաքականը վառ ապացույցն է այն թեզի, որ միայն ուժեղ կազմ ու թոփ ֆուտբոլիստներ ունենալը, նույնիսկ մեծ քանակությամբ, դեռ շատ քիչ է: Նախ՝ Գարեթ Սաութգեյթը գրեթե բոլոր խաղերում ընտրում է անհասկանալի մեկնարկային կազմ. ինչո՞ւ շանս չի ստանում 16 գոլ խփած ու 20 ասիստ կատարած Ջեյդոն Սանչոն, ո՞ւր է ՉԼ հաղթող Բեն Չիլուելը, ինչո՞ւ է Ռեշֆորդն այդքան քիչ խաղում:

Անգլիացիների խաղում բացակայում է կոմբինացիոն ու արագ ֆուտբոլը, արդյունավետությունը, գոլերը, զվարճանքն ու դիտարժանությունը: Փոխարենը՝ տեսնում ենք ձանձրալի ու դանդաղ դիրքային գրոհներ, կանխատեսելի գործողություններ և հարձակման գծում հետաքրքիր գաղափարների բացակայություն: Անգլիայի հավաքականը դրա իրավունքը չունի՝ կազմում ունենալով Ֆոդեն, Քեյն, Մաունթ, Ստեռլինգ, Ռեշֆորդ:

Football news - Harry Kane says club success in Europe can give England edge at Euro 2020 - Eurosport

Լուսավոր կետեր, այնուամենայնիվ, այս թիմում կան: Առաջինը՝ ապահով պաշտպանությունն է, ինչի շնորհիվ անգլիացիները դեռ անառիկ են պահում սեփական դարպասը: Երկրորդը՝ որոշ երիտասարդների՝ Ջեք Գրիլիշի, Թայրոն Մինգսի և Քելվին Ֆիլիպսի հաջող խաղը:

Անգլիայի հավաքականի մրցակիցը 1/8-ում Գերմանիան է: Կկարողանա՞ Սաութգեյթը կրկին ապահովել պրագմատիկ ֆուտբոլ և արդարացնել իր այդ որոշումը:

Իսպանիա

Իսպանիայի հավաքականից սխրագործություններ չէին էլ սպասում մրցաշարից առաջ: Լուիս Էնրիկեն դեռ իր հրապարակած հայտացուցակում վիճելի որոշումներ ընդունել էր:

Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթել Շվեդիայի դեմ առաջին խաղում՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր, և հենց առաջին խաղից պարզ դարձավ՝ որն է լինելու այս թիմի գլխավոր խնդիրը: Դե իհարկե՝ պահերի իրացումը: Երկրպագուներն անհուն կարոտով են հիշում Ֆերնանդո Տորեսի ու Դավիդ Վիլյայի ժամանակները, երբ «Լա Ռոխան» գոլ խփելու խնդիրներ չուներ: Բայց Իսպանիայի այսօրվա իրականությունն Ալվարո Մորատան է, կիսապաշտպանության գծում էլ Ինիեստայի, Սիլվայի ու Ֆաբրեգասի փոխարեն Դանի Օլմոն է, Պաբլո Սարաբիան և Ֆերան Տորեսը:  Լեհաստանի դեմ էլ Իսպանիան սայթաքեց և զայրույթը թափեց Սլովակիայի ընտրանու վրա:

Spain need goals. Can Alvaro Morata finally supply them to keep their Euro 2020 hopes on track? – Football Reporting

Իսպանիայի հավաքականը չկարողացավ առաջին հորիզոնականը զբաղեցնել մրցաշարի ամենահեշտ խմբերից մեկում, և դժվար է հավատալ, որ այս թիմը կարող է լուրջ նվաճումների հասնել այս խաղով ու առջևի գծում ունենալով Մորատա-Մորենո զույգը: Իսպանացիների մրցակիցը 1/8-ում Խորվաթիան է, իսկ 1/4-ում, ամենայն հավանականությամբ, նրանց կսպասեն ֆրանսիացիները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա