Logo

«Կիլլեր-քիփերները». 6 դեպք, երբ դարպասապահների գոլերը դարձել են վճռորոշ

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 22.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
palop - «Կիլլեր-քիփերները». 6 դեպք, երբ դարպասապահների գոլերը դարձել են վճռորոշ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:59

-

-

Օրերս Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Վալյադոլիդ» – «Սևիլիա» հանդիպումը չէր իջնում լրատվական ծառայությունների գլխագրերից. անդալուսական թիմի դարպասապահ Յասին Բունուն 94-րդ րոպեին շտապել է մրցակցի տուգանային հրապարակ ու դիպուկ հարվածով փրկել է իր թիմին պարտությունից: Իհարկե, ֆուտբոլի պատմությունը ճանաչում է շատ ռմբարկու դարպասապահների, որոնցից լավագույններին մենք անդրադարձել ենք:

«Էդերսոնը գիտի՝ ումից սովորել».11 մետրանոց իրացնող ԹՈՓ-5 դարպասապահները (տեսանյութ)

Սակայն մի բան է, երբ դարպասապահը գիտի՝ երբ, որտեղ  և ինչպես է գոլ խփելու, մեկ այլ բան է, երբ նա հանդիպման վերջին վայրկյաններին օգնում է մրցակցի տուգանային հրապարակում բախտը որոնելու: Ֆուտբոլային հրաշքների դեպքերը ևս քիչ չեն: Մենք փորձել ենք առանձնացնել ամենահիշարժաններն ու կարևորները, որոնք հետք են թողել ֆուտբոլի պատմության մեջ:

1200x900 960x720 - «Կիլլեր-քիփերները». 6 դեպք, երբ դարպասապահների գոլերը դարձել են վճռորոշ

Էլոյ Կասալս («Սանտա Կոլոմա»)

Սկսենք մեզ համար տհաճ գոլից: Չեմպիոնների լիգայի 2014/2015 որակավորման երկրորդ շրջանում Հայաստանի չեմպիոն «Բանանցը» (ներկայումս «Ուրարտու») Անդորրայում պարտվել էր տեղի ամենաուժեղ թիմին՝ «Սանտա Կոլոմային» 0-1 հաշվով: Երևանյան պատասխան խաղում ամեն ինչ քիչ թե շատ ընթանում էր մեր թիմի ծրագրով. չնայած բաց թողած գնդակին, «Բանանցը» խփեց 3-ը ու հանգիստ գնում էր դեպի պատվավոր մրցաշարի երրորդ շրջան:

Սակայն հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին, հյուրերի դարպասապահ Էլոյ Կասալսը բոլոր թիմակիցների հետ գնաց «Բանանցի» տուգանային հրապարակ: Այն, ինչպես նա դարձավ գոլի հեղինակ, չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ. ստանալով գնդակը տուգանային հրապարակի կենտրոնում, նրան որևէ մեկը չդիմավորեց ու չվնասազերծեց: Հարված, գոլ ու մի ամբողջ տարի Անդորրայի բոլոր բնակիչների մոտ Հայաստան ասելիս առաջանում էր հեգնական ժպիտ: Այնքան ժամանակ, մինչև «Ալաշկերտը» հաջորդ տարի չհանեց «Բանանցի» ու ամբողջ Հայաստանի «մուռը»:

Ալբերտո Բրինյոլի («Բենեվենտո»)

2017/2018 մրցաշրջանից առաջ Իտալիայի առաջնության նորեկների շարքը համալրեց «Բենեվենտոն»: Համալրեց, որ արդեն մայիսի վերջին նահանջի նորից Սերիա Բ: Նորամուտի մրցաշրջանում «դեղին-կարմիրները» սարսափելի հանդես եկան՝ սահմանելով Իտալիայի գլխավոր առաջնության հակառեկորդ. «Բենեվենտոն» պարտվել էր Ա սերիայի առաջին 14 անընդմեջ հանդիպումները: Գործնականում 15-րդ տուրի՝ «Միլանի» հետ տնային հանդիպումը պետք է ունենար նույն հանգուցալուծումը՝ 95-րդ րոպե, թիմը պարտվում է «Միլանին» 1-2 հաշվով…:

Տանտերերը կորցնելու ոչինչ չունեին և ամբողջ թիմով նետվել էին մրցակցի տուգանային հրապարակ, այդ թվում դարպասապահ Ալբերտո Բրինյոլին: 26-ամյա դարպասապահը, ի տարբերություն «Սանտա Կոլոմայի» իր կոլեգայի, իսկական սխրանք գործեց՝ մրցակցի դարպասը գրավելով անհավանական ցատկով ու գլխի հարվածով: Փառահեղ գոլ, որն, ի դեպ, չփչացրեց Ջենարո Գատուզոյի հաղթական նորամուտը «Միլանում»:

Անդրես Պալոպ  («Սևիլիա»)

Հստակ ֆիքսում ենք. «Սևիլիայի» կազմում 15 տարին մեկ անգամ հայտնվում է դարպասապահ, որն ամենակարևոր պահին գնում է մրցակցի տուգանային հրապարակ ու դառնում գոլի հեղինակ: Յասին Բունուից առաջ, Անդալուսիայի կարմիր-սպիտակ հատվածում արդեն եղել է դարպասապահ, որի հերոսական սխրանքը կրկնելը, գործնականում, հնարավոր է, բայց գրեթե անհնար է, քանի որ խոսքը գնում է եվրոպական ակումբային մրցաշարերի մասին:

ՈւԵՖԱ-ի գործող գավաթակիր «Սևիլիան» 1/8 եզրափակիչում պետք է դիմակայեր Միրչա Լուչեսկուի ամուր «Շախտյորին»: Պատասխան խաղի 94-րդ րոպեին անդալուսցիները պարտվում էին 1-2 հաշվով, սակայն խաղի ամենավերջին փոխանցումը գտավ Անդրես Պալոպին: «Սևիլիայի» դարպասապահը գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց ոչ միայն խաղի (2-2), այլև ամբողջ դիմակայության հաշիվը՝ 4-4: Լրացուցիչ առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին «Սևիլիայից» աչքի ընկավ նաև փոխարինման դուրս եկած Էռնեստո Չեվանտոնն ու իր թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ:

Պալոպի հերոսություններն այսքանով չսահմանափակվեցին. մաքուր իսպանական եզրափակիչում «Սևիլիայի» մրցակիցը «Էսպանյոլն» էր: Այստեղ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ նորից փայլեց Պալոպը՝ հետ մղելով մրցակցի 4 հարվածից 3-ը: Եվս մեկ անհավանական փաստ՝ կապված այս խաղի հետ: Թիմերից մեկական ֆուտբոլիստ արդեն մեզ հետ չէ՝ «Սևիլիայից» Անտոնիո Պուերտան, «Էսպանյոլից»՝ Դանիել Խարկեն:

#Ապրող_ֆոտոներ_23. Անդրես Ինիեստայի գեղեցիկ ժեստը Դանիել Խարկեի հիշատակին (լուսանկար, տեսանյութ)

Յենս Լեման («Շալկե 04»)

Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահի «հերոսությունների» մասին գիտեն շատերը: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը դաշտում վիճաբանել է թիմակիցների հետ, հեռացվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, հոգացել է բնական կարիքները հենց խաղերի ժամանակ: Սակայն մինչև այս ամենը, Լեմանն իրոք հերոսացել է ու առանց չակերտների:

Հեռավոր 1997-ին Լեմանը պաշտպանում էր «Շալկեի» դարպասը: Դորմունդի «Բորուսիայի» հետ «Ռուհրյան» դերբիում գոլ խփելը պատվաբեր է ցանկացած ֆուտբոլիստի համար: Յենս Լեմանը մտել է պատմության մեջ՝ դառնալով դերբիների միակ դարպասապահը, որը հասել է նման հաջողության: 1997/1998 մրցաշրջանի խաղում Լեմանը գերազանց է կողմնորոշվել մրցակցի տուգանային հրապարակում. փրկել է «Շալկեին» պարտությունից և օգնել է թիմին շրջանցել «Հանզային» ու նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթի հաջորդ տարվա խաղարկության ուղեգիր:

Մոյզես Մունյոս («Ամերիկա»)

Անդրես Պալոպի փառահեղ գործողություններից ոգևորված, մի շարք ֆուտբոլիստներ են փորձել կրկնել հաջողությունը, սակայն հաջողվել է ոչ բոլորին: Մեքսիկացի դարպասապահ Մոյզես Մունյոսից 7 տարի է պահանջվել իր կարիերայի փառահեղ կետին հասնելու համար: 2013 թվականի մայիսին Մեքսիկայի առաջնությունում խաղարկվում էին ոսկե մեդալները: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում էին «Ամերիկան» ու «Կրուս Ասուլը»:

Երկխաղային դիմակայության առաջին խաղում «Ասուլը» հաղթել էր 1-0 հաշվով: Երկրորդում ոչ-ոքի հաշիվը պահպանվում էր մինև 90-րդ րոպեն, սակայն «Ամերիկայի» դարպասապահ Մոյզես Մունյոսը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում Մունյոսը դարձավ հերոս՝ հետ մղելով վճռորոշ հարվածը:

Գոլային օրացույց. Ո՞վ է նոյեմբերի 2-ի ամենագեղեցիկ գոլի հեղինակը (տեսանյութ)

Մարտին Հանսեն («Դեն Հագ»)

Շատ մասնագետների վարկածով դարպասապահների՝ երբևէ խփած ամենագեղեցիկ գոլը (բուն խաղից, և ոչ թե տուգանայինից) գրանցվել է Հոլանդիայի առաջնությունում: 2015 թվականին կայացած «Դեն Հագ» – ԱԶ հանդիպման 95-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 1-2 հաշիվը: Դրությունը փրկելու համար մրցակցի տուգանային հրապարակ շտապեց «Դեն Հագի» դարպասապահը:

Տուգանայինից եկած գնդակն անչափ անհարմար էր հարված կատարելու համար, սական տանտերերի դարպասապահ Մարտին Հանսենը կարողացավ անհավանական դիրք զբաղեցնել ու կրկնով գնդակն ուղարկեց դարպասը: Այս գոլի շնորհիվ դանիացի դարպասապահը փրկեց իր թիմին պարտությունից ու հայտնվեց տարատեսակ հիթ-շքերթներում:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա