Logo

Կլաուդիա Կարդինալեն՝ Անրի Վեռնոյի մասին…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.10.2020Կինո
vernooyyyklaudiaaa min - Կլաուդիա Կարդինալեին՝ Անրի Վեռնոյի մասին...

2008 թվականին Փարիզում լույս տեսած Ռոժե Վինյոնի «Անրի Վեռնոյ. կինոյի ամենամեծ հաջողությունը» ֆրանսերեն մենագրության առաջաբանը գրել է «Մայրիկի» գլխավոր դերակատարուհին՝ համաշխարհային կինոյի անզուգական աստղ Կլաուդիա Կարդինալեն:

«Իմ առաջին հանդիպումն Անրի Վեռնոյի հետ. 1961 թվական, «Առյուծներն արձակված են»: Իմ առաջին կարեւոր ֆիլմը Ֆրանսիայում (ես արդեն 13 ֆիլմի էի մասնակցել Իտալիայում եւ Անգլիայում):
Մայրիկս ինձ ուղեկցում էր (նա հաճախ էր անում դա)… Ի՜նչ զգացմունքներ էին, երբ ես հանդիպեցի «աստվածություններին»… Միշել Մորգան, Դանիել Դարյո, Ժան-Կլոդ Բրիալի, Լինո Վենտուրա… Ես երկչոտ էի և ինքնամփոփ… Սակայն Անրիի հետ առաջին շփումն անմիջական եղավ… քնքշությամբ և սիրալիրությամբ:
Նկարահանման հրապարակում նրա բեմադրական աշխատանքը որոշակի էր և հստակ: Ինձ համար բեմադրիչը տեր ու տիրականն է, և ես մշտապես հետևում եմ ինձ տրված բոլոր խորհուրդներին: 1991-ին… երեսուն տարի ա՛նց: Անհավատալի է. «Մայրի՛կը», «Պարադի փողոց 588»-ը: Նա ի՛նձ ընտրեց՝ ներկայացնելու համար իր մորը: Ի՜նչ սքանչելի անակնկալ… Ի՜նչ սեր է ունեցել նա իր մոր հանդեպ… Եվ ես չափազանց զգացված էի, որ նա ինձ ընտրեց իր համար այդքան կարևոր դերի համար: Նաև մեկ այլ զգացմունք էր հանդիպումն Օմար Շարիֆի հետ… Երբ ես սովորում էի Թունիսի Պոլ Կամբոն լիցեյում (1957-ին), Ժաք Բարատյեն ինձ առաջարկեց մասնակցել «Գոհա» ֆիլմին, որտեղ և Օմարը կատարեց իր դեբյուտը (նա քսան տարեկան էր): Այդպիսով, ես սկսեցի նրա հետ տասնյոթ տարեկանում և կրկին տեսա նրան 35 տարի անց…
«Մայրիկ»-ում ես երեսուն տարեկան եմ, «Պարադի փողոց 588»-ում՝ ութսո՛ւն: Ամեն առավոտ դիմահարդարումը տևում էր երկու ժամ՝  ինձ ծերացնելու համար, մարմինս կքում էի ձեռնափայտի վրա: Դա, անշուշտ, ամենաուժեղ փորձառությունն էր, որ ես ունեցել եմ կինոյում: Հոլիվուդից եկած իտալացի դիմահարդարը հանճարեղ էր: Այս ֆիլմը բավական հաճախ ցուցադրվել է իտալական հեռատեսիլով (ֆրանսիականով՝ նույնպես), և մայրս երբեք բաց չէր թողնում այն: Նա պաշտում էր այդ կինոնկարը:

 

Երբ ես քայլում եմ փողոցով, հայերը կանգնեցնում են ինձ և խոսեցնում ֆիլմի մասին: Բայց նրան՝ Անրիին պետք է շնորհակալ լինեն՝ խիզախության և իր երկրի հանդեպ ունեցած սիրո համար: Ես կրկին բազմության աչքի առաջ եղա Անրիի հուղարկավորության ժամանակ, 2002 թվականի հունվարի 17-ին, սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում… և մեր բոլորի զգացմունքը մեկ էր՝ նրա մեկնումի առթիվ: Բազմությունը եկեղեցում արտասվում էր…
Ես կրկին հանդիպեցի Պատրիկ Մալաքյանին՝  նրա որդուն: Ես չէի կարող այնտեղ չլինել: Ես չէի կարող մոռանալ Անրիի քնքշությունը, չէի կարող մոռանալ նրա արարքը, որ ընտրեց ինձ՝ վերակենդանացնելու իր մորը: Մենք բոլորս այնտեղ էինք՝ բարեկամները, դերասանները… բոլոր նրան սիրողները: Բայց նա մի՛շտ այնտեղ է: Նրա ֆիլմերը մեզ մշտապես կհիշեցնեն նրան… Դա կինոյի հրաշքն է. ստեղծագործությունները, որ մենք կյանքի ենք կոչում, արվեստը, որը կփոխանցվի սերնդեսերունդ:
Ժամանակը գոյություն չունի, և այդպիսով Անրին մշտապես մեր սրտերում է…»

 Թարգմանությունը՝ Արծվի Բախչինյանի


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա