Logo

Տասնամյակի հարցադրումը՝ Կլո՞պն է ավելի շատ ուժեղացրել «Լիվերպուլը», թե՞ Գվարդիոլան «Սիթին»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
16:23 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Լիվերպուլ-Սիթի

2010-ականների սկզբին ֆուտբոլի պատմության լավագույն դիմակայություններից էր ձևավորվել, երբ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Ռեալ»՝ «ուղիղ» դիմակայության մեջ մտնելու Լիոնել Մեսիի հետ, իսկ Ժոզե Մոուրինյոն նույնն արեց՝ միևնույն նպատակով՝ դիմակայելու Պեպ Գվարդիոլային: Այդ ժամանակաշրջանում ֆուտբոլը կենտրոնացած էր Իսպանիայում. «Ռեալն» ու «Բարսելոնան» անհավանական մրցակցություն էին ցույց տալիս, և նրանք լավագույնն էին նաև աշխարհում:

Վերջին 3-4 տարիների գլխավոր դիմակայությունն Անգլիայում է. ուժերը կենտրոնացել են Մառախլապատ ալբիոնում: Դերակատարներից մեկը կրկին Պեպ Գվարդիոլան է, այս անգամ՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկին, նրա մրցակիցը Յուրգեն Կլոպն է, որի հետ մրցակցությունը Բունդեսլիգայից (երբ Պեպը գլխավորում էր «Բավարիան», իսկ Կլոպը՝ «Բորուսիան») տեղափոխվեց արդեն Պրեմիեր լիգա: Բայց ի տարբերություն «Ռեալի» ու «Բարսելոնայի»՝ այս մասնագետներին տարիներ պահանջվեց իրենց թիմերը կառուցելու հարցում. նրանք «պատրաստի» կազմ չունեին, երբ նոր ժամանեցին Անգլիա:

Այս պահին, փաստացի, այս մասնագետներն իրենց թիմերին հասցրել են խաղային ամենաբարձր մակարդակին: «Ֆերգյուսոնն այդքան Պրեմիեր լիգա չէր հաղթի նմանատիպ մրցակցության պայմաններում». այս միտքը բավական մեծ տարածում է գտել վերջին շրջանում: «Եթե «Լիվերպուլն» այս մրցաշրջանում հաղթի բոլոր հնարավոր մրցանակները, ապա կդառնա անգլիական ֆուտբոլի պատմության լավագույն թիմը», - հայտարարեց Ռիո Ֆերդինանդը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը, որն իր թիմի հետ նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները: 

Աշխարհում լավագույն կազմերն ունեն «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», լավագույն արդյունքները հենց այս թիմերն են գրանցում, ամենագեղեցիկ, դիտարժան ֆուտբոլն այս թիմերի մասնակցությամբ ենք տեսնում արդեն մոտ 4 տարի: Եվ այստեղ առաջանում է հարց՝ ո՞ր մարզիչը՝ Կլո՞պը, թե՞ Գվարդիոլան ավելի ուժեղացրեց իր թիմը: Հարցը շատ քննարկվեց ու քննարկվում է մինչև այսօր: 

VNews-ը հետհայացք է գցել թիմերի կազմերին, տրանսֆերներին, ծախսված գումարներին, ֆուտբոլիստների անհատական զարգացմանը և արդյունքներին, որոնք գրանցել են այս մասնագետների թիմերը:

Ինչ կազմ ուներ և որտեղ էր «Լիվերպուլը», երբ եկավ Կլոպը

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքեց 2015-ի հոկտեմբերի 8-ին: Բրենդան Ռոջերսը ձախողել էր 2014/15 մրցաշրջանը: Պրեմիեր լիգայի վերջնական արդյունքներով թիմը զբաղեցրել էր 6-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայից դուրս էր մնացել խմբային փուլից՝ 2-րդ տեղը զիջելով շվեյցարական «Բազելին»: Ժամանակը ցույց տվեց, որ 2013/14-ին այն «Լիվերպուլը», որ պայքարում էր Անգլիայի չեմպիոնության համար, գերկախվածություն ուներ Լուիս Սուարեսից, որը հենց այդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել էր թիմից՝ տեղափոխվելով «Բարսելոնա»: Խաղային հստակ համակարգ չկար, ու Ռոջերսը ձախողեց նաև 2015/16 մրցաշրջանի մեկնարկը, և ակումբն առանց վարանելու գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց այդ պահին ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Կլոպին: «Հասկանում եմ, որ այստեղ սովոր են տիտղոսներ նվաճելուն, բայց երկրպագուները պետք է համբերատար լինեն: Տվե՛ք մեզ ժամանակ, ու մենք մի քանի տարի անց կդառնանք աշխարհի լավագույն թիմերից մեկը», - հայտարարեց գերմանացին իր շնորհանդեսի ասուլիսին:

Կլոպի գլխավորությամբ «Լիվերպուլի» առաջին խաղը կայացավ «Ուայթ Հարթ Լեյնում» «Տոտենհեմի» դեմ, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Թիմի մեկնարկային կազմը հետևյալն էր. դարպասում՝ Սիմոն Մինյոլե, պաշտպանությունում՝ Նաթանիել Քլայն, Մարտին Շկրտել, Մամադու Սախո և Ալբերտո Մորենո, միջին գծում՝ Լուկաս Լեյվա, Էմրե Ջան և Ջեյմս Միլներ, հարձակման գծում՝ Ադամ Լալանա, Ֆիլիպե Կոուտինյո և Դիվոկ Օրիգի:

Liverpool under Jurgen Klopp

Պահեստայինների նստարանին էին դարպասապահ Ադամ Բոգդանը, պաշտպան Կոլո Տուրեն, կիսապաշտպաններ Ջո Ալենը, Ժերոմ Սինքլերը, Ջորդոն Իբեն, Ժոաո Կառլոս Տեյշեյրան և հարձակվող Քոնոր Ռանդալը:

Ինչ կազմ ուներ և որտեղ էր «Մանչեսթեր Սիթին», երբ եկավ Գվարդիոլան

Ի տարբերություն Յուրգեն Կլոպի՝ Պեպ Գվարդիոլան թիմին միացավ ավելի «հանգիստ» պայմաններում՝ նախապես պայմանագիր կնքելով ակումբի հետ և այն գլխավորելով 2016/17 մրցաշրջանից առաջ: Մինչև այդ «Մանչեսթեր Սիթին» 2 անգամ էր դարձել Անգլիայի չեմպիոն՝ 2011/12 և 2013/14 մրցաշրջաններում: Չնայած 2015/16 մրցաշրջանում Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ «Սիթին» հասել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, բայց մրցաշրջանը հաջող համարել չի կարելի, քանի որ թիմը ցույց էր տալիս շատ անկայուն ու անատամ ֆուտբոլ, ինչի հետևանքով էլ Պրեմիեր լիգայում զբաղեցրել էր 4-րդ տեղը: 

Գվարդիոլայի գլխավորությամբ «Սիթիի» առաջին պաշտոնական խաղը Պրեմիեր լիգայի առաջին տուրում էր՝ 2016-ի օգոստոսի 13-ին, «Սանդերլենդի» դեմ: Թիմի մեկնարկային կազմը հետևյալն էր. դարպասում՝ Վիլի Կաբալյերո, պաշտպանությունում՝ Գաել Կլիշի, Ալեքսանդր Կոլարով, Ջոն Սթոունզ և Բակարի Սանյա, հենակետայինը Ֆերնանդինյոն էր, կիսապաշտպանությունում՝ Կևին դե Բրույնեն ու Դավիդ Սիլվան, հարձակման գծում՝ Ստեռլինգը, Նոլիտոն ու Ագուերոն:

Լիվերպուլ-Սիթի

Ինչ տրանսֆերներ արեց «Լիվերպուլը» Կլոպի օրոք

Երկու թիմերի կառուցումն ուներ երկու փուլ. առաջինը՝ կազմը համալրել ֆուտբոլիստներով, որոնք կլուծեին հստակ խնդիրներ, իսկ երկրորդը՝ այդ ֆուտբոլիստներով արդեն գծել հստակ խաղային սխեմա: Սկսենք մարզիչների կադրային ընտրություններից:

Երկու մարզիչներն էլ տրանսֆերներն սկսեցին իրագործել 2016-ի հուլիսից: Կլոպի օրոք «Լիվերպուլը» 2016/17 մրցաշրջանին ընդառաջ կատարեց 6 ձեռքբերում և ընդհանուր վճարեց 80 մլն եվրո: Կլոպը մեկնարկային կազմում փոխեց կենտրոնական պաշտպանին՝ անվճար ձեռք բերելով Ժոել Մատիպին և վաճառեց Մարտին Շկրտելին՝ ուղարկելով «Ֆեներբահչե»: Լորիս Կարիուսը «Մայնցից» եկավ՝ Սիմոն Մինյոլեին մրցակցություն ցույց տալու, Ջորջինիո Վեյնալդումը միացավ «Նյուքասլից» 28 մլն եվրոյի դիմաց, իսկ գլխավոր ձեռքբերումը Սադիո Մանեն էր, որն արժեցավ 41 մլն եվրո: 

2016/17-ին «Լիվերպուլի» խաղում էական փոփոխություն զգացվեց: Հարձակողական ու գրավիչ ֆուտբոլին ուղեկցում էին նաև դրական արդյունքները, ինչի շնորհիվ թիմը հայտնվեց լավագույն քառյակում:

2017/18-ի ընթացքում «Լիվերպուլի» կազմում արդեն հեղափոխություն եղավ. մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմին պետք էր աջ վինգեր. Մանեն ձախից էր, Ֆիրմինոն՝ կենտրոնում: «Լիվերպուլը» տատանվում էր 2 տարբերակի միջև՝ Ջելսոն Մարտինշ՝ «Սպորտինգից», և Մոհամեդ Սալահ՝ «Ռոմայից»: Ի վերջո ընտրությունը կանգ առավ եգիպտացու վրա, և մերսիսայդցիները վճարեցին նրա համար 42 մլն եվրո (ընդամենը): Թիմի կազմը համալրեցին նաև Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը (38 մլն) և Էնդրյու Ռոբերտսոնը (9 մլն): 2018-ի հունվարին՝ մրցաշրջանի ընթացքում, «Լիվերպուլի» կազմում ևս մեկ փոթորիկ եղավ. ակումբը 135 մլն եվրոյով վաճառեց Ֆիլիպե Կոուտինյոյին և այդ գումարի մի մասով՝ 84 մլն-ով, գնեց Վիրջիլ վան Դեյկին «Սաութհեմփթոնից»: 

Van Dijk excited to join 'special' Liverpool

Այդ մրցաշրջանում թիմի արդյունքներն էլ ավելի բարելավվեցին: Թիմը կրկին հայտնվեց լավագույն քառյակում ու հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Եվրոպայում հայտնվեց նոր հարձակման հզոր եռյակ. Մանե-Սալահ-Ֆիրմինո եռյակից յուրաքանչյուրը Չեմպիոնների լիգայում երկնիշ թվով գոլեր խփեց: «Ռեալի» դեմ եզրափակիչում, սակայն, զգացվում էր, որ թիմը դեռ պատրաստ չէ ՉԼ-ն նվաճելուն. նախ՝ դեռ կառուցման փուլում էր, և հետո՝ դեռ կային թույլ օղակներ, որոնցից գլխավորը դարպասապահի դիրքն էր: Լորիս Կարիուսի կոպտագույն սխալները ոչ ոք չի մոռանում:

2018/19 մրցաշրջանից առաջ Կոուտինյոյի վաճառքից գոյացած մնացած մասով՝ մոտ 60 մլն եվրոյով, ակումբը միանգամից լուծեց հենց այդ խնդիրը և գնեց դարպասապահ Ալիսոն Բեկերին: Թիրախային էին նաև կիսապաշտպաններ Նաբի Կեյտայի ու Ֆաբինյոյի տրանսֆերները, որոնց համար ակումբը ծախսեց 105 մլն եվրո, իսկ Ջերդան Շաքիրիի համար «Սթոք Սիթիին» վճարվեց 15 մլն: 

Այդ մրցաշրջանում «Լիվերպուլն» արդեն աշխարհի լավագույն թիմերից էր, եթե ոչ լավագույնը: Պրեմիեր լիգայի թիմն անհավանական քանակի միավորներ վաստակեց՝ 97, բայց դա բավական չեղավ՝ չեմպիոն դառնալու համար, քանի որ մյուս «մեքենան»՝ «Սիթին», 1 միավորով գերազանցում էր: Բայց Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլը» հաղթեց և դա արեց բավական համոզիչ կերպով: «Բարսելոնայի» նկատմամբ քամբեքը հիշեցնելու կարիք չկա:

Liverpool 4-0 Barcelona

2019/20-ին թիմն էապես չկփոխվեց. միայն եկավ Տակումի Մինամինոն «Զալցբուրգից», այն էլ՝ հունվարին, երբ «Լիվերպուլն» արդեն գրեթե ապահովել էր երկրի չեմպիոնական տիտղոսը 30 տարվա դադարից հետո: 2020/21-ից առաջ թիմին միացան Դիոգու Ժոտան (44 մլն), Տիագո Ալկանտարան (22 մլն) և Կոնստանտինոս Ցիմիկասը (13 մլն): Մրցաշրջանը «Լիվերպուլի» համար անցումային ստացվեց. թիմը 2 տարվա ընթացքում Պրեմիեր լիգան ու ՉԼ-ն հաղթելուց հետո հագեցավ, կային նաև որոշ խաղային խնդիրներ, կային կարևոր վնասվածքներ, ինչպես, օրինակ, Վիրջիլ վան Դեյկինն էր: Կլոպի տղաները դժվարությամբ հայտնվեցին լավագույն քառյակում, իսկ Չեմպիոնների լիգայում քառորդ եզրափակիչում ճանապարհը զիջեցին «Ռեալին»:

2021/22-ից առաջ էլ «Լիվերպուլն» ուժեղացրեց միայն պաշտպանության կենտրոնը՝ 40 մլն եվրո վճարելով Իբրահիմա Կոնատեի համար, իսկ ձմռանը ևս մեկ հրեշ միացավ «Լիվերպուլի»՝ առանց այն էլ սարսափելի հարձակման գծին՝ Լուիս Դիասը 45 մլն եվրոյի դիմաց:

Յուրգեն Կլոպի օրոք «Լիվերպուլը» տրանսֆերների համար ծախսել է 612 մլն եվրո:

Ինչ տրանսֆերներ արեց «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի օրոք

Պեպ Գվարդիոլայի՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու գլխավոր գրավականներից էր նաև այն, որ նա Անգլիայում աշխատելու էր գրեթե այն նույն անձնակազմի հետ, որի հետ աշխատել էր նաև «Բարսելոնայում»: Այս առումով ակումբ-մարզիչ-ֆուտբոլիստներ կապը բավական լավ հիմքերի վրա էր: Ու 2016-ից Գվարդիոլայի գրեթե յուրաքանչյուր պահանջ «Սիթին» կատարել է:

Առաջին մրցաշրջանից առաջ ակումբը միանգամից 215 մլն եվրո ներդրեց, մի շարք ֆուտբոլիստներ գնեց, որոնցից գլխավոր տրանսֆերներն էին Նոլիտոն, Կլաուդիո Բրավոն, Իլկայ Գյունդողանը, Լերոյ Սանեն և Ջոն Սթոունզը: Հունվարին «Սիթին» համալրեց արդեն Գաբրիել Ժեզուշը: Պեպի առաջին մրցաշրջանը «Սիթիում» հեշտ չստացվեց. թիմը միայն 2 անգամ պարտվեց 0-4 հաշվով (մեկը՝ «Բարսելոնային» ՉԼ-ում, մյուսը՝ «Էվերթոնին» ԱՊԼ-ում), 1/8 եզրափակիչում տեղը զիջեց «Մոնակոյին», իսկ Անգլիայում բավական վաղ փուլում լքեց չեմպիոնական մրցավազքը:

Բայց, իհարկե, Պեպի «Սիթին» իր մուտքը գործեց եվրոպական ֆուտբոլ հաջորդ մրցաշրջանում, երբ ակումբը ևս 317 մլն եվրո ներդրեց տրանսֆերների համար, ու Գվարդիոլան արդեն ստացավ այն թիմը, որ ցանկանում էր: Էապես ուժեղացավ պաշտպանությունը շնորհիվ Էմերիկ Լապորտի, Բենժամեն Մենդիի, Դանիլոյի և Քայլի Ուոքերի, եկավ դարպասապահ Էդերսոնը և «Մոնակոյի» ամենահեռանկարային կադրերից մեկը՝ Բեռնարդու Սիլվան: 2018/19-ին էլ եկավ «Լեսթերի» առաջատարներից Ռիյադ Մահրեզը:

Երկու տարի անընդմեջ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայում արեց անհավանականը՝ վաստակեց ընդհանուր 198 միավոր(2017-18, 2018-19թթ.): Երկու անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը, մեկ անգամ՝ Անգլիայի գավաթը... Բայց Չեմպիոնների լիգայում նույնիսկ կիսաեզրափակիչ հասնել «Սիթիին» չհաջողվեց:

Man City Epl Champions Flash Sales

2019/20-ից առաջ «Սիթիի» ղեկավարությունը կրկին շարժեց քսակն ու այնտեղից հանեց 160 մլն եվրո: Ուժեղացվեց հենակետայինի գոտին, և ակումբը 62 մլն եվրո վճարեց Ռոդրիի համար: Կայացավ Դանիլո - Ժոաու Կանսելու փոխանակությունը: Բայց այդ մրցաշրջանն էլ «Սիթիի» համար անցումային էր. թիմը զիջեց չեմպիոնությունը «Լիվերպուլին», իսկ ՉԼ-ում դուրս մնաց «Լիոնից»:

2020/21-ից առաջ «Սիթին» կրկին փորձեց ուժեղացնել պաշտպանությունը՝ այս անգամ միլիոններ ծախսելով Նաթան Ակեի և Ռուբեն Դիաշի համար: Թիմին միացավ նաև Ֆերան Տորեսը: «Քաղաքաբնակները» դարձան Անգլիայի չեմպիոն, նույնիսկ հասան ՉԼ եզրափակիչ՝ իրենց պատմության մեջ առաջին անգամ, բայց այնտեղ հաղթել չհաջողվեց: Պեպի հաջորդ «քմահաճությունը» Ջեք Գրիլիշն էր, որի համար ակումբը վճարեց 117 մլն եվրո, բայց նա նույնիսկ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չի համարվում:

Գվարդիոլայի օրոք «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերների համար ծախսել է 1 մլրդ 76 միլիոն եվրո: 

Ի՞նչ ֆուտբոլ ներարկեց Գվարդիոլան «Սիթիի» խաղում

Գվարդիոլայի գլխավոր նվաճումն ու լավագույնը լինելու փաստարկը հենց այն ֆուտբոլն է, որ նա ներկարկեց «Մանչեսթեր Սիթիում», և առհասարակ անգլիական ֆուտբոլում: Մինչև Պեպի գալը ոչ ոք չէր հավատում, որ հնարավոր է Պրեմիեր լիգայում ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ կիրառել տիկի-տական կամ գնդակի տոտալ վերահսկողությամբ խաղը: Բայց Պեպին դա հաջողվեց:

Հարձակման գծում Գվարդիոլայի օրոք «Մանչեսթեր Սիթին» խաղում է առանց կենտրոնական հարձակվողի ֆուտբոլ: Այդպես խաղում էր Պեպի «Բարսան», այդպես խաղում էր Իսպանիայի հավաքականը Վիսենտե դել Բոսկեի օրոք: Միակ թիմը, որտեղ Պեպը դա չի կիրառել, «Բավարիան» է: «Սիթիում» Պեպը հավաքել է գնդակ խաղարկող ֆուտբոլիստների մի մեծ խումբ, և նրանք, անդադար տեղաշարժվելով ու գնդակը տեղաշարժելով, ստեղծում են գոլային պահեր: Գլխավոր գործող անձը Կևին դե Բրույնեն է, հետո գալիս են Բեռնարդու Սիլվան ու Ֆիլ Ֆոդենը, թիկունքից էլ որոշ ֆուտբոլիստներ լծվում են պահեր ստեղծելու գործին, ինչպիսիք են, օրինակ, Ռոդրին և Գյունդողանը: Ջեք Գրիլիշը նույնպես ունի խաղարկողի հատկանիշներ: Կարող ենք ասել, որ «Սիթին» 4-5 փլեյմեյքերով թիմ է, որ յուրաքանչյուր մրցաշրջան ապահովում է 100 գոլ: 

Լիվերպուլ-Սիթի 5

Եվ Պեպի «Սիթիի» մեկ այլ առանձնահատկություն է առանց գնդակի հրաշալի խաղը՝ վերադասավորումը պաշտպանությունում և թիմային տեղաշարժը մրցակցի գրոհների կամ հակագրոհների ժամանակ: Իհարկե, «Սիթիի» պաշտպանության հիմնական ձևը մրցակցին գնդակից զրկելն է, բայց երբ թիմը կորցնում է գնդակը, դժվար է հակագրոհով ցավեցնելը Պեպի թիմին (չնայած Վինիսիուսը չի համաձայնի այս մտքին, բայց պետք է նաև հիշի, որ իր գոլի ժամանակ չկային Ուոքերը, Կանսելուն և Սթոունզը):

Ի՞նչ ֆուտբոլ ներարկեց Կլոպը «Լիվերպուլի» խաղում

Յուրգեն Կլոպը խնդրում էր ժամանակ՝ տիտղոսների համար, և այդ ժամանակը նա հրաշալի օգտագործեց՝ առանց թույլ օղակների ու գոտիների թիմ ստանալու համար:

Կլոպի «Լիվերպուլի» խաղային առանձնահատկությունն է արդեն գրեթե բոլորի շուրթերից հնչող բառը՝ գեգենպրեսինգը: Կլոպն այնպիսի մեխանիզմ է ստեղծել, որ իր ֆուտբոլիստները բոլորից ավելի շատ ու արագ են վազում, փակում են բոլոր գոտիները, զրկում են մրցակցին շունչ քաշելու մարդկային իրավունքից: Ոչ մի թիմ չի կարողանում խաղալ այն էներգիայով ու ինտենսիվությամբ, ինչպես «Լիվերպուլը»: 

Պաշտպանությունը գրեթե անանցանելի է. այնտեղ մի ամբողջ շերտ կառավարում է Վիրջիլ վան Դեյկը, պաշտպանության եզրերում իրենց խաղն էապես բարելավել են Առնոլդն ու Ռոբերտսոնը: Միջին գծում դերերը ճշգրտությամբ բաշխված են Ֆաբինյոյի, Հենդերսոնի և Տիագոյի միջև. Հենդերսոնն ու Ֆաբինյոն քանդում են, իսկ Տիագոն իր սեքսուալ ֆուտբոլով ու շքեղ փոխանցումներով բացում է ամենադժվար ֆուտբոլային քարկապները: Դե իսկ հարձակման գծի մասին խոսելն անգամ ավելորդ է:

«Վիլյառեալի» դեմ խաղում «Լիվերպուլի» վիճակագրությունն ամբողջությամբ արտացոլում է այն ֆուտբոլը, որ ներդրել է Կլոպն այս թիմում. 73 տոկոս գնդակի վերահսկողություն, 19 հարված, 5-ը՝ դարպասին, 10 անկյունային հարված, 654 փոխանցում («Վիլյառեալի»՝ 180-ի դիմաց):

Լիվերպուլ-Սիթի 6

Որ ֆուտբոլիստներին է «աճեցրել» Գվարդիոլան

Թե՛ Գվարդիոլան, թե՛ Կլոպն ունեն «քարից հաց քամելու» անհավանական տաղանդ: Այս մարզիչները կարողանում են առաջին հայացքից միջակ ֆուտբոլիստին դարձնել թոփ, գտնում են այդ ֆուտբոլիստների թաքնված լավագույն կողմերն ու անում ամեն ինչ, որ տվյալ ֆուտբոլիստն իրացնի իր ամբողջ ներուժը:

Էդերսոն

2017-ին 23-ամյա Էդերսոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Ոչ ոք մեծ ակնկալիքներ չուներ նրանից, բայց Գվարդիոլայի «թեթև ձեռքով» Էդերսոնը դարձավ ոչ ստանդարտ դարպասապահ, այլ կերպ ասած՝ Մանուել Նոյերի հետնորդներից մեկը: Նախկինում, իհարկե, տոտալ ֆուտբոլի հիմնադիրները փորձում էին դարպասապահներին դարձնել «խաղադաշտի ֆուտբոլիստ», Մանուել Նոյերը ոչ թե փորձեց, այլ այդ ոճը կիրառեց ու դարձրեց արվեստ, ինչին էլ հետևեց արդեն Էդերսոնը: Բրազիլացին այժմ աշխարհում լավագույններից է ոտքով խաղով, ինչը «Սիթիի» պես գնդակի վերահսկողության մարտավարություն ունեցող թիմին շատ է պետք:

Ederson

Բացի ոտքով խաղից, Էդերսոնը նաև շատ լավ է անում դարպասապահի գործառույթները: Այս մրցաշրջանում նա 21 գոլ է ընդունել, ինչը լավագույն ցուցանիշն է Պրեմիեր լիգայում, ինչպես նաև 19 անգամ դարպասն անառիկ է պահել ու այս ցուցանիշով զիջում է միայն Ալիսոնին (20): Էդերսոնի տրանսֆերային արժեքը «Սիթի» գալուց հետո կրկնապատկվել է՝ 25 մլն եվրոյից դառնալով 50:

Ժոաու Կանսելու

2019-ին «Սիթին» փոխանակեց Դանիլոյին Ժոաու Կանսելուի հետ: Պորտուգալացին, երկրպագուների կարծիքով, եկել էր՝ դառնալու Ուոքերի պահեստայինը, բայց Գվարդիոլան այլ ծրագրեր ուներ:

Կանսելուն աստիճանաբար դարձավ մեկնարկային կազմի խաղացող: Բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստը հրաշալի խաղում է նաև պաշտպանության ձախ եզրում, և, առհասարակ, Կանսելուն շարքային եզրային պաշտպան չէ: Այո՛, նա հրաշալի որակներ ունի բարձրակարգ եզրային պաշտպանի համար, բայց նրա «էֆեկտը» թիմն զգում է ավելի շատ հարձակվելիս: Պորտուգալացին գրոհների ժամանակ խաղում է կիսադաշտի ամբողջ լայնքով, երբեմն տեղափոխվում է կենտրոն ու այլընտրանքներ առաջարկում թիմի ավանդական գրոհներին: Պատահական չէ, որ նա միայն այս մրցաշրջանում խփել է 3 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Կանսելուի «հնարքը» Գվարդիոլան կատարում էր նաև «Բարսելոնայում»՝ Դանի Ալվեսի դեպքում, և «Բավարիայում»՝ Դավիդ Ալաբայի ու Ֆիլիպ Լամի դեպքում:

Կանսելուի տրանսֆերային արժեքը 1 տարվա ընթացքում նույնպես գրեթե կրկնապատկվել է՝ 36 մլն-ից հասնելով 60 մլն-ի: 

Իլկայ Գյունդողան

«Բավարիան» մարզելու տարիներին Գվարդիոլան սկզբունքային մրցակցի կազմում նկատել էր ֆուտբոլիստի, որին կցանկանար տեսնել իր թիմում: «Սիթիում» նա հասավ իր ուզածին ու հրավիրեց Իլկայ Գյունդողանին:

Հրաշալի ֆուտբոլիստ, որ ուներ possession-ի սիրահարների համար լավագույն որակները: Նախ՝ իր խաղը «Սիթիում» Իլկայը հասցրեց գագաթնակետին, իսկ Գվարդիոլայի օրոք՝ նա բացահայտեց իր ներսի դիպուկահարին: Գյունդողանն իր կարիերայում մեկ մրցաշրջանում առավելագույնը խփել էր 6 գոլ: Նախորդ մրցաշրջանում նա 17 գոլի հեղինակ դարձավ:

Ինչպես Գվարդիոլան է սիրում ասել, «Գունդոյի» տրանսֆերային արժեքը «Սիթիում» հասել է 50 մլն եվրոյի, թեև այժմ ավելի քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով այն նվազել է՝ հասնելով 35-ի:

Ռահիմ Ստեռլինգ

Ռահիմ Ստեռլինգը Գվարդիոլայի տրանսֆերներից չէր. նա արդեն թիմում էր, երբ եկավ Պեպը, բայց նրա խաղը հղկվեց հենց իսպանացու շնորհիվ: 

Իհարկե, Ստեռլինգն ուներ խաղային հրաշալի տվյալներ, անգլիական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից էր, բայց «Սիթիում» արդեն 2 մրցաշրջան նա հիասթափեցնում էր ու չէր արդարացնում իր համար վճարված բավական խոշոր գումարը (44 մլն ֆունտ): Բայց Գվարդիոլայի հետ աշխատելով՝ նա դարձավ գոլային մեքենա. 2017/18-ին նա խփեց 23 գոլ, 2018/19-ին՝ 25, 2019/20-ին՝ 31... 

Ստեռլինգի տրանսֆերային արժեքն իր գագաթնակետին հասավ 2019-ին (160 մլն եվրո), բայց ինչ-ինչ պատճառներով նա պարտվեց իր թիմակիցներին մեկնարկային կազմի համար պայքարում, և նրա տրանսֆերային արժեքը կտրուկ իջավ մինչև 85 մլն եվրո:

Ֆիլ Ֆոդեն

Գվարդիոլան բացահայտեց ամենահզոր «Made in Manchester» ֆուտբոլիստին՝ «Սիթիի» ակադեմիայի սանին, որի միջոցով ոչ միայն փոխարինող գտավ ակումբի լեգենդ Դավիդ Սիլվային, այլ նաև այն խաղացողին, որ կդառնար իր «սիրելի» «կեղծ 9 համարը» թիմում: 

«Կենտրոնում խաղալով՝ Ֆոդենը բարդություններ է ունենում, բայց առջևի գծում շատ լավ է շաժվում: Նա կարողանում է հրաշալի խաղալ նաև եզրում: Ֆիլը 21 տարեկան է, բայց ունի անհավանական որակներ. գոլեր է խփում, գոլային փոխանցումներ կատարում, վազում շատ մեծ տարածություններ, իսկ տուգանային հրապարակում նա ակնթարթային ու ճիշտ որոշումներ է կայացնում», - այսպես է բնութագրում Պեպը Ֆոդենին: 

Phil Foden

Ֆոդենն այս պահին աշխարհի լավագույն տաղանդներից է, Անգլիայի հավաքականի կազմում ունի իր հաստատուն տեղը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 90 մլն եվրո:

Որ ֆուտբոլիստներին է «աճեցրել» Կլոպը

Տրենտ-Ալեքսանդր Առնոլդ

«Լիվերպուլը» նույնպես կարող է հպարտանալ իր ակադեմիայի մեկ այլ սանով, որը լավագույններից է (ու անկասկած ապագայում լինելու է լավագույնը) իր դիրքում՝ պաշտպանության աջ եզրում: 

Տրենտը ֆուտբոլային լայն զանգվածներին հայտնի դարձավ 2017/18 մրցաշրջանից, երբ աստիճանաբար հաստատվեց թիմի մեկնարկային կազմում: Այս ֆուտբոլիստի փոխանցման որակը/ճշգրտությունը/գեղեցկությունը դժվար է տեսնել նույնիսկ աշխարհի լավագույն փլեյմեյքերներից ու կիսապաշտպաններից շատերի մոտ: 2018/19-ին նա կատարել է 16 գոլային փոխանցում, 2019/20-ին՝ 14, 2020/21-ին՝ 9, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ 18: Կլոպը հավատաց Առնոլդին, բացահայտեց նրա լավագույն որակները և դարձրեց նրան լավագույններից: Ու եթե նախորդած մրցաշրջաններում Առնոլդը որոշակիորեն կաղում էր պաշտպանությունում, ապա այս մրցաշրջանում նա իր եզրում գրեթե անանցանելի է:

Այս պահին նա աշխարհի ամենաթանկարժեք աջ պաշտպանն է՝ 80 մլն եվրո: Ոչնչից:

Էնդրյու Ռոբերտսոն

2017-ին Կլոպի հորդորով «Լիվերպուլը» գնեց ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին՝ վճարելով 9 մլն եվրո «Հալ Սիթիին»:

Ընդամենը մի քանի տարի առաջ Ռոբերտսոնն աշխատանք էր փնտրում ու իր այդ նպատակին փորձում էր հասնել թվիթերյան գրառումով, իսկ այժմ աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից է: Ռոբերտսոնն ունի գրեթե բոլոր այն նույն որակները, ինչպես Առնոլդը, պարզապես խաղում է ձախ եզրում: Իհարկե, շատ ավելի հասուն ֆուտբոլիստ, որ փայլում է թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում: Ռոբերտսոնը նույնպես գոլային փոխանցում կատարող մեքենա է (219 խաղ, 52 ասիստ):

9 մլն եվրոյով «Լիվերպուլ» եկած շոտլանդացու տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 65 մլն եվրո:

Trent Alexander-Arnold and Andrew Robertson

Սադիո Մանե

2017-ին «Լիվերպուլը» գնեց Սադիո Մանեին «Սաութհեմփթոնից»: Մանեի համար վճարված գումարը քիչ չէր՝ 40 մլն եվրո, բայց երկրպագուների ակնկալիքներն էլ մեծ չէին: Կար տպավորություն, թե Մանեն «Լիվերպուլի» հերթական «միջակ» տրանսֆերն է, որ գալիս է «Սաութհեմփթոնից», հատկապես, որ սենեգալցին շատ երիտասարդ չէր ու մերսիսայդ տեղափոխվելու ժամանակ արդեն 24 տարեկան էր:

Գուցե «Լիվերպուլ» չտեղափոխվելու և Կլոպի հետ չաշխատելու դեպքում Մանեն այդպես շարքային եզրային հարձակվող էլ մնար, բայց Կլոպն այս ֆուտբոլիստից ստացավ աշխարհի լավագույն վինգերներից մեկը: Սադիո Մանեն այս պահին նույնիսկ աշխարհում լավագույն ֆուտբոլիստներից է, ու կասկած չկա, որ իր տեղն է ունենալու «Ոսկե գնդակի» լավագույն տասնյակում: Մանեն իր գոլերով ու ասիստներով օգնեց թիմին նվաճել Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան, Սենեգալի հավաքականի հետ դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթակիր, 2 անգամ իր հավաքականի հետ նվաճեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր:

40 մլն եվրոյով «Լիվերպուլ» տեղափոխված Մանեի տրանսֆերային արժեքի գագաթնակետը եղել է 2019-ին (150 մլն եվրո):

Լիվերպուլ-Սիթի 7

Ռոբերտո Ֆիրմինո

Ռոբերտո Ֆիրմինոն մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելը խաղում էր «Հոֆենհայմում»: Ոչ շատ հեռանկարային հարձակվողին գերմանական ակումբի սկաուտները գտել էին FIFA Manager վիդեոխաղով, իսկ «Լիվերպուլում» մինչև Կլոպի ժամանումը Ֆիրմինոյի թվերն առանձնապես հիացնող չէին:

Բայց Կլոպը հրաշալի կերպով գտավ Ֆիրմինոյին օգտագործելու ձևը: Հասկանալով, որ «Բոբին» դասական կենտրոնական հարձակվող չէ ու չի կարող ամեն մրցաշրջանում 30-40 գոլ խփել՝ Կլոպը բրազիլացուն օգտագործեց թիկունքից: Նա դարձավ թիմի հարձակման կարևորագույն օղակներից, ինչպես, օրինակ, Բենզեման էր «Ռեալում» Բեյլի ու Ռոնալդուի կողքին: Գերմանացի մասնագետը շատ բարձր է գնահատում այն ամենը, ինչ արել է Ֆիրմինոն թիմի համար. «Եղել են օրեր, երբ Սալահը լավ հանդիպում չի անցկացրել: Եղել են օրեր, երբ Մանեն լավ հանդիպում չի անցկացրել: Բայց Ֆիրմինոն միշտ արել է իր գործը»:

41 մլն եվրոյի դիմաց «Լիվերպուլ» տեղափոխված Ֆիրմինոյի տրանսֆերային արժեքի պիկը եղել է 2019-ին (90 մլն եվրո):

Մոհամեդ Սալահ

Եվ, իհարկե, Կլոպի գլխավոր արժանիքներից մեկը լավագույն Մոհամեդ Սալահին ֆուտբոլային աշխարհին նվիրելն է:

Եգիպտացին գրեթե ձախողել էր կարիերան, որն սկզբում խոստումնալից էր թվում: 2014-ին նա տեղափոխվեց «Չելսի», որտեղ ոչ խաղաժամանակ, ոչ էլ վստահություն չստացավ Մոուրինյոյի կողմից: Հետո՝ արդեն վարձավճարով «Ֆիորենտինա», 2016-ին՝ «Ռոմա»... Ոչ ոք չէր հավատում, որ Սալահն այլևս կարող է դառնալ այն ֆուտբոլիստը, որ խոստանում էին մասնագետներն ու լրատվամիջոցները:

Ոչ ոք, բացի Կլոպից: Սալահի մուտքը «Լիվերպուլ» ստացվեց մի փոքր անսպասելի, հանկարծակի, բայց շռնդալից: Առաջին իսկ մրցաշրջանում Սալահը «պատռեց» Պրեմիեր լիգան, ու շարունակում է դա անել մինչև այսօր: Սալահը «Լիվերպուլի» աջեզրային հարձակվողն է, լավագույն ռմբարկուն է, խաղարկողն է, կիսապաշտպանն է ու ամենադժվար պահերին՝ վերջին հույսը: Այս պահին՝ նաև «Ոսկե գնդակի» թեկնածուներից մեկը:

Սալահի կարիերայի ամենաբարձր տրանսֆերային արժեքը նույնպես եղել է 150 մլն եվրոն: Այժմ նա արժե 100 մլն եվրո:

Mohamed Salah's

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա