Logo

Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 20.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Untitled 1 2 - Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

Ֆուտբոլային աշխարհը «ցնցվեց» Կարիմ Բենզեմայի՝ Ֆրանսիայի հավաքական վերադառնալու լուրով։ 6 տարվա դադարից հետո «կապույտների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը որոշեց նորից հրավիրել նրան ազգային թիմ։ Բենզեման չէր հրավիրվում ազգային հավաքական Մաթյո Վալբուենայի մասնակցությամբ հայտնի միջադեպի պատճառով։ Վալբուենային շանտաժի էին ենթարկում անձնական բնույթի տեսանյութ հրապարակելու սպառնալիքով։ Կար վարկած, որի համաձայն՝ Բենզեման կոչ է արել խաղընկերոջը տալ գումարն ու հանգիստ ապրել։ Ու այդ ամենը եղել է Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ։ Այս ամենի պատճառով որոշում կայացվեց այլևս չհրավիրել հավաքական նրանցից ոչ մեկին։

Բենզեման վերադարձավ, թեպետ դրան քչերն էին հավատում մինչև վերջերս։ Տևական դադարից հետո Գերմանիայի հավաքական են վերադարձել նաև Թոմաս Մյուլերն ու Մատս Հյումելսը։ Ֆուտբոլում սրանք ամենևին էլ առաջին դեպքերը չեն, երբ խաղացողը տևական դադարից հետո վերադառնում է ազգային հավաքական։ Հեռանալու պատճառները տարբեր են լինում, վերադարձերինը՝ նույնպես։ VNews-ը ներկայացնում է 5 դեպք, երբ իրերի դասավորությունը ստիպել է ֆուտբոլիստներին վերադառնալ հավաքական ու փորձել նորից։

Էդուարդ Ստրելցով

Մոսկվայի «Տորպետոյի» լեգենդար հարձակվողը վերելքներով ու վայրէջքներով կարիերա է ունեցել։ Ստրելցովը Խորհրդային ֆուտբոլի գլխավոր աստղն էր։ 1950-ականների կեսից նրա անվան հետ էին կապում խորհրդային ֆուտբոլի ապագան։ 1955 թվականին Ստրելցովը 17 տարեկանում առաջին անգամ հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական։ Ստոկհոլմում Շվեդիայի դեմ նորամուտի խաղի առաջին կեսում նա հեթ-տրիկ գրանցեց, այդ խաղում Խորհրդային Միության հավաքականը հաղթեց 6-0 հաշվով։ Առաջին 4 խաղում նա 7 գոլ խփեց։ Լրագրողները Ստրելցովին համեմատում էին Պելեի հետ ու ֆանտաստիկ ապագա խոստանում երիտասարդ տաղանդի համար։

hqdefault - Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

Ստրելցովի կյանքն ու կարիերան գլխիվայր շուռ եկավ 1958 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ։ 21 տարեկանում Ստրելցովին ձերբակալեցին։ Նա հայտնվեց բանտում ու դատապարտվեց 12 տարվա ազատազրկման բռնաբարության հոդվածով։ 5 տարի բանտում անցկացնելուց հետո ռուս ֆուտբոլիստը պայմանական-վաղաժամ ազատ արձակվեց ու վերսկսեց ֆուտբոլիստի կարիենան։ Այսքան երկար դադարից հետո Ստրելցովի հնարավորությունները այլևս առաջվանը չէին։ Սակայն նա առանց երկմտելու վերադարձավ մեծ ֆուտբոլ։ Խորհրդային Միությունում այսպիսի դրսևորումների նկատմամբ խստությունը մեծ էր։ Թվում էր՝ Ստրելցովը հավաքականում այլևս չի խաղա։ Սակայն 1967 թվականին նա հրավեր ստացավ հավաքականից։ 9 տարվա դադարից հետո նա վերադարձավ ազգային թիմ՝ անցկացնելով 8 անընդմեջ հանդիպում։ Ստրելցովը մասնակցեց Եվրոպայի 1968 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։ Սակայն Եվրոպայի առաջնությանը նա հավաքական չհրավիրվեց։ Երբ նա բանտում էր, դժվար թե ինչ-որ մեկը պատկերացներ, որ Ստրելցովը կվերադառնա դաշտ, այն էլ Խորհրդային Միության տարիներին։

Զինեդին Զիդան

Զարմացա՞ք։ Այո՛, Զինեդին Զիդանը կարող էր չվերադառնալ Ֆրանսիայի հավաքական, ու դրանից ամենաշատը ուրախ կլիներ Մարկո Մատերացին։ Բայց պատմությունն այլ է։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Զիդանը որոշեց ավարտել կարիերան ազգային թիմում։ Ֆրանսիան 1998-ին աշխարհի չեմպիոն էր դարձել, 2000-ին հաղթել էր Եվրոպայի առաջնությունում։ Սակայն մյուս երկու խոշոր մրցաշարերը հիմնովին տապալվեցին։ Մունդիալ-2002-ում Ֆրանսիան դուրս չեկավ խմբից, իսկ Եվրոյում քառորդ եզրափակիչից նրանց տուն ուղարկեց Հունաստանը։ Զիդանը որոշեց հեռանալ։ Նա խաղում էր «Ռեալում»։ Մադրիդյան թիմի համար բարդ ժամանակներ էին։ 2002-ի Գլազգոյի եզրափակիչից հետո, որտեղ «Ռեալը» Զիդանի գոլի շնորհիվ նվաճել էր 9-րդ գավաթը, ամեն ինչ վատ էր ընթանում։ Եվ ահա, Զինեդինը որոշեց կենտրոնանալ միայն ակումբային ֆուտբոլի վրա։

zinedine zidane world cup 2006 france 1r0gdgxwoxud8108q2zvum9ls9 960x540 - Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

Զիդանից բացի հավաքականում կարիերան ավարտել էին նաև Լիլիան Թյուրամը, Կլոդ Մակելելեն, Բիշենտե Լիզարազյուն ու Մարսել Դեսաին։ Ֆրանսիան Ռայմոնդ Դոմենեկի գլխավորությամբ չափազանց անհաջող էր խաղում 2006-ի Մունդիալի ընտրական փուլում։ Հավաքականին այս բարդ կացության մեջ օգնելու եկավ Զիդանը։ Հավաքական վերադարձան նաև Թյուրամն ու Մակելելեն։ Զիդանը բացատրեց իր որոշումն՝ ասելով, որ այն ժամանակ իսկապես եկել էր հեռանալու պահը, սակայն հիմա նա հասկանում է, որ շատ բան ունի հավաքականին տալու։ Գուցե այդ ժամանակ նրա մտքում արդեն կար կարիերան այդ մրցաշրջանից հետո ավարտելու հեռանկարը։ Ֆրանսիայի խաղը միանգամից փոխվեց իր լեգենդար ավագի վերադարձից հետո։ Հենց Զիդանն առաջնորդեց Ֆրանսիային 2006-ի Մունդիալում մինչև Բեռլինյան հանրահայտ եզրափակիչ։ Եթե Զիդանը չվերադառնար Ֆրանսիայի հավաքական, մենք չէինք տեսնի ֆուտբոլի պատմության մեջ ամենադրամատիկ հրաժեշտներից մեկը։

Մեր ընտրանին

Լիոնել Մեսի

Արգենտինական ֆուտբոլի գլխավոր աստղը 2016 թվականի Կոպա Ամերիկայից հետո «ավարտեց» կարիերան Արգենտինայի հավաքականում։ «Ալբիսելեստեսը» երկրորդ տարին անընդմեջ պարտվեց Չիլիին Կոպա Ամերիկայի եզրափակիչում։ Հանդիպումն ավարտվեց հետխաղյա հարվածաշարով, որում Մեսին վրիպեց։ Այդ մրցաշարում նա ֆանտաստիկ ֆուտբոլ էր ցուցադրում ու թվում էր՝ այս անգամ գոնե թե Արգենտինան կտանի տիտղոսը։ Սակայն Չիլին նորից փչացրեց արգենտինացիների երեկոն։ Մեսին իր կարիերայում եզրափակիչներում պարտվեց արդեն 4-րդ անգամ։ Արգենտինայի հավաքականի հետ նա պարտվել էր 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում և երկու կոպաներում։ Մեսին հայտարարեց ազգային թիմում կարիերան ավարտելու մասին։

lionel messi argentina 2016 7t7npg1bdwjk168atxhyyilxe 960x540 - Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

Արգենտինայում այս լուրն իսկական իրարանցում առաջացրեց։ Մեսիի գնալուն դեմ արտահայտվեց ամբողջ երկիրը։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ասում էր, որ Մեսիի պես խաղացողին հավաքականում ունենալը Աստծո պարգև է։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է ու նրա պես երկրորդը չկա։ Ակնհայտ էր, որ Արգենտինան հեշտությամբ չի համակերպվելու Մեսիի հեռանալուն։ «Լեո՛, մի՛ գնա»․ հենց այսպիսի կարգախոսներով ողողեցին համացանցը արգենտինացի երկրպագուները։ Ազգային թիմից հեռանալու մասին որոշումից օրեր անց տեղական լրատվամիջոցներն արդեն սկսեցին գրել, որ Մեսին մտածում է որոշումը փոխելու և աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլին մասնակցելու մասին։ Մի քանի ամիս անց Լեոն վերադարձավ․

«Եզրափակիչի գիշերը գլխումս բազմաթիվ մտքեր են եղել։ Ես լրջորեն մտածում էի ավարտելու մասին, բայց իմ սերը այս երկրի ու այս մարզաշապիկի հանդեպ չափազանց մեծ է»,-ասում էր Մեսին՝ խոսելով իր վերադարձի մասին։

Յուրա Մովսիսյան

Անտրամաբանական հրաժեշտներ ու տպավորիչ վերադարձեր եղել են նաև Հայաստանի ազգային հավաքականում։ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին կայացած Ալբանիա – Հայաստան հանդիպումը սկանդալային դարձավ հայկական ֆուտբոլի համար։ Երևանում մեր ընտրանին պարտվեց 0-3 հաշվով։ Խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ տեղի է ունեցել դավաճանություն։ Այդ խաղից հետո Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը չէին հրավիրվում ազգային հավաքական։ Ակնհայտ էր, որ Մովսիսյանին չհրավիրելը ներքին որոշում էր։

44165063 249794019214244 5822239700609400832 n 960x628 - Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

2018 թվականի աշնանը Մովսիսյանը վերադարձավ Հայաստանի հավաքական։ Ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության Ջիբրալթարի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերի հայտացուցակում ընդգրկեց Մովսիսյանին։ Երկրպագուների համար Յուրայի վերադարձը իսկական տոն էր։ Բոլորը սպասում էին․ որ նա նորից կփայլի, երբ հագնի ազգային հավաքականի կարմիր մարզաշապիկը։ Ջիբրալթարի դեմ խաղում Մովսիսյանը մեկնարկային կազմում էր։ Հավաքականում խաղալու նրա ցանկությունն այնքան մեծ էր, որ մրցավարի սուլիչի ձայնի ու հյուրերի գնդակը խաղարկելու միկրովայրկյանում նա հասցրեց արագանալ ու անցնել մրցակցի կիսադաշտ։ Մրցավարը սուլեց ու խնդրեց Յուրային հետ գնալ, ինչից հետո նոր միայն հանդիպումը սկսվեց։

Այդ խաղում Հայաստանի հավաքականը անակնկալ պարտություն կրեց, սակայն օրեր անց Յուրան Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում խփեց մեր ընտրանու գոլերից մեկը։ Հաղթեցինք 4-0։ Ջիբրալթարի դեմ պատասխան խաղում Յուրան պոկեր գրանցեց։ Սա մեր հավաքականի պատմության մեջ դեռևս միակ պոկերն է։ Լիխտենշտեյնի դեմ այդ նույն Ազգերի լիգայի վերջին տուրի խաղում Մովսիսյանը անցկացրեց վերջին խաղը հավաքականում։

Զլատան Իբրահիմովիչ

Բենզեմայից առաջ ամենաթարմ վերադարձը հենց Զլատանինն էր։ Սակայն դրաման նրանում է, որ շվեդ հարձակվողը, չնայած տևական դադարից հետո հավաքական վերադառնալուն, չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, քանի որ վնասվածք ունի։ Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշում կայացրեց Եվրո-2016-ից առաջ։ Նա հայտարարեց, որ մրցաշարից հետո ավարտելու է միջազգային կարիերան։ Խմբում Շվեդիան զբաղեցրեց վերջին տեղն ու դուրս մնաց առաջնությունից։ Իբրահիմովիչը հրաժեշտ տվեց հավաքականին։

zlatan ibrahimovic sweden 1uxaeh9fcni5t17xwvxnoueoe8 960x540 - Կրկին փորձի՛ր․ 5 ֆուտբոլիստ, որոնք տարբեր պատճառներով հեռացել ու վերադարձել են ազգային հավաքական

Շվեդիայի հավաքականը 2018 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Իտալիայի հետ անցումային խաղերի արդյունքում։ Այս բացառիկ հաջողությունից հետո Իբրահիմովիչը նպատակ ուներ վերադառնալ ազգային թիմ ու առաջնորդել Շվեդիային Մունդիալում։ Սակայն 2018-ի գարնանը հավաքականի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնը հայտարարեց, որ Իբրահիմովիչը չի հրավիրվելու հավաքական։ Ավելի ուշ Զլատանը Աշխարհի առաջնությունում ազգային ընտրանի չհրավիրվելու համար մեղադրեց շվեդական մամուլին։ 2020 թվականի աշնանը՝ Եվրոպա վերադառնալուց հետո, Իբրահիմովիչը դարձյալ ակնարկեց, որ ցանկանում է վերադառնալ հավաքական։ Արդեն այս տարվա մարտին դա իրականություն դարձավ։ Անդերսոնը Աշխարհի առաջնության ընտրական փուլի Կոսովոյի և Վրաստանի դեմ խաղերի հայտացուցակում ընդգրկեց Զլատանին։ Երկու խաղերում էլ Իբրահիմովիչը թիմի մեկնարկային կազմում էր ու ուղիղ մասնակցություն ունեցավ հաղթանակներին։ Խաղերից յուրաքանչյուրում նա մեկական գոլային փոխանցում կատարեց։ Իբրահիմովիչը դարձավ Շվեդիայի հավաքականի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը։ «Միլանում» ստացած ծնկի վնասվածքը փչացրեց Իբրայի հավանական մասնակցությունը ԵՎՐՈ-2020-ին։ Հաշվի առնելով, որ Իբրահիմովիչը երկարաձգել է պայմանագիրը «ռոսոներիների» հետ, գուցե նրան տեսնենք աշխարհի 2022 թվականի առաջնությունում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա