Logo

Կյելինին բղավեց «Կիրիկոչո». կախարդական բառը, որը «օգնում է խանգարել» մրցակցին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 20.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
45395301 0 image a 10 1626185036475 - Կյելինին բղավեց «Կիրիկոչո». կախարդական բառը, որը «օգնում է խանգարել» մրցակցին

ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում Իտալիային հաղթանակ բերեց Ջանլուիջի Դոնարումայի սեյվը:Բայց կարծես դարպասապահին օգնեց Ջորջո Կյելինին,որը վճռորոշ հարվածից առաջ բղավեց․«Կիրիկոչո»։
Իսկ իրականում ի՞նչ է նշանակում այդ բառը:

Դա հասկանալու համար VNews-ը առաջարկում է տեղափոխվել 20-րդ դար և անցնել Ատլանտյան օվկիանոսը, հայտնվել Արգենտինայում՝  Բուենոս Այրես նահանգի վարչական կենտրոն ՝ Լա-Պլատայում։

«Ծովածոցի բլուրներում» պաշտում են ֆուտբոլը։ Քաղաքում գործում են բարձրագույն խմբից երկու թիմ։ Մենք խոսելու ենք դրանցից մեկի՝ «Էստուդիանտեսի» մասին։ Ակումբը հիմնադրել են բժշկական համալսարանի ուսանողները։ Նրանց դուր չէր գալիս Լա Պլատայի մյուս ակումբի՝ «Խիմնասիայի և Էսգրիմայի» ղեկավարության դիրքորոշումը, որը թույլ չէր տալիս իրենց թիմին մրցել ոչ համալսարանական ակումբների հետ: Եվ այդպես, խանդավառ ուսանողները որոշում են ստեղծել սեփական թիմը։

«Էստուդիանտեսը» հայտնի է նաև «ֆուտբոլի պատմության ամենադաժան խաղին» իր մասնակցությամբ։ «Առյուծները» Լա-Բամբոներա ստադիոնում մրցում էին «Միլանի» հետ։ Արյունուահեղություն, կոտրված այտոսկրեր, կեղծ մեղադրանքով ձերբակալություններ և 3 դատապարտված. ահա, թե ինչով ավարտվեց 1969 թվականի Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը։ Չնայած իրենց սիրելի թիմի ահավոր կոպիտ խաղին, «Էստուդիանտեսի» երկրպագուները ոգևորում էին ֆուտբոլիստներին ու հորդորում ավելի դաժան գտնվել «ռոսոներիի» խաղացողների նկատմամբ։

detail 7675cb6cebc9afb0c068d3b8fe45a2b7 - Կյելինին բղավեց «Կիրիկոչո». կախարդական բառը, որը «օգնում է խանգարել» մրցակցին

«Լա-Պլատայի առյուծների» երկրպագուները միշտ էլ շատ կապված ու նվիրված են եղել թիմին։
80-ականներին արգենտինացի հայտնի մարզիչ Կարլոս Բիլարդոն էր մարզում «Էստուդիանտեսը»։ Թիմը Կիրիկոչո մականունով նվիրված երկրպագու ուներ, բայց նրա համբավը այդքան էլ լավը չէր։
Երբ նա գալիս էր մարզումների (իսկ դրանք բաց էին), վնասվածքների պատճառով շարքից դուրս էին գալիս մի շարք ֆուտբոլիստներ: Բիլարդոն շատ սնահավատ էր և լուծում գտավ ՝ երկրպագուի էներգիան օգտագործել իր թիմի օգտին։ Նա Կիրիկոչոյին ուղարկում էր հակառակորդ թիմերի խաղերին ու նրանք «կախարդական զուգադիպությամբ» պարտվում էին։

Հարազատ ակումբի խաղերին, սակայն, Կիրիկոչոն հակառակ ազդեցությունն էր թողնում։ Հենց դա օգնեց թիմին, թե ոչ, բայց այնուամենայնիվ 1982-ին Բիլարդոն վերջապես չեմպիոնություն նվաճեց «Էստուդիանտեսի» հետ։ Այդ մրցաշրջանում երեք պարտություններից երկուսը թիմը կրել էր, երբ Կիրիկոչոն տրիբունայում չէր եղել:

«Քանի որ չեմպիոն դարձանք այդ տարի, ընդունեցինք նրան որպես ակումբի թալիսման, – հաստատել է Բիլարդոն, – Նա լավ տղա էր, բայց շուտով կորավ, և ես նրան այլևս չտեսա։ Հետո, երբ վերադարձա «Էստուդիանտես» (2003-ին-խմբ.), հարցրի նրա մասին, բայց ոչ-ոք ոչինչ չգիտեր»։

Մեր ընտրանին.

Ժամանակի ընթացքում «Կիրիկոչո» բառը տարածվեց իսպանալեզու երկրներում։ Այդպես սկսեցին բղավել, երբ մրցակիցը իրացնում էր 11 մետրանոց, վտանգավոր տուգանային հարված կամ դուրս էր գալիս մեն-մենակ դարպասապահի հետ։ Եվ դա շատ հաճախ իրոք օգնում էր։

Եվրոպա այս «կախարդական բառը» բերեց Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
«Սևիլիան» մարզելու տարիներին Բիլարդոն անմասն չմնաց «Կիրիկոչոյից»:

«Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, երբ ես մարզում էի «Սևիլիան», խաղերից մեկի ժամանակ թիկունքից շշնջացին «Կիրիկոչո,Կիրիկոչո» ու այդ պահին մրցակցի օգտին 11 մետրանոց նշանակեցին։ Ես չէի հավատում դրան, մինչև Չոլոն (Դիեգո Սիմեոնեն-խմբ.) պատմեց, որ նա մի քանի անգամ արտասանել է այդ անունը, իսկ մյուսները վերցրել են բառն ու սկսել օգտագործել: Երբ ասում եք «Կիրիկոչո», հակառակորդը սխալվում է, դա անհավատալի է»,-պատմել է Բիլարդոն:

«Օգնող-խանգարող» բառը կայծակնային ձևով տարածվեց Եվրոպայում և իր դերակատարումն ունեցավ մի շարք կարևոր խաղերում։ Առանձնացրել ենք մի քանի այդպիսի միջադեպ:

2010. աշխարհի առաջնության եզրափակիչ․Նիդերլանդեր-Իսպանիա

Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Ժոան Կապդեվիլան խոստովանել է, որ «Կիրիկոչո» է բղավել, երբ Արյեն Ռոբենը մեն-մենակ էր դուրս եկել Իկեր Կասիլյասի հետ: Ռոբենը, իհարկե, չգրավեց դարպասները,իսկ Նիդերլանդերը պարտվեցին ու մնացին առանց բաղձալի գավաթի։

2019. Կոպա Ամերիկա, եզրափակիչ, Արգենտինա-Չիլի

Ամերիկայի գավաթի խաղարկության Արգենտինա-Չիլի խաղի ժամանակ Արտուրո Վիդալը վտանգավոր տուգանային էր իրացնում։ Բայց հարվածից առաջ արգենտինացի երիտասարդը՝ Պաուլո Դիբալան, բացականչեց «Կիրիկոչո»։ Վիդալը, իհարկե, վրիպեց։

Չեմպիոնների լիգա 20/21. 1/8 եզրափակիչ. «Բորուսիա Դորտմունդ»-«Սևիլիա»

Էրլինգ Հալանդն ու «Սևիլիայի» դարպասապահը նույնպես սիրում են «կախարդական բառը»:
Չեմպիոնների լիգայի 20/21 մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» խաղում էր «Սևիլիայի» հետ։ Խաղի ընթացքում հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ։ 11 մետրանոցը իրացնելուց հետո Հալանդը վազեց իսպանացիների դարպասապահ Յասին Բունուի մոտ և ինչ-որ բան ասաց։

Ավելի ուշ պարզվեց, որ նորվեգացին կրկնել է առաջին փորձի ժամանակ (11 մետրանոցը նորից էր իրացվել) դարպասապահի կատարած բացականչությունը՝ «Կիրիկոչոն»:

«Ես չգիտեմ, թե ինչ ասացի, քանի որ պարզապես կրկնեցի այն, ինչ նա բղավում էր, երբ չիրացրի 11 մետրանոցը։ Եթե նա չխախտեր կանոնները, գոլ կխփեի առաջին հարվածից։ Հնարավոր է՝ կարման այդուհանդերձ գոյություն ունի»,-նշել է նորվեգացին:


Սակայն «կախարդական բառի» ամենաթարմ օրինակը, հենց Կյելինիի բացականչությունն էր Բուկայո Սակայի կատարած վճռորոշ հարվածից առաջ:

Իտալացին ESPN-ի հետ զրույցում հաստատել է,որ բղավել է «մոգական բառը»․«Բարև, Քրիստիան, ես հաստատում եմ ամեն ինչ: «Կիրիկոչո»:

«Գերբնական բառի» մասին պատմությունները շատ են, յուրօրինակ ու տպավորող։

Ֆուտբոլային աշխարհը հավատում է բառի կախարդական ազդեցությանը և շարունակում օգտագործել այն։
Դե ինչ, հիմա արդեն դուք գիտեք, թե ինչ պետք է բղավել մրցակցի վտանգավոր պահերի ու ստանդարտների ժամանակ՝«Կիրիկոչո»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա