Logo

«Լավ են պաշտպանվում, բայց շատ քիչ են խփում». Կարծիք Շվեդիայից՝ «Արարատ-Արմենիայի» մրցակցի մասին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 09.07.2019Հայկական ֆուտբոլ
f 1 - «Լավ են պաշտպանվում, բայց շատ քիչ են խփում». Կարծիք Շվեդիայից՝ «Արարատ-Արմենիայի» մրցակցի մասին
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Որակավորում

09 Հուլիս 2019 - 18:00

2

ՖԱ Արարատ-Արմենիա

1

ԱԻԿ

1 - 0 Պետրոս Ավետիսյան - 2`

1 - 1 Չինեդու Օբասի Օգբուկե - 38`

2 - 1 Պետրոս Ավետիսյան - 44`

Կարմիր Քարտ Ռոբերտ Լունդստրյոմ - 12`

Այսօր Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին անգամ իր պատմության մեջ դուրս է գալու եվրոպական մրցասպարեզ՝ սկսելով պայքարը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում: ՈՒԵՖԱ-ի սահմանած կարգի համաձայն՝ առաջին անգամ մրցաշարին մասնակցող ակումբի համար վիճակահանությունը չի կարող բարեհաճ լինել. նախորդ տարիների ելույթների հիման վրա հավաքած ռեյտինգային միավորների բացակայությունը թիմին թողնում է ամենաթույլ զամբյուղում, իսկ որպես մրցակից պարգևում ինչ-որ մեկին՝ ուժեղների զամբյուղից: Կարելի է ասել՝ այս պայմաններում ԱԻԿ-ը այնքան էլ վատ տարբերակ չէր:

ԱԻԿ-ը թեև Շվեդիայի չեմպիոնն է, բայց դա՝ 2018թ.: Այնտեղ առաջնությունն անցնում է գարուն – աշուն համակարգով: Այս պահին արդեն Ստոկհոլմը ներկայացնող թիմը 3-րդն է ներքին առաջնությունում: Առաջիկա դիմակայության մասին զրուցել ենք շվեդ սպորտային լրագրող Դավիդ Բերգի հետ:

«Չեմպիոնական կազմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ այլևս ԱԻԿ-ում չեն: Հատկապես կառանձնացնեմ կիսապաշտպան Կրիստոֆեր Օլսոնին և կենտրոնական պաշտպան Ռոբին Յանսոնին: Թեև փոխարինողներ եկել են, բայց նրանք նույնքան ուժեղ չեն:

Ինչպես և շվեդական մյուս թիմը՝ «Մալմյոն», ԱԻԿ-ը ևս ամբիցիա ունի հասնելու Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի խմբային փուլ: Եվրոպա լիգան շատ իրատեսական է համարվում:

Շվեդիայի առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսը այս պահին կիսում են 2 ֆուտբոլիստներ, որոնցից մեկը հենց ԱԻԿ-ը ներկայացնող Տարիկ Էլյունուսին է, ով 9 գնդակ է խփել 15 խաղում: Բնականաբար, թիմում առանցքային դեր ունի նաև «Սանդերլենդի» նախկին կիսապաշտպան Սեբաստիան Լարսոնը, ինչպես նաև պաշտպան Դանիել Սանդգրինը, հարձակվող Հենոկ Գոյտոմը և խոստումնալից դարպասապահ Օսկար Լիները:

Շատ կարևոր խաղացող է նաև գանացի կենտրոնական պաշտպան Էնոկ Կոֆի Ադուն: Այո, Հենոկ Գոյտոմը ևս շատ կարևոր խաղացող է: Նա շատ փորձառու է, ու բացի այդ լավ մարդ է՝ ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս: Նա դեռ համարվում է հիմնական կազմի ֆուտբոլիստ, բայց այս տարի դեռ գոլ չի խփել, ուստի նրա լավագույն տարիները, երևի թե, անցյալում են:

ԱԻԿ-ը լավ պաշտպանություն ունի, բայց քիչ է գոլ խփում: 15 խաղում թիմը ընդամենը 17 գոլ է խփել, ու բացի Էլյունուսիից չկան այլ խաղացողներ, ովքեր առանձնանում են հարձակման գծում:

Թեև ԱԻԿ-ը Շվեդիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է, բայց եվրագավաթային հանդիպումները տարվա այս հատվածում երկրպագուների մոտ այնքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացնում, ինչքան ներքին առաջնության խաղերն են: Բացի այդ, հյուր թիմն էլ մեծ անուն չունի, ուստի չեմ կարծում որ Ֆրենդս Արենայում կայանալիք խաղում շատ երկրպագուներ լինեն»,-նշում է Դավիդ Բերգը:

Վարդան Մինասյան․ «ԱԻԿ-ն ունի առավելություն, քանի որ Շվեդիայի առաջնությունն ընթացքի մեջ է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա