Logo

Լավագույնները գրանդներում. թոփ թիմերի՝ ամենաշատ տիտղոս նվաճած ֆուտբոլիստները

Հեղինակ
Արամ Սահակյան
19:41 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը: Այս տիտղոսը 23-րդն էր «Արքայական ակումբի» բրազիլացի պաշտպան Մարսելոյի համար: Մադրիդցիների ավագը «Ռեալում» նվաճած տիտղոսների քանակով հավասարվեց հունվարի 18-ին կյանքից հեռացած լեգենդար Պակո Խենտոյին: Նրանցից շատ ոչ ոք տիտղոս չի նվաճել «Ռեալում»: Եթե «Ռեալն» այս տարի ևս մեկ տիտղոս նվաճի, Մարսելոն կդառնա «սերուցքայինների» պատմության ամենատիտղոսակիր խաղացողը: Հաջորդ մրցաշրջանում այդ շանսը գուցե այլևս չլինի, քանի որ բրազիլացու պայմանագրի ժամկետն ավարտվում է, ու նա, հավանաբար, կհեռանա:

Մարսելոյի տպավորիչ նվաճումը լավ առիթ է հասկանալու, թե եվրոպական մյուս թոփ ակումբների կազմում ովքեր են ամենաշատ տիտղոս նվաճած խաղացողները: Կան թիմեր, որտեղ առավել քան ակնհայտ է, թե ով է ամենատիտղոսակիրը, բայց կան նաև թիմեր, որտեղ առաջատարի դիրքում անակնկալ անուններ կտեսնեք:

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»

Եթե «Ռեալում» ամենաշատ տիտղոս նվաճած խաղացողները 23 անգամ են գավաթը պարզել իրենց գլխավերևում, ապա մադրիդյան գրանդի անհաշտ մրցակից «Բարսելոնայի» պարագայում թվերն ավելի բարձր են: Հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք, որ կատալոնական ակումբի կազմում ամենատիտղոսակիր խաղացողը Լիոնել Մեսին է: Արգենտինացին «Բարսելոնայի» հետ 35 տիտղոս է նվաճել: Հենց Մեսիի գալուց հետո սկսվեց «կապտանռնագույնների» խելահեղ ժամանակաշրջանը, որի ընթացքում «Բարսելոնան» մեկը մյուսի հետևից տիտղոսներ էր նվաճում:

30-ի նշաձողը ևս երեք խաղացողներ են հաղթահարել: «Մեսիի ժամանակաշրջանի» մյուս աստղերից Անդրես Ինիեստան (32), Ժերար Պիկեն (30) ու Սերխիո Բուսկետսն (30) են հատել այդ նշաձողը: Վերջին երկուսը դեռ կարող են համալրել իրենց թանգարանը: Ներկայիս գլխավոր մարզիչ Չավին 25 տիտղոս ունի կատալոնական գրանդի հետ: Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դանի Ալվեսն իր գավաթների սենյակում «կապտանռնագույն» 23 տիտղոս ունի:

«ԲԱՎԱՐԻԱ»

Մյունխենի «Բավարիայի» ամենատիտղոսակիր խաղացողներին նույնպես պետք է փնտրենք ժամանակակիցների մեջ: Թեպետ Գերդ Մյուլերի կամ էլ Ֆրանց Բեկենբաուերի ժամանակաշրջանում նույնպես «Բավարիան» փայլել է, բայց, այնուամենայնիվ, նոր ժամանակաշրջանի հերոսները նրանցից անհամեմատ ավելի շատ տիտղոս են նվաճել: Գերդ Մյուլերն ու Ֆրանց Բեկենբաուերը 13-ական տիտղոս են նվաճել «Բավարիայի» կազմում:

Դե իսկ ամենատիտղոսակիրը՝ Թոմաս Մյուլերն է: Նա 29 տիտղոս է նվաճել «Բավարիայի» կազմում: «Անտաղանդ լեգենդն» օրերս մեկ այլ տպավորիչ ցուցանիշ գրանցեց. նա 150 գոլային փոխանցում է կատարել: «Բավարիայում» Մյուլերի նորամուտից հետո ավելի շատ գոլային փոխանցում ընդհանուր առմամբ իր ակտիվում ունի միայն Լիոնել Մեսին (180): Ամենատիտղոսակիրների ցանկում Մյուլերին հաջորդում են Մանուել Նոյերն ու Դավիդ Ալաբան (27-ական): «Բավարիայի» մեկ այլ լեգենդ՝ Բաստիան Շվայնշտայգերը, 23 տիտղոս է նվաճել: Վստահաբար դուք փնտրում եք նաև Ֆիլիպ Լամին. «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին ավագը 21 տիտղոս ունի:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ»

«Մանչեսթեր Յունայթեդի» ամենատիտղոսակիր խաղացողին կռահելն ամենևին էլ բարդ չէ. պարզապես պետք է հիշել, թե ով է ամենաշատը խաղացել «կարմիր սատանաների» կազմում: Ռայան Գիգզը 1991-ից 2014 թվականն ընկած ժամանակահատվածում 963 հանդիպման է մասնակցել: Հենց ուելսցին է «Մանչեսթեր Յունայթեդի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Գիգզի գավաթների սենյակում 34 տիտղոս կա:

Փոլ Սքոուլզը 27 տիտղոս է նվաճել «Յունայթեդի» հետ: Հատկանշական է, որ այս երկու խաղացողների արանքում «դիրքավորվել» է Գարի Նևիլը: Անգլիայի հավաքականի նախկին պաշտպանը 31 գավաթ է տարել «մանկունիանցիների» հետ:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»

«Ծեր սինյորայի» պարագայում ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողն ամենատիտղոսակիրների ցանկում միայն երրորդն է: Ալեսանդրո դել Պիերոն 18 տիտղոս է նվաճել, որոնցից մեկն անգին հաղթանակն էր Չեմպիոնների լիգայի 1995/96 թվականների խաղարկությունում:

Դե իսկ ահա ամենատիտղոսակիրը Ջանլուիջի Բուֆոնն է: Իտալացի դարպասապահը 21 տիտղոս է հաղթել «բիանկոներիների» հետ, սակայն այդպես էլ գլխավերևում չի պահել «լոշտակը»: «Յուվեի» ներկայիս ավագ Ջորջիո Կիելինին ընդամենը երկու գավաթով է զիջում Բուֆոնին: Լեոնարդո Բոնուչին 17 անգամ է «Յուվենտուսի» հետ տիտղոս նվաճել:

ՊՍԺ

Փարիզյան ակումբի վերելքի ժամանակաշրջանն սկսվեց Կատարի սեփականատերերի կողմից ակումբի գնումից հետո: Պատահական չէ, որ «Պարի Սեն-Ժերմենի» ամենատիտղոսակիր խաղացողները կա՛մ մինչև հիմա խաղում են Փարիզում, կա՛մ էլ այնտեղից հեռացել են ոչ վաղ անցյալում:

ՊՍԺ-ի հետ ամենաշատ տիտղոս նվաճել է իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին: Նա դա արել է 27 անգամ: Փարիզյան թիմի նախկին ու ներկա ավագները՝ համապատասխանաբար Տիագո Սիլվան ու Մարկինյոսը, 25-ական տիտղոս են նվաճել: Ակնհայտ է, որ Մարկինյոսն ունի լավ շանսեր՝ այս թիվն ավելացնելու համար: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը 22 գավաթ էր հաղթել փարիզցիների հետ:

«ՉԵԼՍԻ»

Դե իհարկե, առաջին հերթին ձեր մտքով անցավ Ֆրենկ Լեմպարդի անունը: Սակայն «Չելսիի» լավագույն ռմբարկուն ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը չէ: 2014 թվականին Լեմպարդը հեռացավ «Չելսիից»՝ տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի»: Հաջորդ մրցաշրջանում «կապույտները» հաղթեցին Անգլիայի Պրեմիեր լիգան ու լիգայի գավաթը: Լեմպարդը 13 տիտղոս ունի «Չելսիի» հետ:

Ամենատիտղոսակիրը «Չելսիում» Ջոն Թերին է (17): 16-ական տիտղոս ունեն լոնդոնցիների նորագույն պատմության ամենակարևոր խաղացողներից ևս երկուսը՝ դարպասապահ Պետր Չեխն ու Դիդյե Դրոգբան: Այս բոլոր խաղացողներին մեկ բան է միավորում. նրանք հաղթել են 2012 թվականին Չեմպիոնների լիգայում՝ իրագործելով «կապույտների» երկրպագուների գլխավոր երազանքը:

«ՄԻԼԱՆ»

«Միլանը» երկու ֆանտաստիկ ժամանակաշրջաններ է ունեցել: Արիգո Սակիի մարզչական գործունեության ընթացքում «ռոսոներիների» կազմում փայլում էին Ռուդ Գուլիտը, Մարկո վան Բաստենն ու Ֆրանկ Ռայկարդը: «Միլանի» առաջատարներից էր նաև կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան: Հենց նա է «Միլանի» պատմության ամենատիտղոսակիր խաղացողներից մեկը՝ 25 տիտղոս:

«Միլանի» լեգենդ Պաոլո Մալդինին ևս 25 տիտղոս է նվաճել «կարմիր-սև» մարզաշապիկով: Մալդինին 901 խաղի է մասնակցել «Միլանի» կազմում ու Կոստակուրտայի հետ ամենաշատ տիտղոսն է նվաճել: Ֆրանկո Բարեզին 21 տիտղոս է նվաճել «Միլանի» հետ: Նա «ռոսոներիների» կազմում 716 հանդիպման է մասնակցել:  

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ»

«Մանչեսթեր Սիթիի» ամենատիտղոսակիրները ևս թիմի նորագույն ժամանակաշրջանի գործող աստղերն են: «Քաղաքայինների» պարագայում հեշտ է փնտրել ամենաշատ գավաթ հաղթած խաղացողներին: Տարբերակները շատ չեն՝ Վենսան Կոմպանի, Դավիդ Սիլվա, Ֆերնանդինյո կամ էլ Ագուերո:

Հենց արգենտինացի գոլահարն է ամենաշատ տիտղոսը նվաճել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Ագուերոն 15 գավաթ է բարձրացրել «քաղաքայինների» հետ: Կունը նաև «Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն է 184 գոլով:

«Սիթիի» մեկ այլ լեգենդ՝ Դավիդ Սիլվան, հաջորդում է Ագուերոյին: «Ռեալ Սոսիեդադի» խաղացողը 14 տիտղոս է նվաճել «Էթիհադում»: Նրանց հաջորդում է Ֆերնանդինյոն՝ 13 տիտղոսով: Բրազիլացին այս տարի ունի թե՛ Սիլվային, թե՛ Ագուերոյին հավասարվելու/շրջանցելու հնարավորություն: Կոմպանին 12 տիտղոս է նվաճել:

«ԻՆՏԵՐ»

«Միլանի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» պես «Ինտերի» հետ ամենաշատ տիտղոս նվաճած խաղացողը ևս ակումբի կազմում ամենաշատ հանդիպման մասնակցած ֆուտբոլիստն է: Խոսքը, իհարկե, Խավիեր Ձանետիի մասին է: Երբ ասում ես «Ինտեր», առաջինը մտքիդ գալիս է հենց Ձանետին: Նա «ներաձուրիների» անփոխարինելի առաջատարն էր ու ավագը:

Ձանետին «Ինտերի» հետ 16 տիտղոս է նվաճել: Այդ բոլոր գավաթները Ձանետին պահել է գլխավերևում հենց ավագի կարգավիճակով: Նրանից ընդամենը մեկ տիտղոսով է հետ մնում Էստեբան Կամբիասոն: Նրանք միասին կիսել են հանդերձարանը: Իվան Կորդոբան 13 գավաթ է հաղթել «ներաձուրիների» հետ: «Ինտերի» լավագույն տարիների անփոխարինելի դարպասապահ Ժուլիո Սեզարը 11 տիտղոս ունի միլանյան թիմի կազմում:

«ԼԻՎԵՐՊՈՒԼ»

«Մերսիսայդցիների» ամենատիտղոսակիրներին պետք չէ փնտրել «ջերարդյան» ժամանակաշրջանում: Այդ տարիներին «Լիվերպուլն» Անգլիայում այդպես էլ հաջողության չհասավ: Այնպես որ, ամենահաջողակները խաղացել են դեռևս անցած դարի 70-80-ականներին:

«Լիվերպուլի» ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն ակումբի լեգենդ Քենի Դալգլիշն է: Նա «կարմիրների» կազմում 25 տիտղոս է նվաճել: Ֆիլ Նիլը հաջորդում է Դալգլիշին 23 տիտղոսով: Ակումբի մեկ այլ լեգենդ՝ Յան Ռաշը, 19 տիտղոս է նվաճել «Լիվերպուլի» կազմում: «Մերսիսայդցիների» խորհրդանիշ Սթիվեն Ջերարդն ընդամենը 10 տիտղոս ունի իր կյանքի ակումբում: «Լիվերպուլը» վերջին տարիներին նորից սկսեց մեկը մյուսի հետևից տիտղոսներ նվաճել, օրինակ՝ Մոհամեդ Սալահն արդեն 4 տիտղոս ունի «կարմիր» խաղաշապիկով, իսկ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը՝ 5: Բայց նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ Դալգլիշին հասնելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա