Logo

Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 23.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1006264325 scaled 1 - Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

Ժոզե Մոուրինյոյի համար «Տոտենհեմում» աշխատելն անհաջող էտապ էր, կարելի է ասել նույնիսկ՝ սխալմունք. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը համարձակվի NASA-ի զինվորների հետ քննարկումներ անցկացնել հրթիռների մասին: Բայց ֆուտբոլային քննադատները կարող են աշխարհի ամենահաջող մարզիչների հետ քննարկել ֆուտբոլն ու նույնիսկ ինչ-որ բան սովորեցնել նրան: Ես արդեն սովոր եմ դրան», – հայտարարեց Մոուրինյոն՝ «Տոտենհեմից» հեռացվելուց շաբաթներ առաջ:

Բայց «առանձնահատուկն», իսկապես, ձախողել էր աշխատանքը Լոնդոնի հյուսիսում: «Տոտենհեմը» Մոուրինյոյի կարիերայի առաջին ակումբն էր, որտեղից նա հեռացավ առանց որևէ նվաճած տիտղոսի: Ամեն ինչի մասին հստակ խոսում են թվերը. «Տոտենհեմը» նրա գլխավորությամբ հաղթել էր խաղերի 52 տոկոսը, ինչը վատագույն ցուցանիշն է նրա՝ «Պորտուից» հեռանալուց հետո: Մեկուկես տարի լոնդոյնան ակումբի ղեկին լինելով՝ նա չկարողացավ թիմին պարգևել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Նոյեմբերին «Տոտենհեմը» գլխավորում էր Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, ապրիլին նրանք 7-րդն էին: «Տոտենհեմին» Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ հասցնելն էլ չփրկեց նրան: «Տոտենհեմից» հեռանալը 3-րդ անընդմեջ ապտակն էր՝ «Չելսիից» ու «Մանչեսթեր Յունայթեդից» ժամանակից շուտ հեռացվելուց հետո: Ժոզեն նոր էմոցիայի, նոր սկզբի, նոր իմպուլսների կարիք ուներ: Եվ նա այդ ամենը գտավ «Ռոմայում»:

Тоттенхэм» уволил Жозе Моуринью с поста главного тренера - Eurosport

«Ամեն անգամ ես նույն բանն եմ կրկնում: Նախորդ անգամ ես ասացի, որ 6 անընդմեջ հաղթանակը չի նշանակում, որ հաղթել ենք 60 անընդմեջ խաղում: Վաղը, եթե հաղթենք 7-րդ անընդմեջ խաղում, կասեմ, որ դա մեր 70-րդ հաղթանակը չէ: 8-րդ խաղի ժամանակ՝ նույնպես: Մենք պետք է հանգստություն պահպանենք», – հայտարարեց Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Սոֆիայի ԲԿՄԱ-ին հաղթելուց հետո: Այդ հաղթանակով «Ռոման» մրցաշրջանի առաջին 6 խաղում իր 6-րդ հաղթանակը տարավ, ինչը ոչ միայն Մոուրինյոյի մարզչական կարիերայի լավագույն մեկնարկն է (իր կարիերայի մյուս 8 ակումբներից ոչ մեկում առաջին 6 խաղում նրա թիմերը չեն գրանցել 100 տոկոսանոց ցուցանիշ), այլ նաև «Ռոմայի» պատմության լավագույն մեկնարկներից է: «Ջալոռոսիները» միայն Ռուդի Գարսիայի գլխավորությամբ 2013/14 և 2014/15-ին են նման արդյունք գրանցել:

Մոուրինյոյի գլխավորած թիմերի արդյունքներն առաջին 6 խաղերում

  • «Բենֆիկա». 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն
  • «Ունիաո դե Լեիրիա». 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի
  • «Պորտու». 4 հաղթանակ, 2 պարտություն
  • «Չելսի» (առաջին էտապ). 5 հաղթանակ, 1 պարտություն
  • «Ինտեր». 5 հաղթանակ, 1 պարտություն
  • «Ռեալ». 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի
  • «Չելսի» (երկրորդ էտապ). 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն
  • «Մանչեսթեր Յունայթեդ». 4 հաղթանակ, 2 պարտություն
  • «Տոտենհեմ». 4 ոչ-ոքի, 2 պարտություն

Ո՛չ «Բենֆիկայում», ո՛չ «Ունիաո դե Լեիրիայում», ո՛չ «Պորտուում», ո՛չ «Չելսիում», ո՛չ «Ինտերում», ո՛չ «Ռեալում», ո՛չ «Մանչեսթեր Յունայթեդում» ու ո՛չ էլ «Տոտենհեմում» Ժոզեն չի մեկնարկել 6 անընդմեջ հաղթանակով: Իր կարիերայի ամենահաջողված մեկնարկները Ժոզեն գրանցել է «Սթեմֆորդ Բրիջում» ու «Սան Սիրոյում»՝ տանելով 5 հաղթանակ ու կրելով 1 պարտություն. «Շատ գոհ ենք այն ամենից, ինչ կառուցում ենք: Թիմի ոգին շատ կարևոր է: Այդուհանդերձ՝ պետք է նշեմ, որ տակտիկապես այս թիմը բարելավելու դեռ շատ տեղ ունի, բայց այս պահին ես շատ ուրախ եմ՝ ինչպես է թիմն արձագանքում բարդ իրավիճակներում, բայց պետք է երկինք չթռչենք: Մրցաշրջանը երկար մրցավազք է, և պետք է կարողանանք կառավարել մեր էմոցիաները», – հայտարարեց Մոուրինյոն: «Ռոման» Ա սերիայում անցկացրած 4 խաղից հաղթել է 3-ում՝ «Ֆիորենտինային», «Սալերնիտանային» և «Սասուոլոյին», պարտվել միայն «Վերոնային»: Կոնֆերենցիաների լիգայում հռոմեացիները հաղթել են «Տրաբզոնսպորին» (տանը և դրսում), ինչպես նաև՝ ԲԿՄԱ-ի «Սոֆիային»:

José Mourinho runs 'like a child' down the touchline as Roma score the late winner in their 1000th game and reveal how much victory means to him - Memesita

«Ռոմայի» ցուցանիշներն էլ բավական տպավորիչ են: Այս մրցաշրջանում անցկացրած 7 պաշտոնական խաղում «Ռոման» խփել է 21 գոլ (միջինը՝ խաղում 3 գոլ), և բաց թողել 7-ը՝ միջին հաշվարկով մեկ գոլ խաղում:

Բայց ի՞նչ հասցրեց փոխել Մոուրինյոն «Ռոմայում» մոտ մեկ ամսվա ընթացքում, ի՞նչ տարբերություն կա Մոուրինյոյի և Ֆոնսեկայի մոտեցումների միջև:

Տրանսֆերները, կազմն ու կադրերը

Մոուրինյոն եկավ թիմ, որը հոգեբանորեն «բարոյալքված» էր. Ա սերիայում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը, Եվրոպա լիգայում էլ ապտակ էր ստացել «Մանչեսթեր Յունայթեդից» 6-2 հաշվով: Ժոզեն հասկացավ, որ արմատական փոփոխություններ են սպասում ոչ միայն տակտիկական, այլ նաև՝ կադրային առումով: Ու սկսեց հեղափոխությունը:

Պեդրոն, Ջեկոն, Ժուան Ժեզուշը, Չենգիզ Ունդերը, Պաու Լոպեսը ու Պաստորեն  հեռացան: Փոխարենը, եկան ֆուտբոլիստներ, հիմնականում՝ Մոուրինյոյի ընտրությամբ, որոնք թիրախային նշանակություն ունեին ու նրանցից շատերն արդեն իրենց տեղն ունեն թիմի մեկնարկային կազմում: Ռուի Պատրիսիուն, որին միշտ էլ ցանկացել է իր թիմերում ունենալ Ժոզեն, պաշտպանում է «Ռոմայի» դարպասը: Պաշտպանությունում թիմին են միացել Մատիաս Վինյան, որը փոխարինում է վնասվածք ստացած Լեոնարդո Սպինացոլային, և արդեն մշտական հիմունքներով խաղում է Ռոժեր Իբանյեսը:

Հարձակման գծում «Ռոմայի» գլխավոր ձեռքբերումը դարձավ Տեմի Աբրահամը, որի համար ակումբը «Չելսիին» 40 մլն եվրո վճարեց: Մրցաշրջանի մեկնարկը ցույց է տալիս՝ որքան է համապատասխանում Աբրահամը Ժոզեի մարտավարությանն ու խաղային գաղափարներին. «Գարեթ Սաութգեյթը պետք է շնորհակալություն հայտնի ինձ: Ես նրա համար հրեշ եմ պատրաստում», – ասաց Ժոզեն իր ոճով: Աբրահամը 6 խաղում 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել:

Абрахам вызвал овации в дебютном матче на "Олимпико"

«Ռոմային» միացավ նաև Էդոր Շոմուրոդովը, որը բավական ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ինչպես հարձակման կենտրոնում, այնպես էլ՝ եզրերում: Նա ավելի բազմազան է դարձնում «Ռոմայի» հարձակման գիծն ու նոր լուծումներ տալիս:

Վերադարձավ նաև Ստեֆան Էլ Շարավին, որը դարձել է Ժոզեի ջոկերը խաղերի երկրորդ խաղակեսերում:

Պետք է նշել նաև, որ Մոուրինյոն շատ լավ օգտագործում է այս մրցաշրջանում Կարսդորպին, Վերետուին, Ձանիոլոյին ու Պելեգրինիին:

Մեր ընտրանին.

Փոխված սխեման ու տակտիկան

Մոուրինյոն «Ռոմա» ժամանելուց հետո միջմրցաշրջանում արդեն ցույց տվեց, որ փոխելու է թիմի սխեման: Ֆոնսեկան նախորդ մրցաշրջանում խաղում էր 3-4-3 սխեմայով: Ժոզեն ընտրեց իր ավանդական 4-2-3-1-ը:

«Ռոմայի» խաղի պատկերը ռադիկալ փոփոխության ենթարկվեց՝ շնորհիվ մարտավարության փոփոխության: Հռոմեական ակումբի՝ գնդակին տիրելու տոկոսը բավական բարձր է (միջին հաշվարկով՝ 75 տոկոս): Մոուրինյոյի սաները, ի տարբերություն Ֆոնսեկայի ժամանակների, բարձր պրեսինգ չեն կիրառում ու դա թույլ է տալիս մրցակցին գալ առաջ, բայց սեփական կիսադաշտում «Ռոման» մրցակցին փորձում է 1 մետր անգամ չզիջել: Թիկունքում քանակական առավելության շնորհիվ «Ռոման» ունի անհամեմատ ավելի վստահելի պաշտպանություն, քան նախորդ տարի էր:

Screenshot 16 - Լավագույն մեկնարկը գրանցած Մոուրինյոն փոխեց «Ռոման». ինչպես ազդեց դա Մխիթարյանի վրա

Հռոմեացիների հարձակման հիմնական ձևը կտրուկ գրոհ-հակագրոհն է: 2 եզրայինների՝ Մխիթարյանի ու Ձանիոլոյի արագացումները, Աբրահամի տեղաշարժը մրցակցի տուգանայինի ամբողջ լայնքով ու Վերետուի և Պելեգրինիի միացումները թիկունքից թույլ են տալիս «Ռոմային» մեծ թվով գոլեր հեղինակել:

Ինչով է դա ազդում Մխիթարյանի խաղի վրա

Անհատական առումով Մխիթարյանի խաղը Մոուրինյոյի այս տակտիկայի դեպքում մի փոքր տուժում է: Ֆոնսեկայի օրոք՝ 3-4-2-1 մարտավարության ժամանակ Մխիթարյանը գործում էր «ինսայդերի» դիրքում՝ հարձակվողի թիկունքում, կիսաեզրում: Այդպես նա կարողանում էր «բացել» իր խաղն ու լավագույն որակները ցույց տալ՝ պաշտպանվել, հարձակվել, խփել գոլեր:

Մոուրինյոյի 4-2-3-1-ում Մխիթարյանը ավելի շատ է միտված իր՝ ձախ եզրում գործելուն, թեև դա իրեն չի ազատում նաև մրցակցի գրոհների ժամանակ պաշտպանվելուց: Հենոն հիմա համեմատաբար քիչ ժամանակ է անցկացնում տուգանային հրապարակում, բայց Մոուրինյոն հասկացել է, որ Հենրիխն ահրաժեշտության դեպքում հաճախ կարող է հայտնվել հարվածային դիրքերում ու գոլեր խփել (նախորդ մրցաշրջանում՝ 46 խաղ, 15 գոլ, 13 ասիստ), և երբեմն փորձում է օգտվել նաև նրա այդ ծառայություններից:

Soccer, serie a match , AS Roma v Fiorentina Henrikh Mkhitaryan of AS Roma during the Serie A match between AS Roma v Fi 703845 | Pagine Romaniste

Մխիթարյանն այս մրցաշրջանում հասցրել է 1 գոլ խփել ու 2 գոլային փոխանցում կատարել: Վերջին 2 խաղում նա չի հայտնվում թիմի մեկնարկային կազմում մկանային հոգնածության պատճառով։

Հիմա «Ռոման» ուժեղանում է, մրցակցությունը՝ նույնպես: Առաջիկա ամիսները ցույց կտան՝ որ դիրքում կհաստատվի Հենրիխն ու ինչ առաջադիմություն կունենա, բայց մի բան, կարծես, հստակ է. Մոուրինյոյի հետ «Ռոման» ինչ-որ բանի կհասնի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա