Logo

Լավագույնները. ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNEWS-ի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.07.2021ՍՊՈՐՏ
E6DVv1QXsAECT2F - Լավագույնները. ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNEWS-ի

Ավարտվեց տոնական մեկ ամիսը՝ մեկ շնչով: ԵՎՐՈ 2020-ը արդեն պատմություն է՝ իր չեմպիոնով, իր բոլոր թիմային/անհատական դերակատարներով, բացահայտումներով, լավագույններով ու հիասթափություններով: Արդեն ամբողջովին կարող ենք ամփոփել մրցաշարն ու հիշել՝ որ ֆուտբոլիստներն էին լավագույններն իրենց դիրքերում: VNews-ը կազմել է ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը:

Ջորդան Պիկֆորդ (Անգլիա)

ԵՎՐՈ 2020-ի լավագույն ֆուտբոլիստ, առհասարակ, ճանաչվեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Իտալացին, իսկապես, հրաշալի գործեց՝ միայն եզրափակիչի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հետ մղելով 2 հարված: Բայց քչերն են խոսում Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդի խաղի մասին: «Էվերթոնի» դարպասապահն ամենաքիչ գոլերն ընդունեց սեփական դարպասն այս մրցաշարում (2 անգամ): Պիկֆորդը ևս աչքի ընկավ տպավորիչ սեյվերով, ու եզրափակիչում էլ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, ինչպես Դոնարուման, կարողացավ 2 գնդակ հետ մղել: Պիկֆորդի խաղն արժանի է բարձր գնահատականի:

Pickford heroic but England lose to Italy in penalty shootout - Royal Blue Mersey

Քայլ Ոուքեր (Անգլիա)

Այն, որ Անգլիայի հավաքականը մինչև կիսաեզրափակիչ հասավ առանց ընդունած գնդակի՝ միայն Պիկֆորդի շնորհքը չէ: Անգլիայի հավաքականի ամբողջ պաշտպանողական համակարգը փայլեց, և այդ հարցում մեծ էր Քայլ Ոուքերի ներդրումը: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը քիչ էր միանում թիմի գրոհներին, բայց պաշտպանության աջ եզրում նա անանցանելի էր: Ոուքերը հաղթում էր ֆիզիկապես բոլորին ու հասցնում յուրաքանչյուր գնդակի հետևից:

Աջ պաշտպանի դիրքում կարող էր լինել նաև Նիդերլանդների հավաքականի և առհասարակ Եվրոպայի այս առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը՝ Դենզել Դյումֆրիսը, որը դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Լեոնարդո Բոնուչի/Ջորջիո Կյելինի (Իտալիա)

Այս ԵՎՐՈ-ն Բոնուչիի ու Կյելինիի լավագույն խաղի վերածննդի մրցաշարն էր: Բոնուչի/Կյելինի զույգը վաղուց էր մեկ ամբողջություն դարձել, ինչպես Չավի/Ինիեստան էր, բայց ավարտված մրցաշարում նրանք նույն մարդն էին դարձել ավելի, քան երբևէ: Այս զույգը, վստահաբար, 21-րդ դարի ամենալավ համագործակցողներից է և ավելի ապահով ու վստահելի է, քան հազարավոր ազդանշանային համակարգեր: Նրանք փակում են բոլորին ու ամեն ինչ, խաղում են չափազանց մոտ և ագրեսիվ. նրանք կարող են «ոչնչացնել» մրցակցին, իսկ հետո ժպտալ նրա դեմքին: Վիկիպեդիայում նրանց մասին պետք է լինի մեկ հոդվածում:

Bonucci e Chiellini dormono con la coppa! Immagine diventa virale - FOTO

Սիմոն Կյեր (Դանիա)

Սիմոն Կյերը վերջին մեկ ամսվա ընթացքում գրավեց բոլորիս սրտերը: Ընդ որում՝ թե՛ իր խաղով, թե՛ առաջատարին բնորոշ հատկանիշներով: Կյերն էր, որ Էրիկսենի ուշագնացության ժամանակ առանց խուճապի ու շատ արագ թույլ չտվեց, որ խաղընկերոջ լեզուն կուլ գնա, նրան ճիշտ դիրքով պառկեցրեց, մինչև բժիշկները կհասնեին օգնության, իսկ հետո մոտեցավ Էրիկսենի ընկերուհուն ու գոտեպնդեց ամենածանր պահին: Բացի դա՝ Կյերն իր հասուն խաղով ամուր պահեց դանիացիների թիկունքն ու առաջնորդեց մինչև կիսաեզրափակիչ:

Լյուկ Շոու (Անգլիա)

Անգլիայի հավաքականի մեկ այլ պաշտպան տեղ գտավ խորհրդանշական հավաքականում: Ձախ պաշտպան Լյուկ Շոուն «Յունայթեդում» հավաքած իր ֆանտաստիկ մարզավիճակը տեղափոխեց Եվրոպայի առաջնություն: Առաջին խաղում պահեստայինների նստարանին հայտնվելուց հետո՝ Շոուն մտավ մեկնարկային կազմ ու այլևս չլքեց իր տեղը: Վստահելի՝ թիկունքում, արդյունավետ՝ առջևում: 3 գոլային փոխանցում, 1 գոլ՝ եզրափակիչում: Շոուբերտո Կառլոս:

Ինչպես «Շոուբերտո Կառլոսը» մերժեց Մոուրինյոյին՝ դառնալով լավագույն ձախ պաշտպաններից մեկն աշխարհում

Ձախ պաշտպանի պլան Բ-ն Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» ֆուտբոլիստ Լեոնարդո Սպինացոլան է: Անհավանական ջանքեր գործադրեց այս ֆուտբոլիստն իր մասնակցած բոլոր խաղերում, միայն ափսոս, որ Բելգիայի դեմ խաղում ծանր վնասվածք ստացավ ու երկար ժամանակով դուրս մնաց շարքից:

Սերխիո Բուսկետս (Իսպանիա)

Մրցաշարից առաջ դժվար էր հասկանալ՝ ով է անցումային փուլում գտնվող ու երիտասարդ կազմ ունեցող այս Իսպանիայի հավաքականի առաջատարը: Առաջնության ընթացքում այդ հարցի պատասխանը շատ արագ ակնհայտ դարձավ: Խմբային փուլի 3-րդ տուրի՝ Սլովակիայի դեմ խաղում կորոնավիրուսից ապաքինված Սերխիո Բուսկետսը վերադարձավ ու էականորեն ուժեղացրեց իր թիմի խաղը: Բուսկետսն ամբողջությամբ համակարգում էր իսպանացիների գրոհները, օգնում պաշտպանությունում, երբեմն նույնիսկ առաջ գալիս ու հարվածում, երիտասարդ խաղընկերներին էլ վստահություն փոխանցում:

Sergio Busquets Net Worth: How Much Does The Spanish Footballer Earn? - digitalfurry.com

Պոլ Պոգբա (Ֆրանսիա)

Ֆրանսիայի հավաքականը ձախողեց Եվրոպայի այս առաջնությունը, բայց Դեշամի թիմում կար կիսապաշտպան, որ իր լավագույն խաղը ցուցադրեց: Պոլ Պոգբան անցկացրած 4 խաղերից 3-ում հիասքանչ ֆուտբոլ խաղաց: Գերմանիայի դեմ նա լավագույնն էր բոլոր ցուցանիշներով (միկրոմենամարտերում հաղթանակներ, խլումներ, փոխանցումների ճշգրտություն): Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղում նա 3 անգամ մեկ փոխանցումով խաղընկերներին դուրս բերեց մեն-մենակ, Շվեյցարիայի դեմ խաղում էլ նա շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, որին կրկին ուղեկցում էր որակյալ խաղը: Այս Պոգբան արժե 105 մլն եվրո:

Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

Միկել Դամսգոր (Դանիա)

Դանիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, որին բացահայտեցին շատերը Եվրոպայի այս առաջնության ժամանակ: Դանիացիների հարձակման գծի պատասխանատվությունն ավելի մեծացավ Էրիկսենի կորուստից հետո, և այդ պատասխանատվությունը որպես հնարավորություն օգտագործեց 21-ամյա Միկել Դամսգորը, որն իր արագությամբ, սուր գործողություններով ու արդյունավետ խաղով հիացրեց: Դամսգորը 2 գոլ խփեց՝ առաջինը Ռուսաստանին կատարած շքեղ հարվածով, դե իսկ երկրորդը Անգլիային կիսաեզրափակիչում մեկ այլ հրաշալի հարվածով՝ դառնալով առաջին ֆուտբոլիստն այս մրցաշարում, որ գրավեց Ջորդան Պիկֆորդի դարպասը:

Հարձակողական կիսապաշտպանի դիրքում կարող էր լինել նաև Էմիլ Ֆորսբերգը՝ Շվեդիայի հավաքականի ընդգծված առաջատարը, որը մրցաշարում դարձավ 4 գոլի հեղինակ:

Ֆեդերիկո Կիեզա (Իտալիա)

Կիեզան, ի սկզբանե, Մանչինիի մեկնարկային կազմում չէր: Բայց փոխարինման դուրս գալով ու վճռորոշ գործողություններով նա ոչ միայն խլեց տեղը Բերարդիից, այլ նաև ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական կազմում: Կիեզան որոշիչ գոլ խփեց Ավստրիայի դեմ խաղում, գրավեց նաև Իսպանիայի հավաքականի դարպասը կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչում՝ Անգլիայի դեմ խաղում նա իտալացիների ամենավտանգավոր ֆուտբոլիստն էր: Էնրիկո Կիեզան հպարտությամբ է դիտել որդու ելույթները:

Ռահիմ Ստեռլինգ (Անգլիա)

Ռահիմ Ստեռլինգն անհաջող մրցաշրջան էր անցկացրել «Մանչեսթեր Սիթիում», և ոչ ոք չէր սպասում, որ նա այդքան մեծ մրցակցության պայմաններում կհայտնվի Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում: Բայց նա հայտնվեց ու գերազանց մրցաշար անցկացրեց: Հաղթական գոլ՝ Խորվաթիայի ու Չեխիայի ընտրանիների դեմ խաղերում, ամենակարևոր՝ «կոտրող» գոլը Գերմանիայի դեմ խաղում, գոլային փոխանցում ուկրաինացիների դեմ խաղում և վաստակած 11-մետրանոց (շատերի համար վիճելի) Դանիայի դեմ կիսաեզրափակիչ խաղում: Ստեռլինգը հավաքականում բոլորովին այլ տեսք ունի:

Opinion: England′s Raheem Sterling shows Joachim Löw that football has moved on | Sports| German football and major international sports news | DW | 29.06.2021

Պատրիկ Շիկ (Չեխիա)

Մրցաշարից առաջ շատերդ կմտածեիք, որ կենտրոնական հարձակվողի դիրքում կտեսնեք Քեյնի, Լուկակուի, Ռոնալդուի կամ Բենզեմայի անունը, բայց տեսնում եք Պատրիկ Շիկի անունը: Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստը, նախ, ցնցեց Եվրոպան՝ Շոտլանդիայի դարպասը խփած անհավանական գոլով: Շիկը գոլերի որակից բացի աչքի ընկավ նաև քանակով: Չնայած խփեց 5 գոլ, որն առավելագույնն էր մրցաշարում՝ Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին, բայց չդարձավ լավագույն ռմբարկու, քանի որ Ռոնալդուն նաև 1 ասիստ էր կատարել: Այնուամենայնիվ՝ Շիկն իր 5 գոլերից միայն 1-ն է խփել 11-մետրանոցից, իսկ նրա նման արդյունավետությունն անսպասելի ու սենսացիոն էր բոլորի համար:

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

 

View this post on Instagram

 

A post shared by Vivaro News (@vnews.sport)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա