Logo

Լևիի գահակալումը. աշխարհի ամենաբարդ բանակցողը, որ հաղթեց նույնիսկ «Սիթիին»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 14.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
newFile 1 - Լևիի գահակալումը. աշխարհի ամենաբարդ բանակցողը, որ հաղթեց նույնիսկ «Սիթիին»

Հարի Քեյնը, ըստ ֆուտբոլային բոլոր տրամաբանությունների, գրված ու չգրված օրենքների, պետք է այս ամռանը տեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի»: «Սիթին» ուներ (շատ) փող, ուներ ուժ, մարզական գրավիչ նախագիծ և Հարի Քեյնի՝ ակումբը փոխելու մեծ ցանկությունը, բայց տրանսֆերն այդպես էլ չկայացավ: «Սիթին» բախվեց Դանիել Լևի կոչվող «պատին»: «Տոտենհեմի» սեփականատերն արաբ շեյխ չէ, նավթային բիզնեսներից ահռելի միլիարդներ չի ստանում ու չի ֆինանսավորում ակումբը, բայց նրա հետ գործարքի մեջ մտնելն ամեն մարդու բան չէ:

Նա անգլիական ֆուտբոլի ամենահզոր մարդկանցից մեկն է, որ «Տոտենհեմին» 20 տարվա ընթացքում միջակ ակումբի կարգավիճակից մտցրեց անգլիական «մեծ վեցնյակ», հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Նրա ժամանումից առաջ ակումբի արժեքը 80 մլն ֆունտ էր, իսկ հիմա՝ 2 մլրդ:

Ո՞վ է Լևին, որտեղի՞ց է գալիս

Լևիի շրջապատի մարդկանց համար անակնկալ չէ, որ նա դարձավ անգլիական ֆուտբոլի ամենահաջողակ բիզնեսմեններից մեկն ու ֆուտբոլային աշխարհի ամենաբարդ բանակցող անձն առհասարակ:

Հրեական ծագում ունեցող Լևին ծնվել է Լոնդոնում: Նրա հայրը նույնպես եղել է բիզնեսմեն ու 1912-ին հիմնել է «A Levy & Sons» ընկերությունն ու «Mr Byrite» հագուստի խանութների ցանցը: Լևին մանկուց հետաքրքրվել է բիզնեսով ու դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Քեմբրիջի տնտեսագիտության բաժին: 1980-ականների սկզբում Դանիելն աչքի է ընկել անհավանական աշխատասիրությամբ, մեծ հավակնություններով ու սովորելու հակումով. «Ինձ համար Քեմբրիջն ավարտելը կյանքի նպատակ էր: Քննություններին նախորդած ամիսներին չկար մեկ ժամ, որ ես քրտնաջան չաշխատեի, քանի որ կարծում էի՝ բավարար որակներ չունեմ», – ասում է Լևին, որն ամիսներ անց իր անունը կարդում է քննությունը հաջողությամբ հանձնած ուսանողների անունների շարքում:

1990-ականներին Լևին աշխատում է ընտանիքի բիզնեսում ու մենեջմենթի ասպարեզում կարևոր փորձ ձեռք բերում, բայց նրա՝ հմուտ բանակցողի ու բիզնեսմենի որակները զարգացնելու հարցում ամենակարևոր հանդիպումը եղել է միլիարդատեր ներդրող Ջո Լյուիսի հետ: Նա եղել է Լևիի գլխավոր ուսուցիչը:

Մեր ընտրանին.

Երբ Լևին մտավ ֆուտբոլային աշխարհ

Լևին հետաքրքրված էր ֆուտբոլով դեռ պատանեկան տարիներից, և նրա գործունեությունը ֆուտբոլում սկսում է ENIC (English National Investment Company) ընկերությունում՝ որպես տնօրեն: ENIC-ը բավական խոշոր ընկերություն էր ու գնում էր եվրոպական տարբեր ակումբների բաժնետոմսեր («Սլավիա», «Վիչենցա», «Բազել», ԱԵԿ, «Ռենջերս»), բայց կազմակերպության գլխավոր նպատակն անգլիական ակումբ ունենալն էր: ENIC-ը հետաքրքրություն էր ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ, նույնիսկ ցանկանում էր գնել «Ուեմբլին»:

Daniel Levy must relinquish role if Tottenham Hotspur are ever to realise ambitions | Sport | The Sunday Times

Բայց Լևիի ակումբը դարձավ «Տոտենհեմը», որին նա երկրպագում էր մանկուց, երբ առաջին անգամ հորեղբայրը նրան տարել էր «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտ: Ալան Շուգարը ցանկանում էր վաճառել «Տոտենհեմը»: 1998-ից սկսեցին բանակցությունները Լևիի ու Շուգարի միջև, ու 2000-ի դեկտեմբերին գործարքը կայացավ: ENIC-ը գնեց «Տոտենհեմի» բաժնետոմսերի 30 տոկոսը: 38-ամյա Լևին արդեն ակումբի ղեկավար կազմում էր:

Խառնվածքը

Լևին իր խառնվածքով ինտրովերտ է ու բավական քչախոս: Նա ունի ընկերների շատ նեղ շրջանակ, ու նրա անհատականությունը հանելուկ էր թե՛ երկրպագուների, թե՛ «Տոտենհեմի» աշխատակիցների համար. «Դանիելն առանձին շփումներում ֆանտաստիկ է: Նա քիչ է խոսում, բայց հրաշալի է աշխատում: Նա ունի իր մոտ ընկերների ու վստահելի խորհրդատուների շրջանակը և բաց է միայն նրանց համար: Դա իր քաղաքականությունն է՝ որպես բիզնեսմեն», – ասում է Դևիդ Բուքլերը՝ «Տոտենհեմի» նախկին փոխնախագահը:

Կարծիքները Լևիի անձի մասին հակասական են: Շատերն ասում են, որ նա իր զբաղեցրած պաշտոնի համար խարիզմատիկ չէ, մյուսներն էլ ասում են, որ նա պարզապես չի սիրում հանրային ելույթներ ունենալ. եթե մտնում եք նրա «վստահության գոտի», նա նույնիսկ կարող է զվարճանալ ձեզ հետ:

Հոբին

Լևին, առհասարակ, սիրում է սպորտն ու առողջ ապրելակերպը: Նրա գլխավոր նախասիրություններից մեկը լեռնագնացությունն է: Նա նույնիսկ առանձնատուն ունի ֆրանսիական ալպերում՝ Մոն Բլանում, որտեղ մի օր հրավիրել էր «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:

Լևին ատում է ծխախոտը: Պատահական չէ, որ «Տոտենհեմի» մարզաբազան դարձավ առաջինն Անգլիայում, որտեղ արգելեցին ծխելը: Ավելին՝ Լևին արգելեց ակումբի պաշտոնական խանութներում վաճառել մոխրամաններ: Նա հետևում է իր ֆիզիկական վիճակին ու մյուսներից էլ պահանջում անել նույնը:

Լևին չափազանց ուշադիր է դետալներին: Նա ցանկանում է միշտ տեղյակ լինել այն ամենի մասին, ինչ կատարվում է ակումբում: Նա իրեն համարում է պերֆեկցիոնիստ, ու կարող է գիշերվա ուշ ժամին նստել և կարդալ/ուղարկել գործնական նամակներ:

Spurs chairman Levy elected to ECA executive board | Reuters

«Տոտենհեմ». Լևիի թուլութունը

Ինչպիսին էլ լինի բնավորությամբ Լևին՝ սառը թե տաք, ինչ նախասիրություններ էլ ունենա, «Տոտենհեմը» նրա կյանքում առաջին տեղում է: Լևին ապրում ու շնչում է իր ակումբի հաջողություններով ու ձախողումներով:

2017-ին, երբ «խթանները» հաղթեցին «Չելսիին» 2-0 հաշվով, Լևին Պոչետինոյին հաղորդագրություն էր գրել. «Ամբողջ գիշեր չեմ քնել ուրախությունից»: Նույնը լինում է նաև հակառակ դեպքում: 2008/09-ին, երբ «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի առաջին 8 տուրից հետո վաստակել էր ընդամենը 2 միավոր, Լևին ընկերներին ասել է, որ մի քանի շաբաթ չի քնել՝ Չեմպիոնշիփում հայտնվելու վախից, քանի որ չափազանց մեծ պատասխանատվություն է զգում երկրպագուների հանդեպ:

Աշխարհի ամենաբարդ բանակցողը

Դանիել Լևին սեպտեմբերից դեկտեմբեր և փետրվարից հունիս ընկած ամիսներին բավական սիրալիր ու լավ մարդ է: Բայց հունվարին ու ամռանը, այսինքն՝ տրանսֆերային շուկայի ամիսներին նա դառնում է «բոբո»:

Բանակցությունների սեղանին ոչ ոք այնքան վախեցնող չէ, որքան Լևին, ինչի շնորհիվ «Տոտենհեմը» վերջին տասնամյակում գերշահավետ գործարքներ է իրականացրել: Այս մարդու երակներում արյուն չի հոսում բանակցելիս, այդ պահին նրա նյարդերն անսահման ամուր են: Նա առավելագույնն է քաղում իր ունեցած խաղաքարտերից, միշտ խոսում է փաստարկներով ու կարողանում մոլորեցնել դիմացինին: Ֆուտբոլային գրեթե բոլոր խոշոր անձինք՝ ակումբների նախագահներն ինչ-որ ժամանակ բախվել են Լևիին և ունեն նրա հետ բանակցելու դառը փորձ: Որոշներն այնպես են տապալվել այդ գործընթացներում, որ այժմ լսել անգամ չեն ուզում նրա հետ կրկին բանակցելու մասին:

Daniel Levy Is to Blame for Spurs' Failings This Season | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Լևին չգիտի՝ ինչ է «բավական» բառը: Նա միշտ բանակցում է, նույնիսկ այն ժամանակ, երբ կա պայմանավորվածություն: Երբ ինչ-որ ֆուտբոլիստի համար ակումբը պահանջում է 50 մլն, Լևին անպայման այդ գինը կնվազեցնի: Եվ այդպես այնքան ժամանակ, մինչև դիմացինը կհոգնի ու կհանձնվի:

Վառ օրինակ է Ֆերնանդո Մորիենտեսի Չտրանսֆերը 2002-ին: Լևին բանակցում էր «Ռեալի» մարզական տնօրեն Խորխե Վալդանոյի հետ, կար հստակ համաձայնություն 10 մլն եվրոյի շուրջ: Բայց համաձայնությունից հետո Լևին ասաց, որ այդ գումարը կվճարի 10 տարվա ընթացքում: Խենթացած Վալդանոն չեղարկեց գործարքը: Նույնը նաև Բերբատովի դեպքում եղավ՝ արդեն հակառակ ուղղությամբ: Տրանսֆերային պատուհանի մինչև վերջին օրը Լևին պնդում է իր ուզած գինը՝ 30 մլն ֆունտը բուլղարացու համար: Եթե նրա փոխարեն այլ նախագահ լիներ, արդեն կհանձնվեր ու կվաճառեր Բերբատովին, բայց Լևին դիմանում է ու տրանսֆերային շուկայի փակումից 5 րոպե առաջ հասնում իր ուզածին. «Աստված գիտի՝ ինչպես այդ օրը սրտի կաթված չստացա», – ասում է բանակցություններում ներգրավված մարդկանցից մեկը:

Բանակցելը, գին նվազեցնելը կամ բարձրացնելը (կախված՝ որն է այդ պահին իր համար շահավետ) Լևիի թուլությունն է: «Վստահ եմ, նույնիսկ եթե գնայի ու իմ հաճախորդի համար ավելի ցածր աշխատավարձ պահանջեի, քան Լևին է վճարում, նա նորից կբանակցեր ու ինչ-որ փաստարկ կբերեր», – կատակում է «Տոտենհեմի» ֆուտբոլիստներից մեկի գործակալը:

Գարեթ Բեյլի ու Լուկա Մոդրիչի «կյանքն էլ կերավ» Լևին, մինչև բաց թողեց նրանց «Ռեալ»: Խորվաթ ֆուտբոլիստի դեպքում նա ստացավ 32 մլն, իսկ Բեյլի դեպքում՝ այդ ժամանակվա համար ռեկորդային 100 մլն եվրո:

Gareth Bale Transfer Rumours: Latest Buzz Surrounding Tottenham Star | Bleacher Report | Latest News, Videos and Highlights

Իհարկե՝ Լևին անհամեմատ ավելի շահավետ գործարքներ է ունեցել, բայց նրա այդ քաղաքականությունը նաև վնասել է ակումբին: Եղել են դեպքեր, երբ Լևին իր համառության «երեսից» պարտվել է: Օրինակ՝ երբ Պոչետինոն պահանջում էր գնել Վիլֆրեդ Զահային, Լևին առաջարկեց ընդամենը 12 մլն ֆունտ: «Քրիսթալ Փելասին» վիրավորեց այդ առաջարկն ու նույնիսկ բանակցություն տեղի չունեցավ: Նույնը վերաբերում է նաև Ջեք Գրիլիշին. «Տոտենհեմը» կարող էր ունենալ անգլիական ֆուտբոլի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին ավելի վաղ, քան «Ասթոն Վիլան»:

«Տոտենհեմը» չկարողացավ նաև որոշ ֆուտբոլիստների վաճառել բարձր արժեքով՝ Լևիի քաղաքականության հետևանքով: Էրիկ Դայերը, Դենի Ռոուզը, Քրիստիան Էրիկսենն ու Յան Վերտոնգենը տարիներ առաջ շատ բարձր արժեք ունեին, ցանկանում էին հեռանալ, բայց Լևին նրանց արժեքն ավելի էր բարձրացնում ու տրանսֆերը չէր կայանում: Տարիներն անցան, նրանցից շատերի պայմանագրի ժամկետը լրացավ կամ դրանց ավարտին մնաց 1 տարի: «Տոտենհեմը» ստիպված եղավ որոշ ֆուտբոլիստների բաց թողնել անվճար, որոշներին էլ՝ ցածր գնով:

Լևին միշտ գիտի՝ ինչ է անում

Այդուհանդերձ՝ Լևին զգուշավոր է, քանի որ գիտի՝ «Տոտենհեմը» գործարքներում սխալվելու իրավունք չունի: Բայց ինչո՞ւ:

Եթե լոնդոնյան ակումբը ցանկանում է հավասարի պես պայքարել «մեծ վեցնյակի» թիմերի դեմ, ապա պետք է «դողա» յուրաքանչյուր գործարքի վրա: Լոնդոնյան ակումբը չունի շատ հարուստ ֆինանսական ներդրումների աղբյուր, ինչպես «Սիթին» կամ «Չելսին», ու պետք է ծախսի այնքան, որքան վաստակել է իր խաղացողների վաճառքներից:

Հարի Քեյնին չվաճառելը հենց այդ հանգամանքով է պայմանավորված: «Սիթին» Քեյնի համար պատրաստ էր վճարել 150 մլն եվրո, բայց նույնիսկ դա բավական չէր, քանի որ Լևին չտեսավ 150 մլնով Քեյնին փոխարինող գտնելու կամ փոխարինելու ձև գտնելու միջոց: Ուստի՝ լոնդոնյան ակումբը «չվազեց» խոշոր գումարի ետևից՝ առաջնահերթ համարելով թիմի մարզական շահերը: Պրեմիեր լիգայի այս խաղարկության առաջին 3 տուրերից հետո «Տոտենհեմն» առաջինն է մրցաշարային աղյուսակում:

Daniel Levy responds to Harry Kane's plea to leave Tottenham | Metro News

Այսպիսին է Լևին. ինքնամփոփ, խելացի, բանակցություններում բարդ, բայց իր ակումբին նվիրված մարդ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա