Levi Strauss & Co ամերիկյան ջինսերի ցանցը 29 տարվա գործունեությունից հետո լքում է ռուսական շուկան, գրում է «Կոմերսանտ»-ը։ Ընկերությունն արդեն դադարեցրել է նոր ապրանքների մատակարարումները և այժմ գնորդներ է փնտրում Ռուսաստանում իր մանրածախ բիզնեսի համար:
Ռուսական Levi's խանութների պոտենցիալ գնորդների թվում աղբյուրները նշում են թուրքական Fiba Holding A.S ընկերությունը, որը զարգացնում է Gap, Marks & Spencer և Banana Republic խանութները Ռուսաստանում։
Մարտին Levi's-ի գլխավոր գրասենյակը հայտարարեց, որ դադարեցնում է առևտրային գործունեությունը և ցանկացած ներդրում Ռուսաստանում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։
Ռուսաստանում առաջին Levi's խանութը բացվել է 1993 թվականին։ Ըստ «Կոմերսանտ»-ի՝ այժմ ընկերությունն ունի մոտ 90 կետ երկրում:
Յեյլի կառավարման դպրոցի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից մոտ 1000 արտասահմանյան ընկերություն հայտարարել է Ռուսաստանից դուրս գալու կամ երկրում գործունեության սահմանափակման մասին։ Մասնավորապես, փակվել են Inditex (Zara, Zara Home, Pull&Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho ապրանքանիշեր) և H&M կոնցեռնների խանութները։