Logo

Լևոն Պաչաջյանն ավարտեց մարզական կարիերան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.12.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն ավարտեց մարզական կարիերան՝ տեղեկանում ենք ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջից:

«Իմ ժամանակը նույնպես եկավ…

Չնայած մեծ ցանկությանը, ֆիզիկապես և հոգեպես պատրաստվածությանը և պատրաստակամությանը՝ պետք է նշեմ, որ մի փոքր ցավալի հանգամանքներում, բայց գլուխս բարձր ավարտում եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:

21 տարի շարունակ ամենատարբեր մակարդակներում հանդես եմ եկել 4 տարբեր երկրների առաջնություններում: Հռչակվել եմ Հայաստանի վեցակի չեմպիոն, երեք անգամ հաղթել եմ Հայաստանի՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը և բախտ եմ ունեցել մեկ անգամ գլխիս վերևում պահել Հայաստանի գավաթը:

2003-ին լավագույն կիսապաշտանի, իսկ 2007-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն եմ արժանացել, որի համար անչափ շնորհակալ եմ և հպարտ:

Արտերկրում էլ հաղթել եմ տարբեր մակարդակների առաջնություններում՝ ճանաչվելով ակումբի («Սանաթ-Նաֆթ») տվյալ տարվա լավագույն ֆուտբոլիստ և առաջնության (Լինշոպինգ Սիթի, Շվեդիա, Երկրորդ դիվիզոն) լավագույն կիսապաշտպան:

Խաղացել եմ բոլոր տարիքային (17/19/21) հավաքականներում, իսկ ամենակարևոր ձեռքբերումս ֆուտբոլում իմ երկրի՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելն է: 38 խաղ եմ անցկացրել հավաքականում, խփել եմ 2 գոլ և արել եմ հնարավորինս՝ նպաստելու մեր ազգային հավաքականի հաջողությանը:

Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր մարզիչներին՝ սկսած իմ առաջին մարզիչներ Ռոբերտ Մուրադյանից, Պավել Փաչաջյանից, Հակոբ Անդրեասյանից, Ազատ Մանգասարյանից մինչև Միխայ Ստոյկիցա, Արմեն Գյուլբուդաղյանց, Սամվել Պետրոսյան, Յան Պորտերֆիլդ, Վարդան Բիչախչյան, Մագնուս Պերսոն, Մելկե Ալան և այլք…

Ու ամենակարևորը՝ հատուկ շնորհակալություն ընտանիքիս՝ հորս գլխավորությամբ, մորս, կնոջս, երեխաներիս, որոնք մինչև վերջին պահն աջակցել, սովորեցրել, պայքարել, քննադատել, գովեստի խոսքեր են ասել և միշտ ցանկացել են ինձ ուժեղ տեսնել: Վերջին տարիներին ֆուտբոլ խաղալու համար իմ ընտանիքին եմ պարտական:

Ֆուտբոլն ինձ համար առանձնահատուկ է նաև այն բանի համար, որ ինձ տվել է ընկերներ, որոնք ժամանակի ընթացքում հատուկ տեղ են զբաղեցրել իմ կյանքում, որ օգնել և օգնում են ինձ ամենադժվար պահերին և մինչև հիմա իմ կողքին են և միշտ էլ կլինեն, ինչպես որ ես եմ նրանց կողքին:

Հպարտ եմ ձեզանով ու շնորհակալ եմ, որ դուք կաք իմ կյանքում:

Եվ ամենավերջում՝ շնորհակալ եմ հայ երկրպագուներին, ֆուտբոլի երկրպագուներին, որ հիշում են և, երկար տարիների ընթացքում չմոռանալով իմ խաղը, միշտ աջակցել են և գովեստի խոսքերով ոգևորել են ինձ: Նաև շնորհակալ եմ ինձ քննադատողներին, որոնց խոսքերը նույնպես ձևավորել են առաջ գնալու իմ բնավորությունը: Շնորհակալ եմ բոլորիդ:

Այսքանով եզրափակեմ իմ խոսքը որպես ֆուտբոլիստ և հիմա կտրուկ փոփոխության եմ գնում՝ չբարձրաձայնելով իմ հետագա անելիքները: Շնորհակալ եմ»,- գրել է Պաչաջյանը:

Հավելենք՝ Պաչաջյանի վերջին թիմը եղել է շվեդական «Լինշոպինգ Սիթին»: 2021 թվականի հունվարի 1-ից 38-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում էր:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա