Logo

Լիանա Գյուրջյանը և Սիմոն Մարտիրոսյանը հավակնում են Եվրոպայի 2021 թվականի լավագույն ծանրորդի կոչմանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:15 / 13.05.2022Ծանրամարտ
null

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան հայտարարել է 2021 թվականի աշխարհամասի լավագույն մարզիկին և մարզուհուն որոշելու համար նախաձեռնած քվեարկության մեկնարկի մասին։ Երկու սեռի 10-ական թեկնածուների թվում են Լիանա Գյուրջյանը և Սիմոն Մարտիրոսյանը՝ նշված է կազմակերպության հրապարակած անվանացանկում։

Առցանց քվեարկությունը տևելու է մինչև մայիսի 21-ի կեսգիշեր (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով)։ Կանանց անվանակարգում քվեարկության են ներկայացվել նաև Ջեյդ Էմիլի Քեմպբելի (Մեծ Բրիտանիա), Ելենա Կիլչիկի (Մոլդովա), Սազիե Էրդողանի (Թուրքիա), Սոլֆրիդ Կոանդայի (Նորվեգիա), Ալինա Մարուշչակի (Ուկրաինա), Նինա Ստռեքսի (Բելգիա), Կարոլին Պատրիցիա Ստրենոուսի (Շվեդիա), Մերիամ Դորա Ցակոն (Ֆրանսիա) և Լորեդան Տոման (Ռումինիա)։

Տղամարդկանցից լավագույնի կոչմանը հավակնում են նաև Ստեֆան Բարտոլոմեյ Ադամուսը (Լեհաստան), Բրիկեն Կալջան (Ալբանիա), Նիկո Մյուլերը (Գերմանիա), Հասան Նասարը (Բուլղարիա), Անտոնիո Պիզոլատոն (Իտալիա), Արտուրս Պլեսնիեկսը (Լատվիա), Մարին Ռոբուն (Մոլդովա), Լաշա Տալախաձեն (Վրաստան) և Միրկո Զանին (Իտալիա)։

Քվեարկողները կարող են ձայն տալ իրենց ընտրած 1-ական մարզիկ-մարզուհու։ Հաղթող են ճանաչվելու առավելագույն ձայն ստացած թեկնածուները, որոնք մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ պարգևատրվելու են մայիսի 27-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի 100-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունում Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունից, իսկ երկամարտի գումարով դարձել է բրոնզե մեդալակիր։

Սիմոն Մարտիրոսյանը հաղթել է պոկում վարժությունում, իսկ հրումից և երկամարտի գումարով հաշվարկային տեղ չի գրավել։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա