Logo

««Սպորտինգում» ասացին, որ տեղյակ են իմ մասին». Հայաստանի հավաքականի յուրահատուկ տվյալներով նորեկը (ֆոտո)

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
16:02 / 17.11.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Արման Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականը նոր խաղացող ունի: 21-ամյա կենտրոնական պաշտպան Արման Ղազարյանը 2022 թվականին հայկական ֆուտբոլի գլխավոր բացահայտումներից մեկն է: Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսից նա դարձավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» հիմնական կազմի ֆուտբոլիստ, ակումբի հետ հասավ գավաթի խաղարկության եզրափակիչ, իսկ նոր մրցաշրջանից անփոխարինելի է դարձել երևանյան թիմում:

Ղազարյանը յուրահատուկ տվյալներ ունի: 191 սմ հասակ ունեցող ձախլիկ կենտրոնական պաշտպանը թիմին օգնել է 8 «չոր» խաղ անցկացնել: Ազգային հավաքականից հրավերը երկար սպասել չտվեց:

VNews-ի հետ հարցազրույցում Ղազարյանը պատմեց հավաքականից ստացած հրավերի, «Ուրարտուի» խաղային առաջընթացի, եվրոպական հեղինակավոր ակումբներից ստացած առաջարկների, խաղի ժամանակ անսովոր որոշումների և այլ թեմաների մասին:

- Ընթացիկ մրցաշրջանում արդեն գրեթե այնքան խաղի (15) եք մասնակցել, որքան նախորդ ամբողջ մրցաշրջանում (17): Ի՞նչ է փոխվել:

- ԲԿՄԱ-ի հետ Պրեմիեր լիգա բարձրանալուց հետո երկար ժամանակ մարզվում էի թիմի հետ, բայց խաղաժամանակ չէի ստանում: Ամեն ինչ անում էի, որ հնարավորինս շուտ շանս ստանամ: «Ուրարտու» վերադառնալուց հետո մեծ վստահություն ստացա Ռոբերտ Արզումանյանից: Այդ վստահությունն օգնեց, որպեսզի լավ խաղամ և օգնեմ թիմին: Ամռանը տեղի ունեցավ գլխավոր մարզիչի փոփոխություն, բայց նույնպես վստահություն եմ զգում նոր մարզիչների կողմից: Ես էլ ամեն ինչ անում եմ, որ այն պահպանեմ:

- Առաջին խմբում դուք հաճախ էիք խաղում, բայց ԲԿՄԱ-ի՝ Պրեմեիր լիգա բարձրանալուց հետո սկսեցին Ձեզ քիչ խաղաժամանակ տրամադրել: Ի՞նչն էր պատճառը:

- Ես էլ չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ այդ ժամանակվա մարզումներն ինձ օգնել են հետագայում ինտեգրվել «Ուրարտուին»: Կարևոր էր, որ չկոտրվեցի և միշտ ցանկանում էի խաղալ:

- Շարունակելով Առաջին խմբի և Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի թեման: Որո՞նք են այդ երկու մրցաշարերի հիմնական տարբերությունները:

- Առաջին խմբում խառը ֆուտբոլ է, իսկ Պրեմիեր լիգայում ավելի շատ են խելացի, տակտիկական մտքերը, որոնք խաղն ավելի արագ են դարձնում:

- Խաղի տեմպը շա՞տ է տարբերվում:

- Առանձնապես՝ ոչ: Առաջին խմբում թիմերն ավելի թույլ են: Մենք որակյալ ֆուտբոլ էինք խաղում և դրա շնորհիվ հեշտ էր, իսկ Պրեմիեր լիգայում բոլոր թիմերն ուժեղ են և որևէ մրցակցի չեն զիջում: Առաջին խմբում մրցակիցները կարող էին առանց նախապատրաստման միանգամից պրեսինգի փորձ կատարել կամ հախուռն գրոհել, Պրեմիեր լիգայում այդպես չէ:

Արման Ղազարյան-1

- Վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ յուրաքանչյուր մարզման ժամանակ ձգտում եք ավելի ուժեղ դառնալ: Օրինակ՝ Ձեր վերջին մարզման ընթացքում ի՞նչն եք ուժեղացրել:

- Մկանային մասսա հավաքելու վրա եմ աշխատել, որպեսզի ավելի ուժեղ դառնամ: Դա ինձ անհրաժեշտ է, որ ուժեղ և արագ թիմերի դեմ ավելի լավ ելույթ ունենամ:

- Դուք տպավորիչ «առաջին փոխանցում» ունեք: Հատուկ աշխատա՞նք եք տարել այդ ուղղությամբ:

- Բոլորն իմ փոխանցումն են ընդգծում, բայց ինձ ճանաչելով, կարող եմ ասել, որ իմ ամենաուժեղ կողմը հոգեբանությունն է դաշտում և դրա սահմաններից դուրս: Հենց ամուր հոգեբանությունն է ինձ օգնում կատարել այնպիսի փոխանցումներ, որ շատերը կարող են չսպասել կամ չհավատալ, որ փոխանցումը կանցնի: Ինչ վերաբերվում է փոխանցումների որակին, ինձ թվում է դա միշտ եղել է, սակայն հետագայում դրա շուրջ էլ մեծ աշխատանք կատարել եմ:

- «Ուրարտուի» ակադեմիայում պատանի ֆուտբոլիստների հետ այդ ուղղությամբ հատուկ մարզումներ են անցկացվո՞ւմ:

- Ակադեմիայում խաղալու տարիներին մենք շատ էինք խաղում կարճ և միջին փոխանցումներով: Երևի, դա է հիմնական պատճառներից մեկը:

- Նաև նկատել եմ, որ խաղակեսը սկսելիս հետ փոխանցում է կատարվում Ձեզ և դուք միանգամից գնդակն ուղարկում եք առաջ: Իսկ, օրինակ, ԲԿՄԱ-ի դեմ խաղում որոշեցիք գնդակով առաջ շարժվել, փոխանցել եզր և գնալ մրցակցի տուգանային հրապարակ: Հանդիպման 20-րդ վայրկյանին մրցակցի տուգանային հրապարակում կենտրոնական պաշտպանի հայտնվելը անսովոր երևույթ է: Այդպիսի հրահանգներ մարզի՞չն է տալիս, թե՞ անձնական նախաձեռնություն է:

- Փոխանցման վերաբերյալ ասեմ, որ մեր նպատակն է առաջին վայրկյանից ճնշում գործադրել մրցակցի վրա և փորձել այն վերածել գոլի: Ինչ վերաբերում է առաջին րոպեին անհատական անցմանը, դա արդեն իմ նախաձեռնությունն էր: Պահը թելադրեց այդպես վարվել:

- Մարզիչն ինչպե՞ս արձագանքեց:

- Նորմալ: Չեմ կարծում, թե որևէ մարզիչ կարող է դժգոհ լինել նման իրավիճակում: Իսկ եթե անգամ գնդակը կորցնեինք, թիմակիցներիցս մեկը կփակեր իմ դիրքը:

- Ռոբերտ Արզումանյանի ժամանակ դուք հաճախ 3 կենտրոնական պաշտպանով էիք խաղում, իսկ Դիմտրի Գոնկոյի օրոք՝ 2: Ձեզ ո՞ր տարբերակն է ավելի հարմար:

- Շատ տարբերություն չկա, մարզիչն ինչպես ասի, այնպես էլ կխաղանք: Կարող եմ ասել, որ 3 կենտրոնականով խաղալիս ավելի շատ եք հոգնում:

- Ինչո՞ւ:

- Օրինակ, եթե խաղում եմ ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում, ցանկացած պահի, երբ մրցակցի ֆուտբոլիստը հայտնվում է աջ կիսաեզրում, պարտավոր եմ ընդառաջ դուրս գալ նրան: Եվ այդպես ամեն անգամ: Իսկ 2 կենտրոնական պաշտպաններով գործելիս, նման իրավիճակներում կիսապաշտպաններին եմ հուշում, որ փակեն այդ գոտին:

Արման Ղազարյան-2
- «Ուրարտուում» Ձեր կողքին մի քանի կենտրոնական պաշտպաններ են խաղում: Ո՞րի հետ եք ամենալավը համագործակցում:

- Չեմ ցանկանա որևէ մեկին առանձնացնել: Իսկապես, բոլորի հետ էլ շատ հարմար է խաղալ:

- Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը մարզիչների մասին, որոնց հետ աշխատել եք: Սկսենք Ռաֆայել Նազարյանից: Ինչպիսի՞ն էր նրա հետ աշխատանքը:

- Նազարյանի մասին միայն լավը կարող եմ ասել: Լավ մարզիչ է, շատ օգնել է իմ կայացման հարցում: Ինչ-որ պահի նա ինձ խաղաժամանակ չէր տալիս, բայց ոչ մի մարզչի չեմ մեղադրի, մարզումներին մասնակցելով էլ եմ առաջընթաց գրանցել: Հետագայում Նազարյանն ինձ հրավիրեց երիտասարդական հավաքական՝ ցույց տալով իր վստահությունը: Լավ գիտելիքներ ունեցող մարզիչ է, և դա կարողանում է փոխանցել ֆուտբոլիստներին:

- Ռոբերտ Արզումանյանի մասին: Նրա դավանած ֆուտբոլը որքանո՞վ է Ձեզ դուր գալիս:

- Մենք այնպիսի ֆուտբոլ էինք խաղում, որն ինձ հարմար էր և հաճելի: Արզումանյանի հետ աշխատանքի ընթացքում հսկայական առաջընթաց եմ գրանցել: Իմ խաղաոճով ֆուտբոլիստին այդ խաղաոճը թույլ է տալիս լավագույնս իրեն դրսևորել:

Արման Ղազարյան-3

- Նախորդ և ընթացիկ մրցաշրջաններում «Ուրարտուի» արդյունքներում նկատելի տարբերություն կա: Արդյո՞ք դա ցույց է տալիս, որ Արզումանյանի ֆուտբոլով դժվար է բարձր արդյունքների հասնել, նույնիսկ՝ Գավաթի եզրափակիչ դուրս գալու պարագայում, թե՞ անմիջական կապ չկա:

- Մենք, երևի, լավագույնն էինք գնդակի վերահսկման գործում, պարզապես չէինք կարողանում նույնքան լավ իրացնել մեր գոլային պահերը: Նման պարագայում, միգուցե, կօգնեին էլ ավելի շատ հարվածները և սրությունը:

- Գունկոյի գալուց հետո ի՞նչ է փոխվել «Ուրարտուի» խաղում:

- Միգուցե, ավելի միտված ենք մրցակցի դարպասին, ավելի սուր ենք գործում: Դա ավելի է մեծացրել թիմի ներուժը:

- Գունկոն թիմը գլխավորելուց հետո ի՞նչ ասաց խաղաոճի փոփոխության մասին:

- Մարզիչները տարբերվում են: Գունկոն միանգամից թիմին ներկայացրեց իր փիլիսոփայությունը: Հիմա այլ տեսակի մարզումներ ենք անցկացնում, ստանդարտների վրա այլ կերպ աշխատում: Նաև ավելացել են ֆիզիկականին միտված մարզումներ: Դա թույլ է տալիս մինչև վերջ պայքարի մեջ մնալ: Որոշ խաղերի վերջնամասերում մեր խփած կարևոր գոլերը նույնպես դա են վկայում:

- Վերջերս հայտարարել էիք, որ «Ուրարտուն» շատ էր ուզում հնարավորինս շուտ առաջին տեղ բարձրանալ: Ինչո՞վ է հիմա դա այդքան կարևոր:

- Առաջին հերթին հոգեբանական տեսանկյունից, ավելի վստահ ենք մեր ուժերին: Միևնույն ժամանակ, վստահ եմ, մրցակիցներն ավելի լավ են սկսել նախապատրաստվել մեր դեմ մրցավեճին, ինչը մեզ չի խանգարում: Այժմ մեր խնդիրն է պահպանել առաջին տեղը:

- Առաջնության մեկնարկից առաջ մտածո՞ւմ էիք չեմպիոնության մասին:

- Միանշանակ: Հենց առաջին խաղից այդ մտքերով ենք սկսել:

Արման Ղազարյան-4
- Թիմի ներսում զրուցո՞ւմ եք չեմպիոնության մասին: Ո՞վ է հիմնական հորդորողը:

- Երբ մեր մարզիչը եկավ թիմ, միանգամից ասաց, որ նպատակը չեմպիոնությունն է: Նախորդ մրցաշրջանում էլ էինք լավ ֆուտբոլ խաղում, բայց «Ուրարտուից» շատ ֆուտբոլիստ չէին հրավիրում Հայաստանի հավաքական: Հիմա առաջին տեղում ենք, և դա լուրջ պատճառ է, որ ազգային հավաքականի մարզիչներն ավելի ուշադիր հետևեն մեր թիմին: Հիմա 4 ֆուտբոլիստ հրավիրվել է «Ուրարտուից», բայց ես կարծում եմ՝ ավելի շատ կարող էին լինել: Կարեն Մելքոնյանը պետք է լիներ ցանկում: Նույնիսկ մի փոքր տարօրինակ է, որ Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստը հրավեր չի ստանում:

- Ո՞ր դիրքում նա կարող էր օգուտ տալ հավաքականին:

- Աջ լատերալի, աջ պաշտպանի, ինչպես նաև աջ վինգերի դիրքերում:

- «Ուրարտուի» մյուս ֆուտբոլիստներին էլ անդրադառնանք: Նարեկ Աղասարյանի ուժեղ կողմերը որո՞նք են:

- Շատ լավ է կառավարում խաղը: Միշտ ճիշտ դիրք է ընտրում, թե՛ գնդակն ընդունելու, և թե՛ այն մրցակցից խլելու համար: Կարծում եմ՝ Նարեկին նույնպես կարող էին հրավիրել հավաքական:

Արման Ղազարյան-5

- Նարեկ Գրիգորյանի խաղում ի՞նչն է տպավորում:

- Շատ լավ խաբքեր ունի և հիանալի հարվածներ է կատարում: Նրա դեմ դժվար է պայքարել, որովհետև ամուր կազմվածք ունի, անչափ պինդ է, նույնիսկ, եթե փորձես հրել, միևնույն է՝ տեղից չի շարժվի: Եվ դրա հետ մեկտեղ շատ ճկուն է:

- Սերգեյ Մկրտչյանի մասին ի՞նչ կասեք:

- Սերգեյի ուժեղ կողմը փոխանցումներն են: Նա նաև միշտ միտված է մրցակցի դարպասին և գոլ խփելուն: Գոլեր է խփում հենց այդ միտվածության շնորհիվ:

- Կարեն Մելքոնյանից մի փոքր արդեն խոսել ենք, ի՞նչ կավելացնեիք:

- Նրա ուժեղ կողմերից է նաև բնավորությունը, երբեք չի հանձնվում, աշխատասեր է և պայքարում է յուրաքանչյուր մետրի համար: Կարենը նաև եզրից լավ փոխանցումների է տիրապետում, ինչը մեզ արդեն օգնել է գոլեր խփել:

- Նախկինում նա կենտրոնական հարձակվող էր...

- Կարծում եմ՝ նրա լավագույն դիրքը եզրում է: Կարենը շատ արագ է, ինչը հարկավոր է եզրից խաղացողին: Կենտրոնում խաղալիս նաև չէր կարող իր այդ լավ փոխանցումները կատարել եզրից:

- «Ուրարտուի» նորեկ լեգեոնականներից ո՞վ է տպավորել ամենաշատը:

- Մարկոսը, Ցիմբալյուկը... Նրանք մեծ օգուտ են տալիս թիմին և կայուն ֆուտբոլ են խաղում, ինչը շատ կարևոր է թիմի համար:

- Սկզբում Մարկոսին մի քանի անգամ տեսանք հենակետայինի դիրքում, բայց հետո ավելի հարձակողական դեր ստացավ և սկսեց գոլեր խփել: Ինչո՞ւմ է բրազիլացու յուրահատկությունը:

- Մարկոսի ամենալավ որակը գնդակով միշտ առաջ գնալն է: Հազվադեպ կարող ես տեսնել, որ նա հետ շարժվի: Նաև հիանալի է խաղն իր վրա վերցնում, այդ թվում՝ դրիբլինգով գրոհներն առաջ տանելով: Կարևոր գոլեր է խփում: Շատ որակյալ լեգեոնական է:

- «Ուրարտուի» կազմում դեռ գոլ չեք խփել, բայց նույն ԲԿՄԱ-ի կազմում 6 անգամ գրավել եք դարպասը: Այդ գոլերը դիտելիս նկատեցի ստանդարտների ժամանակ դիրք զբաղեցնելու Ձեր անսովոր ոճը: Անկյունայինի ժամանակ կանգնում էիք մրցակցի տուգանային հրապարակից դուրս, այնուհետև փոխանցումից հետո խաբուսիկ քայլերով մտնում տուգանայինին և, հաճախ առանց հսկողության մնալով, գոլ խփում: Սա մարզիչների կոմղից մշակած մեթո՞դ է, թե՞ կրկին Ձեր նախաձեռնությունը:

- Ինձ պարզապես այդպես ավելի հարմար է, որ սկզբում հեռու լինեմ այն կետից, որտեղ ուղարկվելու է գնդակը: Եթե նախապես այնտեղ լինեմ, մրցակիցները կկարողանան ինձ սահամանափակել, գրկել, թույլ չտալ, որ ցատկեմ կամ ազատ շարժվեմ: Իսկ Ձեր նշած դեպքում կարող եմ թափ հավաքել և ցատկել: Հուսով եմ՝ շուտով կկարողանամ բացել իմ գոլերի հաշիվն «Ուրարտուի» կազմում:

- Իսկ ստանդարտն իրացնողի հետ Ձեր այդ կոնկրետ գոտի ներխուժելն ու փոխանցում ստանալը միշտ հատուկ հուշումով համաձայնեցվա՞ծ է:

- Որոշ դեպքերում թիմակիցների շարժումներն ուղղված են ինձ համար ազատ գոտի ստեղծելու համար, իսկ այլ դեպքում ես եմ ուրիշի համար նպաստավոր դիրք ստեղծում:

- Դա անկյունայինից առաջ ձեռք բարձրացնելու օրինա՞կն է:

- Այո, բայց դա ամեն անգամ տարբեր բան է նշանակում: Այդ ամենը խաղից առաջ է որոշվում: Կարևորը հիշենք, որ տվյալ օրը ինչ է դա նշանակում (ծիծաղում է):

Արման Ղազարյան-6

- «Արարատի» դեմ խաղի ընթացքում ստացաք «Ուրարտուի» ավագի թևկապը: 21-ամյա ֆուտբոլիստի համար այդ փաստը զարմանալի՞ էր:

- Չէի ասի, ավելի շատ հաճելի էր: Երկար տարիներ «Ուրարտու» ակումբում եմ խաղում, ավագի թևկապը ստանալը պարտավորեցնող էր, նույնիսկ այն կարճ ժամանակում, որ թիմի ավագն էի:

- Թիմի ավագն ինչպիսի՞ն պետք է լինի:

- Ավագը պետք է լինի առաջնորդ, ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրանից դուրս: Ավագի դերը նաև կարևոր պարտականություններ է ենթադրում: Պատահական չէ, որ շատ ակումբներում ավագները թիմի լեգենդներն են: Ավագը պետք է թե՛ իր խոսքերով, և թե՛ գործով առաջնորդի թիմին:

- Լսել եմ, որ դուք հաճախ եք միջազգային ֆուտբոլ դիտում, այն դեպքում, որ ֆուտբոլիստներից հաճախ ենք լսում, որ նրանք այլ խաղերի չեն հետևում, որ չհոգնեն ֆուտբոլից: Հանգստյան օրերին քանի խաղ եք հասցնում դիտել:

- Իսկապես շատ եմ ֆուտբոլ դիտում, դա նաև օգնում է նոր բաներ սովորել, իսկ հետո մարզման և խաղերի ժամանակ կրկնել: Մեկ ուիքենդի ընթացքում հասցնում եմ 3-4 խաղ դիտել:

- Նաև տեղյակ եմ, որ Ֆրանսիայից առաջարկ եք ստացել: Կպատմե՞ք, ե՞րբ էր և ո՞ր ակումբից:

- Ես 16 տարեկան էի, ինձ հետ կապ հաստատեց Լիոնի «Օլիմպիկի» սկաուտը: Նա ասաց, որ դիտել է իմ մասնակցությամբ դրվագները, և եթե նույն կերպ խաղամ նաև Ֆրանսիայում փորձաշրջանի ժամանակ, ապա ակումբի բանալիներն ինձ մոտ կլինեն, և նա բոլոր դռները կբացի ինձ համար: Հենց այդպես էլ ասաց: Ցավոք, դեսպանատնից մերժեցին վիզա տրամադրել:

- «Լիոնը» չմիջնորդե՞ց վիզայի հարցում:

- Նրանք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել էին, այդ թվում՝ հրավեր մեծ եղբորս համար, որ նա որպես չափահաս ուղեկցի ինձ: Բայց ես արդեն մոտենում էի բանակային տարիքին, հաշվառման պետք է կանգնեի, և այդպես էլ մեկնել չհաջողվեց:

- Իսկ Ձեր մասին ինչպես էին իմացել «Լիոնում»:

- Ես ունեի ներկայացուցիչ, որը զբաղվում էր նման հարցերով: Երբ Ֆրանսիայի տարբերակը չստացվեց, հետագայում ներկայացուցիչներս իմ մասին պատմեցին նաև Լիսաբոնի «Սպորտինգի» սկաուտական հարցերով պատասխանատուին: Նա ասել էր, որ շատ լավ տեղյակ է իմ մասին, ես համարվում եմ ոչ շատ հայտնի ֆուտբոլային շուկաների թոփ-20 խաղացողներից մեկը:

- Հիմա առաջարկներ չե՞ք ստանում:

- Օրերս Բելառուսից տարբերակ կար: Առաջնությունում երկրորդ տեղը գրաված թիմի հետ բանակցելու համար իմ համաձայնությունն էին ուզում, բայց մերժեցի: Կարծում եմ՝ Հայաստանի առաջնությունն այս պահին ավելի բարձր մակարդակի մրցաշար է:

- Արդեն հասցրել եք պատմել, թե ինչ հանգամանքներում տեղեկացաք Հայաստանի հավաքականից հրավերին: Այն անակնկա՞լ էր Ձեզ համար:

- Անկեղծ ասած, սպասում էի: Լավ մրցաշրջան ենք անցկացնում, թիմն էլ ինձ շատ օգնեց այս հարցում: Առաջին տեղում ենք, դա էլ, կարծում եմ, ազդեցություն ունեցավ:

- Հավաքականում ակումբի համեմատ շատ ավելի մեծ է ճնշումը: Պատրա՞ստ եք դրան:

- Չեմ կարծում՝ հոգեբանորեն խնդիր կունենամ: Ընդհանրապես չեմ ճնշվում, մտածում երկրպագուների քանակի կամ այլ հարցերի շուրջ: Պետք է լավ խաղով այնպես անեմ, որ մեծ ճնշման տակ չհայտնվեմ:

- Դա հավաքականի բասացական կողմն էր: Իսկ Ձեր նկատմամբ ֆուտբոլասերների հետաքրքրության բազմապատկման դեպքում ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս չկորցնել գլուխը չափազանց շատ գովելի խոսքրից: 

- Չեմ կարծում, թե ինձ մոտ ինչ-որ բան կփոխվի: Պետք է ոչ վատ ժամանակներում ընկճվել, ոչ էլ ամեն ինչ լավ դասավորվելու դեպքում կենտրոնացվածությունը կորցնել: Պետք է միջինը գտնել և պահել այն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա