Logo

Մ-16 հավաքականը հաղթանակում է, ազգային ընտրանին՝ կրում կորուստ, երիտասարդականը՝ մեկնում Մոլդովա. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.06.2017Հայկական ֆուտբոլ
18813197 1884765765116789 5144221104448925107 n - Մ-16 հավաքականը հաղթանակում է, ազգային ընտրանին՝ կրում կորուստ, երիտասարդականը՝ մեկնում Մոլդովա. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 2-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի Մ-16 հավաքականը դարձել է Սոչիում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող: Մեր պատանեկան ընտրանին եզրափակիչ մրցավեճում 4-2 հաշվով հաղթել է Ղազախստանի հասակակից հավաքականին: Դուբլ է ձևակերպել Գրենիկ Պետրոսյանը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Կարեն Մուրադյանը և Ժիրայր Շաղոյանը:
  • Գոռ Մալաքյանը բաց է թողնելու Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները: Բուժզննումը ցույց է տվել, որ կիսապաշտպանին ապաքինման համար անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ: Մալաքյանը վնասվածք է ստացել ուկրաինական «Ստալի» կազմում հանդես գալիս:
  • Մալաքյանից զատ, վնասվածքների պատճառով հավաքականի կազմից բացակայում են նաև Գևորգ Ղազարյանը, Դավիթ Մանոյանը և Հովհաննես Համբարձումյանը, իսկ Վարազդատ Հարոյանը Չեռնոգորիայի ընտրանու դեմ չի խաղա որակազրկման պատճառով:
  • Հայաստանի Մ-21 հավաքականն Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ մեկնել է Մոլդովա, որտեղ հունիսի 4-ին ընկերական հանդիպում է անցկացնելու տեղի երիտասարդական ընտրանու հետ: Հայտացուցակում ընդգրկված են 20 ֆուտբոլիստներ:
  • ՀայաստանՍենտ Քիթս և Նևիս ընկերական հանդիպումը, որը կայանալու է հունիսի 4-ին, սպասարկելու է Վրաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմը: Գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, մրցավարի օգնականներն են Դավիթ Չիգոգիձեն և Լևան Տոդրիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Գևորգ Եղոյանը Հայաստանից:
  • Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչում «Այաքսի» դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ մայիս ամսվա լավագույն գոլ: Սա վերջին 6 ամիսներին 5-րդ դեպքն է, որ Մխիթարյանի խփած գոլն ամսվա կտրվածքով ճանաչվում է լավագույնը: Հենրիխն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել դեկտեմբերին, հունվարին, փետրվարին և ապրիլին:
  • Սենտ Քիթս և Նևիսի հավաքականը հունիսի 2-ին մարզում է անցկացրել «Բանանց» մարզահամալիրում՝ նախապատրաստվելով Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպմանը:
  • «Գանձասար-Կապանի»՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ մեծ միջոցառում է կազմակերպվել Կապանում: Կայացել է համերգ, որի ընթացքում Սյունիքի մարզպետ և ակումբի նախագահ Վահե Հակոբյանը ֆուտբոլիստներին հանձնել է արծաթե մեդալները:

0j1v6lpEgC4

  • «Շիրակը» հայտարարել է Միլյուտին Իվանովիչի և Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ պայմանագրերի խզման մասին: Գյումրիի ակումբը նրանց հաջողություններ է մաղթել հետագա կարիերայում:
  • Երևանի «Ուլիսի» և Արմավիրի «Տորպեդոյի» նախկին ֆուտբոլիստ Իվան Մամախանովը պայմանագիր է ստորագրել Մոսկվայի «Արարատի» հետ:
  • Լիտվայի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Սպարտակսը» սեփական հարկի տակ մեկական գնդակ է փոխանակել «Ելգավայի» հետ: Էդգար Վարդանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա