Logo

Made In Խորվաթիա. ինչպես ունենալ 4 մլն բնակչություն ու լինել ամենաֆուտբոլային երկրներից մեկը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.09.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Screenshot 6 1 - Made In Խորվաթիա. ինչպես ունենալ 4 մլն բնակչություն ու լինել ամենաֆուտբոլային երկրներից մեկը

Խորվաթիայի հավաքականին, Լուկա Մոդրիչին ու Իվան Ռակիտիչին գիտեն բոլորը: Շատերի համար սովորական է տեսնել՝ ինչպես են խորվաթները մեծ մրցաշարերում հեռու գնում, ինչպես են խորվաթ ֆուտբոլիստները խաղում եվրոպական գրանդներում ու հաղթում Չեմպիոնների լիգան: Թվում է՝ Խորվաթիան աշխարհի մեծ և հարուստ երկներից է, ու նորմալ է, որ նրանց ֆուտբոլն այսքան զարգացած է:

Իսկ իրականում այն, ինչ տեսնում ենք՝ սխրագործության, հերոսության, միասնականության, տաղանդի ու աշխատանքի ճիշտ միաձուլման արդյունք է: Խորվաթիան, որպես անկախ պետություն, ունի ուղիղ 30 տարվա կյանք, իսկ այս երկրի բնակչությունը, ըստ պաշտոնական տվյալների, 4 մլն է: Բայց այս երկրի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի գործող փոխչեմպիոնն է, ամբողջ Եվրոպայում ունի թոփ ֆուտբոլիստներ՝ տարբեր դիրքերում, ունի շատ մրցունակ առաջնություն, որի ակումբները մշտապես խաղում են եվրագավաթներում, և ունի ֆուտբոլային յուրահատուկ մշակույթ, որ չունեն նույնիսկ եվրոպական ամենազարգացած երկրներից որոշները:

Ֆուտբոլն ու նացիոնալիզմը

Խորվաթների մոտ սերը ֆուտբոլի հանդեպ ուժեղացավ երկրի ու խորվաթ ժողովրդի համար ամենածանր ժամանակաշրջանում՝ պատերազմի թոհուբոհի մեջ:

Հարավսլավիայում 1990-ականներին իրավիճակը թեժ էր: Խորվաթիան ցանկանում էր անկախանալ, մինչդեռ սերբերը հայտարարում էին, որ «Զագրեբը Սերբիա է և վերջ»: Խորվաթիան, ի վերջո, 1991-ի հունիսի 25-ին հայտարարեց իր անկախության մասին, ինչին հետևեց ռազմական մեծ էսկալացիա: Սերբերի հետ 4 տարի տևած պատերազմը ոչ միայն ունեցավ անջնջելի հետևանք խորվաթների համար (20 հազար զոհ, 37 հազար վիրավոր ու 3 հազար անհետ կորած), այլ նաև մեծ հետք թողեց նաև ներկա ֆուտբոլիստների կյանքում: Սերբ զինվորներից մեկը սպանել էր Լուկա Մոդրիչի պապիկին ու այրել նրա տունը, Իվան Ռակիտիչը ծնվել է Շվեյցարիայում, քանի որ նրա ընտանիքը պատերազմի ժամանակ գաղթել էր այնտեղ, իսկ Մարիո Մանջուկիչի ընտանիքը փախել էր Գերմանիա, որտեղ ֆուտբոլիստը փախստականի կարգավիճակով ապրել է 5 տարի. «Այդ դաժան տարիների հետևանքն է, որ ես հիմա այսքան բարդ բնավորություն ունեմ», – խոստովանել էր Մանջուկիչը:

1995-ին պատերազմն ավարտվեց Խորվաթիայի հաղթանակով: Անկախ Խորվաթիայի Հանրապետության առաջին մեծ նվաճումը ֆուտբոլում 1998-ին էր, երբ Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ խորվաթները զբաղեցրին երրորդ հորիզոնականը: Այդ հավաքականի առաջատարներ Դավոր Շուկերը, Զվոնիմիր Բոբանն ու Ռոբերտ Պրոշինեչկին դարձան ազգային հերոսներ, կուռքեր ու խորվաթ երիտասարդների համար հրաշալի օրինակ: Խորվաթիայի հավաքականի պաշտպան Իգոր Ստիմաչը, որ նաև խաղացել էր Հարավսլավիայի հավաքականում, բացատրում է, որ իր երկրում այժմ ֆուտբոլի հանդեպ մոտեցումն ու ընկալումը փոխվել է և դարձել ազգային միասնականության դրսևորում. «Հարավսլավիայի հավաքականում խաղալը մեզ համար ոչինչ չէր նշանակում: Այն միայն մարզաձև էր, խաղ, ոչինչ ավելին: Իսկ հիմա մենք այլ զգացում ունենք: Կարող ենք մտածել ու ասել, որ մենք խորվաթներ ենք»:

Croatia get hero's welcome in Zagreb despite losing World Cup final | World News | Sky News

Ֆուտբոլը Խորվաթիայում դառնում է հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը: Երեխաներն ու երիտասարդներն ապրում են ֆուտբոլով, թեև չէին էլ հրաժարվել գնդակից նույնիսկ պատերազմի ժամանակ. «Ես լսել էի մի տղայի մասին, որն օրը 24 ժամ փախստականների հյուրանոցի միջանցքներում ու այդ հյուրանոցի ավտոկայանատեղիում ֆուտբոլ էր խաղում, իսկ հետո վերցնում էր գնդակն ու այն գրկած քնում», – նշում է Մոդրիչի առաջին մարզիչ Յոսիպ Բալյոն:

Խորվաթիայում այժմ մանկական, պատանեկան ու պրոֆեսիոնալ մակարդակներում գրանցված է 120 հազար ֆուտբոլիստ: Դա Խորվաթիայի բնակչության 3 տոկոսն է: Առաջին հայացքից՝ փոքր տոկոս է, բայց այն գերազանցում է աշխարհի ամենաֆուտբոլային երկրի՝ Բրազիլիայի ցուցանիշին, որտեղ ֆուտբոլով զբաղվում է ամբողջ բնակչության 1 տոկոսը: Այս ցուցանիշն ապացուցում է՝ որքան մեծ է սերը ֆուտբոլի հանդեպ Խորվաթիայում:

Մեր ընտրանին

«Դինամո Զագրեբ». խորվաթական ֆուտբոլի անկյունաքարը

Խորվաթական ֆուտբոլի զարգացման հարցում առանցքային դեր ունի մայրաքաղաքային ակումբը՝ «Դինամո Զագրեբը», որն ուսուցողական մոդել ունի: Իր համակարգով «Դինամոն» շատ նման է «Այաքսին», «Բորուսիային» ու այն բոլոր ակումբներին, որոնք տվել են իրենց երկրի ամենատաղանդավոր կադրերին (Մոդրիչ, Կովաչիչ, Մանջուկիչ, Լովրեն) ու հավաքականի մի շարք ֆուտբոլիստների: «Դինամոն» եվրոպական գրանդներում խաղալու գերազանց հարթակ է երիտասարդների համար: Ըստ CIES-ի տվյալների՝ «Դինամո Զագրեբի» ակադեմիան Եվրոպայում ամենաշատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ տալու թվով 5-րդն է՝ զիջելով միայն «Ռեալին», «Բարսելոնային», «Այաքսին» ու «Բենֆիկային»:

Իհարկե, ամեն ինչ այս ակումբին հեշտ չի տրվել: Բնականաբար, կրկին գործ ունենք ֆանտաստիկ ենթակառուցվածքի հետ, որը տարեցտարի զարգանում է: «Դինամո Զագրեբի» ակադեմիան ունի աշխատանքային սկզբունքներ, ինչի շնորհիվ թրծվում են տաղանդավոր ֆուտբոլիստներ: Ակադեմիայում, որն ունի 400 սան, տարիքային բոլոր խմբերում ընտրվում են լավագույն խաղացողները, որոնք համապատասխանում են մարզիչների պահանջներին: Ակադեմիա ընդունվելուց հետո «Դինամոյի» սաները մարզվում են ամենաբարձր մակարդակի ծրագրերով ու նորագույն տեխնոլոգիաներով. «Մեր հերթական նորամուծություններից է Dinamo Development HUB-ը: Այն օգնում է մեզ ավելի հեշտությամբ անցկացնել մոնիթորինգն ու ընտրել մեր ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստներին: Մենք պատրաստ ենք նաև կիսել մեր փորձն ու գիտելիքները նաև խորվաթական մյուս ակումբների հետ», – նշում է «Դինամո Զագրեբի» ակադեմիայի ղեկավար Մարկո Մատուսինսկին:

No photo description available.

«Դինամո Զագրեբը» Խորվաթիայի միակ ուժեղ ակումբը չէ: Այստեղ խաղում են նաև «Հայդուկը», «Ռիյեկան», «Օսիյեկը», «Սպլիտն» ու մյուս ակումբները: Խորվաթիայի առաջնությունը մրցունակ է, իսկ երկրի ներսում փորձում են առաջնահերթությունը տալ խորվաթ ֆուտբոլիստներին՝ կրճատելով արտասահմանցի ֆուտբոլիստների քանակը խորվաթական ակումբներում:

«Խորվաթ ֆուտբոլիստի արժեքը բարձր է: Մենք ունենք 4 մլն բնակչություն ու սելեկցիա ենք կատարում բոլոր տարիքային խմբերում, մեր մարզիչներն անդադար փնտրտուքների մեջ են: Բացի ներքին ասպարեզից, արտասահմանում մենք նույնպես փնտրում ենք ֆուտբոլիստների, որոնց ծնողները ծագումով Խորվաթիայից են: ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Կանադայում, Արգենտինայում… մեր երկրից դուրս բնակվող խորվաթների ընդհանուր թիվը 4 մլն է, ինչը մեծ ռեսուրս է», – նշում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Դավոր Շուկերը, որը 2 ամիս առաջ հրաժարական տվեց: Նրա գործը շարունակում է Մարիան Կուստիչը:

Խորվաթիայի հավաքականը՝ վերելքում արդեն 3 տասնամյակ

Խորվաթիայի հավաքականն արդեն 30 տարի հավասարի նման կռիվ է տալիս ամենաթոփ հավաքականների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի ու մյուս հավաքականների դեմ: Խորվաթները գրեթե միշտ խաղացել են մեծ մրցաշարերի եզրափակիչ փուլերում, որոշ դեպքերում էլ բավական հեռու գնացել: Խորվաթիայի հավաքականն իր մեծագույն հաջողությունը գրանցեց 2018-ին, երբ հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ ու պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն:

  • Մունդիալ 1998. 3-րդ հորիզոնական
  • Մունդիալ 2002. խմբային փուլ
  • Եվրո 2004. խմբային փուլ
  • Մունդիալ 2006. խմբային փուլ
  • Եվրո 2008. 1/4 եզրափակիչ
  • Եվրո 2012. խմբային փուլ
  • Մունդիալ 2014. խմբային փուլ
  • Եվրո 2016. 1/8 եզրափակիչ
  • Մունդիալ 2018. 2-րդ հորիզոնական
  • Եվրո 2020. 1/8 եզրափակիչ

Խորվաթիայի հավաքականը գրեթե միշտ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի ամենաբարձր հորիզոնականներում է եղել: Նրանց լավագույն ցուցանիշը 3-րդ հորիզոնականն է:

Խորվաթ ֆուտբոլիստները՝ եվրոպական գրանդների աստղեր

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ առանձին-առանձին խորվաթ ժողովրդին միշտ հպարտանալու առիթներ են տալիս:

1990-ականներին՝ Շուկեր, Բոբան ու Պրոշինեչկի, 2000-ականների սկզբին՝ Օլիչ, Պրշո, Սռնա, իսկ 2010-ականներին՝ Մոդրիչ, Ռակիտիչ, Մանջուկիչ: 2018-ին Խորվաթիան տվեց նաև «Ոսկե գնդակի» դափնեկիր: Լուկա Մոդրիչը «Ռեալի» հետ 2018-ին դարձավ ՉԼ հաղթող, իսկ ամիսներ անց՝ Խորվաթիայի հավաքականի հետ աշխարհի փոխչեմպիոն ու նվաճեց «Ոսկե գնդակը»:

Luka Modric wins 2018 Ballon d'Or to end Cristiano Ronaldo and Lionel Messi duopoly

Առհասարակ, կա վիճակագրություն, որ փաստում է՝ որքան կարևոր են խորվաթ ֆուտբոլիստները գրանդների համար: Ուշագրավ է, որ ՉԼ հաղթող թիմերում վերջին 9 տարվա ընթացքում գոնե մեկ խորվաթ ֆուտբոլիստ է եղել: Մանջուկիչը եղել է «Բավարիայի» կազմում 2013-ին, Մոդրիչը՝ «Ռեալում» 2014-ին, 2016-ին, 2017-ին ու 2018-ին, Ռակիտիչը՝ «Բարսելոնայում» 2015-ին, Լովրենը՝ «Լիվերպուլում» 2019-ին, Պերիշիչը՝ «Բավարիայում» 2020-ին, Կովաչիչը՝ «Չելսիում» 2021-ին:

Այսպիսին է Խորվաթիան՝ երկիր, որն ունի զարգացող ֆուտբոլային մշակույթ, հզոր հավաքական ու թոփ ֆուտբոլիստներ: Այն կենդանի օրինակ է նման ռեսուրսներ ունեցող երկրների համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա