Logo

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 20.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
lima 1 - Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

Ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Մաիլսոն Լիման աչքի է ընկնում բավական բարձր արդյունավետությամբ: 14-րդ տուրում նրա խփած միակ գոլն «Արարատ-Արմենիային» հաղթանակ պարգևեց «Նոայի» հետ մրցավեճում:

Դա Մաիլսոն Լիմայի 12-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում և 25-րդը՝ VBET ՀՊԼ-ում, ինչը նրան հնարավորություն ընձեռեց Յուսուֆ Օտուբանջոյի հետ դառնալու Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն ռմբարկուն: Իսկ պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով (33) Լիման վաղուց էր կրում թիմի պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսը:

27-ամյա Մաիլսոն Լիմայի ներկայիս ցուցանիշը լավագույնն է այդ տարիքում ՀՀ առաջնություններում հանդես եկած լեգեոնականների շրջանում: Նա գերազանցեց «Արարատի» նախկին հարձակվող Ալեքսանդր Ռակիչի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 2014թ. 27 տարեկանում առաջնության հանդիպումներում 11 գոլ էր խփել: Մինչև տարեվերջ դեռ 3 տուր պետք է անցկացվի, այնպես որ Լիման հնարավորություն ունի բարելավելու իր ռեկորդային ցուցանիշը:

Մաիլսոն Լիման «Արարատ-Արմենիայում» հայտնվեց 2018/19թթ. առաջնության գարնանային հատվածում՝ նորամուտը նշելով 2019թ. մարտի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում: Արարատցիների հետ կայացած հաջորդ խաղում՝ ապրիլի 26-ին նա բացեց գոլերի հաշիվը Հայաստանի առաջնությունում: Դա Մաիլսոնի խփած միակ գոլն էր առաջնության 15 հանդիպումներում:

lima 2 960x1282 - Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

Հաջորդ մրցաշրջանում նա արդեն լիովին դրսևորեց իր ռմբարկուական հատկանիշները՝ առաջնության 26 հանդիպումներում խփած 8 գնդակով ճանաչվելով թիմի լավագույն ռմբարկու:

2020/21թթ. առաջնության աշնանային հատվածի 10 հանդիպումներում խփելով 4 գնդակ, Մաիլսոն Լիման հեռացավ թիմից՝ ելույթները շարունակելով Արաբական Միացյալ Էմիրությունների «Դիբբա Ալ-Հիսն» թիմում, իսկ ամռանը կրկին վերադարձավ իր համար արդեն հարազատ դարձած «Արարատ-Արմենիա»:

Հարկ է նշել, որ ընթացիկ առաջնությունում լեգեոնականներից  միայն Մաիլսոն Լիման չէ, որ աչքի է ընկնում արդյունավետությամբ: Ուստի պատահական չէ, որ բացի նրանից, ևս 4 ֆուտբոլիստներ օրացուցային այս տարում արդյունավետության տարիքային նոր ռեկորդներ են սահմանել լեգեոնականների շրջանում:

19-ամյա արարատցի Դոնիմանի Յակուբա Սիլուեն գերազանցել է «Փյունիկի» նախկին լեգեոնական Մամադու Դիավարայի ցուցանիշը, որը 2001թ. այդ տարիքում 5 գոլի հեղինակ էր դարձել: Նշենք, որ 2021թ. առաջնության հանդիպումներում խփած 7 գոլերից մեկը Սիլուեի հաշվին գրանցվել է նախորդ առաջնության գարնանային հատվածում «Շիրակի» կազմում խաղալիս:

«Արարատի» մեկ այլ լեգեոնական՝ 32-ամյա Սերժ Դեբլեն վերջերս գերազանցեց «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Գեորգի Կրասովսկու ռեկորդային ցուցանիշը, որը 2011թ. այդ տարիքում 8 գոլ էր խփել:

Տարիքայինն ռեկորդի հեղինակ է դարձել նաև 29-ամյա Յուսուֆ Օտուբանջոն՝ գերազանցելով «Բանանցի» նախկին հարձակվող Դու Բալայի ցուցանիշը (11 գոլ 2010թ.): Խփած 15 գոլերից 7-ը Օտուբանջոյի հաշվին է գրանցվել նախորդ առաջնության գարնանային հատվածում:

otubanjo - Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

«Սևանի» 31-ամյա ֆուտբոլիստ Անդրե Մենսալաոն էլ գերազանցել էր Կախա Գոգոլաձեի, Անդրեյ Բուլանովի և Իվան Ռիստիչի արդյունավետության տարիքային ռեկորդը, որոնք 7-ական գոլ էին խփել: Մենսալաոն իր 8 գոլերից 2-ը խփել է «Լոռիում» նախորդ առաջնության գարնանային հատվածում, 6 անգամ էլ աչքի է ընկել «Սևանում» ընթացիկ առաջնությունում:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում խփած գոլերի քանակով լեգեոնականների տարիքային ռեկորդների հեղինակներին:

Տարիք Ֆուտբոլիստ Ակումբ Գոլ Թվական
16 Նդումբուկ Բալեպ Բա «Փյունիկ» 1 2003
17 Կառլ Լոմբե «Փյունիկ» 6 2003
18 Էլուկվու Էզուկամ «Արարատ» 5 2002
19 Դոնիմանի Յակուբա Սիլուե «Շիրակ», «Արարատ» 7 2021
20 Բոտի Դեմել «Միկա» 14 2009
21 Բոտի Դեմել

Ջոնել Դեսիրե

«Միկա»

«Լոռի»

8

8

2010

2018

22 Ջոնել Դեսիրե «Լոռի» 19 2019
23 Մարկոս Պիզելի «Արարատ» 22 2007
24 Մարկոս Պիզելի «Արարատ» 17 2008
25 Սեսար Ռոմերո «Փյունիկ» 17 2014
26 Մարկոս Պիզելի «Փյունիկ» 16 2010
27 Մաիլսոն Լիմա «Արարատ-Արմենիա» 12 2021
28 Յուսուֆ Օտուբանջո «Արարատ-Արմենիա» 10 2020
29 Յուսուֆ Օտուբանջո «Արարատ-Արմենիա» 15 2021
30 Անդրեյ Բուլանով «Միկա» 12 2001
31 Անդրե Մենսալաո «Լոռի», «Սևան» 8 2021
32 Սերժ Դեբլե «Արարատ» 10 2021
33 Անտոն Կոբյալկո «Արարատ-Արմենիա» 16 2019
34 Վիրգին Մարշավելա «Գանձասար» 3 2008
35 Վիրգին Մարշավելա «Գանձասար» 3 2009
37 Վիրգին Մարշավելա «Գանձասար» 2 2011

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա