Logo

Մալխաս Ամոյան. «Սա առաջին քայլս է Օլիմպիական խաղերին մասնակցելու ճանապարհին»  

Հեղինակ
Հրայր Նազարյան
13:35 / 04.04.2022Ըմբշամարտ
Մալխաս Ամոյան-Եվրոպայի Չեմպիոն

Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մինչև 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթանակից հետո հայտարարել է, որ այս ոսկե մեդալն օլիմպիական նշանակություն ունի։   

«Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունում գրավել էի երկրորդ տեղը, և դա իմ մեղքով էր։ Այս անգամ կենտրոնացած էի միայն ոսկե մեդալի համար պայքարին և ճշգրտորեն կատարեցի մարզիչներիս ցուցումները։

2021-ին հանդես էի գալիս մինչև 72 կգ քաշային կարգում, որն օլիմպիական չէ։ Այդ առումով այս հաղթանակն Օլիմպիական խաղերին մասնակցելու ճանապարհին առաջին քայլս է։

Իսկ ընդհանրապես, յուրաքանչյուր մեդալ իր տեղն ու արժեքն ունի իմ կյանքում»,- հայտնել է Ամոյանը մարզաձևի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։

Վերջին 2 գոտեմարտերում տարած հաղթանակներից հետո Ամոյանին առաջիններից մեկը շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որը ներկա է եղել պարգևատրման արարողությանը։

«Արթուրը շատ օգնեց ինձ։ Նա միշտ մեր թիմի հետ էր և իր ներկայությամբ հաղթանակների էր ոգեշնչում մեր մարզիկներին»,- ասել է Եվրոպայի չեմպիոնի առաջին տիտղոսը նվաճած 23-ամյա հայ ըմբիշը։

Մալխաս Ամոյանի այս հաղթանակն առանձնահատուկ էր նաև այն առումով, որ կիսաեզրափակիչում նա հաղթեց 77 կգ քաշային կարգում աշխարհի անցյալ տարվա առաջնության արծաթե մեդալակիր ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին։

Դա ադրբեջանցու նկատմամբ մեր ըմբիշի առաջին հաղթանակն էր վերջին երեք գոտեմարտերում։

Եզրափակիչում Ամոյանը տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Յունուս Բասարի նկատմամբ։

Բուդապեշտում հունահռոմեական ոճի մեր ըմբիշների հաշվին գրանցվել է նաև երեք բրոնզե մեդալ, որը նվաճել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ)։

Հայաստանի հավաքականը, թիմային հաշվարկում վաստակելով 88 միավոր, գրավել է 5-րդ տեղը։ Ավելի բարձր են դասվել Ադրբեջանը (165), Թուրքիան (150), Վրաստանը (114) և Հունգարիան (97)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա