Այսօր Սպորտի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2013 թվականից և պաշտոնապես կոչվում է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այդ առիթով VNews-ի հետ զրույցում մարզաշխարհին շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը։
«Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մարզիկներին։ Մաղթում եմ, որ զերծ մնան վնասվածքներից և նվաճեն մարզական բարձունքներ։ Իմ կյանքում սպորտը շատ մեծ տեղ ու դեր ունի։ Առանց սպորտի կյանքս չեմ պատկերացնում։ Ըմբշամարտից բացի, հետաքրքրված եմ նաև այլ մարզաձևերով. շատ եմ սիրում խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ և թենիս։
Իհարկե, ըմբշամարտի պես լավ չի ստացվում, բայց որոշ չափով հաջողում եմ։ Ֆուտբոլում նախընտրում եմ պաշտպանի դիրքը»,- VNews-ին հայտնեց 23-ամյա չեմպիոնը։
Անդրադառնալով օրեր առաջ Բուդապեշտում տարած հաղթանակին՝ Մալխաս Ամոյանը նշեց. «Որևէ հաղթանակ հեշտ չի տրվում, յուրաքանչյուրն իր դժվարությունն ու արժեքն ունի։ Այս հաղթանակը տարիների աշխատանքի արդյունք է։ Յուրաքանչյուր մրցաշարի մեկնում եմ` ոսկե մեդալ նվաճելու նպատակով, այդ իսկ պատճառով առանձնապես չէի կենտրոնացել նոր քաշային կարգում հանդես գալու հանգամանքին ու բացարձակապես չէի մտածում, որ հնարավոր անհաջողությունը կարող եմ վերագրել այդ գործոնին։ Պարզապես պատրաստվել էի, ու, փառք Աստծո, կարողացա ճիշտ գոտեմարտել և հաղթել։ Նոր պայմաններում, անշուշտ, պետք է բարելավեմ ֆիզիկական տվյալներս, ավելի շատ մարզվեմ, որպեսզի դիմանամ նոր քաշային կարգի պահանջներին»,- ասաց Ամոյանը։
Նա նշեց, որ չի սիրում խոստումներ տալ. նախընտրում է անտրտունջ մարզվել և ամեն ինչ ապացուցել մրցագորգի վրա։ «Բոլոր մարզիկների նպատակն է դառնալ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ու Օլիմպիական խաղերի հաղթող։ Այդ առումով բացառություն չեմ։ Մնացածը կերևա ժամանակի ընթացքում։ Մոտ 10 օր հանգստանալուց հետո կսկսեմ պատրաստվել գալիք մրցաշարերին»,- նշեց երիտասարդ ըմբիշը։
Ընթերցեք նաև՝
- Էլինա Դանիելյանը միացել է Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորանքներին և խոստացել հաղթական լուրեր ապահովել (ֆոտո)
- Արթուր Դավթյանը շնորհավորել է Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ և ներկայացրել տարվա իր գլխավոր թիրախները (ֆոտո)
- Հովհաննես Բաչկովը շնորհավորել է մարզաշխարհի մարդկանց և խոսել առաջիկա ծրագրերից
- Սիմոն Մարտիրոսյանը շնորհավորում է Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ և վստահեցնում՝ իր նպատակները չեն փոխվել
Մալխաս Ամոյանի առաջին քայլերը սպորտում.
Լուսանկարը՝ Մալխաս Ամոյանի արխիվից