Logo

Մանուել Պետրոսյանն արժանիորեն նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:37 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց 82-րդ առաջնությունը:

Ինչպես կանանց առաջնությունում էր, տղամարդկանց մրցաշարում էլ չեմպիոնը հայտնի դարձավ ավարտական տուրում: Եվ կրկին Հայաստանի նորընծա չեմպիոնն առաջին անգամ արժանացավ այդ պատվավոր տիտղոսին:

11-րդ տուրում հաղթելով Արման Միքայելյանին, Մանուել Պետրոսյանը վաստակած 8 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ արժանիորեն նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 23-ամյա գրոսմայստերը գերազանց անցկացրեց առաջնությունը՝ 11 մրցախաղերում տոնելով 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն:

7,5 միավորով առաջնության արծաթե մրցանակակիր դարձավ Հայաստանի 2018թ. չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որը հաղթեց Արման Փաշիկյանին: Հայկը միայն լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Շանթ Սարգսյանին, որը պարտության մատնելով Տիգրան Պետրոսյանին, դարձավ բրոնզե մրցանակակիր:

6,5 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Տեր-Սահակյանը, որը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Դավիթ Շահինյանի և Մամիկոն Ղարիբյանի մրցախաղում:

Հովհաննես Գաբուզյանին հաղթանակ գրանցվեց Զավեն Անդրիասյանի հետ չկայացած մրցախաղում: Հայաստանի անցյալ տարվա չեմպիոնը 6 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը:

Մյուս մասնակիցների արդյունքներն այսպիսին են. Տիգրան Հարությունյան՝ 5,5 միավոր, Արման Փաշիկյան, Մամիկոն Ղարիբյան՝ 5-ական, Արման Միքայելյան, Դավիթ Շահինյան՝ 4-ական, Տիգրան Պետրոսյան, Զավեն Անդրիասյան՝ 3,5-ական: Հիշեցնենք, որ Անդրիասյանը հիվանդության պատճառով 6-րդ տուրից հետո դադարեցրել էր ելույթներն առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա