Logo

Մանուկ Աբեղյան. 5 ճշմարտություն անվանի հայագետ, լեզվաբանի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 25.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
abexyaaan - Մանուկ Աբեղյան. 5 ճշմարտություն անվանի հայագետ, լեզվաբանի մասին

Հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ. այս ամենը մեկ մարդու մասին է՝  Մանուկ Աբեղյանի: Վերջինիս կյանքի ու գործունեության մասին է մեր այսօրվա անդրադարձը:

Ծննդյան լավագույն նվերն ու գյուղի ամենատաղանդավոր երեխան

Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որն, ի դեպ, ժողովրդի կողմից շարունակվում էր կոչվել կողքի ավերված գյուղի անունով՝ Աստապատ։  Աբեղյանի 7 տարին լրանալու կապակցությամբ հայրը որդու համար գնում է մի այբբենարան. դա հենց Մանուկի խնդրանքն էր։ Աբեղյանը սկսում է սովորել այդ այբբենարանով, միաժամանակ գրաճանաչության դասեր է առնում գյուղի գրագիրներից և տարվում գրաբար գրքերի ընթերցանությամբ։ Այդ տարիներին Հովակիմ Եպիսկոպոս Տեր-Գրիգորյանը  հիմնում է Կարմիր վանքի դպրոցը, որի առաջին սաներից է դառնում Մանուկ Աբեղյանը։ Այստեղ սովորում է հինգ-վեց ամիս և ցուցաբերելով բարձր առաջադիմություն՝ դառնում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աշակերտ:

1876 թվականին, Աբեղյանը, ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան և իր ընդունակությունների շնորհիվ արժանանում ճեմարանի տեսուչի առանձնահատուկ համակրանքին։ 1882 թվականին Աբեղյանը բարձր գնահատականներով ավարտում է ճեմարանի դպրոցական հանրակրթական բաժինը և փոխադրվում է լսարանական մասնագիտական բաժին։ 1885 թվականին գերազանց գնահատականներով ավարտում է նաև ճեմարանի լսարանական բաժինը՝ արժանանալով առաջնակարգ դիպլոմի։

200 արժեքավոր աշխատություն

Մանուկ Աբեղյանի վաստակը հայ լեզվաբանության մեջ անքննելի է. նրա շուրջ 200 լեզվաբանական աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն:

Լեզվաբանական կարևոր մենագրություններն են «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի շարահյուսություն», «Հայոց լեզվի տեսություն , «Հայոց լեզվի տաղաչափություն» և շատ այլ աշխատություններ:

Կրթական հեղափոխություն

hqdefaultդֆ - Մանուկ Աբեղյան. 5 ճշմարտություն անվանի հայագետ, լեզվաբանի մասին

Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատը ուղղագրության բարեփոխման գործը հանձնարարում է Մանուկ Աբեղյանին։ 1921 թվականի հունվարին Երևանի պետական թատրոնի դահլիճում՝ բազմամարդ լսարանի առաջ, Աբեղյանը կարդում է հայոց լեզվի ուղղագրության հնարավոր բարեփոխումների մասին զեկուցումը: Աբեղյանն ուրվագծում է բարեփոխումների աստիճանները։ Այդ բարեփոխությունները նա առաջարկում էր կատարել աստիճանաբար և մի քանի տասնամյակների ընթացքում։ Ուղղագրական դեկրետից հետո լույս է տեսնում Աբեղյանի «Առաջնորդ հայոց լեզվի նոր ուղղագրության» գրքույկը, որը Հայաստանում և արտասահմանի հայ գաղութներում դառնում է հատուկ քննության առարկա։ Վերոնշյալ աշխատությունը Աբեղյանի նոր ուղղագրության գրեթե բոլոր դրույթների խոր ու մանրամասն գիտական հիմնավորումն է։

Այդպիսով, Աբեղյանը դառնում է հայոց լեզվի արդի ուղղագրության հիմնադիրը…

«Նա ընկավ հսկա կաղնու նման, և ծանր լռություն տիրեց անտառում»:

Դերենիկ Դեմիրճյան

Ակադեմիկոս դառնալուց հետո Աբեղյանը շարունակում է աշխատել «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի վրա։ Սակայն պատերազմական ծանր օրերը, ռազմաճակատում անհետ կորած որդու վիշտը, օրըստօրե վատթարացնում են նրա առողջությունը 1944 թվականի սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Աբեղյանը մահանում է: Աբեղյանի հուղարկավորությունը տեղի է ունենում հոկտեմբերի 1-ին, Գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճից, ուր դրված էր նրա աճյունը։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Աբեղյանին թաղում են Երևանի քաղաքային պանթեոնում:

Գիտնականի հիշատակը հավերժացնելու համար Հայաստանի ժողկոմսովետը որոշում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտը և Երևանի 3-րդ միջնակարգ դպրոցը կոչել Մանուկ Աբեղյանի անունով։ Այնուհետև սահմանվել է Աբեղյանի անվան վեց կրթաթոշակ՝ Երևանի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում և ակադեմիայի գրականության ինստիտուտում։

Աբեղյանի նկարիչ որդին՝ Մհեր Աբեղյանը

download 4 - Մանուկ Աբեղյան. 5 ճշմարտություն անվանի հայագետ, լեզվաբանի մասին
«Մանուկ Աբեղյան», Մհեր Աբեղյան

Մանուկ Աբեղյանի արժանի հետնորդը դարձավ նրա որդին՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մհեր Աբեղյանը: 1937-1945 թվականներին Մհերը դասավանդել է ԵԳՍԻ-ում, 1954-1959 թվականներին՝ ԵԳԹԻ-ում։ 1939-1945 և 1967-1968 թվականներին եղել է ՀՆՄ վարչության նախագահ։ Նկարազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը, Վախթանգ Անանյանի «Արագիլներ», Հովհաննես Շիրազի «Օձն ու մեղուն», Վլադիմիր Մայակովսկու «Այս գրքույկը պիտի խոսի ծովի մասին և փարոսի» և այլ գրքեր։ Ուշագրավ են հատկապես Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բալլադի նկարազարդումները։

Մհեր Աբեղյանի ռեալիստական, ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչության ավանդույթների, մասնավորապես Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ։

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա