Logo

«Մարդիկ չեն հասկանում՝ ինչու եմ երկրպագում այդ ակումբին». Որտեղ է հայ աջակիցներ ունեցող իսպանական թիմը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
19:34 / 07.04.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Եթե մարդկանց հարցնեք, թե որոնք են Իսպանիայի վերջին տարիների 4 գլխավոր թիմերը, նրանք կնշեն` «Բարսելոնա», «Ռեալ», «Ատլետիկո» և «Սևիլիա»: 20 տարի առաջ նույնպես «մեծ քառյակ» կար, բայց այդ ժամանակներից ի վեր՝ հզոր են մնացել միայն «Ռեալն» ու «Բարսան», իսկ «Ատլետիկոյի» ու «Սևիլիայի» փոխարեն այլ թիմեր էին: 1999 թվականին «բլաուգրանան» երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն դարձավ, սակայն հետո եկան «Դեպորտիվոյի» ու «Վալենսիայի» ժամանակները: 4 տարում նրանք երեք անգամ դարձան Լա լիգայի չեմպիոն (մեկ անգամ էլ «Մադրիդը»): 

«Պրոֆեսորի» ստեղծած հրաշքը

Խավյեր Իրուրետայի «Դեպորտիվոն» ֆենոմեն էր: 1999-2000 թվականի Իսպանիայի առաջնությունում գալսիացիները հասան ակումբի պատմության մեծագույն նվաճմանը: Վերջին տուրից առաջ Լա Կորունյա քաղաքի թիմը 3 միավորով գերազանցում էր «Բարսային» և չեմպիոնության համար նրան բավական էր նույնիսկ ոչ-ոքին: Իրուրետայի թիմը 2:0 հաշվով վստահորեն հաղթեց «Էսպանյոլին», իսկ «Ռիասոր» մարզադաշտն այսպիսի տեսք ստացավ.

Դրանից հետո սկսվեցին «Դեպորի» տպավորիչ ելույթները նաև Եվրոպայում, որտեղ նա դարձել էր արտասահմանյան ակումբների սարսափը: Ճիշտ է՝ «սուպեր Դեպորը» գավաթը չնվաճեց, բայց հաղթանակների հասավ Անգլիայի այն ժամանակվա ուժեղագույն թիմերի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» նկատմամբ, իսկ ահա ՊՍԺ-ի ու «Միլանի» դեմ սուպերքամբեքները մինչև այսօր հիշվում են հիացմունքով: 

Ֆուտբոլում չեզոք երկրպագուի համակրանքին արժանանալու հիմնական գործոններն են հաղթանակները, ցավալի պարտությունները կամ ինքնատիպությունը: Հենց վերջին գործոնն ազդեց նրա վրա, որ «Դեպորտիվոն» երկրպագուներ ունեցավ նույնիսկ Հայաստանում:

«Ակումբային ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել 2001-ի աշնանը։ Այն ժամանակ չկային ինֆորմացիայի այսօրվա աղբյուրները, հեռուստաալիքներով եվրոպական ակումբային մրցաշարերը հազվադեպ էին ցուցադրում, և ամեն խաղը դիտելն ինձ համար մեծ տոն էր։ Եվ ահա սեպտեմբերին «Դեպորտիվոն» «Ռիասորում» հանդիպել էր աստղային «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Միանգամից թիմը գրավեց ուշադրությունս իր համարձակ և սուր խաղաոճով։ Այսօրվա պես հիշում եմ, որ մինչև 85-րդ րոպեն Իրուրետայի թիմը պարտվում էր, սակայն փոխարինման մտած Վալերոնը եղանակ փոխեց. սկզբում գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց Պանդիանիին, իսկ վերջին րոպեներին էլ նրա ձեռնարկած գրոհի արդյունքում «Դեպորտիվոն» կամային հաղթանակ կորզեց։ 

Իհարկե, ՉԼ այդ խաղարկությունում «Յունայթեդը» հասցրեց «վրեժ լուծել» և դուրս թողնել «Դեպորին» քառորդ եզրափակիչում, սակայն արդեն 20 տարի է՝ «Դեպորտիվոյի» երկրպագու եմ, չնայած վաղուց արդեն գալիսիացիները Չեմպիոնների լիգան դիտում են միայն հեռուստացույցով»,- VNews.am-ի հետ զրույցում պատմեց Հայկ Խեմչյանը։

Բայց նա իսպանական թիմի միակ հայ երկրպագուն չէ: VBET Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայի» սկաուտ Վահան Սնխչյանը, որը նախկինում աշխատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում,  «Դեպորտիվոյին» երկրպագելու յուրահատուկ շարժառիթ ունի.  

«Դեպորտիվոյին» երկրպագում եմ 6 տարեկանից: Միշտ սերտ կապեր եմ ունեցել Լա Կորունյա քաղաքի հետ, քանի որ հորեղբայրներ ունեմ այնտեղ: Նրանք ինձ տեսանյութեր ուղարկեցին 2000 թվականի «Դեպորի» չեմպիոնության տոնակատարումից, և ինձ մոտ մեծ սեր առաջացավ ակումբի հանդեպ: Հետագայում սերն ավելի մեծացավ»: 

Չեմպիոնությանը հաջորդեցին այլ հաջողություններ: Մյուս մրցաշրջանում գալիսիացիները դարձան Իսպանիայի սուպերգավաթակիր, իսկ 2001-2002 թվականի Արքայական գավաթի եզրափակիչում «Ռեալին» հաղթեցին հենց «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Այդ տարի «սերուցքայինները» հատուկ նշանակություն էին տվել գավաթի խաղարկությանը, որովհետև այն Իսպանիայում հոբելյանական՝ 100-րդն էր, և այդ տարի էլ «Ռեալը» նշում էր իր 100-ամյակը: «Դեպորը» փչացրեց մադրիդցիների տոնը, իսկ գալիսիացի երկրպագուները խաղից հետո սկսեցին ծաղրել «Ռեալին»` երգելով «Happy Birthday to You»:

Գավաթային տիտղոսներից զատ, «Դեպորտիվոն» շարունակում էր կայուն մեծ ուժ ներկայացնել Լա լիգայում: Չեմպիոնությունից հետո Խաբյեր «պրոֆեսոր» Իրուրետայի թիմը երկու անգամ դարձավ արծաթե մեդալակիր, հետո երկու անգամ էլ՝ բրոնզե: 

Անկում

Արդեն 2004-05 մրցաշրջանում սկսվեց «Դեպորտիվոյի» անկումը: Լա լիգայում Իրուրետայի թիմը գրավեց 8-րդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում ձախողվեց՝ խմբում 2 միավորով գրավելով չորրորդ տեղը, այդ թվում՝ «Ռիասորում» 0:5 հաշվով «Մոնակոյից» կրելով հերթական խայտառակ պարտությունը (մեկ տարի առաջ էլ պարտվել էին 3:8 հաշվով): Մրցաշրջանի ավարտից հետո Իրուրետան 7 տարվա աշխատանքից հետո լքեց իր պաշտոնը: Նրան փոխարինեց Խոակին Կապառոսը, որն առաջին տարում կարողացավ թիմին պահել 8-րդ տեղում, բայց հաջորդում նահանջ եղավ մինչև 13-րդ հորիզոնական, և Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը հեռացավ Լա Կորունյայից: 

«Դեպորտիվոյի» անկումը հասավ նրան, որ թիմը 2011 թվականին դուրս մնաց Լա լիգայից: Ճիշտ է՝ հետո անմիջապես վերադարձավ, բայց ինչպես եկել էր, այնպես էլ հեռացավ: Իսկ հետո կրկնվեց նույն սցենարը. խայտառակ ելույթների գագաթնակետը դարձավ ոչ միայն Սեգունդայում հայտնվելը, այլ նաև այնտեղից դուրս մնալը և երրորդ դիվիզոնում հայտնվելը (2020 թվականից): 

«Դեպորի» հայ երկրպագու Հայկ Խեմչյանի կարծիքով՝ իր սիրելի թիմի անհաջողություններում մեղավորը սխալ մենեջմենթն է. 

«Դեպորտիվոն» իր բարձր կարգը կորցրեց դեռևս 2000-ականների կեսին, ինչը հիմնականում պայմանավորված էր թիմի ղեկավարության սխալ տրանսֆերային քաղաքականությամբ, երբ թիմի առաջատարները վաճառվեցին այլ ակումբերի, իսկ նրանց փոխարեն նոր երիտասարդ հեռանկարային ֆուտբոլիստներ չգնվեցին։ Արդյունքում՝ «Դեպորտիվոն» աստիճանաբար վերածվեց իսպանական միջակ ակումբի։ Այնուամենայնիվ, թիմի այսօրվա խաղը և կազմը ոչ մի կերպ չի համապատասխանում իսպանական երրորդ դիվիզիոնին, և ես վստահ եմ, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում թիմն առնվազն կպայքարի Լա լիգա վերադառնալու համար»: 

Այդ տեսակետին համակարծիք է Թվիթերում «Դեպորտիվոյի» մասին բլոգ ունեցող Վահան Սնխչյանը. 

«Մարզական տնօրենների պատճառով է ակումբը հայտնվել ֆինանսական և մարզական վատ վիճակում: Նրանք շատ սխալ աշխատանք էին իրականացնում: Հիմա արդեն այդ պաշտոնում ավելի ուժեղ մասնագետներ են՝ ծնունդով հենց Լա Կորունյայից»: 

Վերծննդի հույս և երազանքի իրականացում

Երբեմն ծանր վիճակում գտնվող թիմերին կադրերով օգնության է հասնում ակումբի ակադեմիան: «Դեպորտիվոյի» դեպքում հենց այդ սցենարն է նշմարվում: Չնայած նրան, որ գլխավոր թիմը հայտնվել է երրորդ դիվիզիոնում՝ ակումբի պատանեկան թիմը լավագույններից է Իսպանիայում: Նախորդ մրցաշրջանում «Դեպորի» Մ19 թիմը դարձավ Իսպանիայի չեմպիոն: Կիսաեզրափակիչում գալիսիացիները հաղթեցին Մադրիդի «Ռեալին», իսկ եզրափակիչում՝ «Բարսելոնային»: Ընթացիկ մրցաշրջանում էլ թիմը հասավ ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի փլեյ-օֆֆ: Լա Կորունյայում վստահ են, որ տաղանդավոր այդ սերունդը դառնալու է այն հիմքը, ինչի շնորհիվ «Դեպորտիվոն» շուտով վերադառնալու է Լա լիգա:

Առայժմ «կապտասպիտակների» առաջնային նպատակը Լա լիգա 2 (նախկին Սեգունդա) վերադառնալն է: Բորխա Խիմենեսի գլխավորած թիմը դրան շատ մոտ է՝ իր դիվիզոնում այս պահին զբաղեցնելով 2-րդ տեղը:  

Հենց Լա լիգա վերադարձին է սպասում «Դեպորտիվոյի» հայ երկրպագու Հայկ Խեմչյանը, որպեսզի առաջին անգամ մեկնի «Ռիասոր» մարզադաշտ.

«Ինչպես ցանկացած ֆուտբոլասերի, ինձ համար ևս սիրելի ակումբի խաղերին ներկա լինելը մեծ երազանք է։ Սակայն էլ ավելի մեծ է ցանկությունս ներկա լինել «Դեպորի» խաղին, եթե այն լինի Լա Լիգայի շրջանակում։ Ցավոք սրտի, վերջին տարիներին, երբ հատկապես իրականանալի է դարձել Լա Կորունյա մեկնելը, «Դեպորտիվոն» բավական հեռու է իսպանական բարձրագույն խմբից։ Սակայն միևնույն է հույսս չեմ կորցնում, որ մոտակա տարիներին «Ռիասորի» տրիբունաներից կհետևեմ խաղին կապույտ-սպիտակ շերտավոր մարզաշապիկով»:

Իսկ ահա Վահան Սնխչյանն արդեն իրականացրել է «Ռիասորում» լինելու իր երազանքը.

«2016 թվականին ներկա եմ եղել «Դեպորտիվո» – «Էյբար» հանդիպմանը: Մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ էր, իսկ ինձ համար յուրահատուկ խաղ էր, որովհետև միշտ երազել էի «Ռիասորում» հանդիպման ներկա լինել: Մինչև այդ եղել էի «Դեպորի» հանդիպումներին, բայց այլ քաղաքներում: Այդ օրը «Դեպորտիվոն» հաղթեց 2:1 հաշվով: Իմ ուրախությանը չափ ու սահման չկային»: 

2022 թվականին «Դեպորտիվոյի» հայ երկրպագու լինելու երևույթը

«Դեպորտիվոյի» երկրպագուները կարգախոս ունեն, որը սիրում են միշտ կրկնել. «Ser de los que ganan es muy fácil, ser del Deportivo nos parece major»: Այն թարգմանվում է հետևյալ կերպ. «Միշտ հեշտ է աջակցել հաղթող թիմերին: Մեզ ավելի դուր է գալիս երկրպագել «Դեպորտիվոյին»: 

Պատահական չէ, որ Իսպանիայի նախկին չեմպիոնը և տեղացի երկրպագուները մեծագույն հարգանքով են վերաբերվում թիմի օտարերկրացի ֆաներին: Նրանց համար այդ մարդիկ հավատարմության էլ ավելի վառ օրինակ են, քան տեղացիները, որովհետև շարունակել են թիմի կողքին մնալ նույնիսկ վատ ժամանակներում: Իսկ ահա տեղացիների համար «Դեպորը» սեփական քաղաքի ակումբ է, որին երկրպագելը սովորական երևույթ է: 

«Դեպորտիվոյի» ֆուտբոլիստներն ինձ մարզաշապիկներ են ուղարկում իրենց ստորագրությամբ: Լա Կորունյայում ինձ ճանաչողները «Դեպորի» հայ երկրպագու են անվանում: Ակումբի մասին իմ բլոգի օգնությամբ ժամանակի ընթացքում ճանաչում եմ ստացել այնտեղ: 

Իսկ Հայաստանում ավելի շատ են զարմանում, երբ իմանում են սիրելի թիմիս անունը, բայց ոչ Իսպանիայում: Ակումբն ամբողջ աշխարհում շատ ֆանատներ ունի»,- պատմում է Սնխչյանը:

Իսպանական թիմի մյուս հայ երկրպագուն նույնպես հաճախ զարմանք է տեսնում մարդկանց դեմքերին. 

«Իհարկե, հիմնականում զարմանում են, քանի որ հազվադեպ կարելի է հանդիպել երկրպագուի, որի սիրելի թիմն անգամ բարձրագույն խմբում չի խաղում։ Ավելի հին ֆուտբոլասերներն սկսում են հիշել «Դեպորի» աստղային ֆուտբոլիստներին և հիշարժան խաղերը, ավելի երիտասարդները ուղղակի չեն հասկանում, թե ինչու հենց «Դեպորտիվո»։

Բայց աշխարհում «Դեպորտիվոյին» երկրպագելը նորմալ երևույթ է: Գործում է թիմի երկրպագուների միջազգային ցանցը, որտեղ կան անդամներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից՝ Էլ Սալվադորից մինչև Նոր Զելանդիա։ Իհարկե, Հայաստանը ևս բացառություն չէ»։

Թվում էր, թե իսպանական ակումբի նախկին հաջողություններից և 15 տարուց երկար շարունակվող անհաջողություններից հետո շատերը երես կթեքեն թիմից, բայց ոչ այս դեպքում.

«Եթե անկեղծ, հիմա ավելի եմ երկրպագում «Դեպորին», քան երբևէ»,- խոստովանում է Վահանը: 

Լա Կորունյայի ակումբը հավատարմության խորհրդանիշներից է: «Ռիասորում» անհամբեր սպասում են թիմի նոր հաջողություններին, իսկ տնային խաղերին հաճախում են 20-30 հազար երկրպագուներ: Արտասահմանում բնակվող երկրպագուներն էլ Իսպանիայի երրորդ դիվիզիոնի խաղեր են դիտում համացանցում այն դեպքում, որ կարող են դրա փոխարեն նայել թոփ թիմերի հանդիպումներ:

Այդպիսի հավատարիմ երկրպագուներ ունեցող թիմը չի կարող անհետանալ: Իսկ Իսպանական ֆուտբոլի չեզոք երկրպագուները միայն ուրախ կլինեն «Դեպորին» կրկին տեսնել Պրիմերայում: Համակրելի թիմից հիշողությունները շատերի մոտ դեռ վառ են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա