Logo

Աշխարհի պատանեկան առաջնություն. Մարիամ Մկրտչյանն անկասելի է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:58 / 11.09.2022Շախմատ
null

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում վստահ ելույթներով բոլորին հիացնում է Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարը պարզապես անկասելի է՝ տոնելով 6-րդ անընդմեջ հաղթանակը: Մարիամը սպիտակներով 52-րդ քայլին պարտության մատնեց ղազախ Լիա Կուրմանգալիևային: Մկրտչյանը 6 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ կես միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող իսպանուհի Մարիա Էյզագերիին:

Հաջող ելույթներ է ունենում նաև մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը, որը 6-րդ տուրում սպիտակներով հաղթելով գերմանացի Մարիուս Ֆրոմին, 5 միավորով ղազախ Կազիբեկ Նոգերբեկի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջինս պարտության մատնեց Սարգիս Սարգսյանին: Սարգսի հաշվին 4 միավոր է գրանցված:

Էմին Օհանյանն էլ 5,5 միավորով Ֆրանսիան ներկայացնող Տիմոթե Ռազաֆինդրացիմայի հետ գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի աղյուսակը: Էմինը հաղթեց հնդիկ Պրանեշին:

Տարիքային նույն խմբում ելույթ ունեցող Արսեն Դավթյանը 4,5 միավորով 10-րդ տեղում է: Դավթյանը հաղթեց Նորվեգիայի ներկայացուցիչ Էլմի Սաադ Աբոբեյքերին: Իսկ ահա 3,5 միավոր ունեցող Ալեքս Սահակյանը պարտվեց վիետնամցի Հու Նգուենին:

Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքն ունի Անի Ավետիսյանը, որը ոչ-ոքի խաղալով ուկրաինուհի Բոժենա Պիդուբնայի հետ, վաստակել է 4,5 միավոր:

Հայ շախմատիստներից 6-րդ տուրում հաղթանակներ տարան նաև Բենիկ Աղասարովը (մինչև 14 տ., 4,5 միավոր), Ռուդոլֆ Փաշիկյանը (մինչև 14 տ., 4 միավոր) և Վերոնիկա Խաչատրյանը (մինչև 18 տ., 3,5 միավոր):

Սեպտեմբերի 12-ին կկայանան 7-րդ տուրի մրցախաղերը: Առաջնության ավարտին մնացել է 5 տուր:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա