Logo

Մարկո Պրլևիչը ևս մեկ ուշագրավ ցուցանիշ գրանցեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:52 / 25.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Առաջնության նախորդ տուրում գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը՝ «Արարատի» պաշտպան Մարկո Պրլևիչը դարձել էր VBET ՀՊԼ-ում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականը (33 տարեկան 291 օրական): «Փյունիկի» հետ կայացած խաղում սերբ ֆուտբոլիստը մեկ այլ ուշագրավ ցուցանիշ գրանցեց:

VBET ՀՊԼ-ում Պրլևիչը 114-րդ խաղն անցկացրեց և դարձավ Հայաստանի առաջնություններում հանդես եկած ամենափորձառու սերբ  ֆուտբոլիստը: Նա մեկ խաղով գերազանցեց իր հայրենակից, հայկական 4 ակումբներում հանդես եկած Գորան Օբրադովիչի ռեկորդային ցուցանիշը:

Մարկո Պրլևիչը Հայաստանում հայտնվեց 2016թ. ամռանը՝ բոսնիական «Բորացից» տեղափոխվելով Գյումրիի «Շիրակ»: Հետաքրքիր է, որ ՀՀ առաջնություններում նա նորամուտը նշել է հենց «Արարատի» հետ 2016թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած խաղում: Իսկ պաշտոնական մրցումներում Պրլևիչն առաջին անգամ «Շիրակի» մարզաշապիկը կրել է 2016թ. սեպտեմբերի 22-ին «Կոտայքի» հետ կայացած ՀՀ գավաթի քառորդ եզրափակիչ խաղում:

Սերբ բարձրահասակ պաշտպանը հենց նորամուտի խաղից իր մշտական տեղն ապահովեց գյումրեցիների մեկնարկային կազմում՝ դառնալով թիմի պաշտպանության հենասյուներից մեկը: 2016/17թթ. առաջնությունում նա մասնակցեց 19 խաղի ու դարձավ մեկ գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ այդ գոլն էլ Պրլևիչը խփել էր «Արարատի» դարպասը 2017թ. մայիսի 20-ին կայացած խաղում՝ դառնալով «Շիրակում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը:

«Շիրակում» անցկացրած առաջին մրցաշրջանը շատ հաջող դասավորվեց Պրլևիչի համար, որը դարձավ Հայաստանի գավաթակիր և առաջնության բրոնզե մեդալակիր:
Առաջնության ավարտից հետո Պրլևիչը հեռացավ «Շիրակից»՝ տեղափոխվելով սերբական «Պրոլետեր», սակայն ձմռանը կրկին վերադարձավ «Շիրակ», որի կազմում 2017/18թթ. առաջնության գարնանային հատվածում անցկացրեց 13 խաղ ու կրկին միակ գոլը խփեց «Արարատի» դարպասը:

Եվ կրկին առաջնության ավարտից հետո Պրլևիչը որոշ ժամանակով բացակայեց «Շիրակից»՝ հանդես գալով բուլղարական «Ցարսկո սելո» թիմում: 2019թ. գարնանը նա կրկին հագավ «Շիրակի» մարզաշապիկը՝ մասնակցելով առաջնության 15 խաղի:

2019/20թթ. առաջնությունն առաջինն էր, որում սերբ ֆուտբոլիստը ողջ մրցաշրջանն անցկացրեց «Շիրակում»՝ մասնակցելով 25 խաղի: Հաջորդ մրցաշրջանում Վարդան Բիչախչյանը «Շիրակի» մի խումբ ֆուտբոլիստների թվում իր հետ «Արարատ» բերեց նաև Մարկո Պրլևիչին, որը նոր թիմակիցների հետ Հայաստանում իր երկրորդ տիտղոսը նվաճեց՝ դառնալով կրկնակի գավաթակիր:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնություններում առավել շատ խաղեր անցկացրած սերբ ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Ակումբներ

Խաղ

1. Մարկո Պրլևիչ

«Շիրակ»՝ 72, «Արարատ»՝ 42

114

2. Գորան Օբրադովիչ

«Արարատ»՝ 23, «Գանձասար»՝ 83, «Ալաշկերտ»՝ 4, «Միկա»՝ 3

113

3. Ուրոշ Նենադովիչ

«Ալաշկերտ»՝ 68, «Շիրակ»՝ 10, «Արարատ»՝ 18, «Փյունիկ»՝ 11

107

4. Օգնյեն Չանչարևիչ

«Ալաշկերտ»

107

5. Նենադ Ռադաջա

«Արարատ»՝ 44, «Բանանց»՝ 47

91

6. Իգոր Ստանոևիչ

«Շիրակ»՝ 40, «Ուրարտու»՝ 29, «Արարատ»՝ 19

88

7. Դեյան Վուկոմանովիչ

«Գանձասար-Կապան»՝ 72, «Արարատ»՝ 13

85

8. Դամիր Մեմովիչ

«Գանձասար-Կապան»

71

9. Ալեքսանդր Ռակիչ

«Արարատ»՝ 60, «Գանձասար-Կապան»՝ 10

70

10. Միլոշ Ստամենկովիչ

 «Արարատ»՝ 24, «Շիրակ»՝ 42

66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա