Logo

Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.12.2020Հեղինակներ
exhdi18 - Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Մառլեն Դիտրիխ․ ազգությամբ գերմանացի ԱՄՆ-ում մեծ ճանաչում ձեռք բերած հայտնի դերասանուհի և երգչուհի։ Տաղանդավոր, գեղեցիկ․․․ Նրան էին սիրահարվում ժամանակի ամենահայտնի տղամարդիկ, նրան էին նվիրում գրքեր, բանաստեղծություններ, սիրո խոստովանություններ և բազմաթիվ սիրային նամակներ, որոնցից մի քանիսը այսօր հասանելի են նաև մեզ, շատերը՝ անձնական արխիվում թաքնված հանրային քննարկումներից․․․

Ձեզ ենք ներկայացնում մի քանի նամակ՝ ուղղված Մառլեն Դիտրիխին։

գֆբնֆհգյ 960x546 - Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին

 

«Թանկագին Մառլեն, 

Զանգդ եկավ կիրակի օրը` կեսօրին: Կապն այնքան վատ էր, որ չկարողացա լսել քեզ: Երկար ժամանակ միայն անհասկանալի ձայներ էի լսում: Հետո լսեցի, որ ասում ես՝ գիրք չեմ ուղարկել քեզ ու որ մոռացել եմ քո մասին: Հիմարություն է: Եվ հետո ես փորձեցի քեզ գտնել Նյու Յորքում, և երբ մյուս զանգդ եկավ, ես սկսեցի բղավել և չկարողացա լսել քո հաճելի ձայնը: Մենք ցտեսություն ասացինք իրար այն մարդկանց նման, որոնք չեն հասկանում ու չեն սիրում իրար: 

Ես ահավոր էի զգում ու իսկապես անհանգստացած էի, որ դու տխուր ես:  

Հույս ունեմ՝ լավ ես: Խնդրում եմ իմացիր, որ ես քեզ միշտ սիրում եմ ու կսիրեմ: Երբեմն մոռանում եմ, որ սիրում եմ քեզ՝ ճիշտ այնպես, ինչպես մոռանում եմ, որ իմ սիրտը բաբախում է: Բայց այն միշտ բաբախում է: 

Ես միշտ սիրում ու հիանում եմ քեզնով: Քո հանդեպ ես խառը զգացմունքներ եմ տածում ասես Վել Դիվի վեցօրա հեծանվավազքի թիմակիցներ լինենք կամ Սպորտի պալատը՝ երկուսն էլ միշտ վստահելի են, ամուր, հավատարիմ մեկը մյուսին և պետք եղած ժամանակ ունակ անելու անհնարինն ու հիանալին: Երկուսս էլ դիմացկուն ենք ու տոկուն և երբեք չենք կորցնում ռիթմի զգացումը: Միակ տարբերությունն այն է, որ դու գեղեցիկ ես, իսկ ես՝ տգեղ: 

Շատ հաճախ թվում է՝ ես վատ իրավիճակներում եմ հայտվում: Համենայնդեպս այդպես եմ զգում, քանի որ իմ շուրջ եղած մարդիկ մահանում են, կամ ես անհասկանալիորեն սնանկանում եմ, կամ իմ սիրելի մարդիկ քաղցկեղով են տառապում, կամ ես ուղղակի սկսում եմ թքած ունենալ ամեն ինչի վրա ու երազել, որ ամեն ինչ այնքան հեշտ լինի, որքան պատերազմում է. այնտեղ դու կարող ես կեղտոտ գործն անել ու գուցե սպանվել: 

Երբ ես որոշեցի հրատարակել «Ծերունին և ծովը», թվում էր՝ դա զինվորական գաղտնիք է: Բնականաբար բոլորը մատնեցին գաղտնիքը, բացի ինձանից: Գիտես՝ ես չէի պատմի քեզ զինվորական գաղտնիքը, եթե անկողնում լինեի, հարբած կամ մեկ այլ իրվիճակում: Այդ պատճառով ես չուղարկեցի քեզ գիրքը, քանի որ այն դեռևս չի տպագրվել: Բայց գիտեմ, որ մարդիկ, որոնք երդվել էին այն ցույց չտալ մյուսներին, խախտել են խոստումը: Մի չարախինդ սրիկա նույնիսկ գրել էր ինձ, որ կբարկանամ եթե իմանամ, որ արդեն կարդացել է նովելս: 

Ես կնախընտրեի, որ բոլորից շուտ դու կարդայիր այն: 

Բացի քեզնից ոչ ոք չգիտի, որ ես լավ պոետ եմ, Մառլեն: Գուցե ես ավելի լավ պոետ եմ, քան մեկ այլ բան, բայց այդ մասին բոլորից լավ միայն դու գիտես: 

Հույս ունեմ՝ գիրքը քեզ դուր կգա: Կարծում եմ հաճելի է, որ մենք «Life»/«Կյանք» ամսագրի երկու շարունակական մասերում, կամ ավելի շուտ երկու հատորներում ենք հայտնվել: Իրական կյանքում ևս այդպես է եղել: Թեպետ քեզնից տարիքով ավելի մեծ լինելուս շնորհիվ ես առաջինն եմ հայտնվել Der Querschnitt ամսագրում:

Գիտես՝ եթե վատ ես զգում ու ուզում ես խոսել, լողալ, ծով գնալ, կարդալ, ուտել, խմել կամ որևէ այլ բան անել, դու կարող ես այստեղ գալ մի քանի ժամում: Կարծում եմ՝ կուրախանաս, գիտեմ՝ ես ինքս ուրախ կլինեմ: Գիտեմ՝ միասին մենք երջանիկ կլինենք: 

Գուցե պետք է գաս ու տոնենք երկուսիս՝ «Life» ամսագրում հայտնվելը և 15 տարվա ընթացքում լավ վարքի տեր լինելը: Կարծում եմ՝ լավ միտք է: 

Լողավազանի ջուրը մեղմ կամ սառն է, իսկ ծովն էլ՝ հաճելի: Ես քեզ կներկայացնեմ «Ծերունուն»: Քաղաքն ուրախ է գիշերը, բոլորը տեղահանված խաղացողներ են:  

Սիրով, Պապա…»

Էռնեստ Հեմինգուեյի հայտնի «Ծերունին և ծովը» վիպակն առաջին անգամ տպագրվել է 1952թ.-ի սեպտեմբերի 1-ին՝ «Life» ամսագրում: Իսկ նույն ամսագրի օգոստոս ամսվա համարում Մառլեն Դիտրիխն էր՝ իր նոր բնակարանում, որտեղ սեղանին դրված էին Հեմինգուեյի լուսանկարները՝ «Սիրով, Պապա» մակագրությամբ. Այսպես էր Մառլենն անվանում Հեմինգուեյին: 

տես նաև՝

 

Էրիխ Մարիա Ռեմարկի նամակը Մառլեն Դիտրիխին

1070159 928x522 1qFZSk ermxKc - Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Իմ քնքուշ, գիտեմ՝ լինում են օրեր, երբ տխրում ես. Նոր տարվա առաջին օրերն են: Իմացի՛ր, որ ես գիտեմ այդ մասին: Ես քեզ հետ եմ ամեն ինչում, և երբ դու հետ ես նայում, որ հայացք գցես անցյալին, ես ուզում եմ լինել կողքիդ ու քեզ հետ:

Ես ուզում եմ լինել քեզ հետ և ինձ էլ ոչինչ պետք չէ: Դու պետք է իմանաս, որ ես կամ: Չպետք է ոչնչից վախենաս: Դու պետք է զգաս, որ ես միշտ քեզ հետ կլինեմ, և որ քո կյանքում էլ երբեք միայնություն չի լինի:

Ոչ ոք չի ապրում առանց կորստի. ինձնից բացի, էլ ո՞վ կարող է դա շատ լավ իմանալ: Բայց ոչ ոք չի ապրում նաև առանց ամեն անգամ նորից սկսելու, ու դա էլ է ինձ հայտնի: Ես դա գիտեմ և զգում եմ. զգում եմ, քանի որ կաս Դու:

Դրսում արմավենիների վրա անձայն ձյուն է նստում, վերջին շաբաթն է Սուրբ ծննդից առաջ: Ինձ ծանոթ է այդ ժամանակը` թափանցիկ ու անհետ կորած: Ծանոթ է անցյալից, երբ ոչ մի բան չկար, բացի թախիծից ու գարեջրատնից, և դաշնամուրից ու այն սպասումից, որ ամեն պահ շունչը կլքի ինչ-որ մեկի կուրծքը: Դա կլինի այն օրերին, երբ կստանաս այս նամակը, քո տխրության օրերը կլինեն և նամակը կհասնի դրանց: Այն կհասցնի իմ տխրությունը քեզ ու կսփոփի ինձ, և այն պետք է սփոփի նաև քեզ ու տանի քո տխրությունը:

Մխիթարելուց այնքան էլ լավ չեմ, անփորձ եմ բառերի ընտրության հարցում: Բայց ես ունակ եմ մեկ այլ բանի, մի բան, որն առաջ չէի կարող անել. Ես ունակ եմ սիրել: Այն պահին, երբ գրեցի սա, ես սարսափելի ամաչեցի, որովհետև ասածս շատ ինքնահավան հնչեց, իսկ այդպես չպետք է լինի: Բայց չեմ փոխի այդ տողը, կթողնեմ ինչպես, որ կա, որովհետև քո շնորհիվ է, որ ունակ եմ դրան: Ես ըստ էության սիրո ունակ չեմ, ես ունակ եմ սիրել միայն քեզ, և դա ավելին է ու բացի այդ, չի հնչում այդքան դոնժուանական:

Մենք այլևս միայնակ չենք, քնքո՛ւշս, մենք ինչ-որ բանի ենք պատկանում: Մենք գտել ենք տուն տանող ճամփան, մեզ իրար մոտ բերող ուղին, ու այդպիսով ամեն ինչ թեթև ու հեշտ է դառնում: Տխրությունը թախիծի է վերածվում, իսկ ունայնությունը` մելանխոլիայի, որում փակված են բոլոր հիշողությունները: Մարդ պետք է շատ դռներով անցնի, մինչև հասնի ինքն իրեն ու այնտեղ, ուր կմնա, և դռներեն էլ չեն կարող բաց մնալ: Հետադարձ ճանապարհ երբեք չի լինում: Եվ ով էլ փակած լինի դռները՝ դու, մեկ ուրիշը, կամ էլ ուժեղ քամին, հետդարձի ճամփա երբեք չի լինում, ինչքան էլ ցանկանաս: Եվ նույնիսկ, եթե դռները նորից բացվեն, միևնույնն է՝ հետ չես վերադառնա. հոգուդ խորքում դու դա չես էլ ցանկանում:

Արի՛ իմ գիրկը: Մենք երկուսով ենք փոքրիկ սենյակում, իսկ փողոցում գիշերն ու ամբողջ աշխարհն են շրջում: Մենք ունենք լուսամփոփ ու մահճակալ, մեր սրտերը ու ջերմությունը մեր միջև, որը կյանք է կոչվում: Այդ ամենը ունենք արտաշնչելու այն փոքրիկ ակնթարթում, որ հավասարազոր է գոյությանը: Մենք էլ չենք ուզում հետ նայել, հնազանդվել տխրության ու հուսահատության իշխանությանը: Գոյությունը մեր մեջ է ու երբեք չի կորչի. այն մեկս կփոխանցի մյուսին: Շրջանը փակվում է, անցյալը` քարանում: Քո կյանքը իմ կյանքն է, իսկ իմը` քոնր, դու քեզ վրա կվերցնես իմ կյանքի հոգսերը, իսկ ես`քոնը: Դրանք թափանցիկ կդառնան, էլի մերը կմնան, բայց մեռած ծանրությամբ թափված չեն լինի մեզ վրա: Հոգսերն այդ կմիավորվեն ու նորից կյանքի կկոչվեն, կյանքում կձուլվեն: Քանի որ մենք դրանք շատ ենք սիրում ու դրանց համար ցավում, հոգսերն այդ անհասականալի ձևով առաջվանից շատ բան կտան մեզ, ու դեռ կշատանան՝ ամեն մեկը կրկանպատկվելով, ու սիրելի ստվերները տարօրինակ ձևով կմիաձուլվեն սիրելի կյանքի հետ: Ա՜խ սիրելիս, ինչքան շուտ դու իմ մեջ ծնվեցիր: Ու վերադարձար նորից ու նորից, և հիմա ես գրկում եմ քեզ, ու գլուխդ իմ ուսին է: Մենք շատ բան գիտենք միմյանց մասին ու նայում ենք իրար: googleplus - Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]

Մառլեն Դիտրիխը և «Բիթլզ» քառյակը 1963 - Մառլեն Դիտրիխ [ժամանակի ամենահայտնի տղամարդկանց սիրելին, մուսան և ճակատագրական կինը]
Մառլեն Դիտրիխը և «Բիթլզ» քառյակը

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա