Logo

Հակոբ Սերոբյան. «Որակավորման նոր կարգը բարդացնում է օլիմպիական ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:56 / 13.04.2022Մարմնամարզություն
Բացառիկ
Հակոբ Սերոբյան

Օլիմպիական ուղեգրերի խաղարկման նոր կարգը փոքր-ինչ բարդացնելու է դրանք նվաճելու մեր մարմնամարզիկների հնարավորությունները՝ VNews-ի հետ զրույցում նշեց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Նրա խոսքով՝ որակավորման մրցակարգն զգալիորեն փոխվել է: «Հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է Խաղերի թիմային մրցումներին։ Նախկինում մասնակից թիմերի կազմում ընդգրկվում էր 4 մարմնամարզիկ, իսկ հիմա լինելու է 5-ը։ Ընդ որում՝ թիմային պայքարում նվաճած ուղեգրերն անվանական չեն լինելու։ Այսինքն՝ Օլիմպիական խաղերում մարզիչներն իրենց հայեցողությամբ կարող են փոփոխություններ կատարել թիմի կազմում։ Սակայն թիմում ընդգրկված մարմնամարզիկներն ՕԽ-ին կարող են մասնակցել նաև բազմամարտի և առանձին վարժությունների հաշվարկով։

Հաշվի առնելով, որ ՕԽ-ի թիմային պայքարին մասնակցելու է տղամարդկանց 12 հավաքական՝ այդպես բաշխվելու է սահմանված 96 ուղեգրերից 60-ը։ Մնացածը վիճարկվելու են անհատական պայքարում։

Խաղերին մասնակցող առաջին թիմերը որոշվելու են արդեն այս տարվա աշխարհի առաջնությունում. ուղեգրեր են նվաճելու թիմային հաշվարկում 1-3-րդ տեղերը գրաված հավաքականները։ Մնացած 9 թիմերը հայտնի են դառնալու հաջորդ տարվա համաշխարհային ստուգատեսում»,- VNews-ի հետ զրույցում ասաց Հակոբ Սերոբյանը։

Այդ պարագայում Հայաստանի համար ավելի արդիական է դառնում անհատական պայքարը։ «Այստեղ խնդիրն ավելի բարդ է, որովհետև թիմայինից հետո վիճարկվելու է թափուր մնացած ընդամենը 36 ուղեգիր։ Եթե նախկինում աշխարհի առաջնության առանձին վարժություններում վիճարկվում էր օլիմպիական 3-ական ուղեգիր, ապա այժմ՝ միայն 1-ական։ Դա տեղի է ունենալու 2023 թվականի աշխարհի առաջնությունում։ Շատ հնարավոր է, որ այդ մեկ ուղեգիրը նվաճի ցածր տեղ զբաղեցրած որևէ մարմնամարզիկ, եթե նրանից բարձր դասված մարզիկների ներկայացրած երկրներն արդեն վարկանիշ ձեռք բերած լինեն թիմային հաշվարկում։

Առանձին վարժություններից ևս 2-ական ուղեգրի տերերը որոշվելու են 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկի արդյունքներով։ Օրինակ՝ եթե այդ կարգը գործեր այս տարի, ապա Արթուր և Վահագն Դավթյաններն արդեն օլիմպիական կլինեին։ Այդ ճանապարհով բաշխվելու է 12 ուղեգիր։ Եվս 5-ը վիճարկվելու են 2023-ի աշխարհի առաջնության բազմամարտի արդյունքներով։ Ի դեպ, Արթուր Դավթյանն իր մասնակցած 3 Օլիմպիական խաղերի ուղեգրերն էլ այդպես է նվաճել։

Մնացած 19 ուղեգրից 1-2-ը կարող են բաշխվել աշխարհամասերի առաջնությունների բազմամարտի արդյունքով։ Մնացածն արդեն կհատկացնեն համեստ ներկայացվածություն ունեցող աշխարհամասերին և երկրներին՝ ապահովելով օլիմպիական մրցումների մեծ աշխարհագրությունը»,- մանրամասնեց նաև միջազգային կարգի մրցավարի կոչում ունեցող Հ. Սերոբյանը։

ԻՆՉՈՒ ԵՆ ԲԱՐԴԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ստեղծված իրավիճակում մեզ համար ավելի իրական է օլիմպիական ուղեգրեր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով։ Ինչպես հայտնի է, ընդհանուր հաշվարկն ամփոփվում է 4 փուլերի գումարային ցուցանիշներով։ Այս ընտրափուլում գավաթային 4 մրցաշարերը ֆիքսված անցկացվելու են Գերմանիայում, Կատարում, Եգիպտոսում և Ադրբեջանում։ Սակայն իրականում մենք մասնակցելու ենք այդ ստուգատեսներից 3-ին, քանի որ Բաքու չենք մեկնելու։ Փոխարենը մեկնելու են մեր հիմնական մրցակիցները, որոնք լրացուցիչ առավելություն են ստանալու հայ մարմնամարզիկների նկատմամբ։ Նշանակում է՝ մեր տղաները պետք է կարողանան հաղթել Բաքվին նախորդող երեք մրցաշարերում, որպեսզի երաշխավորված ուղեգիր ունենան։ Իսկ դա շատ դժվար է լինելու։

Արթուր Դավթյանը կփորձի խնդիրը լուծել նաև աշխարհի առաջնության բազմամարտի միջոցով։ Մեր մյուս մարզիկների պարագայում առաջնային են դառնալու աշխարհի գավաթի փուլերը»,- իրավիճակը ներկայացրեց գլխավոր մարզիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա