Logo

Թաթախվել քաղաքական խաղերի մեջ ու կարիերան ավարտել 29-ում. Եվրոպա լիգայի նորաթուխ հաղթողի սկանդալային պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:28 / 25.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Դեռևս մայիսի կեսին «Այնտրախտը» ցնցեց «Հին մայրցամաքը»՝ հաղթելով Եվրոպա լիգան: Այդ թիմի անբաժան մասն էր ավստրիացի պաշտպան Մարտին Հինտերեգերը. «Արծիվների» կենտրոնականի ներդրումն այդ հաղթանակում անգնահատելի է։ Թվում էր՝ շուտով Հինտերեգերն «Այնտրախտի» հետ նորամուտն է նշելու Չեմպիոնների լիգայում, սակայն օրերս նա հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Պատճառը քաղաքական սկանդալն է, որի մեջ թաթախվել է ֆուտբոլիստը: 

Ավստրիայի հավաքականի արդեն նախկին պաշտպանին կասկածում էին աջակողմյան քաղաքական գործիչներին հարելու համար։ Գերմանիայում այդ լուրը լսելուց հետո, բնականաբար, ուրախությունից չէին թռչկոտում. «Այնտրախտի» ղեկավարությունը նույնիսկ որոշել էր վաճառել Հինտերեգերի տրանսֆերային իրավունքը՝ հետագա խնդիրներից ու անհարկի շահարկումներից խուսափելու համար։ 

Ըստ որոշ շշուկների՝ ֆրանկֆուրտյան ակումբը ցանկություն էր հայտնել Հինտերեգերից ազատվել դեռևս ապրիլի վերջին. պաշտպանն այդ օրերին Kleine Zeitung թերթի հետ ծավալուն հարցազրույցում պնդել է, որ «Այնտրախտը» ցանկանում է վաճառել իր տրասֆերային իրավունքը, մինչդեռ ինքը կտրուկ դեմ է հեռանալուն, քանի որ ուզում է հարազատ դարձած ակումբի հետ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Բայց ամեն ինչ գնաց հակառակ հունով. Հինտերեգերն ավարտեց կարիերան 29 տարեկանում։ 

«Կարիերան ավարտելու մասին առաջին մտորումներն արել էի նախորդ աշնանը։ Այդ ժամանակ իմ կյանքում դժվարություններով լի փուլ էր։ Հաղթանակներից աառանձնապես հաճույք չէի ստանում, իսկ պարտությունները կրկնակի ցավոտ էին ինձ համար։ Եվրոպա լիգայում հաղթելն ինձ էլ ավելի համոզեց, որ գնամ այդ քայլին։ Արդեն այդ ժամանակ վստահ էի, որ դա իմ վերջին հաղթանակն է իմ երկրորդ տանը։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնեց ակումբի բոլոր աշխատակիցներին, թիմակիցներիս ու, իհարկե, երկրպագուներին, որոնք լավագույնն են աշխարհում», - սրտաճմլիկ նամակում ասում է Հինտերեգերը։ 

Վերջին շաբաթների ընթացքում հասարակության ու երկրպագուների ուշադրությունը կտրուկ մեծացավ ֆուտբոլիստի հեղինակային «Հինտիի Գավաթ» ամենամյա սիրողական ֆուտբոլային մրցաշարի նկատմամբ։ Ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունն անցավ բոլոր սահմանները։ Ես շատ եմ սիրում այդ մրցաշարը ու կանեմ ամեն ինչ, որպեսզի դրա անցկացմանը երբեք ոչինչ չխանգարի։ 

Գավաթի սկանդալային հետքերով

«Հինտիի Գավաթի» գաղափարը ֆուտբոլիստը զարգացրել է մի քանի ամիս ու ծեծել բոլոր հովանավորների և կազմակերպիչների դռները, մինչև հասել է իր նպատակին։ Այն մրցաշար է, որին կարող են ներկա լինել Զիրնիցա քաղաքի բնակիչները, կարող են շփվել ֆուտբոլիստի հետ։ Մրցաշարին մասնակցում են մի շարք սիրողական թիմեր, կա նույնիսկ մրցանակային ֆոնդ, որը սահմանում է հենց ֆուտբոլիստը։ Հինտերեգերն առիթը բաց չի թողնում ու ինքն է դուրս գալիս խաղադաշտ։ Ավստրիացի ֆուտբոլիստը հիմնականում մրցաշարն անցկացնում է Գերմանիայում, բայց քանի որ «Այնտրախտը» հաղթել էր Եվրոպա լիգայում, Հինտերեգերը որոշեց այն տեղափոխել հարազատ Կարինտիայի մարզ։ Գերմանացի երկրպագուների տեղափոխությունը երկրից երկիր ֆուտբոլիստը կազմակերպեց սեփական միջոցներով։ 

Մրցաշարին պետք է ներկա գտնվեր մի քանի հազար երկրպագու։ Այդ նպատակով Հինտերեգերը վարձակալեց հսկայական տարածք ու մեծ ամրոց, որտեղ տարիներ շարունակ անցկացվում էին տարատեսակ ցուցահանդեսներ ու բազմահազարանոց հանդիսատեսով համերգներ։ Այդ առիթով ֆուտբոլիստը լուսանկար հրապարակեց Հենրիխ ու Էլիզաբեթ Զիկլի հետ, որոնք Ավստրիայում աջակողմյան ուղղվածություն ունեցող հայտնի քաղաքական գործիչներ էին։ Հերիխը մինչև 2021-ն աշխատում էր Գրացի քաղաքապետարանում՝ ներկայացնելով Ավստրիայի ազատական կուսակցությունը, իսկ երիտասարդ տարիքում անդամագրված էր «Նացիոնալիստական ճակատ» գերմանական նեոնացիստական կազմակերպությանը, որը 1992-ին արգելվել էր Գերմանիայում։ 

Խնդիրը, սակայն, միայն համատեղ լուսանկարը չէր. «Հինտիի գավաթի» պաշտոնական կայքէջում հրապարակված էր հաղորդագրություն, ըստ որի՝ մրցաշարը կազմակերպում է Hinti Event GmbH համակարգը, որը գրանցված է Զիրնիցայում։ Այն հիմնել են 2 գործընկերներ, որոնք հավասարապես ներդրել են 12 հազար եվրո՝ Հինտերեգերը և Հենրիխ Զիկլը։ Պարզվում է՝ քաղաքական գործիչը լիարժեք ֆինանսավորում է «Հինտիի գավաթը» և ամբողջությամբ կառավարում է վերոնշյալ համակարգի գործունեությունը։ Հասարակությանն ու ԶԼՄ-ներին դուր չեկավ նաև այն, որ գավաթի խաղարկությանը ելույթ է ունեցել ֆրանկֆուրտցի ռեփեր Վեգան. նա «Այնտրախտի» ուլտրասի անդամ է ու իրեն համարում է ուլտրա աջ։ Հինտերեգերը հասկացավ իր սխալը, բայց արդեն ուշ էր:

Հետաքննությունն ու մասսայական քննադատությունը ստիպեցին Հինտերեգերին հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։ 

«Ինձ ապշեցնում են անծանոթ մարդկանց դատողությունները. ես ապրում եմ Զիրնիցայում, Զիկլների ընտանիքը՝ նույնպես։ Ես պարզապես ցանկանում էի երախտիքս հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իրական դարձրին իմ երազանքներն ու ցանկությունները։ «Հինտիի գավաթն» ինձ շատ էր ոգևորել, դրա համար այս անգամ ես ցանկանում էի այն անցկացնել յուրահատուկ վայրում», - հայտարարել է Հինտերեգերը։

Ալբեկի ամրոցը և դրա մերձակայքն իդեալական են մրցաշարն անցկացնելու համար։ Վերջին 35 տարվա ընթացքում այստեղ անցկացվել են անթիվ-անհամար համերգներ, ցուցահանդեսներ ու տարբեր գրող-հեղինակների թատերական բազմաթիվ ներկայացումներ։ Հինտերեգերը պնդում է, որ ոչինչ չի իմացել Զիկլների ընտանիքի անցյալի գործունեության մասին, սակայն ԶԼՄ-ները փաստում են, որ ֆուտբոլիստը, մեղմ ասած, ստում է։ Ըստ լրագրողների՝ Հինտերեգերի ցանկությունը զուտ մրցաշարի անցկացումը չէ, ինչպես ամեն քայլափոխի ասում է ֆուտբոլիստը։ 

«Ես դադարեցնում եմ Զիկլների ընտանիքի հետ աշխատանքային բոլոր գործակցությունները։ Ես չէի կարող այլ կերպ վարվել տեղեկատվական նման հոսքից հետո։ Ես չգիտեմ՝ ինչ ճակատագիր է ունենալու «Հինտիի գավաթը», սակայն մի բանում վստահ եմ՝ ես դրան այնքան եմ նվիրված, որ թույլ չեմ տա այն հենց այնպես դադարի գոյություն ունենալուց։ Ես ամբողջ աշխարհով մեկ ունեմ ընկերներ։ Ֆուտբոլով զբաղվելու ամբողջ ընթացքում ես ամեն կերպ հերքել եմ բոլոր մեղադրանքներն իմ հասցեին, ըստ որոնց՝ ես աջակողմյան ուղղվածություն ունեմ կամ ինչ-որ կապ ունեմ դրա հետ։ Ես դեմ եմ ամեն տեսակ խտրականությանը», - հայտարարել է Հինտերեգերը։ 

Մարտին Հինտերեգերի դեպքը ցույց է տալիս ֆուտբոլի և սպորտի ամենավատ կողմերից մեկը. անկախ խաղացողի ելույթներից, տիտղոսներից ու նվաճումներից՝ ցանկացած հայտարարություն, հրապարակված լուսանկար կամ նույնիսկ հեռակա կապը ոչ միանշանակ մարդու/մարդկանց/կազմակերպության հետ կարող է խաչ քաշել նրա հեղինակության և կարիերայի վրա...

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա