Logo

Սարյանին սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում»...

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:07 / 05.05.2022Արվեստանոց
Մարտիրոս Սարյան

Այսօր Մարտիրոս Սարյանի հիշատակի օրն է` ուղիղ 50 տարի առաջ այս օրը «գույների արքան» հրաժեշտ տվեց կյանքին:

Վարպետի մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացնենք մի քանի պատմություն՝ գրականագետ Հովիկ Չարխչյանի արխիվից.

***

...Երբ Մարտիրոս Սարյանը Փարիզից վերադարձավ Երևան, նրան սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում, Կոստանդնուպոլսի նավահանգստում կայանման ժամանակ»:

Նավաստիներից մեկի նետած լուցկու կրակից հրդեհ էր բռնկվել` ոչնչացնելով Սարյանի բոլոր աշխատանքները: Որոշ ժամանակ անց Փարիզում գտնվող ապահովագրական գործակալությունը «կրած վնասների դիմաց» նրան ուղարկեց ներկեր, վրձիններ, նկարակալ: Այսպիսին էր եղել Սարյանի փոխհատուցման պահանջը…

... 1972 թվականի հունվարի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվում Մինաս Ավետիսյանի արվեստանոցում, այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը (մոտ 300 աշխատանք): Լսելով պատահարի մասին` Մարտիրոս Սարյանը Մինասին է ուղարկում իր ներկերն ու վրձինները՝ հետևյալ երկտողի հետ. «Սպասում եմ նոր նկարների»:

***

1984 թվականի աշնանը խորհրդային թերթերը հրապարակեցին պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր Նիկոլայ Շչոլոկովը վտարվել է իր պաշտոնից, զրկվել է գեներալական ուսադիրներից և բոլոր կառավարական պարգևներից: Սա ապշեցուցիչ տեղեկատվություն էր: Շչոլոկովը, ով շուրջ 16 տարի ղեկավարել էր երկրի ուժային կառույցներից մեկը, համարվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, հանկարծ անփառունակ անկում էր ապրում իր հզորության բարձունքից: Նրա բնակարանում, աշխատավայրում խուզարկություններ կատարվեցին և լույս աշխարհ հանվեցին բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք գնահատվեցին որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստություն կամ կաշառք: Դրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանի «Դաշտային ծաղիկներ» կտավը:

Ինչպե՞ս էր Սարյանի աշխատանքը հայտնվել մինիստրի մոտ և ինչու՞ այն համարվեց հանցավորության իրեղեն ապացույց: Այս մութ ու խճճված պատմությունը մի քանի վարկածներ ունի, բայց դրանք բոլորն էլ պտտվում են մեկ ընդհանուր առանցքի շուրջ: Համաձայն դրանց, դեպքերն այսպիսի ընթացք են ունեցել:

Հայտնի փաստ էր, որ Շչոլոկովը լրջորեն հրապուրված էր գեղանկարչությամբ և երիտասարդ հասակում նույնիսկ նկարիչ դառնալու երազանք էր փայփայել: Այս հրապույրն էր նաև պատճառը, որ երբ 1971 թվականին նա աշխատանքային այցով եկավ Հայաստան, տեղի պաշտոնյաները մինիստրին ուղեկցեցին Մարտիրոս Սարյանի արվեստանոց: Շչոլոկովն այստեղ զրուցեց նկարչի հետ, դիտեց նրա հին ու նոր կտավները, բայց հատկապես երկար կանգ առավ մի նկարի առաջ, որը կոչվում էր «Դաշտային ծաղիկներ»:

Նախարարարական այս «դադարը» ասես ազդանշան լիներ Հայաստանի ՆԳ բարձրագույն սպայակազմի համար: Մինիստրի մեկնումից հետո հայ իրավապահ չինովնիկները 10 հազար ռուբլով գնեցին կտավն ու նվիրեցին իրենց շեֆին: Շչոլոկովը հիացած էր: Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Սարյանին, շնորհակալություն հայտնեց նվերի համար, իսկ հետո նկարը կախ տվեց իր ամառանոցում: Սակայն նույն օրերին «Սովետական միլիցիա» ամսագիրը գրեց, թե իբր Սարյանն անձամբ է այդ կտավը նվիրել ՆԳ մինիստրությանը, ինչից հետո թանկագին նվերն անմիջապես տրամադրվել է ՆԳՆ Կենտոնական թանգարանին:

 

Աղբյուր` գրականագետ Հովիկ Չարխչյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա