Logo

Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
184143830 4664206683642397 7601655678859677494 n - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Հայաստանի վերջին 2 տարիների փոխչեմպիոն «Նոան» հուլիսի 8-ին կսկսի իր ելույթները նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում, որտեղ որպես մրցակից ստացել է ֆիննական «ԿուՊՍ»-ին (ամբողջական անվանումը՝ «Կուոպիոն Պալոսեուրա»): Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում: Հայկական թիմում քաղաքականության փոփոխություն է տեղի ունեցել, ու այս արգելքը հաղթահարելը չափազանց դժվար կլինի:

Շուրջ 100 տարվա պատմություն, նվաճած տիտղոսներ, հետաքրքիր ճանապարհ անցած գլխավոր մարզիչ, որի որդին այս օրերին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, ընդամենը մեկ քայլ՝ Եվրոպա լիգայի խմբային փուլից․ ներկայացնում ենք «Նոայի» առաջիկա մրցակցի մասին այս և այլ ուշագրավ մանրամասներ:

Պատմությունը

Կուոպիոն Ֆինլանդիայի՝ բնակչության թվով 9-րդ քաղաքն է: Այնտեղ գործող «Կուոպիոն Ռեյպաս» ակումբը 1915 թվականին ֆուտբոլ մարզաձևը դարձրեց իր ծրագրի մի մաս: Ֆինլանդիայում 1918 թվականին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը հանգեցրեց նրան, որ 20-ական թվականներին «Կուոպիոն Ռեյպասից» մի քանի թիմեր առանձնացան ու դարձան անկախ ակումբներ: Դրանցից մեկը «ԿուՊՍ»-ն էր, որը հիմնադրվել է 1923 թվականի մարտի 16-ին: Ակումբն առաջին տարիներին ձևավորեց նաև թենիսի ու հոկեյի թիմեր:

KuPS1923 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

«ԿուՊՍ»-ը 20-ական թվականներին հիմնականում ընկերական հանդիպումների էր մասնակցում տեղի թիմերի հետ: Առաջին հաջողությունը գրանցվեց 1930 թվականին, երբ թիմը դարձավ Սավո շրջանի չեմպիոն՝ ձեռք բերելով 2-րդ դիվիզիոնի ուղեգիր, որտեղ էլ մնաց մինչև 1947 թվականը, երբ առաջին անգամ ներգրավվեց Բարձրագույն խումբ: «ԿուՊՍ»-ն առաջին իսկ մրցաշրջանում դուրս մնաց առաջնությունից, բայց մեկ տարի անց վերադարձավ ուժեղագույնների լիգա ու այնտեղ մնաց հետագա 44 մրցաշրջանների ընթացքում (Ֆինլանդիայի ռեկորդ Բարձրագույն խմբում անընդմեջ մրցաշրջանների քանակով): Թիմը մասնակցում էր նաև եվրոպական ակումբային մրցաշարերի նախնական փուլերին, թեև առաջ ընթանալ չէր հաջողվում:

Մեր ընտրանին

«ԿուՊՍ»-ը մեկ տարի Երկրորդ դիվիզիոնում անցկացնելուց հետո 2005-ին կրկին նվաճեց Բարձրագույն խմբի ուղեգիր: 2006 թվականին դարձավ երկրի Լիգայի գավաթակիր՝ ընդհատելով առանց տիտղոսների 17 տարի ձգված շարքը: «ԿուՊՍ»-ը կուտակած պարտքերի պատճառով նույն տարվա դեկտեմբերին կանգնել էր սնանկացման եզրին, բայց ICECAPITAL ներդրումային բանկի գործադիր տնօրենը, որը նաև անցյալում պաշտոն էր զբաղեցրել Ֆինլանդիայի Բարձրագույն խմբի ղեկավար կազմում, ակումբում իր բաժնեմասը հասցրեց մոտ 95%-ի ու փրկեց այն: «ԿուՊՍ»-ը 2011-ին նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր՝ 21 տարի անց կրկին խաղալով եվրագավաթներում: 2019-ին 43 տարվա դադարից հետո դարձավ Ֆինլանդիայի Բարձրագույն խմբի հաղթող: Երկրի 6-ակի չեմպիոն է (6-րդ ցուցանիշ), 11-ակի փոխչեմպիոն, եռակի գավաթակիր, Լիգայի գավաթակիր:

170729766 4585213411541725 8584004003663864676 n 960x636 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Ելույթները նախորդ և ընթացիկ մրցաշրջաններում

Ֆինլանդիայում ակումբային ֆուտբոլն անցկացվում է գարուն-աշուն համակարգով, ուստի ներքին առաջնությունն այնտեղ ներկայումս ընթացքի մեջ է: «ԿուՊՍ»-ը 8 խաղից հետո վաստակել է 13 միավոր ու 12 թիմի պայքարում եզրափակում է լավագույն հնգյակը: Թիմը Ֆինլանդիայի գործող գավաթակիրն է: Եզրափակիչ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 8-ին, մրցակիցը գործող չեմպիոն ու ընթացիկ առաջնության առաջատար ՀԻԿ-ն էր: Հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլ չի գրանցվել, «ԿուՊՍ»-ը հաղթել է 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ: Հետաքրքիր է, որ «Նոայի» առաջիկա մրցակիցը 63-րդ րոպեից 10 հոգով է խաղացել:

Ինչ վերաբերում է երկրի 2020 թվականի առաջնությանը, ապա «ԿուՊՍ»-ը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմը հավասար քանակի միավոր է վաստակել փոխչեմպիոն հռչակված «Ինտեր Տուրկուի» հետ, իսկ չեմպիոն ՀԻԿ-ից հետ մնացել 7 միավորով: ԿուՊՍ-ի լավագույն ռմբարկու է ճանաչվել ընդամենը 7 գոլի հեղինակ դարձած նիգերիացի հարձակվող Անիեկպենո Ուդոհը՝ լավագույն ռմբարկուից հետ մնալով 9 գոլով: Վերադառնալով ընթացիկ առաջնություն՝ նշենք, որ «ԿուՊՍ»-ը մրցաշարը սկսել էր ոչ այնքան հաջող՝ մեկնարկային 6 մրցավեճում կրել 3 պարտություն ու տոնել միայն 2 հաղթանակ, բայց հետագայում կարգավորել է գործերը՝ հաջողության հասնելով վերջին 2 խաղերում:

184685972 4672206046175794 2595463904271316079 n 960x623 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Մարզիչը

«ԿուՊՍ»-ի գլխավոր մարզիչը ֆինն 48-ամյա մասնագետ Սիմո Վալակարին է, որը նախորդ տարվա նոյեմբերին է ստանձնել թիմի ղեկը: Նա բավականին հարուստ ֆուտբոլային կենսագրություն ունի: Որպես կիսապաշտպան 32 խաղ է անցկացրել Ֆինլանդիայի ազգային հավաքականում, 104 հանդիպման մասնակցել շոտլանդական «Մոթերուելում», ներկայացրել նաև անգլիական «Դերբի Քաունթին» (46 մրցավեճ, 3 գոլ), ամերիկյան «Դալասը» (85 հանդիպում, 1 գոլ): 2009 թվականին մի շարք վնասվածքներ ունենալուց հետո նա ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:

29 mar 2000 ryan giggs of wales goes past simo valakari of finla 830726 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

2010 թվականին դարձավ «ԿաՊա» ակումբի պատանեկան թիմի մարզիչ: Ուշագրավ է, որ Վալակարին ժամանակին հենց այդ ակումբում էր կատարել նաև որպես ֆուտբոլիստ առաջին քայլերը: Հետագա 5 տարիներին որպես գլխավոր մարզիչ աշխատեց ՍԻԿ-ում: Վալակարին այդ թիմին 2013-ին դուրս բերեց Ֆինլանդիայի Բարձրագույն խումբ, իսկ 2 տարի անց հասցրեց երկրի չեմպիոնի տիտղոսին: ՍԻԿ-ը 2014-ին էլ նվաճեց Ֆինլանդիայի Լիգայի գավաթը: Կարճ ժամանակ որպես օգնական աշխատելով Ֆինլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ 2017-ին նշանակվեց նորվեգական «Տրոմսյոյի» գլխավոր մարզիչ: Նրա պայմանագրի ժամկետը պետք է լրանար 2022-ին, բայց թիմը 2019-ին դուրս մնաց ուժեղագույնների խմբից, իսկ ֆինն մասնագետը հեռացվեց պաշտոնից:

16 1 36425889 1 960x540 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին

Վալակարիի որդիները նույնպես ֆուտբոլիստներ են: 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Օնի Վալակարին կիպրական «Պաֆոսի» խաղացող է, արդեն 5 հանդիպում է անցկացրել Ֆինլանդիայի ազգային հավաքականում, դարձել 1 գոլի հեղինակ՝ ընկերական մրցավեճում գրավելով Ֆրանսիայի ընտրանու դարպասը: Նա մասնակցել է ԵՎՐՈ 2020-ին, թեև այդպես էլ խաղադաշտ չի մտել: Օնի Վալակարին հայտավորված է եղել Ֆինլանդիա – Ռուսաստան (0-1) մրցավեճին: Օնիի եղբայրը՝ 23-ամյա դարպասապահ Պավո Վալակարին, հասցրել է ֆիննական մի քանի թիմերում խաղալ, բայց 2019 թվականից ի վեր որևէ հանդիպման չի մասնակցել:

valakari onni 201111 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Կազմը

«ԿուՊՍ»-ի կազմում, բնականաբար, գերակշռում են տեղացի ֆուտբոլիստները: Եթե դիտարկենք ընթացիկ առաջնությունը, մեկնարկային կազմում հայտնվում են միջինում 6-8 ֆինն խաղացող: Կազմը բավականին երիտասարդ է (միջին տարիքը՝ 24,4 տարեկան): Կան 3 լեգեոներներ Նիգերիայից, մեկական՝ Ֆրանսիայից, Լատվիայից, Գանայից, Ավստրիայից, Վենեսուելայից, Շվեդիայից, Կամերունից ու Բրազիլիայից:

26-ամյա լատվիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Յանիս Իկաունիքսն իր երկրի հավաքականի անդամ է (36 խաղ, 7 գոլ), խաղացել է ֆրանսիական «Մեցում» (2015-2018), հունական ԱԵԼ-ում (2017, վարձավճար): 24-ամյա ֆինն կենտրոնական պաշտպան Յուհո Պիրտիյոկին 2018-ին 1 ընկերական խաղ է անցկացրել Ֆինլանդիայի ազգային հավաքականում: 27-ամյա գանացի կիսապաշտպան Բիսմարկ Աջեյ-Բոատենգը 6 տարի է անցկացրել «Մանչեսթեր Սիթիում» (2011-2017)՝ այդպես էլ չխաղալով գլխավոր թիմում, 2 տարի խաղացել է ամերիկյան «Կոլորադո Ռապիդսում» (2017-2019): 30-ամյա ֆինն պաշտպան Հենրի Տոյվոմակին վարձավճարով 1 տարի է անցկացրել «Ատալանտայում» (2009-2010), 2 տարի եղել «Այաքսի» ֆուտբոլիստ (2011-2013), 2018-ին 1 հանդիպման մասնակցել ազգային հավաքականում:

186371005 4684884641574601 3605913878548892182 n 960x640 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Եվրագավաթային փորձը

«ԿուՊՍ»-ը 1959-1991թթ․ 9 անգամ մասնակցել է եվրագավաթների որակավորման փուլերին՝  Չեմպիոնների գավաթում (ներկայիս՝ Չեմպիոնների լիգա, 4 անգամ), ՈՒԵՖԱ-ի գավաթում (ներկայիս՝ Եվրոպա լիգա, 3 անգամ) և Գավաթակիրների գավաթում (2 անգամ): Ֆիննական թիմը, բացառությամբ մեկ դեպքի, երբ հասել է որակավորման 2-րդ փուլ, մշտապես պայքարը լքել է 1-ին փուլից: Այդ ընթացքում զիջել է այնպիսի հզոր թիմերի, ինչպիսիք են ֆրանսիական «Սենթ-Էտյենը», բելգիական «Բրյուգեն», ուկրաինական «Դինամո Կիևը»:

2011 թվականից ի վեր հասցրել է 5 անգամ ներգրավվել եվրաակումբային պայքարի: 2012-ին հասել է Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլ՝ հաղթահարելով «Լանելիի» (Ուելս), «Մաքաբի Նեթանյայի» (Իսրայել) արգելքներն ու պարտվելով միայն թուրքական «Բուրսասփորին»: 6 տարի անց վերադարձել է մրցաշար, բայց առաջին իսկ փուլում հանդիպել դանիական «Կոպենհագենին» և զիջել նրան: «ԿուՊՍ»-ը նախորդ մրցաշրջանում շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելուն: Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում նորվեգական «Մյոլդեին» պարտվելուց հետո Եվրոպա լիգայում իրար հետևից հաղթեց սլովակական «Սլովանին» ու լիտվական «Սուդուվային», ինչից հետո մասնակցեց որակավորման փլեյ-օֆֆին, որը հաղթահարելու դեպքում կմտներ խմբային փուլ: Սակայն ռումինական «Կլուժից» 1-3 հաշվով կրած պարտությունը փոշիացրեց այդ բոլոր հույսերը:

120412379 4045078575555214 131734934026430712 n 960x744 - Մարզչի որդին մասնակցում է ԵՎՐՈ 2020-ին, մեկ քայլ ԵԼ խմբային փուլից․ Ինչ ակումբ է «Նոայի» մրցակից «ԿուՊՍ»-ը

Ստադիոնը

«ԿուՊՍ»-ն իր տնային հանդիպումներն անցկացնում է Կուոպիո քաղաքի ստադիոնում, որն առավել հայտնի է որպես «Սավոն Սանոմատ Արենա»: Ստադիոնը կառուցվել է 1939 թվականին (այն ժամանակ կոչվում էր «Մագնում Արենա»), վերակառուցվել 2003-2005թթ․, և «ԿուՊՍ»-ն այդ պահից էլ ելույթ է ունենում այդտեղ: Ստադիոնը տեղավորում է 5 հազար հանդիսականի: «Սավոն Սանոմատ Արենայում» է իր տնային հանդիպումներն անցկացնում նաև Կուոպիո քաղաքը ներկայացնող կանանց ֆուտբոլային թիմը՝ «Պալոկիսատը», որը ելույթ է ունենում երկրի բարձրագույն դիվիզիոնում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա