Logo

Հեռացումը՝ փրկությո՞ւն. 4 ակումբ, որ այս մրցաշրջանում փոխել է գլխավոր մարզչին

Հեղինակ
Արամ Սահակյան
17:31 / 13.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ

marzichneri popoxutyunՄարզչական փոփոխություններով ֆուտբոլում այլևս ոչ ոքի չես զարմացնի: Այս գործընթացը սովորական երևույթ է դարձել թե՛ ֆուտբոլիստների, թե՛ ֆուտբոլասերների համար: Դժվար է անցած տարիներին վերհիշել մի մրցաշրջան, որի ընթացքում հնչեղ մարզչական վերադասավորումներ չեն եղել հենց ֆուտբոլային խաղերի թոհուբոհի մեջ:

«Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում» ու «Բարսելոնայում» տեղի ունեցած մարզչական փոփոխությունները գուցե ստվերել են ավելի համեստ թիմերում տեղի ունեցած վերադասավորումները: Սակայն, բացի թոփ թիմերից, ֆուտբոլային Եվրոպայում բավական հետաքրքիր մարզչական փոփոխություններ են եղել: Մրցաշրջանի միջնամասում գլխավոր մարզչի կամ էլ ամբողջ մարզչական շտաբի փոփոխությունը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Դրանում կարելի է համոզվել Եվրոպայում այս տարի տեղի ունեցած վերադասավորումներից.

ԽԵՏԱՖԵ

Անցած մրցաշրջանում մադրիդյան այս համեստ թիմը պահպանեց տեղը Լա լիգայում: «Խետաֆեն» գլխավորող Խոսե Բորդալասը հեռացավ ակումբից: «Խետաֆեն» 2016-ից 2021 թվականների ընթացքում նրա գլխավորությամբ մեծ աճ էր գրանցել, սակայն 2021-ի ամռանը եկավ փոփոխությունների ժամանակը:

Ակումբը նշանակեց Միչելին: Իսպանացի մասնագետը Լա լիգայում վերջին անգամ աշխատել էր 2017/18 մրցաշրջանում: «Ռեալի» նախկին խաղացողն այդ ժամանակ գլխավորում էր «Մալագան»: Նրանք առաջնությունն ավարտեցին վերջին տեղում ու հեռացան Սեգունդա: Միչելը հեռացվեց:

«Խետաֆեի» մեկնարկը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հիշեցնում էր «Մալագայի» անփառունակ տարին: Մադրիդյան արվարձանի ակումբն առաջին 7 տուրերում 7 պարտություն էր կրել ու վերջինն էր Լա լիգայում: Ակումբն արդեն մտածում էր մարզչական փոփոխության միջոցով իրավիճակի շտկման մասին: Թեպետ հաջորդ տուրում «Խետաֆեն» վաստակեց առաջին միավորը՝ ոչ-ոքի խաղալով «Ռեալ Սոսիեդադի» հետ, այնուամենայնիվ ակումբը հեռացրեց Միչելին:

«Խետաֆե» վերադարձավ Կիկե Սանչես Ֆլորեսն արդեն երրորդ անգամ: Այս մասնագետը, քաջ ծանոթ լինելով թիմին, կարողացավ կարճ ժամանակահատվածում արդյունք ապահովել: Եթե առաջնության մեկնարկային տուրերից հետո փորձագետները «կապույտներին» ուղարկում էին Սեգունդա, ապա հիմա ամեն ինչ այնքան էլ անհուսալի չէ:

ԽԵՏԱՖԵ8 խաղից հետո «Խետաֆեն» 1 միավոր ուներ, մինչդեռ 19 խաղից հետո միավորների քանակն արդեն հասցրել է 18-ի: «Կապույտները» Կիկե Սանչես Ֆլորեսի գլխավորությամբ կարողացան նույնիսկ հաղթել «Ռեալին»: «Արքայական ակումբը» 11 խաղ չէր պարտվել Լա լիգայում: Կառլո Անչելոտիի թիմի տպավորիչ շարքն ընդհատվեց հենց «Կոլիզեու Ալֆոնսո Պերեսում»: «Խետաֆեի» պարագայում կարող ենք վստահ ասել՝ մարզչական փոփոխությունը դրական ազդեցություն ունեցավ: «Խետաֆեն» խաղի մեջ է ու փորձելու է պահպանել տեղը Լա լիգայում:

ՎՈԼՖՍԲՈՒՐԳ

«Գայլերի» համար 2021/22 մրցաշրջանը նշանավորվելու էր վերադարձով Չեմպիոնների լիգայի խմբային փուլ 2015/16 մրցաշրջանից հետո առաջին անգամ: Երկրպագուները հաստատ անհամբերությամբ էին սպասում «Վոլֆսբուրգի» ելույթներին այս տարի: Այդ ամենին էլ գումարվեց «Բավարիայի» նախկին խաղացող Մարկ վան Բոմելի նշանակումը գլխավոր մարզչի պաշտոնում: Սպասելիքներն իսկապես մեծ էին:

«Վոլֆսբուրգը» գերազանց մեկնարկեց Բունդեսլիգայում: «Գայլերն» առաջնության մեկնարկային չորս խաղերում չորս հաղթանակ տարան ու գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Սակայն հետո եկավ անհաջողությունների շղթան, որի ընթացքում Վան Բոմելի թիմը չհաղթեց 8 խաղ(5-ը՝ Բունդեսլիգայում, 3-ը՝ Չեմպիոնների լիգայում): Ակումբի ղեկավարությունը կտրուկ որոշում կայացրեց ու հեռացրեց Մարկ վան Բոմելին, որը թղթի վրա դեռ երկու տարվա պայմանագիր ուներ թիմի հետ:

ՎՈԼՖՍԲՈՒՐԳՎան Բոմելը հիասթափված էր ակումբի որոշումից, իսկ «Վոլֆսբուրգի» սպորտային տնօրեն Ժորգ Շմադկեն տեղի ունեցածը մեկնաբանեց այսպես.

«Ավելի շատ գործոններ մեզ բաժանում էին, քան թե միավորում: Ահա թե ինչու Վան Բոմելը հեռացվեց»:

Շմադկեի խոսքերից ակնհայտ է, որ բացի չգոհացնող արդյունքներից, մարզչի ու ղեկավարության միջև որոշ տարաձայնություններ են եղել: Դրանք նպաստել են Վան Բոմելի հեռացմանը:

«Վոլֆսբուրգը» նշանակեց Ֆլորիան Կոֆելդին: Այս մասնագետի վերջին աշխատավայրը եղել էր Բրեմենի «Վերդերը», որտեղից նա հեռացվել էր մայիսին: Կոֆելդի մեկնարկը տպավորիչ էր: Մեկնարկային երեք խաղերում՝ երեք հաղթանակ, այդ թվում՝ «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում, ինչի շնորհիվ թիմը նորից հավակնում էր փլեյ-օֆֆ փուլ դուրս գալուն: Սակայն վայրկյանական հաջողությունը փոխարինվեց երկարատև ֆիասկոյով: «Վոլֆսբուրգը» այդ երեք հաղթանակներից հետո այդպես էլ չի հաղթել: Ներկա պահին թիմը 10 խաղում միայն պարտվում է կամ ոչ-ոքի արդյունք գրանցում: «Գայլերը» Բունդեսլիգայում վեց անընդմեջ պարտություն են կրել ու «գերազանցել» են 1977 թվականի հակառեկորդը:

«Վոլֆսբուրգի» համար ստեղծված իրավիճակն իսկապես անելանելի է թվում: «Գայլերն» ընդամենը 20 միավոր ունեն, որից 12-ը վաստակել են մեկնարկային 4 տուրերում: Նրանց ընդամենը երկու միավոր է բաժանում վտանգավոր գոտուց: Ակնհայտ է, որ Կոֆելդի նշանակումը չլուծեց «Վոլֆսբուրգի» խնդիրները: Հակառակը՝ ամեն ինչ ավելի վատ է, քան մինչև Վան Բոմելի հեռացումը:

ՋԵՆՈԱ

Իտալիայի Ա Սերիայում ևս մարզչական հնչեղ փոփոխությունների պակաս այս մրցաշրջանում չեղավ: «Ջենոան» մրցաշրջանն սկսեց Դավիդե Բալարդինիի գլխավորությամբ: Ա Սերիայում մեկնարկային 12 խաղերից հետո թիմն ընդամենը 9 միավոր էր վաստակել՝ 1 հաղթանակ, 6 ոչ-ոքի ու 5 պարտություն: Այնպես չէ, որ «Ջենոան» մեծ հավակնություններ էր հետապնդում այս մրցաշրջանում, սակայն նրանք դեմ չէին լինի գոնե թե անցած մրցաշրջանի արդյունքը կրկնելուն: Անցած տարի Ա Սերիայում նրանք 11-րդն էին:

Գուցե հենց այդ նպատակով թիմը հեռացրեց իտալացի մասնագետին ու նրա փոխարեն աստղային նշանակում կատարեց: Անդրեյ Շևչենկոն Ուկրաինայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2020-ում սխրանք գործելուց հետո (այդ երկրի հավաքականն առաջին անգամ հասավ մրցաշարի քառորդ եզրափակիչ) հեռացավ ազգային թիմից ու մարզչական կարիերան որոշեց շարունակել հենց «Ջենոայում»:

ՋԵՆՈԱՇևչենկոյի մարզչական կարիերայում «Ջենոան» առաջին ակումբն է: Նախկինում նա աշխատել էր միայն Ուկրաինայի հավաքականում: Շևայի համար մարզչական կարիերայի նոր փուլն անհաջող է մեկնարկել: Ուկրաինացի մասնագետի գալուց հետո «Ջենոան» Ա Սերիայում անցկացրել է 8 խաղ, որոնցից 5-ում պարտվել է, երեքում էլ գրանցել է ոչ-ոքի արդյունք: Իտալական մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ «Ջենոան» մտադիր է հեռացնել նաև Շևչենկոյին: Թիմն այս պահին 12 միավոր ունի, որի առյուծի բաժինը վաստակել է դեռևս Բալարդինիի գլխավորությամբ: Ակումբի միակ նվաճումը Շևնչենկոյի օրոք Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարելն է: Սա Շևայի դեռևս միակ հաղթանակն է ակումբի ղեկին: Ղեկավարությունը պետք է որոշում կայացնի՝ տա՞լ ժամանակ Շևային աշխատելու, թե՞ հեռացնել նրան այսքան շուտ՝ հենվելով թիմի վատ արդյունքների վրա: Ամեն դեպքում Շևչենկոն մարզիչ է, որի հետ աշխատելու ցանկությունը կարող է բազմաթիվ խաղացողների գրավել:

ԱՍԹՈՆ ՎԻԼԱ

«Ասթոն Վիլան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 100 միլիոն ֆունտի դիմաց վաճառեց թիմի առաջատար Ջեք Գրիլիշին «Մանչեսթեր Սիթիին»: Նա անգլիացի խաղացողների շրջանում դարձավ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Բիրմինգեմյան թիմը Գրիլիշի տրանսֆերից գոյացած գումարով մի շարք տպավորիչ գործարքներ կատարեց՝ ձեռք բերելով Էմիլիանո Բուենդիայի, Լեոն Բեյլիի և Դենի Ինգսի տրանսֆերային իրավունքները: «Ասթոն Վիլան» այս գործարքների համար ընդամենը 83 միլիոն ֆունտ ծախսեց:

Սակայն ակումբի  ցուցադրած խաղն ու արդյունքներն ամենևին էլ չէին գոհացնում թիմի ղեկավարությանը: Այդ պատճառով էլ Դին Սմիթը պաշտոնանկ արվեց: «Ասթոն Վիլան» հենց Դին Սմիթի օգնությամբ էր վերադարձել Պրեմիեր լիգա 2018/19 մրցաշրջանի արդյունքում: Նրան հեռացնելը հեշտ որոշումներից չէր, բայց ակումբի ղեկավարությունն ունեցավ համարձակություն կատարելու այս փոփոխությունը:

ԱՍԹՈՆ ՎԻԼԱՆոր մարզչի հարցում «Ասթոն Վիլայի» ու «Ջենոայի» քաղաքականությունը համընկնում է: Բիրմինգեմյան թիմը ևս հնչեղ անուն ընտրեց, որի ներկայությունը հանդերձարանում հետագայում գրավելու է ու արդեն գրավում է ոչ պակաս հնչեղ անուն ունեցող ֆուտբոլիստների: Սթիվեն Ջերարդը «Ռեյնջերսում» փայլուն աշխատանք կատարելուց հետո վերադարձավ Պրեմիեր լիգա այս անգամ գլխավոր մարզչի կարգավիճակով:

«Ասթոն Վիլան» անգլիացու տեղափոխությունից հետո զգալիորեն փոխել է խաղի որակը: Նրանք աստիճանաբար ավելացնում են միավորների պաշարը: Ամենակարևորն այն է, որ ակումբը Ջերարդի հետ երկարատև ծրագիր ունի: «Ասթոն Վիլան» ուժեղացնում է կազմը: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վարձակալությամբ թիմի կազմը համալրեց Ֆիլիպե Կոուտինյոն: Նա ժամանակին խաղացել է Ջերարդի հետ: Կոուտինյոն ասաց, որ մինչև գործարքին համաձայնելը խոսել է Ջերարդի հետ, ու նրա՝ ակումբի ներկայացրած ծրագրերը գրավել են բրազիլացուն: Տրանսֆերային վերջին շշուկների համաձայն՝ «Ասթոն Վիլա» շուտով կտեղափոխվի նաև Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լյուկ Դինը. նրա ու Ռաֆայել Բենիտեսի ջրերն «Էվերթոնում» նույն առվով չեն հոսում:

Սթիվեն Ջերարդի նշանակումն իսկապես «ձիով քայլ» էր ակումբի ղեկավարության կողմից: Անգլիացու ժամանումից հետո «Ասթոն Վիլան» ավելի վստահ տեսք ունի, իսկ աստղային խաղացողների տեղափոխություններն զգալիորեն ուժեղացնելու են թիմի կազմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա