Logo

Ալեգրին հայտարարել է, որ «Յուվենտուսը» Սկուդետոյի հույս չունի

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:05 / 03.03.2022ՍՊՈՐՏ
Մասիմիլիանո Ալեգրի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ խաղում իր թիմի արտագնա հաղթանակը «Ֆիորենտինայի» նկատմամբ։

«Ցանկանում եմ լավ խաղի առթիվ շնորհավորել «Ֆիորենտինային»։ Առաջին խաղակեսում երկու վտանգավոր հակագրոհ բաց թողեցինք, սակայն բարեբախտաբար դա չհանգեցրեց դարպասի գրավման։ Հետագայում լավ էինք պաշտպանվում, շատ քիչ էինք խիզախում։ Ունեցանք մի քանի լավ պահեր, երբ պետք է ավելի լավ խաղայինք գրոհի ավարտական փուլում։ Իրականում հեշտ չէ հաղթել Ֆլորենցիայում։ Մեր թիմը հասունություն դրսևորեց, քանի որ նման բարդ հանդիպման մասնակցեցինք՝ զգալով շատ խաղացողների պակասը»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ նշել է Ալեգրին։

Անդրադառնալով Ա Սերիայում «Յուվենտուսի» հնարավորություններին՝ Ալեգրին հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր թիմն այլևս Սկուդետոն հաղթելու թեկնածու չէ։ «Բացարձակապես վստահ եմ դրանում։ Չեմպիոն դառնալու համար միանշանակ կպահանջվի 84-85 միավոր։ Դրա համար անհրաժեշտ է հաղթել մնացած բոլոր խաղերում, ինչն անչափ դժվար լուծվող խնդիր է։ Կարծում եմ՝ երեք առաջատարներից առնվազն մեկը կկարողանա 84 միավոր վաստակել։ Նրանց, այլ ոչ թե ինձ հարցրեք, թե քանի միավոր է պետք Սկուդետոյի համար»,- ասել է նա։ 

Ֆլորենցիայում կայացած կիսաեզրափակչում «Յուվենտուսը» 1։0 հաշվով հաղթանակ է կորզել 92-րդ րոպեին Լորենցո Վենուտիի խփած ինքնագոլի արդյունքում։ Թիմերի պատասխան խաղը տեղի է ունենալու ապրիլի 20-ին Թուրինում։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա