Logo

Մատիչ. «Որոշ ժամանակ կպահանջվի, բայց «Յունայթեդը» կվերադառնա. շարունակե՛ք աջակցել թիմին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:55 / 19.05.2022ՍՊՈՐՏ
Նեմանյա Մատիչ

Սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, որը կիրակի կանցկացնի վերջին հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդում», անգլիական ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ակումբի բոլոր աշխատակիցներին, որոնք աջակցել են իրեն այնտեղ անցկացրած 5 տարվա ընթացքում:

«Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆանտաստիկ աջակցության համար:

Գիտեմ, որ մենք մի քանի դժվար մրցաշրջան ենք անցկացրել, բայց ես պարզապես ցանկանում եմ՝ երկրպագուներն իմանան, որ խաղադաշտում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, և «Յունայթեդը», անկասկած, կվերադառնա: Որոշ ժամանակ կպահանջի, բայց «Յունայթեդը» կվերադառնա. շարունակե՛ք աջակցել թիմին: Միասի՛ն մնացեք:

Ես փորձում էի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ լինել ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս: Գիտեմ, թե ինչ է նշանակում այս տարբերանշանը մեր երկրպագուների համար, այնպես որ դուք պետք է օրինակ լինեք նաև խաղադաշտի սահմաններից դուրս:

Ես կկարոտեմ խաղացողներին, բայց ոչ միայն նրանց, այլ նաև ակումբի մարզաշապիկը, անձնակազմը՝ ֆիզիոթերապևտներին, բժիշկներին: Բոլորին, ես չեմ ուզում մոռանալ ոչ մեկին: Կան ֆանտաստիկ աշխատակիցներ, որոնք միշտ աշխատում են տեսախցիկների հետևում, բայց նրանք շատ կարևոր մարդիկ են ակումբի համար:

Ես իսկապես ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատելու նրանց հետ և, անկասկած, նրանք ընդմիշտ իմ ընկերները կլինեն»,- Մատիչի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդին» է միացել 2017 թվականին, որի կազմում վերջին՝ 190-րդ հանդիպումը կանցկացնի «Քրիստալ Փելասի» դեմ (մայիսի 22):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա