Logo

Վրեժ՝ դավաճանության համար. ինչպես է ապրում Մաուրիցիո Գուչիի այրին 18 տարվա ազատազրկումից հետո

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:20 / 08.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Մաուրիցիո Գուչի-Պատրիսիա Ռեջիանի

2021 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Գուչիի տունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը պատմում է Մաուրիցիո Գուչիի և Պատրիսիա Ռեջիանիի սիրո պատմությունը: Այն ավարտվեց ոչ թե անգամ ամուսնալուծությամբ, այլ նորաձևության տան ղեկավարի սպանությամբ։ Սպանության պատմության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Պատրիսիա Ռեջիանի 1

Ռիդլի Սքոթի կինոնկարի՝ էկրաններին հայտնվելուց հետո կրկին հետաքրքրություն առաջացավ այս կնոջ նկատմամբ, որը դաժանորեն վրեժ լուծեց ամուսնուց ամուսնալուծության համար։ 

Սպանությունից միայն 3 տարի անց ավարտվեց հանցագործության հետաքննությունը, ինչի արդյունքում Պատրիսիա Ռեջիանին մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 29 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ դատարանը հաշվի առնելով կնոջ՝ ուռուցքը հեռացնելու վիրահատությունը՝ ժամկետը կրճատեց մինչև 26 տարի: Կինը պատրաստ չէր 26 տարի նստել բանտում, նույնիսկ փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան հաջողվել է փրկել։

Պատրիսիա Ռեջիանի 2

«Սև այրին», ինչպես լրատվամիջոցներն անվանում էին Պատրիսիա Ռեջիանիին, պետք է պատիժը կրեր Սան Վիտորե բանտում, որտեղ նրա համար բավականին նպաստավոր պայմաններ էին ստեղծվել։ Ի տարբերություն մնացյալ բոլոր բանտարկյալների՝ նա կարող էր խցում պահել իր ընտանի կենդանի Բամբիին և նույնիսկ մի քանի բույս: Փաստաբանները Պատրիսիայի համար այս արտոնությունը ձեռք բերեցին 2005 թվականին: 6 տարի անց նա կարող էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, եթե իր համաձայնությունը տար ուղղիչ աշխատանքներին: Սակայն նախկին բարձրաշխարհիկ տիկինը փաստաբանին ասել է, որ չի պատրաստվում աշխատանքի անցնել, քանի որ նախկինում էլ նման բան չի արել։

Սակայն 2014 թվականին Պատրիսիան դարձավ Bozart ոսկերչական ընկերության խորհրդատուն: 2 տարի անց՝ 2016 թվականին Պատրիսիան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց օրինակելի պահվածքի և ամբողջ պատիժը կրելու ընթացքում դժգոհությունների բացակայության համար։ 26 տարվա փոխարեն նա բանտում անցկացրեց 18 տարի և անմիջապես Սան Վիտորեից գնաց գնումներ կատարելու: Պատրիսիա Ռեջիանին չէր կարող սկսել իր ազատ կյանքն առանց այդ առիթին վայել նոր հանդերձանքների:

Պատրիսիա Ռեջիանի 3

Պատրիսիան, անշուշտ, կարող էր իրեն թույլ տալ գնել նոր և ոչ էժան զգեստապահարան, քանի որ պատիժը կրելու ընթացքում նրա հաշվին շարունակաբար ավելացել է կլորիկ գումար՝ վարձավճար նախկին ամուսնու անշարժ գույքից և փոխհատուցում ամուսնալուծության համար: Արդյունքում, երբ նա դուրս եկավ բանտից, ուներ գրեթե 17 միլիոն ֆունտ իր հաշվին։ Դատարանը կարգադրել էր Գուչիի և Ռեջիանիի դուստրերին՝ Ալեսանդրային և Ալեգրային, իրենց մորը վերադարձնել ամբողջ օգտագործած գումարը:

Թվում է, թե հենց սա էր պատճառը հրաժարվելու ծնողի հետ ցանկացած շփումից, սակայն Պատրիսիա Ռեջիանին հակված չէր տխրելու այդ կապակցությամբ։ Բանտից դուրս գալուց հետո աղջիկները հաճախ չէին այցելում իրենց մորը, դե իսկ ֆինանսական աջակցության մասին ընդհանրապես խոսք չկար։ Երկու ժառանգներն էլ ամուսնացած են և ապրում են Շվեյցարիայում, և, ըստ Պատրիսիայի, ոչ միայն չեն հասկանում իրեն, այլև հարկ չեն գտել իրենց երեխաներին ծանոթացնել տատիկի հետ։ Պատրիսիան նույնիսկ դժգոհել է, որ իր ստիպված է հագուստ գնել «Zara»-ից, քանի որ իր եկամուտն այժմ շատ հեռու է նրանից, ինչին սովոր էր։

Հայտնի չէ՝ արդյոք Պատրիսիա Ռեջիանին այժմ աշխատում է, քանի որ նա մի անգամ լրագրողներին ասել է.«Ես չեմ սիրում համակարգիչներ, դրանք շատ չար են»։ Ապա ավելացրել, որ Bozart-ում պատժիչ ծառայությունն իրեն ոչ մի ոգևորություն չի պարգևում:

Որոշ ժամանակ առաջ «սև այրին» ապրում էր իր տարեց մոր հետ Միլանի թաունհաուսներից մեկում: Իսկ այժմ նրան հաճախ կարելի է տեսնել քաղաքի կենտրոնում շրջելիս կամ խանութներից գնումներ կատարելիս։ Հանրության մեջ դուրս գալիս Պատրիսիային ուղեկցում է նրա հավատարիմ ընկերը՝ ուսին նստած թութակը։

Պատրիսիա Ռեջիանի 4

Տեղեկանալով, որ Լեդի Գագան մարմնավորելու է իրեն «House of Gucci» ֆիլմում, Պատրիսիա Ռեջիանին հույս ուներ, որ դերասանուհին կայցելի իրեն, սակայն վերջինս չէր պատրաստվում շփվել Գուչիին սպանողի հետ, ինչն առաջացրել է կնոջ վրդովմունքը։ Պատրիսիան Լեդի Գագային մեղադրել է հարգանքի և ողջախոհության բացակայության համար։

Պատրիսիա Ռեջիանին շուտով կդառնա 73 տարեկան, և, ըստ նրա, եթե հնարավորություն ունենար հանդիպելու Մաուրիցիոյին, անպայման կասեր, որ շարունակում է սիրել նրան, քանի որ Գուչին իր կյանքի ամենակարևոր մարդն էր։ Միևնույն ժամանակ, նա վստահ է՝ Մաուրիցիո Գուչին չէր կարող նույնը պատասխանել նրան։ Անշուշտ, հենց իր ոտնահարված սիրո համար է նա վրեժխնդիր եղել նախկին ամուսնուց։

Պատրիսիա Ռեջիանի 5


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա