Logo

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
11:54 / 16.04.2023Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 17-ին կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Նույն օրը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները, որոնք ելույթները կավարտեն ապրիլի 19-ին: Դրանից երկու օր անց կմեկնարկեն հունահռոմեական ոճի ըմբիշները: 

VNews-ը ներկայացնում է Հայաստանի ըմբիշների հնարավորությունները ԵԱ-ում։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Խորվաթիա է մեկնում ոչ ամբողջական կազմով, բայց այս տարվա կազմն ավելի մեծ է, քան նախորդ տարիներինը: 

Այս տարի Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը ներկայացուցիչ չունի միայն երկու քաշային կարգում: 

57 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի վերջին տարիների առաջին համար, Հայաստանի չեմպիոն Մանվել Խնձրցյանը: ԵԱ-ի նախորդ տարվա բրոնզե մեդալակիրը վերադառնում է Եվրոպայի առաջնություն՝ առնվազն կրկնելու 2022-ի իր հաջողությունը, թեև դա ամենևին էլ հեշտ չի լինի: 22-ամյա ըմբիշի հիմնական մրցակիցների թվում են Եվրոպայի նախորդ տարվա փոխչեմպիոն Ալիաբաս Ռզազադեն (Ադրբեջան), Ստեֆան Պիրոդուն (Իտալիա), որոնց Խնձրցյանը լավ է ճանաչում երիտասարդական մրցումներից, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, թուրք Սուլեյման Ատլին, Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլին, որը հաջող ելույթներ էր ունենում պատանիների մրցումներում, բայց առայժմ չի կարողանում հաստատվել մեծահասակների ասպարեզում, ինչպես նաև ուկրաինացի Անդրեյ Յացենկոն, որին հայ ըմբիշը պարտվեց այս տարվա վարկանիշային մրցաշարում: Խնձրցյանը պետք է որոշակի առաջընթաց ցույց տա՝ նախորդ տարվա համեմատ, քանի որ 2023թ․ աշխարհի առաջնությունում հավաքականում իր տեղը կարող է վտանգված լինել, եթե Արսեն Հարությունյանը որոշի քաշ գցել ու վերադառնալ 57 կգ օլիմպիական քաշային կարգ:

Ինքը՝ Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը, այս տարի լուրջ մրցակցություն կարող է ունենալ 61 կգ քաշային կարգում: 2022թ․ 57 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Զելիմխան Աբակարովը (Ալբանիա), նույն քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վլադիմիր Եգորովը Եվրոպայի առաջնությունում ելույթ են ունենալու 61 կգ քաշային կարգում: Հարությունյանը Եգորովին հաղթելու փորձ արդեն ունի, իսկ ահա Աբակարովի հետ հավանական գոտեմարտը խոստանում է լինել առաջնության գլխավոր ինտրիգներից:

Օլիմպիական 65 կգ քաշային կարգը, ավանդույթի համաձայն, մեծ թվով տիտղոսակիր ըմբիշներ է հավաքել, և Վազգեն Թևանյանը հաղթողի գլխավոր ֆավորիտներից է: Նրա հիմնական մրցակիցներն են լինելու օլիմպիական փոխչեմպիոն Հաջի Ալիևը (Ադրբեջան) և Եվրոպայի գործող չեմպիոն Իսմայել Մուսուկաևը (Հունգարիա): Եթե տհաճ անակնկալներ չլինեն, Թևանյանը պիտի որ կարողանա իր առաջին մեդալը նվաճել մեծահասակների Եվրոպայի առաջնություններում: 

Լավ շանսեր ունի նաև արտաշատցի մեկ այլ ըմբիշ՝ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Ֆավորիտը Մ-23 Եվրոպայի նորընծա չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևն է, որին բացի Անդրեասյանից, կփորձեն խանգարել վրացի Գիորգի Էլբակիձեն (Մ-23 աշխարհի ու Եվրոպայի 2022թ. չեմպիոն) և մոլդովացի Նիկոլայ Գրամեզը: Ֆավորիտների շանսերը մոտավորապես հավասար են, այնպես որ, Եվրոպայի գործող փոխչեմպիոն Անդրեասյանը կարող է փորձել նույնիսկ բարելավել նախորդ տարվա իր արդյունքը:

Օլիմպիական 74 կգ քաշային կարգում մրցակցությունը բավականին մեծ է. այստեղ են ծնունդով հյուսիսկովկասցի ըմբիշներ Տայմուրազ Սալկազանովը (Սլովակիա), Խետիգ Ցաբոլովը (Սերբիա), Ալի Ումարփաշաևը (Բուլղարիա), Ռասուլ Շապիևը (Հյուսիսային Մակեդոնիա), Յակուբ Շիխջամալովը (Ռումինիա), Մուրադ Կուրամագամադովը (Հունգարիա), Ջաբրայիլ Գաջիևը (Ադրբեջան), ինչպես նաև Իտալիան ներկայացնող կուբացի Ֆրանկ Չամիզոն, թուրք Սոներ Դեմիրթաշն ու վրացի Ավթանդիլ Կենչաձեն: Նշված ըմբիշներից յուրաքանչյուրը կարող է կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Նման աստղաբույլի մեջ Հրայր Ալիխանյանի հեռանկարները մշուշոտ են, թեև երիտասարդ ըմբիշի արդյունքները մրցաշարից մրցաշար աճում են, և նա պատրաստ է դիմակայել ֆավորիտներից ցանկացածին:

79 կգ քաշային կարգում մրցակցությունն այնքան էլ մեծ չէ, և Արման Ավագյանը կարող է պայքարել մեդալների համար: Ֆավորիտների թվում են նաև Սաբուհի Ամիրասլանովը (Ադրբեջան), Վլադիմերի Գամկրելիձեն (Վրաստան), Ախսարբեկ Գուլաևը (Սլովակիա), Գեորգիոս Կուգիումտիդիսը (Հունաստան):

Հետաքրքիր կլինի հետևել 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանի նորամուտին Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի 2022թ. երիտասարդական չեմպիոնն ու նույն թվականի աշխարհի փոխչեմպիոնն օլիմպիական քաշային կարգի «ստվերային ֆավորիտների» թվում է։ Այս քաշային կարգում ևս շատ են Հյուսիսային Կովկասից դուրս եկած ըմբիշները, իսկ հիմնական ֆավորիտները Սան Մարինոն ներկայացնող ամերիկացի Մայլս Ամինն ու Սլովակիայի ներկայացուցիչ Բորիս Մակոևն են:

Մեծահասակների հավաքականում նորամուտը կնշի նաև 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: 2023 թվականը լավ է սկսվել Սարգսյանի համար. նա երրորդ մրցանակակիր դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնությունում, և այժմ էլ մեկնում է Եվրոպայի առաջնության: Ճիշտ է՝ երիտասարդ ըմբիշի համար դժվար կլինի մեդալների համար պայքարել օլիմպիական քաշային կարգում, եթե վիճակահանությունը բարեհաճ չեղավ, բայց Սարգսյանի համար լավ փորձ կլինի նման մակարդակում մասնակցությունը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Զագրեբ կմեկնի ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով: 

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանի մրցակիցները նույն ըմբիշներն են, ինչպես նախորդ տարիներին՝ ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին ու վրացի Նուգզարի Ցուրցումիան: Առայժմ այդ երկուսի արգելքը հաղթահարել չի հաջողվում: Այս քաշային կարգում ընդամենը 9 ըմբիշ են հայտավորված, այնպես որ, Մկրտչյանի՝ մեդալ նվաճելու շանսերը քիչ չեն:

2020թ․ Եվրոպայի չեմպիոն, ԵԱ-ի գործող բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանն օլիմպիական 60 կգ քաշային կարգում մեդալ նվաճելու հավակնորդներից է: Քաշային կարգի ֆավորիտները Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանն ու թուրք Քերեմ Քամալն են: Վերջինիս հաղթելու փորձ Ղարիբյանն ունի: Մրցակցությունն այս քաշային կարգում մեծ է. բացի Ղարիբյանից, առնվազն ևս 5-ը կարող են խառնել ֆավորիտների խաղաքարտերը:

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը նախորդ տարվա աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ երկու դեպքում էլ համառ գոտեմարտերում պարտվելով ադրբեջանցի Թալեհ Մամադովին: Բացառված չէ, որ երկու ըմբիշմները հանդիպեն նաև Զագրեբում: Տնային առաջնությունում կփորձի լավ ելույթ ունենալ փորձառու խորվաթ Իվան Լիզատովիչը, բայց ոսկե մեդալի գլխավոր ֆավորիտներն աշխարհի փոխչեմպիոն, վրացի Լերի Աբուլաձեն ու 2021թ․ աշխարհի չեմպիոն, մոլդովացի Վիկտոր Չոբանուն են:

Օլիմպիական 67 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Սլավիկ Գալստյանի համար հասունացել է մեծ նվաճման հասնելու պահը: Այս քաշային կարգում մրցակցությունը բավականին մեծ է՝ Ջոնի Խեցուրիանի (Վրաստան), Հասրաթ Ջաֆարով (Ադրբեջան), Մատեուշ Բերնատեկ (Լեհաստան), աշխարհի չեմպիոն Մատե Նեմեշ (Սերբիա), Պարվիզ Նասիբով (Ուկրաինա), Մուրատ Ֆիրատ (Թուրքիա), սակայն հայ ըմբիշը կարող է հաղթել նրանցից ամեն մեկին. մնում է, որ ֆիզիկական պատրաստությունը բավարար մակարդակի լինի:

22-ամյա Շանթ Խաչատրյանը հաստատվում է հավաքականի առաջին համարի կարգավիճակում, և այժմ պետք է փորձի կրկնել պատանիների ու երիտասարդների մրցումներում ունեցած հաջողություններն արդեն մեծահասակաների խոշոր առաջնություններում: Զագրեբում ֆավորիտներն աշխարհի չեմպիոն, Սերբիան ներկայացնող իրանցի Ալի Արսալանը, ադրբեջանցի Ուլվու Գանիզադեն, թուրք Սելջուկ Ջանը և վրացի Ռամազ Զոիձեն են, սակայն Խաչատրյանը, եթե լավ մարզավիճակում մոտենա առաջնությանը, կարող է ձեռնոց նետել հաղթողի հավակնորդներին:

77 կգ քաշային Մալխաս Ամոյանը մեկնում է Զագրեբ՝ պաշտպանելու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Օլիմպիական քաշային կարգում նրա հիմնական մրցակիցը հունգարացի Զոլտան Լևայն է, որին Ամոյանը պարտվեց աշխարհի առաջնությունում: Մյուս հավակնորդների թվում են թուրք Յունուս Բաշարը, Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը և Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովը:

82 կգ քաշային կարգում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում նորամուտը կնշի Հայաստանի չեմպիոն Սամվել Գրիգորյանը, որն այս տարի հաղթել է քաշային կարգի վերջին երկու տարիների առաջատար Կարապետ Չալյանին: Ֆավորիտն աշխարհի չեմպիոն, թուրք Բուրհան Ակբուդակն է, Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն Ռաֆիգ Հուսեյնովն (Ադրբեջան) ու վրացի Գելա Բոլկվաձեն ևս լավ հնարավորություններ ունեն մեդալ նվաճելու, անակնկալ կարող է մատուցել Նորվեգիան ներկայացնող Էկսոզ Մուկուբուն:

Օլիմպիական 87 կգ քաշային կարգում հետաքրքիր կլինի հետևել երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանի ելույթին: Աշխարհի չեմպիոն Զուրաբի Դաթունաշվիլին (Սերբիա) և աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Տուրպալ Բիսուլտաովը վերջին տարիներին աչքի են ընկնում շատ վստահ ելույթներով, և մեծ է հավանականությունը, որ աշխարհի առաջնության եզրափակիչի մասնակիցները Զագրեբում միմյանց միջև վիճարկեն ոսկե մեդալը: Իսլամ Աբասովը (Ադրբեջան), Լաշա Գոբաձեն (Վրաստան) ու Ալեքս Կեսիդիսը (Շվեդիա) առավելություն ունեն իրենց մեծ փորձի հաշվին, սակայն երիտասարդ Նազարյանը կորցնելու ոչինչ չունի և պետք է փորձի խառնվել մեդալների համար պայքարին:

3 տարվա դադարից հետո 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը վերադառնում է Եվրոպայի առաջնություն: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հաղթողը մեկնում է Խորվաթիա Եվրոպայի իր 6-րդ ոսկու հետևից, ու դժվար է պատկերացնել, թե ով կամ ինչը կարող է խանգարել նրան: Եվրոպայի գործող չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովի համար չափազանց դժվար կլինի պաշտպանել տիտղոսը. մնում է, որ «Ճերմակ արջի» համար տհաճ անակնկալներ չլինեն:

130 կգ քաշային Դավիթ Օվասափյանին առայժմ չի հաջողվում լուրջ նվաճման հասնել մեծահասակների ասպարեզում, բայց նա Հայաստանում լուրջ մրցակից չունի օլիմպիական քաշային կարգում: Գերծանր քաշային կարգում փորձը մեծ գործոն է: Թեև սպասելիքներն Օվասափյանից մեծ չեն, բայց անհրաժեշտ կենտրոնացվածության դեպքում նա կարող է պայքարել ամենաբարձր տեղերի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա