Logo

Մեկ տարում Չինաստանից հեռացան գրեթե բոլոր աստղերը. ովքեր են մնացել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
15:34 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Stars in China

Մեկ տարի առաջ ավարտվեց չինական տրանսֆերային հեքիաթը: 2021 թվականի հունվարից ասիական երկրում գործում է նոր կանոնակարգ, որը ամբողջությամբ փոխեց Սուպերլիգան: Այլևս չի թույլատրվում լեգեոներներին աստղաբաշխական աշխատավարձեր վճարել: Նոր սահմանափակման համաձայն՝ լեգեոներներն առավելագույնը կարող են տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ ստանալ: Նախկինում սահմանափակում չկար: Օրինակ՝ «Չելսիի» կիսապաշտպան Օսկարը տարեկան վաստակում էր 23,5 միլիոն եվրո, այսինքն՝ այդ 3 միլիոնը նա ստանում էր մոտ 2 ամսում:

Կանոնակարգի փոփոխությունից հետո աստղային լեգեոներներն սկսեցին հեռանալ: 2016 թվականին սկսված տրանսֆերային բումից 5 տարի անց այլևս լիգայում չեն Հալկը, Տևեսը, Վիտցելը, Լավեսին և շատ այլ աստղային ֆուտբոլիստներ ու մարզիչներ:  

Օրերս Չինաստանից հեռացավ նաև Սեդրիկ Բակամբուն, որի ծառայություններով հետաքրքրված էր նույնիսկ «Բարսելոնան», սակայն Կոնգոն ներկայացնող ֆուտբոլիստը տեղափոխվեց Մարսելի «Օլիմպիկ»: Հարձակվողն անմիջապես ապացուցեց, որ Չինաստանում չի կորցրել իր խաղային որակները: «Լանսի» դեմ իր նորամուտի խաղում Բակամբուն գոլ խփեց փոխարինման մտնելուց հետո իր երրորդ հպումով: Չինաստանում հարձակվողը փայլուն վիճակագրություն ուներ՝ 87 խաղում 58 գոլ և 21 ասիստ:

VNews.am-ն առանձնացրել է 5 ճանաչված ֆուտբոլիստների, որոնք մնացել են Չինաստանում և որոնց կարելի է տեսնել Եվրոպայում:

Մուսա Դեմբելե («Գուանչժոու», նախկին թիմը՝ «Տոտենհեմ») – Չինաստանում՝ 2019 թվականից

Մուսա Դեմբելե

Դեմբելեն վերջին տասնամյակի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից է: Բելգիացին Մաուրիսիո Պոչետինոյի «Տոտենհեմի» վերելքի հենասյուներից էր, սակայն բոլորը խոսում էին Քեյնի, Ալիի, Սոնի և Էրիկսենի մասին: Դեմբելեն, որն ամենաբարդ դիրքերից էր զբաղեցնում՝ կապելով բոլոր օղակները, միայն վերլուծաբանների գովեստին էր արժանանում: Հասարակ երկրպագուներն ավելի շատ նայում էին գոլերին: Մուսան լոնդոնցիների կազմում 249 խաղում ընդամենը 10 գոլ էր խփել:

Կենտրոնական կիսապաշտպանը փոխարենը վիրտուոզ կերպով էր կարողանում գնդակն իր թիմի մոտ պահել, նույնիսկ շրջապատված լինելով մի քանի մրցակիցներով՝ ինքնուրույն որոշել, թե ինչ տեմպով պետք է զարգանա թիմի գրոհները և որ ուղղությամբ:

Քիչ գնահատվելու, հետևաբար թիմակիցների համեմատ՝ զգալի քիչ աշխատավարձ ստանալու պատճառով Դեմբելեն որոշեց 31 տարեկանում մեկնել Չինաստան՝ ֆինանսական ապագան ապահովելու համար: Նրա համար, բարեբախտաբար, Սուպերլիգայում աշխատավարձերի կրճատման և սահմանափակման նոր օրենքն սկսեց գործել 2020 թվականից և չէր ազդում արդեն գործող պայմանագրերի վրա:

«Այո՛, ֆուտբոլիստները Չինաստան են տեղափոխվում փողի համար, բայց այն չպետք է լինի միակ շարժառիթը: Եթե մեծ գումար վաստակես, բայց ամբողջ օրը մնաս հյուրանոցում, վատ է: Ավելի լավ է՝ մեծ գումար ստանալու հետ մեկտեղ վայելես երկրի մշակույթը», - խոստովանել է կիսապաշտպանը:

Իհարկե, կարիերայի հետագա շարունակման ամենահավանական տարբերակը Բելգիայի առաջնությունն է, որտեղ սկսվել է Մուսայի կարիերան, և այնտեղ է նրա տունը: Սակայն նույնիսկ 34 տարեկանում կիսապաշտպանը կարող է ցանկացած ակումբի օգուտ տալ, եթե այդ թիմը կարիք ունի կիսապաշտպանի, որը կարող է դաշտի կենտրոնում գնդակի վերահսկողություն ապահովել: Իսկ ավելի համարձակ թիմերը կարող են Մուսային հարձակվողի դիրք տեղափոխել: Չինաստանում նա մեկ հանդիպում կենտրոնական հարձակվողի դիրքում է անցկացրել:

Մուբարակ Վակասո («Շենժեն», նախկին թիմերը՝ «Սելթիկ», «Վիլյառեալ», «Ալավես») – Չինաստանում է 2020 թվականից

Մուբարակ Վակասո

Գանացի անզիջում կիսապաշտպանը դեռ 2015 թվականին պատրաստ էր մեծ գումարների համար մեկնել ասիական ոչ ուժեղ առաջնություններ: Վակասոն 2015-ին բուժզննում անցավ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Իթիհադի» համար, բայց պայմանագիրն ստորագրելուց առաջ արաբական ակումբին զանգահարեց ֆուտբոլիստի նախկին գործակալը և հայտնեց, որ նրանք գործող համաձայնագիր ունեն: Գործակալն սպառնում էր դիմել ՖԻՖԱ, այդ պատճառով արաբները հրաժարվեցին գործարքից, իսկ Վակասոն զրկվեց տարեկան 2,5 միլիոն եվրո գումարից: 5 տարի անց «պարոն դեղին քարտը» մեկնեց Չինաստան, սկզբում՝ «Ջիանգսու», այնուհետև՝ 2021-ին՝ «Շենչժեն»:

Վակասոն երկար ժամանակ Եվրոպայի ամենակոպիտ կիսապաշտպաններից էր: Կարիերայի ընթացքում Մուբարակը 127 դեղին և 11 կարմիր քարտ է ստացել: Ընդ որում՝ Չինաստանում խաղամակարդակով նա զգալի գերազանցում է շատերին, այդ պատճառով հազվադեպ է զգուշացվում (2 տարում՝ 8 անգամ):

Վակասոն արդեն Չինաստանի չեմպիոն է դարձել «Ջիանգսու Սունինգի» կազմում, իր կարիերայի ամենամեծ գումարներն է վաստակում, ինչպես նաև դեռ 3 տարվա պայմանագիր ունի: Դժվար է պատկերացնել, որ նա այդ ամենը կթողնի և կվերադառնա Եվրոպա, բայց ակումբները, որոնց հարկավոր կլինի հանուն թիմի իրենց և մրցակցին չխնայող կիսապաշտպան, կհիշեն Վակասոյի մասին:

Ալան («Գուանչժոու», նախկինում՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգ») – Չինաստանում է 2015 թվականից

Ալան

Բրազիլացի հարձակվողին Եվրոպայում մեծ ապագա էին խոստանում: «Զալցբուրգի»կազմում  նա արտակարգ արդյունքների էր հասել՝ Ավստրիայի եռակի չեմպիոն ու գավաթակիր, Եվրոպա լիգայի լավագույն ռմբարկուի կոչում (8 գոլ): Ալանը «Ռեդ Բուլի» կազմում անհատական ֆանտաստիկ վիճակագրություն ուներ՝ 129 խաղում 93 գոլ և 36 ասիստ:  Թվում էր, թե նրա հաջորդ թիմը եվրոպական թոփ լիգաների առաջատարներից մեկը կլինի, բայց անսպասելիորեն Ալանը տեղափոխվեց Չինաստան:

Դա դեռ 2015 թվականին էր, երբ Եվրոպայից մասսայական տրանսֆերները չէին սկսվել դեպի Սուպերլիգա: Չինաստանում Ալանը որոշիչ դեր ունեցավ «Գուանչժոու Էվերգրանդի» գերիշխանությունում (4 տարում 8 տիտղոս):

Չինաստանում երկար խաղալուց հետո Ալանն ստացավ այդ երկրի քաղաքացիություն, ինչը հնարավորություն տվեց ձերբազատվելու լեգեոների կարգավիճակից, ինչպես նաև հրավիրվելու ազգային հավաքական: Չինաստանի ընտրանու կազմում բրազիլացին նորամուտը նշեց 2021 թվականին՝ 31 տարեկանում: Նա արդեն հասցրել է 8 խաղում 3 գոլ և 1 ասիստ գրանցել:

Եվրոպայում Ալանի վերադարձին արդեն չեն սպասում: Նա հարմարվել է Չինաստանին և դարձել չինական ֆուտբոլի լեգենդ:

Մարուան Ֆելաինի («Շանդոն Տաիշան», նախկինում՝ «Մանչեսթեր Յունայթեդ») – Չինաստանում է 2019 թվականից

Մարուան Ֆելաինի

21-րդ դարի ամենայուրահատուկ սանրվածքներից ունեցած ֆուտբոլիստը թիմերը հաճախ փոխելու սիրահար չէ: Ֆելաինին մինչև Չինաստան մեկնելը պրոֆեսիոնալ ֆուտբոլում խաղացել էր ընդամենը երեք ակումբում՝ «Ստանդարդ», «Էվերթոն» և «Մանչեսթեր Յունայթեդ»: 5.5 տարի «կարմիր սատանաների» կազմում անցկացնելուց և Ժոզե Մոուրինյոյի օրոք հարձակողական գլխավոր զենքերից մեկը դառնալուց հետո բելգիացին որոշեց ընդունել «Շանդոն Լունենի» (հետագայում անվանափոխվեց) գլխապտույտ առաջարկը՝ տարեկան 21 միլիոն եվրո աշխատավարձ:

Չինաստանում Ֆելաինին այնքան հաջող մեկնարկեց, որ «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկ ստացավ կրկին վերադառնալ Անգլիա: Սակայն Մարուանը պատասխանեց մերժումով:

Այլևս չեմ երազում եվրոպական ֆուտբոլում խաղալու մասին: Միգուցե մի օր վերադառնամ Բելգիայի առաջնություն, ինչո՞ւ ոչ...

«Ստանդարդում» Ֆելաինիին գրկաբաց կընդունեն: 2020 թվականի կորոնավիրուսային ճգնաժամից հետո հայտնի էր դարձել, որ բելգիական գրանդը չի կարողանում 3 միլիոն եվրո հայթայթել՝ 2020-21 մրցաշրջանում ֆինանսական երաշխիքներ ներկայացնելու համար: Մարուանը, դա իմանալով, որոշեց ինքը վճարել գումարը...

Նույն թվականին Ֆելաինին ծանր տարավ կորոնավիրուսը: Նա 3 շաբաթ անցկացրեց Պեկինի հիվանդանոցում, սակայն ապաքինվեց և իր նոր սանրվածքով փայլում է չինական խաղադաշտերում: Սուպերլիգայի նախորդ առաջնության 20 խաղում 10 գոլ խփած ֆուտբոլիստին դեռ սպասում են Եվրոպայում: Նա միշտ յուրահատուկ կոլորիտ է հաղորդում իր թիմերին:

Օսկար («Շանհայ Պորտ», նախկինում՝ «Չելսի») – Չինաստանում է 2017 թվականից

Օսկար

Եվրոպական թոփ թիմերի ֆուտբոլիստներից շատերն են մեկնել Չինաստան, սակայն ամենամեծ սենսացիան «Չելսիի» կիսապաշտպան Օսկարի տեղափոխությունն էր: Բրազիլացին 25 տարեկան էր, երբ որոշեց Եվրոպայի խոշորագույն ակումբներից մեկից տեղափոխվել Չինաստան: Իհարկե, հեշտ է ասել՝ հրաժարվիր տարեկան 23,5 միլիոն եվրոյից, բայց, միևնույն է, կիսապաշտպանի հասցեին հսկայական քննադատություն հնչեց կարիերան փողով փոխելու պատճառով:

«Շանհայում» Օսկարը միանգամից դարձավ աստղ: Բրազիլացին թիմին օգնեց երկար սպասված չեմպիոնությունը, ինչպես նաև Սուպերգավաթը նվաճելու հարցում:

Բրազիլացին արդեն 30 տարեկան է, սակայն եվրոպական թոփ թիմերը մինչև հիմա հետաքրքրված են նրա ծառայություններով: «Բարսելոնան» օրերս նույնիսկ առաջարկ է կատարել կիսապաշտպանին.

Այո՛, «Բարսելոնան» կապ է հաստատել իմ գործակալի հետ, բանակցությունները շարունակվում են...

Օսկարը պատրաստակամություն է հայտնել աշխատավարձի զգալի նվազման գնալ՝ կատալոնական գրանդում խաղալու համար: Տեղափոխությանը խանգարում է Լա լիգայի աշխատավարձերի սահմանափակումը: Բրազիլացու հետ ստորագրելու համար «բլաուգրանան» ստիպված է վաճառել կամ վարձակալության ուղարկել այլ ֆուտբոլիստի:

Օսկարը Չինաստան էր գնում, երբ Անգլիայի լավագույն հարձակողական ոճի կիսապաշտպաններից էր: Բնականաբար, ասիական լիգայում նա մի քանի գլուխ գերազանցում էր շատերին և վիճակագրությամբ էլ հաստատում դա: 170 խաղում բրազիլացին 50 գոլ է խփել ու 93 ասիստ կատարել:

30 տարեկանը մարզական տեսանկյունից դեռ ճակատագրական չէ: Եթե «Բարսելոնա» տեղափոխությունը չստացվի, միևնույն է՝ ակնհայտ է, որ Օսկարը Եվրոպա վերադառնալու դեպքում հեշտությամբ իր համար թոփ ակումբ կգտնի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա