Logo

Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 24.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
15 2 scaled - Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

Հայաստանի մարզերում մեծ ֆուտբոլին ճանապարհ տվող գլխավոր ակումբը «Շիրակն» է: 2015 թվականին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակադեմիա կառուցեց Գյումրիում և այն շահագործման հանձնեց «Շիրակին»: Այժմ այն ամենանորարարական համակարգով աշխատող ակադեմիան է, քանի որ առաջինն է սկսել կիրառել մանկապատանեկան ֆուտբոլի համար Խինես Մելենդեսի գրած Ազգային ծրագիրը: VNews.am-ը մեկ օր անցկացրեց Գյումրու ակադեմիայում և ներկայացնում է, թե այն ինչպես է աշխատում և ինչ յուրահատկություններ ունի:

Ակադեմիայի կառուցվածքը

«Շիրակի» ակադեմիայում ամեն օր մարզվում են, 10 տարիքային թիմ կա. օրը սկսում են 5-6 տարեկանները, իսկ ավարտում՝ 17-18-երը: Նրանց հետ աշխատում է 8 մարզիչ, որոնցից յուրաքանչյուրը 2 թիմ է մարզում և երեխաներին սովորեցնում ֆուտբոլային այբուբենը՝ վարելը, կասեցնելը, հարվածելը, փոխանցելը…

Երեխաները 12-13 տարեկանից սկսում են մասնակցել Հայաստանի առաջնություններին, բայց ոչ միշտ արդյունքի համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս պահին 2009-2011 թվականի ծնվածները խաղում են առանց միավորների, որպեսզի մրցակցությունը  վաղ տարիքում չշեղի զարգանալու ձգտումից: Ակադեմիայում երեխաները սկզբնական շրջանում խաղում են 1 դարպասապահ և 5 ֆուտբոլիստ առջևում, այնուհետև՝ 1 ու 7, հետո նոր անցնում են դասական՝ 11-ը 11-ի դեմ խաղին:

Գյումրիի ակադեմիայում միշտ իրարանցում է, որովհետև այնտեղ մարզվում է 300-320 երեխա, որոնք ակադեմիայում միջինն անցկացնում են 7-9 տարի: Ընդ որում՝ լինում են դեպքեր, երբ 7 տարիներն էլ նրանք նույն մարզչի հետ են աշխատում, որը թույլ է տալիս զարգանալ այն մասնագետի հետ, որը բոլորից լավ է ծանոթ նրա ֆուտբոլիստի կարողություններին:

Նախկինում Գյումրիի կենտրոնում եղել է Լևոն Իշտոյանի անվան մարզադպրոցը: Այնտեղ 2 խաղադաշտ կար, սակայն, զարմանալիորեն, մարզվող երեխաների թիվն ավելի շատ էր՝ 400-450:

«Հիմա ֆուտբոլով զբաղվողների թիվը կրճատվել է բնակչության թվի նվազեցման պատճառով: Մարդիկ գնում են արտասահման, Եվրոպա: Նախկինում նրանք ավելի լավ էին ապրում, մնում էին Գյումրիում և իրենց երեխաներին սպորտի տանում»,- մեզ հետ զրույցում ասաց ակադեմիայի թիմերի համակարգող Գևորգ Ալեքսանյանը:

11 11 960x640 - Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

«Շիրակի» ակադեմիայում 7 մեծ մարզադաշտ կա և մեկ փոքր: Դրանցից 7-ը բնական խոտածածկով են, իսկ մեկը՝ արհեստական:

«Ինքս կողմնակից եմ բնական խոտի վրա ֆուտբոլ խաղալուն, հատկապես երեխաների դեպքում: Արհեստականի վրա մարզվելիս վնասվածքները շատանում են: 15 տարեկանից արդեն երեխաների մկաններն այլ կերպ են արձագանքում խոտածածկին, և արհեստականի վրա վնասվածքի ռիսկը մեծանում է»:

Ամենափոքր տարիքի երեխաները շաբաթական 3 մարզում են անցկացնում, իսկ 14-15 տարեկանները՝ 4-5, չհաշված առաջնության խաղերը: Ամեն օր ակադեմիայում մարզումներ են անցկացվում մինչև երեկոյան 18:00-19:00-ն:

«Մենք չենք ունեցել այսպիսի ակադեմիա: Ողջունելի է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած աշխատանքը, որը տարբեր մարզերում ակադեմիաներ է կառուցում: Դրա շնորհիվ երեխաները մարզվում են խոտածածկի վրա, տաք ջրով լողանում մարզումներից հետո, գույքի խնդիր չկա, ամեն ինչ նպաստավոր է, ինչը թույլ է տալիս կենտրոնանալ ֆուտբոլի վրա»:

Քանի որ «Շիրակի» ակադեմիան գտնվում է Մուշ թաղամասում, ակումբի սաների 40-50 տոկոսն այնտեղ բնակվող պատանիներն են: Մյուսները Գյումրիի կենտրոնից և այլ թաղամասերից են գալիս: Ակումբը տրանսպորտ չի տրամադրում նրանց համար, ծնողներն են մարզման բերում երեխաներին, այնտեղ սպասում են և հետո տուն տանում: Բայց պարզվեց ակադեմիան 300-ից ավելի սան հավաքագրել է առանց գովազդ տեղադրելու:

«Քաղաքում բոլորը գիտեն «Շիրակի» մասին, այն 60 տարվա պատմություն ունի: Ծնողներն իրենք են երեխաներին բերում ակադեմիա: Ընդունում ենք բոլորին, նույնիսկ եթե լավ տվյալներ չունի: Մենք մարզիչ ենք, պետք է նրանց սովորեցնենք խաղալ: Երեխան, որ դպրոց է գնում, նույնպես գիտելիք չի ունենում, բայց նրան դուրս չեն հրավիրում, այլ սովորեցնում են: Ուսուցիչը չի ասում չգիտես: Ուսումն էլ մեզ մոտ անվճար է: Միգուցե, մենք Հայաստանում այդպիսի միակ ակադեմիան ենք»:

Հայկական ֆուտբոլում միշտ ամենամտահոգիչ խնդիրներից մեկը եղել է մանկապատանեկան ֆուտբոլում մարզիչների վարձատրությունը, այն միշտ ցածր է եղել: Դա շատ կարևոր հարց է, որովհետև ծնողներին հուզում է, թե ցածր աշխատավարձով մարզիչը որքանով է նվիրված իր աշխատանքին: «Շիրակում» մարզիչների համար ստեղծված է աշխատավարձերի հետզհետե բարձրացման համակարգ: Այժմ ակադեմիայի յուրաքանչյուր մարզիչ ամսական ստանում է 140-160 հազար դրամ:

Մեր ընտրանին

Չնայած նրան, որ դա մեծ գումար չէ, այդուհանդերձ, որոշ չափով մարզիչներին թույլ է տալիս կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, այլ ոչ թե մտածել երկրորդ գործ գտնելու մասին: Առանց այդ էլ ակադեմիայում աշխատանքը բազմակողմանի գիտելիքներ է պահանջում, քանի որ տարբեր տարիքային երեխաներին ու պատանիներին, տարբեր մոտեցում է հարկավոր.

«Հատկապես դժվար է մարզել ամենափոքր տարիքի՝ 5-6 տարեկան երեխաներին: Նրանց ամեն ինչ զրոյից ենք սովորեցնում: Օրինակ, 15 տարեկաններն արդեն գիտեն ինչ վարժություններ ենք անելու, ինչպես ենք խաղալու: Բայց պատանիների դեպքում էլ բարդություններ կարող են հանդիպել հոգեբանական տեսանկյունից: Նրանք մոտենում են մեծահասակի կյանքին և խնդիրներին: Նրանց շեղող գործոններն էլ շատ են, օրինակ՝ սմարթֆոնները: Իրականում դրանք շատ են հոգնեցնում երեխաներին: Հեռախոսները հատկապես խանգարում են խաղերին նախապատրաստվելու օրերին, ստիպված ենք լինում պահանջել, որ անջատեն: Մարզիչներս ու ծնողները հնարավորինս փորձում ենք վերահսկել նրանց»:

21 1 960x640 - Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

Մելենդեսի մեթոդներն օգտագործող հայկական առաջին ակումբը

Մոտ 2 տարի առաջ «Շիրակը» դարձավ առաջին ակումբը, որը սկսեց մարզումներն անցկացնել Խինես Մելենդեսի գրած մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրով: ՀՖՖ-ն մարզումային լայնածավալ այդ ծրագիրն անվճար առաջարկել էր ակումբներին, սակայն սկզբում միայն գյումրեցիներն էին սկսել կիրառել այն: «Շիրակում» որոշել են յուրօրինակ «միքս» անել. նրանք տեխնիկական վարժությունները կատարում են Մելենդեսի ծրագրով, իսկ ֆիզիկականը՝ հոլանդացի Ռայմոնդ Վերհեյնի:

«Մելենդեսի գրած ազգային ծրագիրը լիարժեք չէինք կարող կիրառել ֆիզիկական նախապատրաստության տեսանկյունից, որովհետև այն նախատեսված էր հավաքականների համար: Չկար ուղեցույց, թե ինչ պետք է անենք 6 շաբաթ տևող նախապատրաստական շրջանում, այն հավաքականների համար 5-6 օրվա մարզումներ էր նախատեսում»,- մեզ պատմեց «Շիրակի» ակադեմիայի մարզիչ Արսեն Հովհաննիսյանը:

Վերհեյնի ծրագրի առավելությունը նաև այն է, որ 90 տոկոս ֆիզիկական վարժությունները գնդակով են, այդպես երեխաները չեն ձանձրանում: Այդ ծրագրին հատկապես լավ են տիրապետում ու կիրառել են «Շիրակի» ներկայիս և նախկին մարզիչներ՝ Վարդան Բիչախչյանը, Ֆելիքս Խոջոյանը, Տիգրան Դավթյանը, Կարեն Ալեքսանյանը, որոնք իրենց փորձը փոխանցել են ակադեմիայի ներկայիս մարզիչներին:

Գյումրիում Մելենդեսի մարզումային ծրագրից օգտվելով ստացել են մարզումների այնպիսի ուղեցույց, որի շնորհիվ հնարավոր է լինում նախապատրաստվել խաղային յուրաքանչյուր իրավիճակի:

«Մելենդեսի ծրագրում տեխնիկատակտիկական վարժություններն այնքան լավ են մտածված, որ նույնիսկ «քառակուսի» վարժության ժամանակ նախատեսված է, թե ինչպես պետք է ֆուտբոլիստները փոխանցում կատարեն և պաշտպանվեն: Դա թույլ է տալիս հասկանալ, թե գրոհելիս ինչպես փոխանցում կատարես, որտեղ և ինչպես փորձես խլել գնդակը և այլ իրավիճակներ վերարտադրել:

Օրինակ, եթե մենք ցանկանում ենք, որ մեր թիմը պրեսինգի ժամանակ մրցակցին ստիպի գնդակը փոխանցել եզր, ու այնտեղ մենք խլենք գնդակը, ապա հատուկ այդ դեպքի համար քառակուսի վարժության տեսակ կա»:

25 1 960x649 - Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

«Շիրակի» ակադեմիայի մարզիչ Արտյոմ Հակոբյանը նույնպես շեշտում է ակումբում մարզումային փոփոխությունները.

«ՀՖՖ-ում մեզ ամեն ինչ ցույց տվեցին, բացատրեցին: Ես շատ գոհ եմ այդ ծրագրից: Երեխաների մոտ արդեն բարձր մակարդակի վրա է գնդակը ընդունումը, խաղարկումը և ֆուտբոլի նրբությունների ընկալումը»:

«Շիրակի» մարզիչները տևական ժամանակ հայկական ֆուտբոլում եղել են այն միակներից, որոնք ազգային ծրագրին ավելի լավ ծանոթանալու համար հատուկ դասընթացների են մասնակցել: Ավելին՝ Արսեն Հովհաննիսյանին ու Արա Մկրտչյանին հրավիրել են Հայաստանի Մ15 հավաքական, որտեղ նրանք ոչ միայն դիտորդ են եղել, այլև կատարել են երկրորդ մարզչի պարտականությունները: Դա թույլ է տվել հենց պրակտիկայում սովորել ծրագրի նրբությունները:

«Մելենդեսը տեքստից բացի նաև տեսանյութեր է տրամադրել, որպեսզի տեսնենք, թե մարզումներն ինչպես են անցկացվում: Բայց միևնույն է որոշ բաներ չէինք հասկանում: Հավաքականում մեկ շաբաթ անցկացնելուց հետո հասկացանք այլ նրբություններ: Ազգային ծրագրով աշխատանքը մեզ շատ է դուր գալիս, բոլորս առաջադիմել ենք, ինչը նկատում ենք նաև մեր սաների մոտ»,- պատմեց Հովհաննիսյանը:

Իսպանահոլանդական «միքսի» կիրառումից հետո արդյունքները երկար սպասել չտվեցին: Նախկինում գյումրեցի պատանիներն աչքի էին ընկնում իրենց թասիբով, մինչև վերջ պայքարելու ունակությամբ, սակայն տեխնիկապես հազվադեպ էին գերազանցում մրցակիցներին: Մարզիչները փաստում են, որ հիմա ֆուտբոլիստները կտրուկ զարգացել են նաև տեխնիկական պատրաստության տեսանկյունից: Դա նաև նկատելի է արդյունքներից, քանի որ գյումրեցիներն առաջատար դիրքեր են զբաղեցնում տարբեր տարիքային առաջնություններում: Այդ հաջողությունները մյուս ակումբներին դրդել են նույնպես կիրառել միքսային տարբերակը: Ավանի ակադեմիայում ի սկզբանե իսպանական ծրագրով էին աշխատում, մինչդեռ «Ուրարտուի» որոշ մարզիչներ նոր-նոր սկսել են կիրառել այդ համակարգը:

14 2 960x647 - Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

Ի՞նչ անել ակադեմիան ավարտելուց հետո

Ֆուտբոլիստները «Շիրակի» ակադեմիան ավարտում են 18 տարեկան դառնալուն պես: Մինչև այդ շատերն արդեն կողմնորոշված են լինում շարունակե՞լ ֆուտբոլով զբաղվել, թե՞ այլ կերպ դասավորել կյանքը: Օրինակ՝ քիչ չեն դեպքերը, երբ 18-ին մոտ տարիքում պատանիները կենտրոնանում են ուսման և համալսարան ընդունվելու վրա, իսկ մյուսները զորակոչվում են բանակ: Բայց «Շիրակում» կա նաև ֆուտբոլային ճանապարհ: Ակադեմիայի լավագույն սաները տեղափոխվում են «Շիրակ-2», որը մասնակցում է Հայաստանի Առաջին խմբին: Այնտեղից էլ ուղիղ ճանապարհ է բացվում յուրաքանչյուր գյումրեցի ֆուտբոլիստի երազանքի իրագործման համար՝ խաղալ «Շիրակի» գլխավոր թիմում: Հայաստանի ամենահեղինակավոր թիմը միշտ մեծ տեղ է տվել իր սաներին, սակայն հրավիրել է նաև որակյալ լեգեոներների:

Վերջին մեկ տարում թիմում լուրջ փոփոխություններ կատարվեցին. թիմից հեռացավ հիմնական ամբողջ կազմը, իսկ նրանց հիմնականում փոխարինեցին ակումբի սաներ և այլ հայ երիտասարդներ: Իհարկե, արագ արդյունք դա չտվեց ակումբին, բայց լավ հիմք կդառնա ապագայի համար:

«Մենք «Շիրակի» ակադեմիայի ֆուտբոլիստներին հետևում ենք, երբ դեռ պատանեկան թիմերում են խաղում, իսկ հետո ավելի ուշադիր ենք նրանց, երբ հայտնվում են «Շիրակ-2»-ում: Մեծ ուշադրություն ենք դարձնում, թե ինչպես են մարզվում, ինչ խաղաոճ ունեն: «Շիրակի» գլխավոր թիմ հրավիրելու համար մեծ դեր է խաղում մեր կազմում որևէ դիրքում թափուր տեղը: Հաճախ կենտրոնանում ենք կոնկրետ դիրքի ֆուտբոլիստ փնտրելու վրա: Ընդ որում՝ տարիքը կապ չունի, ֆուտբոլիստը կարող է հասուն խաղ ցուցադրել 18-20 տարեկանում կամ ավելի ուշ: Այժմ էլ ակադեմիայում և «Շիրակ-2»-ում կան շնորհալի ֆուտբոլիստներ, որոնք քրտնաջան աշխատանքի դեպքում կկարողանան հայտնվել գլխավոր թիմում: Մեր ակադեմիայի մարզիչները ճիշտ աշխատանք են կատարում և կարողանում են լավ ֆուտբոլիստներ պատրաստել գլխավոր թիմի համար»,- ընդգծեց «Շիրակի» գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը:

12 11 960x644 - Մելենդեսի ծրագրի հետևորդները. Ինչպես «Շիրակի» ակադեմիան սկսեց թրենդ թելադրել Հայաստանում

Ֆուտբոլիստի համար ակադեմիայից մինչև գլխավոր թիմ հասնելը երազանք է ու հպարտություն: Այդ ճանապարհն անցել և նույնիսկ Հայաստանի հավաքական է հրավիրվել պաշտպան Արտյոմ Միքայելյանը:

«2015 թվականից «Շիրակը» մարզվում է ակադեմիայում և մեր աչքով ենք տեսնում, թե ինչպիսի լավ պայմաններ կան բոլորի, այդ թվում երեխաների ու պատանիների համար: Երբ ես պատանի էի, պայմաններն այդքան էլ լավը չէին: Իսկ հիմա արդեն կա ակադեմիա, որտեղ աշխատում են A, B, C կարգի մասնագետներ, որոնք վերապատրաստում են անցել արտասահմանցի մասնագետների հետ: Մեր պատանիները, եթե հասնում են գլխավոր թիմ, ուրեմն դա արդեն որակի նշան է: Այդ ճանապարհը պատահական չեն կարող անցնել: Եթե նրանք հասել են «Շիրակ», ուրեմն մարզիչները նրանց մեջ ինչ-որ բան նկատել են: Բայց հետո էլ չպետք է թուլացնեն տեմպը, քանի որ մեր առաջնությունում արդեն այլ մակարդակ է: Այստեղ փորձ է հարկավոր, որպեսզի հարմարվեն մեծահասակների ֆուտբոլին և ինտեգրվեն թիմին»,-ասաց Արտյոմ Միքայելյանը:

«Շիրակը» միշտ տեղացի որակյալ ֆուտբոլիստներ է տվել հայկական ֆուտբոլին. Լևոն Իշտոյան, Արթուր Պետրոսյան, Հարություն Վարդանյան, Հովհաննես Թահմազյան… Այժմ գյումրեցու թասիբին ու նվիրվածությանը գումարվել է նաև զարգացման հոլանդաիսպանական համակարգ, ինչը կարող է աննախադեպ արդյունքներ տալ: Համենայն դեպս նման համադրություն դեռ երբեք չի կիրառվել և այն կարող է հայկական ֆուտբոլի գաղտնի զենքը դառնալ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա